Հատվածներ «Գոյություն ունենալու գայթակղությունը» էսսեից
Շքեղության ու լույսի աշխարհը ընկրկեց ՙմուսաների թշնամիների՚ ագրեսիվության առջև, այս մոլագարների, որ այսօր ևս մեզ ներշնչում են զզվանքին միախառնված խուճապ: Հեթանոսությունը նրանց հեգնանքով վերաբերվեց` նրբերանգներին անհնազանդ հորդային ոչնչացնելու համար չափազանց անվնաս զենք է, չափազանց ազնվական: Նրբանկատը, որ դատողություններ է անում, չի կարող մրցել աղոթող բեովտացու հետ: Անշարժացած արհամարհանքի և ժպիտի բարձրություններում` նա կկործանվի առաջին իսկ հարձակման ժամանակ, քանի որ դինամիզմը, որ ցածր խավի առավելությունն է, ներքևից է գալիս:
Անտիկ սարսափները հազար անգամ գերադասելի էին քրիստոնեական սարսափներից: Այս տենդոտ ուղեղները, անհեթեթ խղճի խայթերով այս հոգիները, ուշածին հասարակության սիրալիրության երազի դեմ կանգնած այս ավերիչները պիտի չարչարեին գիտակցություններն ու ու նրանց «սրտերի» վերածեին: Նրանցից ամենատեղեկացվածը մեծ այլասերվածությամբ արեց այդ, նա նախ և առաջ վանեց ուղեղներին, իսկ հետո պիտի իր դրոշմը թողներ նրանց վրա, ցնցեր ու ներքաշեր անարտահայտելի մի ձեռնարկի մեջ:
Հունա-հռոմեական մայրամուտը մինչդեռ ուրիշ թշնամու էր արժանի, ուրիշ խոստման, ուրիշ կրոնի: Ինչպե՞ս ընդունել որևէ առաջընթացի ստվերն իսկ, երբ մտածում ես, որ քրիստոնեական առակները կարողացան առանց դժվարության խեղդել ստոիկությունը: Եթե վերջինիս հաջողվեր բազմանալ և տիրել աշխարհին, մարդը նպատակին հասած կլիներ, կամ էլ գրեթե հասած: Հնազանդությունը, պարտադիր դարձած, մեզ սովորեցրած կլիներ արժանապատվությամբ տանել սեփական դժբախտությունները, լռեցնել մեր ձայները, սառնորեն պատկերացնել մեր ոչինչը: Պոեզիան կանհետանա՞ր մեր բարքերից: Գրողի ծոցը թող գնար պոեզիան: Փոխարենը կկարողնայինք անշշունջ տանել մեր փորձությունները: Չմեղադրել ոչ ոքի, չիջնել ոչ տխրության, ոչ ուրախության, ոչ ափսոսանքի մակարդակին, տիեզերքի հետ հարաբերությունները սահմանափակել պարտությունների ներդաշնակ խաղով, ապրել անխռով դատապարտվածների նման, չաղաչել աստվածությանը, ավելի շուտ` նախազգուշացնել նրան… Սա հնարավոր չէր: Բոլոր կողմերից ծանրաբեռնված` ստոիցիզմը, իր սկզբունքներին հավատարիմ, առանց պայքարի մեռնելու նրբագեղությունն ունեցավ: Որևէ կրոն հաստատվում է ինչ-որ իմաստության ավերակի վրա. երկրորդի գործածած հնարանքները բոլորովին չեն համապատասխանում առաջինի հնարանքներին: Մարդիկ միշտ էլ կնախընտրեն հուսահատվել ծնկաչոք, քան` ոտքի վրա: Փրկության ձգտողը նրանց ստորությունն է և հոգնածությունը, անմխիթարության աստիճանին բարձրանալու ու դրանից մի քիչ գոռոզություն քաղելու անկարողությունը: Իրեն պատվազրկում է այն մարդը, ով մեռնում է` այս աշխարհում չթողնելով այն հույսերը, որ իրեն ապրեցրել էին: Ամբոխներին ու շատախոսներին թող մնա դեպի «իդեալը» սողալն ու այնտեղ թաղվելը: Տվյալ լինելուց առաջ միայնությունը առաքելություն է. բարձրանալ դեպի այն և ընդունել քեզ վրա` նշանակում է հրաժարվել այն ստորության օգնությունից, որ ապահովում է ցանկացած ձեռնարկի հաջողությունը, ինչպիսին էլ լինի` կրոնական կամ ուրիշ: Վերականգնենք գաղափարների, ժեստերի, վերաբերմունքների պատմությունը. կտեսնեք, որ ապագան միշտ սրիկաների զանգվածի գործակիցն է եղել: Չեն քարոզում Մարկուս Ավրելիուսի անունից. քանի որ նա սոսկ ինքն իրեն էր դիմում և ո՛չ հետևորդներ, ո՛չ աղանդավորներ չունեցավ. մինչդեռ անընդհատ տաճարներ են կառուցում, որոնցում ինչքան ուզես մեջբերում են որոշ Թղթեր: Քանի դեռ այսպես կլինի, ես իմ չարությամբ կհետապնդեմ նրան, ով այնքան խորամանկորեն կարողացավ մեզ հետաքրքրել իր տառապանքներով:
Լյութեր
Հավատ ունենալը հերիք չէ. կարևոր է նաև դիմանալ դրան, ինչպես անեծքին, Աստծո մեջ թշնամու, դահճի, հրեշի տեսնել և այնուամենայնիվ սիրել նրան` նրանում պրոյեկտելով ողջ անմարդկայնությունը, որ ունես, որի մասին երազում ես… Եկեղեցին նրանից սարքել է անգույն, այլասերված, սիրալիր մի էակ. Լյութերը բողոքում է. նա պնդում է, որ Աստված ոչ այն «հիմարն» է, ոչ «մեծահոգի էակը», ոչ «խաբված եղջյուրակիրը», որին առաջարկում են մեր երկրպագությանը, այլ «լափող կրակ» է, կատաղի մեկը, «ավելի սարսափելի, քան սատանան» և նրան դուր է գալիս մեզ չարչարելը: Իրենը վախկոտ հարգանք չէ Նրա նկատմամբ: Եթե առիթ լինի, Լյութերը Աստծուն շշպռում է և հավասարի պես վարվում հետը, «Եթե Աստված ինձ չհովանավորի ու չփրկի իմ պատիվը, ամոթ իրեն»: Նա գիտե ծնկի գալ, ստորանալ, ինչպես որ գիտե անպատկառ լինել, աղաչել սադրիչ տոնով, հառաչանքներից սաստող դիտողությանն անցնել, աղոթել բանավիճողի նման: Երկրպագելու կամ անիծելու համար նույնիսկ ամենագռեհիկ բառերն իրեն խորթ չեն: Աստծուն կարգուկանոնի կոչելով` նա նոր իմաստ է տվել ստորանալուն, որով նա փոխանակում է արել արարչի ու արարածի թշվառությունների միջև: Այլևս ոչ մի ամորձատված աստվածապաշտություն կամ անհանգստություն:
Ագրեսիվության ինչ-որ մինիմում բարձրացնում է հավատը. Աստված ուշադրություն չի դարձնում մեղմ կոչերին. նա ցանկանում է, որ իրեն պահանջներ ներկայացնեն, նեղեն, սիրում է իր և յուրայինների միջև թյուրիմացությունները, որ Եկեղեցին ջանում է հարթեցնել: Վերահսկելով իր հավատացյալների ոճը, Եկեղեցին նրանց կտրում է Երկնքից, որ արձագանքում է սոսկ անեծքներին, հայհոյանքներին և հոգու խորքից եկող ճիչերին, այն արտահայտություններին, որ մարտահրավեր են աստվածաբանությանը կամ բարձր ճաշակին, որ մարտահրավեր են նույնիսկ… բանականությանը:
Բայց փիլիսոփաներին մի հարցրեք, թե ինչ արժե այս բանականությունը, նրանց մասնագիտությունն այն պահպանելն ու պաշտպանելն է: Նրա գաղտնիքները բացելու համար դիմեք այն մարդկանց, ովքեր, ի վնաս իրենց, սեփական կաշվի վրա են զգացել ու ճանաչել այն: Պատահական չէ, որ Լյութերը նրան պոռնիկ է անվանել: Նա այդպիսին է և՛ իր բնույթով, և՛ վարքագծով: Նա չի՞ ապրում ձևացնելով, անկայունությամբ և անամոթությամբ: Նա ոչ մի բանի չի կապվում, ոչ մի բան չէ, տրվում է բոլորին և բոլորը կարող են նրան իրենցը համարել. իրավացիները և անիրավացիները, մարտիրոսներն ու բռնակալները: Նա ամեն տեսակ դատի է ծառայում. նա ամեն ինչ դնում է նույն պլանին`առանց որևէ երկմտանքի, թուլության, նախընտրության. առաջին պատահածը նրա բարեհաճությանն է արժանանում:
Սոսկ միամիտներն են նրան համարում մեծագույն բարիք: Լյութերը նրան դիմակազերծել է: Իհարկե, բոլորին չի տրված Սատանայի այցելությանն արժանանալու պատիվը:
***
Այն ուղեղները, որ նետվում են փորձության մեջ, որ Խորամանկի հետ մտերմություն ունեն ու նրանից փախչում են միայն` նրան ավելի լավ գտնելու համար… «Ես նրան կրում էի,– ասում է Լյութերը,– պարանոցիցս կախված», «Նա պառկել է իմ կողքին, անկողնուս մեջ` ավելի հաճախ, քան կինս»: Լյութերն ի վերջո ինքն իրեն հարցնում է, թե «արդյո՞ք սատանան Աստված չէ»:
Շատ հեռու ապաստարան լինելուց` նրա հավատը ցանկացված, փնտրված նավաբեկություն էր, վտանգ, որ նրան սիրաշահում էր և բարձրացնում սեփական աչքում: Անեղծ կրոնը ամուլ կլիներ. նրա մեջ եղած ամենախորն ու ուժգինը աստվածայինը չէր, այլ` դիվականը: Եվ եթե ցանկանաք զրկել Սատանայի ընկերակցությունից, նրան անկենդան, փափուկ, գունազուրկ կդարձնեք: Փրկության իրականությանը հավատալու համար պիտի նախ հավատանք անկման իրականությանը. ցանկացած կրոնական ակտ սկսվում է դժոխքի ընկալումից, որ հավատի առաջին նյութն է, երկինքը միայն հետո է գալիս որպես սխալի ուղղում ու մխիթարանք. շքեղություն, ավելորդություն, հավասարակշռության ու համաչափության մեր հակումի կողմից պարտադրված պատահար: Միայն Սատանան է անհրաժեշտ: Իրեն դրանից ազատող կրոնը թուլանում է, խարխլվում, դառնում ցաքուցրիվ շատախոս աստվածապաշտություն: Նա, ով ամեն գնով փրկություն է փնտրում, երբեք կրոնական մեծ կարիերա չի անի: