Հատվածներ «Գոյություն ունենալու գայթակղությունը» էսսեից
Բառերի մեջ կա մեկը, որի գործունեությունը հատկապես երկար լինելով` մելամաղձոտ մտորումներ է ծնում: Խոսքը Հոգու մասին է: Երբ դիտարկում ենք նրա ներկայիս վիճակը, խղճալի ավարտը, շվարում ենք: Չէ՞ որ ինքը լավ էր սկսել: Հիշենք, թե նեոպլատոնիզմը նրան ինչպիսի տեղ էր հատկացնում. տիեզերական հիմք` ածանցված ընկալելի աշխարհից: Միստիցիզմի հետքը կրող բոլոր անտիկ վարդապետությունները հենվում էին նրա վրա: Քրիստոնեությունը, որ ավելի քիչ էր հետաքրքրված նրա բնույթի բնորոշմամբ, քան հավատացյալի համար նրա գործածության կերպը որոշելով, նրան սահմանափակեց մարդկային մասշտաբներում: Որքան պիտի այս բառն ափսոսար այն ժամանակը, երբ ընդգրկում էր բնությունը և վայելում միաժամանակ ընդարձակ իրականություն և բացատրական սկզբունք լինելու առավելությունը: Արդի աշխարհում նրան քիչ առ քիչ հաջողվեց տարածք գրավել և ամրացնել դիրքերը: Հավատացյալ թե անհավատ` պիտի հաշվի նստեին նրա հետ, զգույշ վարվեին և դրանով գլուխ գովեին. թեկուզ` նրա դեմ պայքարելու համար, այս բառը հիշատակում էին նույնիսկ մատերիալիզմի ամենածաղկուն շրջանում, իսկ փիլիսոփաները, որ նրա նկատմամբ այնքան զուսպ են, իրենց համակարգերում նրա համար մի անկյուն էին պահում:
Այսօր ո՞ւմ է պետք այն: Նրան հիշատակում են սոսկ անուշադրությունից. նրա տեղը երգերի մեջ է. միայն մեղեդուն է հաջողվում նրան տանելի դարձնել, ստիպել, որ մոռանանք այս բառի խարխուլությունը: Խոսքը նրան այլևս չի հանդուրժում. չափազանց շատ նշանակություններով պարուրված և չափազանց շատ գործածություններ ունեցած` քրքրվել է, անպետք դարձել, արժեզրկվել: Նրա տերը` հոգեբանը, նրան երկար այս ու այն կողմ շրջելով սպանել է: Ուրեմն, մեր գիտակցության մեջ այն ընդամենը ափսոսանք է առաջացնում` միախառնված նրա` հավերժ անվերադարձ հաջողություններին: Եվ ասել, որ ինչ-որ ժամանակ իմաստունները նրան երկրպագում էին, աստվածներից վեր էին դասում և նվիրում էին տիեզերքը, որ տնօրինի` ինչպես կամենա:
Սոկրատեսի ճարպկությունը
Եթե իր դեմոնի բնույթի վերաբերյալ ճշգրտումներ արած լիներ, փչացրած կլիներ սեփական փառքի մեծ մասը: Նրա իմաստուն զգուշությունն իր նկատմամբ հետաքրքրություն առաջացրեց, ինչպես նախկինների, այնպես էլ ժամանակակիցների մեջ, ավելին` այն թույլ տվեց փիլիսոփայության պատմաբաններին ուշադրություն դարձնել մի դեպքի վրա, որ լրիվ դուրս էր իրենց զբաղմունքներից: Այս դեպքը մեկ ուրիշին է հիշեցնում. Պասկալին, Պասկալի դեպքը: Դեմո անդունդ փիլիսոփայության համար, երկու սրամիտ թերություն կամ երկու պիրուետ: Խնդրո առարկա անդունդը, ընդունենք այդ, ավելի քիչ է ճանապարհից շեղում:
Բանականության հետ պայքարի մեջ գտնվող մտածողի համար ոչինչ ավելի բնական չէ, քան այն ընդունելն ու դրան անդամագրվելը. բայց արդյո՞ք բնական է, որ հասկացություն հորինողը, ռացիոնալիզմի մտահղացման հեղինակը, ինքն իրեն «ներքին ձայնով» օժտի:
Այսպիսի երկիմաստությունը թույլ չի տալիս արգասաբեր լինել այն մտածողին, որ հոգում է սերունդ ունենալու մասին: Մեզ բոլորովին չի հետաքրքրում հետևողական ռացիոնալիզմը. մենք նրան գուշակում ենք, և իմանալով, թե նա ի վերջո ինչ է փնտրում, նրան թողնում ենք իր համակարգի հետ: Հաշվենկատ և ներշնչված` Սոկրատեսը կարողացավ իր հակասություններին այնպիսի ընթացք տալ, որ նրանք մեզ և՛ զարմացնեն, և՛ շփոթեցնեն: Նրա դեմոնը արդյո՞ք բացառապես ֆիզիոլոգիական երևույթ էր, թե՞ հակառակը` համապատասխանում էր խորունկ մի