Ռուբիկոն

Հատվածներ «Գոյություն ունենալու գայթակղությունը» էսսեից

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Ռեֆորմի ձեռքբերումն այն է, որ ցնցել է գիտակցությունների քունը, հրաժարվել Հռոմի թմրադեղից և լավ Աստծո ու ինչ-որ Սատանայի պատկերին հակադրել է երկիմաստ աստվածությունն ու ամենակարող դևին: Լյութերը գիտեր, որ նախասահմանման գաղափարը անբարոյական էր, ինչը ևս մի պատճառ էր այն պաշտպանելու և զարգացնելու համար: Նրա առաքելությունը ուղեղները շշմեցնելն էր, սկանդալ սարքելը, նրանց հոգեվարքի ցավերը ծանրացնելը, դրանց դեպի անհնարին հույսերի փակուղի քշելը. մի խոսքով` փոքրացնել ընտրյալների քանակը: նա ազնվություն ունեցավ խոստովանելու, որ որոշ կետերում ինքը զիջել է Թշնամու ներշնչումներին: Այդպես է բացատրվում հավատացյալների մեծամասնությանը դատապարտելու նրա խիզախությունը: Ցանկանում էր մոլորեցնե՞լ: Անկասկած: Մարգարեների ցինիզմը մեզ հաշտեցնում է նրանց վարդապետությունների, նույնիսկ նրանց զոհերի հետ…

***

Չնայած հուսալու իր անսովորությանը, նա ազատագրողի տպավորություն է թողնում. շատ շարժումներ են ուղիղ գծով ծնունդ առնում նրանից: Նա Աստծո բացարձակ ինքնիշխանությունը հռչակել է սոսկ ավելի լավ փոքրացնելու համար իշխանության որևէ այլ ձև: «Արքայազն լինել և չլինել ավազակ, գրեթե անհնարին է»: Ըմբոստության կանոնները գեղեցիկ են. հերձվածողության կանոնները ավելի գեղեցիկ են: Եթե Եվրոպան իրեն բնորոշում է պառակտումների հաջորդականությամբ, եթե նրա փառքերը հանգում են այլախոհությունների շքերթի` Լյութերին է պարտական դրա համար: Հազարավոր նորարարների նախնին լինելով նա, միևնույն է, ունեցավ լավատեսությամբ չտարվելու առավելությունը` արատ, որ պատվազրկում է հեղափոխությունները: Մեղքի աղբյուրներին մեզանից ավելի մոտ լինելով նա գիտեր, որ մարդուն ազատագրելը դեռ չէր նշանակում փրկել նրան:

Տարուբերվելով Միջնադարի և Վերածննդի միջև, երկփեղկված համոզմունքների և հակասական իմպուլսների միջև, անձկության այս Ռաբլեն ավելի, քան որևէ մեկը, ունակ էր ամրապնդելու բարոյազրկված և գունաթափվող քրիստոնեությունը: Միայն նա գիտեր, թե ինչ էր պետք անել այն մթագնելու համար: Նրա աստվածապաշտությունը սև էր: Նույնիսկ Պասկալի ու Կիրկեգորի աստվածապաշտությունը գունատվում է նրանի կողքին. մեկը չափազանց շատ է գրող, մյուսը` չափազանց փիլիսոփա: Բայց նա, ամուր` իր գյուղական նևրասթենիայի շնորհիվ, ունի այն բնազդը, որ անհրաժեշտ է Բարու և Չարի ուժերի հետ կռվելու համար: Նրա կոպտությունը` անբռնազբոս, համեղ, երբեք չի վանում իրենից: Նրա մեջ ոչ մի կեղծ բան չկա, ոչինչ` դասական առաքյալից. ոչ խորամանկ ատելություն, ոչ ուսումնասիրված պոռթկում: Իր սարսափների անպատշաճապահության միջով հումորի նոտա է անցնում, ինչը հատկապես պակասում էր Խաչի ակտիվիստներին: Ո՞վ է Լյութերը: Մարդկայնացած սուրբ Պողոս:

Աքսորի առավելությունները

Անարդարացի է, որ աքսորյալի վերաբերյալ ստեղծում են մի մարդու պատկեր, որը հրաժարվում է, մի կողմ քաշվում և անհետանում, հնազանդ` իր թշվառություններին, ոչ պիտանիի իր վիճակին:

Եթե ուշադիր նայենք, նրանում կհայտնաբերենք փառամոլին, ագրեսիվ հիասթափվածին, չարացած մարդուն` կրկնօրինակված նվաճողին: Որքան մենք ավելի զրկված ենք, այնքան մեր ախորժակներն ու պատրանքները մեզ ավելի են նյարդայնացնում: Ես նույնիսկ ինչ-որ կապ եմ նշմարում դժբախտության և վեհության մոլուցքի միջև: Նա, ով ամեն ինչ կորցրել է, որպես վերջին ապաստարան պահում է փառքի կամ գրական սկանդալի հույսը: Նա համաձայն է հրաժարվել ամեն ինչից, բացի իր անունից: Բայց նա ինչպե՞ս կպարտադրի իր անունը, երբ գրում է այնպիսի լեզվով, որ քաղաքակրթվածները չգիտեն կամ արհամարհում են:

Նա իրեն կփորձի՞ մի ուրիշ լեզվում: Նրա համար հեշտ չի լինի հրաժարվել այն բառերից, որոնցում քարշ է գալիս իր անցյալը: Ով մերժում է իր լեզուն մեկ ուրիշը որդեգրելու համար, փոխում է իր անհատականությունը, նույնն է թե` հիասթափությունները: 

Հերոսաբար դավաճան դառնալով` նա խզում է կապը հիշողությունների հետ և, մինչև ինչ-որ աստիճանի, խզում է կապերն ինքն իր հետ:

***

Ինչ-որ մեկը վեպ է գրում, որը նրան օրեցօր հայտնի է դարձնում: Նա այնտեղ պատմում է իր տառապանքները: Նրա հայրենակիցները արտասահմանում իրեն խանդում են. այդ մարդիկ էլ են տառապել, գուցե ավելի շատ: Եվ անհայրենիք մարդը դառնում է (կամ տենչում է դառնալ) վիպասան:

Դրան հետևում է խանգարումների կուտակում, սարսափների, դողերի չափազանց մեծացում, որ հնանում են: Հնարավոր չէ անվերջ նորացնել դժոխքը, որի հենց բնութագիրը միատարրությունն է, ոչ էլ` աքսորի դեմքը: Գրականության մեջ ոչինչ այնքան չի նյարդայնացնում, որքան սարսափելին, կյանքում այն չափազանց արատավորված է ակնհայտությամբ, որպեսզի նրա վրա կանգ առնեն: Բայց մեր հեղինակը համառում է. այս պահին նա իր վեպը թաքցնում է դարակի խորքում և սպասում իր ժամին: Անակնկալի, հռչակի պատրանքը, որ թաքնված է, բայց որի հույսը նա ունի, նրան պահում է, նա ապրում է անիրականությամբ: Մինչդեռ այս պատրանքի ուժն այնպիսին է, որ եթե այդ մարդն աշխատում է գործարանում, ապա միայն մտածելով, որ մի օր հռչակը` նույնքան անսպասելի, որքան շշմեցնող, նրան դուրս կքաշի գործարանից:

***

Բանաստեղծի վիճակը հավասարապես ողբերգական է: Փակված սեփական լեզվի մեջ` նա գրում է ընկերների համար, տասը կամ ամենաշատը քսան հոգու համար: Կարդացված լինելու նրա իղձն ավելի պակաս հրամայական չէ, քան ինքնագործ վիպասանի մոտ: Ինքը գոնե մյուսի նկատմամբ այն առավելությունն ունի, որ կարող է իր բանաստեղծությունները տպագրել սփյուռքի ամսագրերում, որոնք լույս են տեսնում գրեթե անպատշաճ զոհաբերությունների և զրկանքների գնով: Մեկը դառնում է դպրոցի տնօրեն. այն պահելու համար նա ստիպված է քաղցած մնալ, երես թեքել կանանցից, ինքն իրեն թաղել պատուհաններ չունեցող սենյակում, ինքն իրեն պարտադրել զրկանքներ, որ շփոթեցնում են և սարսափեցնում: Ինքնաբավարարումը և թոքախտն են նրա բաժինը: 

Որքան էլ փոքրաթիվ լինեն էմիգրանտները, նրանք խմբեր են կազմում, ոչ թե իրենց շահերը պաշտպանելու, որքան իրար հետ շփվելու, միասին արյուն բաց թողնելու, հրապարակելու իրենց ափսոսանքները, աղաղակները, իրենց անարձագանք կանչերը: Իզուր կլիներ փնտրել անվարձահատույցության ավելի հուզիչ եղանակ:Նրանց` նույնքան լավ բանաստեղծ, որքան վատ արձակագիր լինելը շատ հեշտ է բացատրվում: Քննենք գրական արտադրանքը ցանկացած փոքրիկ ժողովրդի, որն ինքն իր համար անցյալ սարքելու մանկամտությունը չունի. պոեզիայի առատությունը ամենաաչքի զարնող գիծն է: Արձակը, զարգանալու համար, պահանջում է որոշակի ճշգրտություն, տարբերակված սոցիալական վիճակ և ավանդույթ. այն անբռնազբոս է, կառուցված, պոեզիան հանկարծակի հայտնվում է, այն անմիջական է կամ ամբողջապես սարքովի, քարանձավի մարդու կամ նրբին ճաշակ ունեցողների բաժինն է, որ ծաղկում է և՛ այս կողմում, և՛ այն` միշտ քաղաքակրթության լուսանցքում: Մինչ արձակը մտածված հանճար է պահանջում և բյուրեղացված լեզու, պոեզիան հիանալիորեն համատեղելի է բարբարոսական հանճարի և անձև լեզվի հետ: Գրականություն ստեղծել` նշանակում է ստեղծել արձակ:

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Տրամաբանա-փիլիսոփայական տրակտակ (Tractatus logico-philosophicus) (հատվածներ) Լյուդվիգ Վիտգենշտայն 1 Աշխարհն այն ամենն է, ինչ տեղի է ունենում: 1.1 Աշխարհը փաստերի ամբողջությունն է, ոչ իրերի: 1.11 Աշխարհը որոշարկված է փաստերով և նրանով, որ դրանք բոլորը փաստեր են: 1.12 Քանի որ փաստերի ամբողջությունը որոշարկում է այն, ինչը տեղի է… Փիլիսոփայություն Վաղ Վիտգենշտայնը և իր «Տրակտատը» Սերգեյ Ստեփանյան Լյուդվիգ Վիտգենշտայնը (1889-1951թթ.) XX դարի ամենաազդեցիկ և ամենախորհրդավոր մտածողներից է: Կենսագրական վայրիվերումները, գրվածքների խիստ գիտականից մինչև միստիկական հասնող ձևակերպումները, վաղ և ուշ շրջանի հակասականորեն միավորվող կոնցեպցիաները և… Փիլիսոփայություն Նյութեր «Ideas and Opinions» գրքից Ալբերտ Այնշտայն Այս տարի լրանում է մեր ժամանակների մեծագույն մտածող, ֆիզիկոս Ալբերտ Այնշտայնի մահվան 50 տարին և նրա գլուխգործոցներից մեկի՝ հարաբերա­կանության հատուկ տեսության ստեղծման 100 տարին։ Այդ կապակցությամբ այս տարին հայտարար­ված է Ֆիզիկայի տարի։…