Հատվածներ «Գոյություն ունենալու գայթակղությունը» էսսեից
Սուրբ Պողոս
Ինչքան էլ հանդիմանենք նրան քրիստոնեությունն աննրբագեղ կրոնի վերածելու, դրա մեջ Հին Կտակարանի ամենաատելի ավանդույթները` անհանդուրժողականությունը, կոպտությունը, գավառականությունը ներմուծելու համար, էլի քիչ է: Ինչպիսի աննրբանկատությամբ է խառնվում այն հարցերին, որոնք իրեն բոլորովին չեն վերաբերում, որոնցից ոչինչ չի հասկանում: Կուսության, չափավորության, ամուսնության վերաբերյալ նրա դատողությունները պարզապես սրտխառնուք են առաջացնում: Պատասխանատու լինելով կրոնի և բարոյականության վերաբերյալ մեր նախապաշարմունքների համար, նա հաստատագրել է հիմարության նորմերը և բազմապատկել այն սահմանափակումները, որ ավելի են կաթվածահար անում մեր բնազդները:
Ոչ նախկին մարգարեների քնարականությունն ունի, ոչ էլ էլեգիական ու տիեզերական շեշտը, բայց պահպանում է աղանդավորական մտածողությունը և այն ամենը, ինչ նախկին մարգարեների մոտ ցածրաճաշակություն էր, շատախոսություն, զառանցանք քաղաքացիների գործածության համար: Բարքերը նրան ամենաքիչն են հետաքրքրում: Հենց որ դրանից խոսի, չարությունից դողում է: Հետապնդվելով քաղաքի գաղափարից և նրա, որ ուզում է ավերել, և մյուսի, որ ուզում է կառուցել, նա ավելի քիչ ուշադրություն է հատկացնում Աստծո և մարդու հարաբերությանը, քան մարդկանց հարաբերություններին: Մոտիկից ուսումնասիրենք հայտնի Թղթերը. նրանցում ոչ մի կաթիլ ունայնություն կամ նրբանկատություն, մտածկոտություն կամ բարեկրթություն չկա. ամեն ինչ կատաղություն է, շնչահեղձություն, ցածրորակ հիստերիա, ճանաչողության և ճանաչողության միայնության թյուրըմբռնում: Ամենուր միջնորդներ են, ընտանեկան կապեր, ընտանեկան ոգի. Հայր, Մայր, Որդի, հրեշտակներ, սրբեր` խելացիության ոչ մի հետք, ոչ մի որոշարկված հասկացություն, ոչ մեկը, որ ցանկանա հասկանալ: Մեղքեր, փոխհատուցումներ, արատների և առաքինությունների հաշվապահություն: Առանց հարցադրումների կրոն. անտրոպոմորֆիզմի ցոփություն: Ես կարմրում եմ այն Աստծո համար, որին նա առաջարկում է մեզ. պարտավոր ենք պատվազրկել նրան. իր առկա վիճակում նա կորած է:
Ո՛չ Լաո-ցզին, ո՛չ Բուդդան իրենց չեն համարում բնորոշելի էակ. արհամարհելով հավատի խաղաշարժերը, նրանք մեզ հրավիրում են մտորելու, և որպեսզի այս մտորումը դատարկ չլինի, նրանք հաստատագրում են տերմինը` Դաո կամ Նիրվանա: Նրանք մարդու մասին այլ գաղափար ունեին: Ինչպե՞ս մտորել, երբ պետք է ամեն ինչ վերագրենք անհատին… գերագույն անհատին: Սաղմոսներով ու աղոթքներով ոչինչ չենք փնտրում, ոչինչ չենք գտնում: Ծուլությունից է, որ անհատականացնում են աստվածությունը և նրան աղաչում: Հույները փիլիսոփայության դիմեցին, երբ աստվածները դադարեցին գոհացնել նրանց. հասկացությունը սկսվում է այնտեղ, որտեղ վերջանում է Օլիմպոսը: Մտածել նշանակում է դադարել երկրպագել, ըմբոստանալ խորհրդավորության դեմ և հռչակել նրա սնանկացումը:
***
Որդեգրելով մի վարդապետություն, որն իրեն անծանոթ է, որևէ կրոնի անդամագրվածը պատկերացնում է, թե քայլ է կատարել դեպի ինքն իրեն, մինչդեռ ընդամենը թաքցնում է իր դժվարությունները: Խույս տալու համար անապահովությունից, որ իրեն տիրապետող զգացմունք է, նա նվիրվում է պատահած առաջին դատին: Մի անգամ «ճշմարտության» տիրապետության տակ հայտնվելով` նա ուրիշներից վրեժ կլուծի իր նախկին անվստահության, նախկին վախերի համար: Այդպես եղավ տիպիկ կրոնափոխ Սուրբ Պողոսի դեպքում: Նրա ծեքծեքուն տեսքը շատ վատ է թաքցնում իր անհանգստությունը, որ փորձեց հաղթահարել, բայց`անհաջող:
Ինչպես բոլոր նորահավատները, նա կարծում էր, որ իր նոր հավատուվ պիտի փոխեր իր բնությունը և հաղթահարեր այն ալեկոծումները, որոնց մասին զգուշությունից դրդված չէր խոսում իր հետ թղթակցողների և ունկնդիրների հետ: Նրա խաղը մեզ այլևս չի խաբում: Շատ մտածողներ դրան կուլ են գնացել: Իհարկե դա այնպիսի ժամանակաշրջան էր, երբ փնտրում էին «ճշմարտությունը» և չէին հետաքրքրվում դեպքերով: Եթե Աթենքում մեր առաքյալը վատ ընդունվեց, եթե այնտեղ հայտնաբերեց իր շատախոսություններին անհնազանդ միջավայր, պատճառն այն է, որ այս քաղաքում մարդիկ դեռևս քննարկել գիտեին և որ թերահավատությունը շատ հեռու` դիրքերը զիջելուց, շարունակում էր պաշտպանել իր կարգավիճակը: Քրիստոնեական ցնդաբանություններն այնտեղ չէին կարող հաջողության հասնել. փոխարենը պիտի գայթակղեին Կորնթոսին` ստոր խավերի քաղաքին, որ ըմբոստանում էր դիալեկտիկայի դեմ: Պլեբեյությունը ցանկանում է, որ իրեն շշմեցնեն հայհոյանքով, սպառնալիքներով, հայտնություններով, աղմկոտ խոսքերով. նա սիրում է կոկորդ պատռողներին: Սուրբ Պողոսը այդպիսի մեկն էր` անտիկ ժամանակաշրջանում ապրածներից ամենաներշնչվածը, օժտվածը, խորամանկը: Մենք ընկալում ենք նրա բարձրացրած աղմուկի արձագանքները: Նա գիտեր բարձրանալ որևէ բանի վրա ու հռչակել իր կատաղությունները: Նա չէ՞ արդյոք հունա-հռոմեական աշխարհ ներմուծել տոնավաճառի վարվելակերպը: Նրա ժամանակի իմաստունները խորհուրդ էին տալիս լռել, հնազանդվել, հրաժարվել` մարդու համար չկիրառելի բաներ: Ինքն ավելի ճարպիկ լինելով` ախորժալի բաղադրատոմսեր բերեց, որ փրկում են սրիկաներին ու բարոյազրկում նրբանկատներին: Նրա փոխադարձ վրեժը Աթենքի նկատմամբ կատարյալ էր:
Եթե այնտեղ հաղթանակած լիներ, իր ատելությունները գուցե մեղմվեին: Ձախողումը երբեք ավելի ծանր հետևանք չի ունեցել: Եվ եթե մենք խեղանդամ հեթանոսներ ենք, կայծակնահարված, խաչված հեթանոսներ, որ անցել ենք խորունկ, անմոռանալի, երկուհազարամյա վուլգարիզմի միջով, պատճառն այս ձախողումն է:
***
Մի ոչ հրեա հրեա, այլասերված հրեա` դավաճան: Սա է նրա կոչերից, իրազեկումներից, մոլեգնումներից ստացած սնանկության տպավորությունը: Նա կասկածելի է, քանի որ չափազանց համոզված է: Չգիտենք` որտեղի՞ց իրեն բռնենք, ինչպե՞ս բնորոշենք. պատմության խաչմերուկներում գտնվելով` նա պիտի բազմաթիվ ազդեցությունների ենթարկվեր: Բազմաթիվ ճանապարհների առջև երկմտելուց հետո, ի վերջո, ընտրեց մեկը` լավ ճանապարհը: Նրա նմանները միշտ ճիշտ խաղաքարերի վրա են դնում. հետապնդվելով սերունդների սևեռուն գաղափարով, իրենց շարժումների առաջացնելիք արձագանքով, եթե զոհաբերվում են որևէ դատի, ապա` որպես արդյունավետ զոհեր:
Երբ այլևս չգիտեմ` ում մեղադրել, բացում եմ Թղթերը և արագ վերագտնում վստահությունս: Ես բռնում եմ նրան: Նա ինձ տրանսի մեջ է գցում, ստիպում է դողալ: Իրեն մոտիկից ատելու համար, որպես իր ժամանակակիցը, ես սրբում եմ քսան դարերը և նրան հետևում իր շրջագայությունների մեջ. նրա հաջողություններն ինձ հուսահատեցնում են, նրան պարտադրվող տառապանքներն ինձ հաճելի են: Ինձ փոխանցվող նրա մոլեգնությունն իր դեմ եմ շրջում. ցավոք Կայսրությունն այդպես չէր վարվում:
Փտած քաղաքակրթությունը դաշն է կնքում իր ցավի հետ, սիրում է իրեն կրծող վիրուսը, ինքն իրեն այլևս չի հարգում, թույլ է տալիս, որ սուրբ Պողոսը հանգիստ շրջի… Դրանով իսկ նա խոստովանում է, որ պարտված է, որդերի կեր դարձած, կործանված: Լեշի հոտը ձգում է առաքյալներին` ագահ և շատախոս գերեզմանափորներին: