Ռուբիկոն

Հատվածներ «Գոյություն ունենալու գայթակղությունը» էսսեից

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

***

Ինչ կա ավելի բնական, քան այն, որ շատերը պոեզիայից բացի ուրիշ արտահայտչաեղանակ չունեն: Նույնիսկ նրանք, ովքեր առանձնապես օժտված չեն, իրենց արմատախիլ վիճակից, իրենց բացառման ավտոմատիզմից քաղում են լրացուցիչ տաղանդ, որն անկասկած չէին գտնի իրենց նորմալ գոյության մեջ:

Ինչ ձևով էլ որ ներկայանա, ինչպիսին էլ լինի պատճառը, աքսորն իր առաջին օրերին գլխապտույտի դպրոց է: Եվ բոլորին չի տրված նրան հասնելու բախտը: Դա սահմանային վիճակ է և կարծես բանաստեղծական վիճակի ծայրակետ: Շնորհ չէ՞ այնտեղ տեղափոխված լինել միանգամից, առանց շրջանցելու կարգը, սոսկ ճակատագրականության բարի կամքով: Մտածեք այս շքեղ անհայրենիքի մասին` Ռիլկեի, այն անթիվ միայնությունների մասին, որ նա ստիպված եղավ կուտակել իր կապերը ոչնչացնելու, անտեսանելիի մեջ քայլ անելու համար: Հեշտ չէ ոչ մի տեղից չլինելը, երբ ոչ մի արտաքին պայման ձեզ չի պարտադրում դա: Միստիկն ինքը հասնում է ինքնազրկման միայն հրեշավոր ջանքերի շնորհիվ: Ինքդ քեզ պոկել աշխարհից` ինչպիսի կործանարար աշխատանք է: Անհայրենիքը դրան հասնում է առանց ավելորդ ջանքերի, նա այդ անում է պատմության օգնության` պատմության թշնամության շնորհիվ: Բոլորովին պետք չեն ոչ տառապանքներ, ոչ անքուն գիշերներ, որպեսզի ինքը հրաժարվի ամեն ինչից: Իրադարձությունները նրան պարտադրում են այդ անել: Ինչ-որ առումով նա նման է այն հիվանդին, որը, ինչպես ինքը, իր տեղն է գտնում մետաֆիզիկայում կամ պոեզիայի մեջ, դրա համար անձնական արժանիքներ չունենալով, իրերի բերումով, հիվանդության բարի ծառայության շնորհիվ:

Բարձրորակ վատորակությո՞ւն է սա: Գուցե, մանավանդ, դեռ չի ապացուցվել, թե ջանքով ձեռք բերված արդյունքներն իրենց արժեքով գերազանցում են մյուսներին, որ ածանցվել են հանգստից անխուսափելիի ներսում:

***

Արմատախիլ արված բանաստեղծին մի վտանգ է սպառնում` իր ճակատագրին հարմարվելու, դրանից այլևս չտառապելու, դրանում իրեն լավ զգալու վտանգը: Ոչ ոք չի կարող փրկել նրա տխրությունների երիտասարդությունը. դրանք մաշվում են: Նույնը վերաբերում է երկրի ցավին ու ամեն տեսակ կարոտախտին: Ափսոսանքները կորցնում են իրենց շքեղությունը, իրենք ևս թարմությունը կորցնում են և, էլեգիայի օրինակով, շատ արագ գործածությունից դուրս են գալիս: Այդժամ ի՞նչ կա ավելի նորմալ, քան աքսորում` Ոչնչի Քաղաքում հաստատվելը: Այն չափով, որքանով բանաստեղծը նրանում արբենում է, այդքանով նա մսխում է իր հույզերը, իր դժբախտության ռեսուրսները, ինչպես նաև փառքի իր երազանքը: Երբ այն դժբախտությունը, որից ինքը գոռոզություն և օգուտ էր քաղում, նրան այլևս չի մտատանջում, նրա հետ պոետը կորցնում է իր բացառման էներգիան և իր մենության պատճառները: Դժոխքից դուրս նետված լինելով` նա իզուր կփորձի այնտեղ վերահաստատվել, դրանում նորից թրծվել. նրա տառապանքները, որ չափազանց ողջախոհ են դարձել, նրան հավերժ անարժան կդարձնեն դրան: Այն աղաղակները, որոնցով ինքը մի ժամանակ հպարտ էր, դառնությունների են վերածվել, իսկ դառնությունը բանաստեղծություն չի դառնում. այն պոետին կտանի պոեզիայից դուրս: Այլևս ոչ երգեր կան, ոչ ավելորդություններ: Երբ վերքերը փակված են, նա ինչքան ուզում է, կարող է ցնցել դրանք, որպեսզի դրանցից մի քանի ինտոնացիա քաղի. լավագույն դեպքում նա սեփական տառապանքների էպիգոնը կդառնա: Նրան պատվավոր անկում է սպասում: Բազմազանության, յուրօրինակ անհանգստությունների պակասից նրա ներշնչանքը սպառվում է: Շուտով, հնազանդված անանունությանը և հետաքրքրված իր միջակությամբ, նա ոչ մի տեղից եկած բուրժուայի դիմակ կհագնի: Ահա նա իր լիրիկական կարիերայի ավարտին է, իր ցածրացման ամենակայուն կետում:

***        

«Կարգ ու կանոնավոր» դարձած, նստած իր անկման բարեկեցության մեջ, ի՞նչ կանի նա այնուհետև: Կկարողանա ընտրություն կատարել փրկության երկու ձևերի միջև. հավատի և հումորի: Եթե նա անգոյության մնացուկներ է պահում, քիչ-քիչ կվերացնի դրանք հազարավոր աղոթքների միջոցով, եթե իհարկե նա հաճույք չստանա բարի մետաֆիզիկայից, որ սպառված բանաստեղծություն շինողների պարապ վախտի խաղալիքն է:

Եթե, հակառակը, նա հակված է ծաղրի, ապա նվազագույնի կհասցնի իր պարտությունների կարևորությունը, այն աստիճանի, որ հաճույք կստանա դրանցից: Ըստ իր խառնվածքի` նա կզոհաբերվի բարեպաշտությանը կամ սարկազմին: Ե՛վ մեկ, և՛ մյուս դեպքում կհաղթահարի իր հավակնությունները, իր անհաջողությունները, որպեսզի ավելի բարձր նպատակի հասնի, որպեսզի դառնա վայելչորեն պարտված, արժանավայել մերժված:

1 Քվիետիզմ – Տասնյոթերորդ դարի միստիկական ուսմունք, որ քարոզում էր իրականության նկատմամբ անտարբերություն և հայեցողականվերաբերմունք:

2 Կլոշար – Թափառաշրջիկ մուրացկան (ֆր.):

Ֆրանսերենից թարգմանությունը`

Նունե Աբրահամյանի

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Տրամաբանա-փիլիսոփայական տրակտակ (Tractatus logico-philosophicus) (հատվածներ) Լյուդվիգ Վիտգենշտայն 1 Աշխարհն այն ամենն է, ինչ տեղի է ունենում: 1.1 Աշխարհը փաստերի ամբողջությունն է, ոչ իրերի: 1.11 Աշխարհը որոշարկված է փաստերով և նրանով, որ դրանք բոլորը փաստեր են: 1.12 Քանի որ փաստերի ամբողջությունը որոշարկում է այն, ինչը տեղի է… Փիլիսոփայություն Վաղ Վիտգենշտայնը և իր «Տրակտատը» Սերգեյ Ստեփանյան Լյուդվիգ Վիտգենշտայնը (1889-1951թթ.) XX դարի ամենաազդեցիկ և ամենախորհրդավոր մտածողներից է: Կենսագրական վայրիվերումները, գրվածքների խիստ գիտականից մինչև միստիկական հասնող ձևակերպումները, վաղ և ուշ շրջանի հակասականորեն միավորվող կոնցեպցիաները և… Փիլիսոփայություն Նյութեր «Ideas and Opinions» գրքից Ալբերտ Այնշտայն Այս տարի լրանում է մեր ժամանակների մեծագույն մտածող, ֆիզիկոս Ալբերտ Այնշտայնի մահվան 50 տարին և նրա գլուխգործոցներից մեկի՝ հարաբերա­կանության հատուկ տեսության ստեղծման 100 տարին։ Այդ կապակցությամբ այս տարին հայտարար­ված է Ֆիզիկայի տարի։…