Հատվածներ «Գոյություն ունենալու գայթակղությունը» էսսեից
Էմիլ Սիորան
Մտածել ինքդ քո դեմ
Մեր գրեթե բոլոր հայտնագործությունների համար պարտական ենք մեր իսկ մոլեգնումներին ու անհավասարակշռության սրացմանը: Նույնիսկ Աստծուն, որքան էլ Նա մեզ հետաքրքրի, հայտնաբերում ենք ոչ թե ներանձնականի խորքերում, այլ սեփական տենդի արտաքին սահմանին, ճիշտ այն կետում, որտեղ մեր ու Իր կատաղության բախումից ծնվում է մի կաթված` և՛ մեր, և՛ Իր համար ավերիչ մի հանդիպում:
Գործողությունների բերած անեծքից խանգարված` խելահեղ մարդը փորձում է ուժով փոխել իրեն, գնում է իրենից անդին` կրկին վերադառնալու համար արդեն որպես մոլեգին, որպես ագրեսոր մեկը, հետապնդվելով սեփական ձեռնարկներից, որ գալիս են պատժելու նրան` իրենց ծնունդ տված լինելու համար: Չկա որևէ ստեղծագործություն, որ չշրջվի իր հեղինակի դեմ. բանաստեղծությունը կճզմի բանաստեղծին, համակարգը` փիլիսոփային, իրադարձությունը` գործնական մարդուն: Յուրաքանչյուրը, որ արձագանքելով իր կոչմանն ու իրականացնելով այն, գործում է պատմության ներսում, ինքն իրեն ոչնչացնում է. փրկվում է սոսկ նա, ով զոհաբերում է սեփական ձիրքերն ու գաղափարները, որպեսզի, ազատված մարդու իր որակից, կարողանա ընկղմվել գոյի մեջ: Եթե ես ձգտում եմ մետաֆիզիկական կենսագործունեության, ոչ մի գնով չեմ կարող պահել անհատականությունս, պետք է ոչնչացնեմ դրա ամենափոքր մասնիկն իսկ, որ դեռ պահպանվում է: Իսկ եթե դրան հակառակ` խիզախում եմ որևէ պատմական դեր խաղալ, պարտավորվում եմ կարողություններս կատարելագործել այնքան, մինչև ես էլ պայթեմ նրանց հետ: Միշտ կործանվում ենք` ընդունելով մեր ես-ը. անուն կրել նշանակում է փլուզման ճշգրիտ եղանակ որդեգրել: Հավատարիմ իր երևութական կողմերին, խելահեղ մարդը չի հուսահատվում: Նա վերսկսում է, համառում, քանի որ չի կարող իրեն ազատել տառապելու պարտականությունից: Նա ամեն ինչ անո՞ւմ է ուրիշներին կործանելու համար: Սա սոսկ այն հնարանքն է, որն ինքն ընտրում է` մոտենալու սեփական կորստին: Իր ինքնավստահ տեսքի, պարծենկոտության ետևում թաքնված է դժբախտության սիրահարը: Խելահեղների շրջապատում է, որ հանդիպում ես ինքնատյացների: Եվ մենք բոլորս խելահեղներ ենք, գազազածներ, որ կորցնելով հոգեկան անդորրի բանալին` այլևս ընդունակ ենք բացահայտելու սոսկ տառապանքի գաղտնիքները:
Փոխանակ թողնելու, որ ժամանակը մեզ դանդաղորեն մանրատի, մենք ճիշտ ենք համարել նրա արժեքը մեծացնելը` ժամանակի պահերին մեր վայրկյաններն ավելացնելով: Այս նոր ժամանակը, որ պատվաստված է նախկինին, այս մշակված և պրոյեկտված ժամանակը պիտի արագորեն բացահայտեր իր թունոտ բնույթը. օբյեկտիվանալով, նա պիտի պատմություն դառնար` հրեշ, որին մենք ենք ստեղծել մեր դեմ, ճակատագրականություն, որից չենք կարող խույս տալ, ինչքան էլ դիմենք պասսիվության բանաձևերին, իմաստնության բաղադրատոմսերին:
Փորձենք անարդյունավետության թերապիա անցնել` մտածել դաոիստ հայրերի մասին, հրաժարումի նրանց վարդապետության, ամեն ինչ բարձիթողի անելու, բացակայության ինքնիշխանության մասին, նրանց օրինակով հետևել գիտակցության ընթացքին, երբ վերջինս դադարում է պայքարել աշխարհի դեմ, և ընդունել ամեն ինչի ձևը, ինչպես ջուրը` այն տարրը, որն իրենք սիրում են: Ինչքան ուզում է փորձենք, միևնույն է, երբեք արդյունքի չենք հասնի: Նրանք դատապարտում են և՛ մեր հետաքրքրությունը, և՛ մեր տառապանքների ախորժակը, դրանով իրենք տարբերվում են միստիկներից, հատկապես` միջնադարի, որոնք ճարպկորեն մեզ խորհուրդ են տալիս մազե կամ փշե շապիկի, անքնության, սովի կամ հառաչանքի առաքինությունները:
«Ակտիվ կյանքը հակառակ է Դաոին»,– ուսուցանում է Լաո-ցզին` երբևէ գոյություն ունեցած ամենանորմալ մարդը: Բայց քրիստոնեական վարակը մեր հոգին մշակման է ենթարկել. մենք` ինքնախարազանողների ժառանգորդներս, միայն սեփական տառապանքները կատարելագործելով է, որ գիտակցում ենք ինքներս մեզ: Կրոնը հետընթա՞ց է ապրում: Մենք շարունակում ենք նրա տարօրինակությունները, ինչպես որ շարունակում ու ավելի ենք ուժեղացնում անցյալի մենախցերի աղաղակներն ու ցանկասիրության զսպումը. տառապելու մեր կամքը նույնն է, ինչ մենաստանների բնակիչներինը այդ հաստատությունների ծաղկման ժամանակաշրջանում: Եթե եկեղեցին այլևս չի օգտվում դժոխքի մենաշնորհից, միևնույն է, մեզ ավելի պակաս չի դատապարտում հառաչանքների շարանին. փորձանքի պաշտամունքին, կայծակնահարված ուրախությանն ու ցնծացող տխրությանը: Միտքը նույնքան, որքան մարմինը, իր վրա է վերցնում ՙինտենսիվ կյանք՚ վարելու բեռը: Ինքն իր դեմ մտածելու արվեստի վարպետները` Նիցշեն, Բոդլերը, Դոստոևսկին մեզ սովորեցրել են խաղագումարը դնել մեր կորուստների վրա, ընդլայնել մեր ցավերի դաշտը, գոյություն ձեռք բերել` սեփական էությունից տարանջատվելով: Եվ այն, ինչը մեծ չինացու կարծիքով անկման խորհրդանիշ էր, անկատարության վարժանք, մեզ համար սեփական անձին տիրելու, ինքն իր հետ կապի մեջ մտնելու միակ եղանակն է:
«Թող որ մարդ ոչինչ չսիրի. այդժամ նա անխոցելի կլինի» (Չուանգ ցզի): Որքան խորը, նույնքան անարդյունավետ կանոն է: Ինչպե՞ս հասնել անտարբերության գագաթին, երբ նույնիսկ ապատիան լարվածություն է, բախում, ագրեսիվություն: Ոչ մի իմաստուն չկա մեր նախնիների մեջ, այլ միայն` անբավարարվածներ, թուլակամներ, խենթեր, որոնց հիասթափությունները կամ սանձարձակությունները պիտի շարունակենք մենք:
Ըստ նույն չինացիների` ազատագրված միտքն է միայն ներթափանցում Դաոյի էության մեջ, ֆանատիկոսը միայն դրա էֆեկտներն է ընկալում. դեպի խորքերն իջնելու համար լռություն է հարկավոր, անհրաժեշտ է, որ առկախվեն վիբրացիաները, այն է` մեր կարողությունների գործադրումը: Բայց արդյո՞ք մեր դեմ չի խոսում այն, որ մեր ձգտումը դեպի բացարձակը արտահայտվում է ակտիվությամբ, պայքարով, որ ինչ-որ Կիրկեգոր իրեն անվանում է ՙհավատի ասպետ՚, իսկ Պասկալն ընդամենը պամֆլետներ հորինող է: Մենք հարձակվում ենք, վիճում. ճանաչում ենք սոսկ Դաոյի էֆեկտները: Իմիջիայլոց, քվիտեիզմի1 սնանկությունը, որ դաոիզմի եվրոպական համարժեքն է, շատ բան է ասում մեր հնարավորությունների և հեռանկարների վերաբերյալ: Ես չեմ տեսնում ոչինչ, որ ավելի հակառակ լինի մեր սովորույթներին, քան պասսիվության ուսուցանումը: (Ժամանակաշրջանը սկսվում է երկու հիստերիկներով` Դոն Քիշոտով և Լյութերով): Եթե մենք ժամանակ ենք մշակում և արտադրում, պատճառը մեր նողկանքն է էության գերիշխանության և այն հայեցողական հնազանդության նկատմամբ, որ դա ենթադրում է: Դաոիզմն ինձ պատկերանում է որպես իմաստնության այբուբեն. սակայն ես դրան անհնազանդ եմ, իմ բնազդները մերժում են այն, ինչպես որ մերժում են կրավորական վերաբերմունքը ցանկացած պարագայում, այնքան ուժեղ է մեր մեջ ըմբոստության ժառանգությունը: Ո՞րն է մեր ցավը: Ժամանակի վրա ուշադրությունը կենտրոնացնելու տարիներն են, ապագայի պաշտամունքը: Մենք կազատվե՞նք դրանից` Չինաստանի կամ Հնդկաստանի օգնությանը դիմելով: