Տրամաբանա-փիլիսոփայական տրակտակ (Tractatus logico-philosophicus) (հատվածներ)
2.141 Պատկերը փաստ է:
2.15 Որ պատկերի տարրերը հարաբերվում են միմյանց հետ որոշակի ձևով ու եղանակով, պատկերացում է, ըստ որի իրերը այսպես են հարաբերվում միմյանց հետ:
Պատկերի տարրերի այս կապը թող կոչվի դրա կառուցվածք, իսկ այդ կառուցվածքի հնարավորությունը` պատկերման ձև:
2.151 Պատկերման ձևը այն բանի հնարավորությունն է, որ իրերը հարաբերվում են միմյանց հետ այնպես, ինչպես պատկերի տարրերը:
2.1511 Պատկերն այսպես է կապված իրականությանը. այն հասնում է վերջինիս:
2.1512 Պատկերը կարծես չափիչ լինի իրականության համար:
2.15121 Չափող սանդղակի միայն ծայրագույն նիշերն են շոշափում չափվող առարկան:
2.1513 Այս ըմբռնման համաձայն պատկերին հատուկ է պատկերավոր հարաբերությունը, որը պատկեր է դարձնում վերջինս:
2.1514 Պատկերավոր հարաբերությունը կազմված է պատկերի տարրերի և իրերի զուգակցումներից:
2.1515 Այդ զուգակցումները ասես պատկերի տարրերի բեղիկներն են, որոնց օգնությամբ պատկերը առնչվում է իրականությանը:
2.16 Պատկեր լինելու համար փաստը պետք է պատկերվածի հետ ընդհանուր ինչ-որ բան ունենա:
2.161 Պատկերի և պատկերվածի մեջ պիտի նույնական ինչ-որ բան լինի, որպեսզի պատկերն ընդհանրապես պատկերվածի պատկերը լինի:
2.17 Այն, ինչը ընդհանուր պիտի լինի պատկերի մեջ իրականության հետ, որպեսզի այն կարողանա իր ձևով ու եղանակով ճիշտ կամ սխալ պատկերել իրականությունը, իր պատկերման եղանակն է:
2.171 Պատկերը կարող է պատկերել ցանկացած իրականություն, որի ձևն ունի: Տարածական պատկերը հանդիսանում է ամեն տարածականը, գունային պատկերը` ամեն գունայինը:
2.172 Պատկերման իր ձևը, սակայն, պատկերը չի կարող պատկերել, այն ցույց է տալիս դա:
2.173 Պատկերը պատկերում է իր օբյեկտը արտաքուստ (իր դիտակետը իր պատկերման ձևն է), ահա ինչու իր օբյեկտը վերջինս ներկայացնում է ճիշտ կամ սխալ:
2.174 Սակայն պատկերը չի կարող դուրս գտնվել պատկերման իր ձևից:
2.18 Այն, ինչ յուրաքանչյուր պատկերի դեպքում, անկախ նրա ձևից, ընդհանուր պիտի լինի իրականության հետ, որպեսզի վերջինս կարողանաընդհանրապես, ճիշտ կամ սխալ պատկերել այն, տրամաբանական ձևն է, այսինքն` իրականության ձևը:
2.181 Եթե պատկերման ձևը տրամաբանական է, ապա պատկերը կոչվում է տրամաբանական պատկեր:
2.182 Յուրաքանչյուր պատկեր նաև տրամաբանական պատկեր է: (Մինչդեռ ամեն պատկեր չէ, որ, օրինակ` տարածական է):
2.19 Տրամաբանական պատկերը ընդունակ է պատկերել աշխարհը:
2.2 Պատկերվածի հետ պատկերի մոտ ընդհանուր է պատկերման տրամաբանական եղանակը:
2.201 Պատկերը պատկերում է իրականությունը` ներկայացնելով իրադարձության գոյության կամ չգոյության հնարավորությունը:
2.202 Պատկերը ներկայացնում է որևէ հնարավոր իրադրություն տրամաբանական տարածության մեջ:
2.203 Պատկերը բովանդակում է հնարավորությունն այն իրադրության, որը պատկերում է:
2.21 Պատկերը համապատասխանում կամ չի համապատասխանում իրականությանը, ճիշտ է կամ սխալ, ճշմարիտ է կամ կեղծ:
2.22 Պատկերը պատկերման ձևի միջոցով ներկայացնում է այն, ինչ ներկայացնում է` անկախ այն բանից ճշմարիտ է, թե կեղծ:
2.221 Այն, ինչ ներկայացնում է պատկերը, իր իմաստն է:
2.222 Իրականության հետ իր իմաստի համապատասխանության կամ անհամապատասխանության մեջ իր ճշմարտությունն է կամ կեղծությունը:
2.223 Իմանալու համար, ճշմարիտ, թե կեղծ է արդյոք պատկերը, մենք պետք է համեմատենք այն իրականության հետ:
2.224 Միայն պատկերի հիման վրա հնարավոր չէ իմանալ` ճշմարիտ է այն արդյոք, թե ոչ:
2.225 A priori ճշմարիտ պատկեր գոյություն չունի:
3 Փաստերի տրամաբանական պատկերը միտքն է:
3.001 «Իրադարձությունը մտածելի է» նշանակում է. «Մենք կարող ենք նրա մասին պատկեր կազմել»:
3.01 Ճշմարիտ մտքերի ամբողջությունը աշխարհի պատկեր է:
3.02 Միտքը բովանդակում է իր մտածած իրադրության հնարավորությունը: Այն, ինչ մտածելի է, նաև հնարավոր է:
3.03 Մենք չենք կարող մտածել անտրամաբանական ոչ մի բան, քանի որ հակառակ դեպքում պիտի մտածեինք անտրամաբանորեն:
3.031 Մի ժամանակ ասում էին, որ Աստված կարող էր ստեղծել ամեն ինչ, բացի նրանից, ինչը հակառակ կլիներ տրամաբանական օրենքներին: – Մենք չենք կարող ասել, թե ինչ տեսք ունի «անտրամաբանական» աշխարհը:
3.032 Լեզվում ներկայացնել «տրամաբանությանը հակասող» մի բան նույնքան անկա րելի է, որքան երկրաչափության մեջ ներկայացնել տարածությանօրենքներին հակասող ֆիգուր դրա կոորդինատների միջոցով, կամ ցույց տալ գոյություն չունեցող կետի կոորդինատները:
3.0321 Միանգամայն հնարավոր է տարածականորեն պատկերել ֆիզիկայի օրենքներին հակասող որևէ իրադարձություն, բայց ոչ երկրաչափության օրենքներին հակասող իրադարձություն…
3.22 Անունը նախադասության մեջ ներկայացնում է առարկան:
3.221 Առարկաները կարելի է միայն անվանել: Նշանները ներկայացնում են դրանք: Կարելի է միայն խոսել դրանց մասին, բայց ոչ արտաբերել (aussprechen) դրանք: Նախադասությունը կարող է միայն ասել, թե ինչպես կա իրը, բայց ոչ թե ինչ է իրը:
3.23 Պարզ նշանի պահանջը իմաստի որոշակիության պահանջ է:
3.24 Նախադասությունը, որը գործ ունի կոմպլեքսի հետ, ներքին հարաբերության մեջ է նախադասության հետ, որի մեջ խոսքն այդ կոմպլեքսի բաղադրիչ մասի մասին է: Կոմպլեքսը կարող է տրվել միայն իր նկարագրության միջոցով, որը կարող է համապատասխանել կամ չհամապատասխանել նրան: Նախադասությունը, որի մեջ խոսքը կոմպլեքսի մասին է, այդ կոմպլեքսի չգոյության դեպքում կլինի ոչ թե անիմաստ, այլ կեղծ:
Որ նախադասության տարրը նշում է կոմպլեքս, կարելի է հասկանալ անորոշությունից նախադասության, որում այն հանդիպում է: Մենք գիտենք, որ այդ նախադասությամբ դեռ որոշարկված չէ ամենը: (Չէ՞ որ համընդհանրության նշանակումը բովանդակում է նախատիպ:)
Կոմպլեքսի սիմվոլի սեղմումը պարզ սիմվոլի մեջ կարող է արտահայտվել սահմանման միջոցով:
3.25 Գոյություն ունի նախադասության մեկ ու միայն մեկ վերլուծություն:
3.251 Իր արտահայտածը նախադասությունը արտահայտում է որոշակի, հստակ կարգաբերված եղանակով: Նախադասությունը հոդավորված է (artikuliert):
3.26 Անունը ոչ մի սահմանման շնորհիվ չի տարրալուծվում. այն նախնական նշան է:
3.261 Ամեն սահմանվող նշան նշում է նշանների միջով, որոնցով այն որոշարկվում է, իսկ սահմանումները ցույց են տալիս այդ ճանապարհը:
Երկու նշաններ` նախնականը և նախնականի միջոցով որոշարկվողը, չեն կարող նշել միևնույն եղանակով: Անունները չեն կարող պարզաբանվելսահմանումներով: (Նմանապես և ոչ մի նշան, որ մեկուսի է, չունի ինքնուրույն նշանակություն:)
3.262 Այն, ինչը չի կարելի արտահայտել նշանով, ցույց է տալիս նշանի կիրառությունը:
Այն, ինչ կուլ են տալիս նշանները, արտահայտում է նրանց գործածությունը:
3.263 Նախնական նշանների նշանակությունները կարող են բացատրվել պարզաբանումների միջոցով: Պարզաբանումները այդ նախնական նշանները բովանդակող նախադասություններ են: Հետևաբար դրանք կարող են հասկացվել միայն, եթե այդ նշանների նշանակությունները ար դեն հայտնի են: