Ռուբիկոն

Հատվածներ «Գոյություն ունենալու գայթակղությունը» էսսեից

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Իմաստնության և ազատագրման ձևեր կան, որ չենք կարող ընկալել ներսից, ոչ էլ կարող ենք ձևափոխել մեր առօրեական նախահիմքի կամ սեղմել ինչ-որ տեսության սահմաններում: Ազատագրումը, եթե իսկապես ձգտում ենք դրան, պետք է մեզանից ծնունդ առնի. չարժի այն ուրիշ տեղում փնտրել, պատրաստի համակարգում կամ արևելյան վարդապետության մեջ: Մինչդեռ սա է, որ անում են բազմաթիվ բացարձակով կլանված մտածողներ, ինչպես ընդունված է անվանել դրանց: Բայց այս տիպի իմաստնությունը նմանակում է, իսկ ազատագրումը` խաբեություն: Ես մեղադրանք եմ ներկայացնում ոչ միայն աստվածիմացությանն ու նրա հետևորդներին, այլև` բոլոր նրանց, ովքեր գլուխ են գովում այնպիսի ճշմարտությունների համար, որ չեն համապատասխանում իրենց բնույթին: Շատերը կան, որ մակերեսայնորեն ճանաչելով Հնդկաստանը, մտածում են, թե բացահայտել են նրա գաղտնիքները, մինչդեռ ոչինչ նրանց չի տրամադրում դրան` ո՛չ իրենց բնավորությունը, ո՛չ կրթությունը, ո՛չ նրանց անհանգստությունները: Կեղծ «ազատագրվածների» ինչպիսի առատություն, որ մեզ են նայում իրենց փրկության բարձունքից: Նրանց խիղճը հանգիստ է. արդյոք մտադիր չե՞ն իրենք իրենց բարձր դասել սեփական գործողություններից: Անտանելի սրիկայություն է: Ի հավելումն դրա, նրանց հայացքն այնքան վերև է ուղղված, որ ցանկացած կամայական կրոն իրենց սոսկ ընտանեկան նախապաշարմունք է թվում, և չի կարող գոհացնել նրանց «մետաֆիզիկական միտքը»: Վատ չէ իրեն հնդիկ հայտարարելը: Բայց նրանք մոռանում են, որ Հնդկաստանը մտքի և գործի համաձայնության, փրկության և հրաժարումի նույնացման պայմանն է դնում: Բայց մեր «մետաֆիզիկական միտք» ունեցողներն այդպիսի մանր բաներով չեն հետաքրքրվում:

Այսքան ստից ու խաբեությունից հետո գոտեպնդող է որևէ մուրացիկի նայելը: Գոնե նա չի խաբում ո՛չ իրեն, ո՛չ ուրիշներին: Այդ մարդը մարմնավորում է սեփական վարդապետությունը, եթե այդպիսինն ունի: Չի սիրում աշխատանքը և ապացուցում է դա: Նա չի ուզում ոչինչ անել, պահպանում է իր աղքատությունը, որ նրա ազատության պայմանն է: Մուրացիկի միտքը լուծվում է իր գոյության մեջ, գոյությունը` մտքի: Նա ամեն ինչի կարիք ունի, նա ինքն է, հարատևում է. հավերժությունն անմիջականորեն ապրելը` ամեն օրով ապրելն է: Նրա համար ուրիշները փակված են պատրանքի մեջ:

Եթե ինքը կախում ունի մյուսներից, ապա իր վրեժը լուծում է վերջիններիս ուսումնասիրելով` մասնագիտացած ՙազնվական՚ զգացումների սպիտակեղենի մեջ: Նրա ծուլությունը, որ շատ հազվագյուտ որակի է, այդ մարդուն դարձնում է իսկական «ազատագրված», որ մոլորվել է հիմարների և պարզամիտների աշխարհում: Նա հրաժարումի մասին ավելի շատ բան գիտի, քան ձեր բազմաթիվ էզոթերիկ ստեղծագործությունները: Համոզվելու համար պետք է ընդամենը փողոց դուրս գալ…

Բայց ոչ, դուք նախընտրում եք այն տեքստերը, որ գովաբանում են մուրացկանությունը: Ոչ մի գործնական դրսևորում չի ուղեկցում ձեր մտորումներին, չեմ զարմանա, եթե ամենավերջին կլոշարը2 ավելին արժենա, քան դուք: Հնարավո՞ր է պատկերացնել իր ճշմարտություններին հավատարիմ, միաժամանակ պալատում ապրող Բուդդային: Մարդ չի կարող լինել «ազատագրված-ողջ» և սեփականատեր: Ես ընդդիմանում եմ ստի ընդհանրացմանը, նրանց դեմ, ովքեր ցուցադրում են իրենց ենթադրյալ «փրկությունը» և այն ամրապնդում ինչ-որ վարդապետությամբ, որ չի բխում իրենց խորքերից: Նրանց դիմակազերծելը, իջեցնելը այն պատվանդանից, որի վրա բարձրացել են սեփական նախաձեռնությամբ, նրանց անարգանքի սյունին գամելը այնպիսի արշավ է, որից ոչ ոք չպիտի անմասն մնա: Ամեն գնով պետք է խանգարել շատ հանգիստ խիղճ ունեցողներին, որպեսզի չապրեն և չմեռնեն խաղաղությամբ:

Երբ ամեն րոպե դուք մեզ հակադրում եք «բացարձակին», դուք խորը, անհասանելի մեկի տեսք եք ընդունում, կարծես վիճաբանելիս լինեք հեռավոր մի աշխարհում լույսի, խավարի հետ, որ ձեզ են պատկանում, ձեզ` ինչ-որ թագավորության տերերին, որին ձեզանից բացի ոչ ոք չի կարող մոտենալ: Դուք մեզ` մյուս մահկանացուներիս չեք ուզում մասնակից դարձնել այն հայտնագործությունների փշրանքներին, որ արել եք, կամ ձեր ուսումնասիրությունների մնացուկներին: Բայց ձեր բոլոր ջանքերը հանգում են միայն այս խղճուկ բառն արտասանելուն, որ ընթերցանությունների պտուղ է, ձեր գիտական թեթևամտության, գրական ոչնչի, փոխառնված թախիծների արդյունք: 

Մեր բոլոր ջանքերը հանգում են պայթեցնելու դեպի բացարձակը տանող զգայականությունը: Մեր իմաստնությունը կամ ավել ճիշտ` ոչ իմաստնությունը, հրաժարվում է դրանից. հարաբերական լինելով` այն մեզ առաջարկում է հավասարակշռություն ոչ թե հավերժության մեջ, այլ` ժամանակի: Բացարձակը, որ էվոլյուցիա է ապրում. Հեգելի այս հերձվածողությունը դարձել է մեր դոգման, մեր ողբերգական ուղղափառությունը, մեր ռեֆլեքսներիփիլիսոփայությունը: Նա, ով համարում է, թե կարող է իրեն ազատել դրանից, գլուխ է գովում ու սեփական կուրությունն է ցույց տալիս: Երևութականի փակուղու մեջ ընկած` մեզ դուր է գալիս որդեգրել անկատար մի իմաստնություն, որ երազի ու կասկածների խառնուրդ է: Եթե Հեգելին դարձյալ մեջբերելով ասենք, թե Հնդկաստանը «անսահման մտքի երազն է», ապա մեր ինտելեկտի, ինչպես նաև մեր զգայականության սովորույթը մեզ ստիպում է ընկալել մարմնավորված միտքը, որ սահմանափակված է պատմական ընթացքներով, պարզապես միտքը, որ չի ընդգրկում աշխարհը, այլ աշխարհի պահերը, մասնատված ժամանակը, որից մենք միայն հատվածաբար ենք խուսափում`դավաճանելով մեր երևութական կողմերին:

Գիտակցության ոլորտը սեղմվում է գործողության շուրջը, նա, ով գործում է, չի կարող հավակնել տիեզերականին, քանի որ գործել նշանակում է կառչել էակի կարողություններից ի վնաս էակի, կամ ձգտել իրականության մի ձևի ի վնաս իրականության: Մեր ազատագրման աստիճանը չափվում է այն ձեռնարկումների քանակով, որից մենք մեզ ազատել ենք, ինչպես նաև չափվում է ցանկացած օբյեկտ ոչ օբյեկտի վերածելու մեր կարողությամբ:

Բայց ազատագրումից խոսելը ոչինչ չի նշանակում շտապող մարդկության համար, որը մոռացել է, թե ինքը չէր կարողանա ո՛չ վերագտնել կյանքը, ո՛չ նրանից հաճույք ստանալ` առանց նախապես ոչնչացնելու այն:

Մենք չափազանց արագ ենք շնչում, որպեսզի կարողանանք ըմբռնել իրերն իրենց մեջ կամ էլ բացահայտել նրանց փխրունությունը: Մեր արագ շնչառությունը նրանց կանխադրում և դեֆորմացնում է, նրանց ստեղծում և աղավաղում է, իսկ մեզ շղթայում է նրանց: Ես գործում եմ, ուրեմն ես շրջանառության մեջ եմ դնում մի աշխարհ` նույնքան կասկածելի, որքան իմ սպեկուլյացիան, որը նրան արդարացնում է: Ես միանում եմ շարժմանը, որն ինձ փոխում է գոյության գեներատորի, հորինվածքների արհեստավորի, մինչդեռ իմ տիեզերածնական ոգևորությունն ինձ ստիպում է մոռանալ, որ գործողությունների շրջապտույտից քշվելով` ես ընդամենը ժամանակի սպասավոր եմ, ուժը կորցրած տիեզերքների գործակալ:

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Տրամաբանա-փիլիսոփայական տրակտակ (Tractatus logico-philosophicus) (հատվածներ) Լյուդվիգ Վիտգենշտայն 1 Աշխարհն այն ամենն է, ինչ տեղի է ունենում: 1.1 Աշխարհը փաստերի ամբողջությունն է, ոչ իրերի: 1.11 Աշխարհը որոշարկված է փաստերով և նրանով, որ դրանք բոլորը փաստեր են: 1.12 Քանի որ փաստերի ամբողջությունը որոշարկում է այն, ինչը տեղի է… Փիլիսոփայություն Վաղ Վիտգենշտայնը և իր «Տրակտատը» Սերգեյ Ստեփանյան Լյուդվիգ Վիտգենշտայնը (1889-1951թթ.) XX դարի ամենաազդեցիկ և ամենախորհրդավոր մտածողներից է: Կենսագրական վայրիվերումները, գրվածքների խիստ գիտականից մինչև միստիկական հասնող ձևակերպումները, վաղ և ուշ շրջանի հակասականորեն միավորվող կոնցեպցիաները և… Փիլիսոփայություն Նյութեր «Ideas and Opinions» գրքից Ալբերտ Այնշտայն Այս տարի լրանում է մեր ժամանակների մեծագույն մտածող, ֆիզիկոս Ալբերտ Այնշտայնի մահվան 50 տարին և նրա գլուխգործոցներից մեկի՝ հարաբերա­կանության հատուկ տեսության ստեղծման 100 տարին։ Այդ կապակցությամբ այս տարին հայտարար­ված է Ֆիզիկայի տարի։…