իրողության, արդյո՞ք աստվածային ծագում ուներ, թե՞ սոսկ բարոյական պահանջի էր բավարարում, նրան իսկապե՞ս լսում էր, թե՞ ընդամենը հալյուցինացիա էր: Հեգելը նրան համարում է կատարելապես սուբյեկտիվ գուշակ, առանց արտաքին որևէ հնարանքի, Նիցշեն այն համարում է դերասանի հնարանք: Ինչպե՞ս հավատալ, որ մարդ կարող է իր ողջ կյանքում խաղալ ձայներ-լսող-մարդու դերը: Նույնիսկ Սոկրատեսի համար այդպիսի դեր տանելը կլիներ դժվար, եթե ոչ անհնարին: Կարևոր չէ, ի՞նքն իր դեմոնի տիրապետության տակ եղել, թե՞ նրան է ծառայեցրել իր գործին: Եթե այն ամբողջապես հորինված է, ապա, անկասկած, Սոկրատեսը ստիպված է եղել դա անել` թեկուզ ուրիշների համար անթափանցելի դառնալու համար: Մարդկանցով շրջապատված միայնակ էր, նրա առաջին պարտքն էր խույս տալ իր շրջապատից` պատսպարվելով իրական կամ ձևացված խորհրդավորության ետևում: Ինչպե՞ս տարբերել իրական դեմոնին սարքովիից, իսկական գաղտնիքը երևութականից: Ինչպե՞ս իմանալ` արդյո՞ք Սոկրատեսը զառանցում էր, թե՞ ուղղակի շատախոսում:
Ամեն դեպքում, եթե նրա ուսուցանածը մեզ անտարբեր է թողնում, ապա սեփական անձի վերաբերյալ նրա առաջ բերած վեճը մեզ ավելի շատ է հուզում. չէ՞ որ նա առաջին մտածողն էր, որ դեպք դարձավ. նրանով չի՞ արդյոք ծնունդ առնում անկեղծության պրոբլեմը:
Այգու հակառակ երեսը
Երբ երջանկության պրոբլեմը դուրս է մղում ճանաչողության պրոբլեմը, փիլիսոփայությունը թողնում է սեփական ոլորտը ու զբաղվում կասկածելի գործունեությամբ. նա հետաքրքրվում է մարդով…
Այն հարցերը, որոնց մի ժամանակ արժանի չէր համարում անդրադառնալ, այժմ նրա ուշադրությունն են գրավում, նա փորձում է դրանց պատասխանել հնարավորինս լուրջ տեսքով: «Ինչպե՞ս չտանջվել»-ը այն հարցերից է, որ ամեն ինչից առաջ հետաքրքրում են նրան: Մտնելով հոգնածության մի փուլ, ավելի ու ավելի օտարվելով անանձնական անհանգստությունից, իմանալու ագահությունից, նա թողնում է սպեկուլյացիան և ճանապարհից շեղող ճշմարտություններին հակադրում է մխիթարող ճշմարտությունները:
Այս փուլին բնորոշ ճշմարտություններ էր Էպիկուրից սպասում խարխլված և ստրկացված Հունաստանը, որ հանգստի մի բանաձև ու անհանգստության դեմ դեղատոմս էր որոնում: Իր ժամանակի համար նա այն էր, ինչ հոգեվերլուծողը` մեր ժամանակի համար. նա էլ իր եղանակով չէ՞ր բացահայտում «վատառողջությունը քաղաքակրթության մեջ»: (Բոլոր խառն ու նրբին ժամանակաշրջաններում մի Ֆրոյդ փորձում է աղբից մաքրել հոգիները): Ավելի լավ, քան Սոկրատեսի դեպքում, փիլիսոփայությունը հենց Էպիկուրով սահեց դեպի թերապևտիկը: Բուժել և, հատկապես, բուժվել` այդպիսին էր նրա հավակնությունը, – ինչքան էլ ցանկանար մարդկանց ազատել մահվան և աստվածների վախից, ինքը ևս ապրում էր և՛ մեկ, և՛ մյուս վախը: Ատարաքսիան, որով ինքը հպարտանում էր, իր սովորական կենսափորձը չէր. նրա «զգայունությունը» հայտնի բան է: Ինչ վերաբերում է գիտությունների նկատմամբ արհամարհանքին, որի համար իրեն մեղադրում էին ավելի ուշ, գիտենք, որ շատ հաճախ դա «վիրավոր հոգիների» սեփականությունն է: Երջանկության այս տեսաբանը հիվանդ էր. թվում է, որ նա օրական երկու անգամ փսխում էր: Ինչպիսի թշվառությունների մեջ պիտի գոյատևած լիներ, որ այդքան ատեր ՙհոգու խանգարումները՚: Այն չնչին անխռովությունը, որ իրեն հաջողվեց ձեռք բերել, անկասկած պահում էր աշակերտների համար. երախտապարտ և միամիտ` նրանք վերջինիս իմաստունի համարում ստեղծեցին: Քանի որ մեր պատրանքները շատ ավելի թույլ են, քան նրա ժամանակակիցներինը, մենք հեշտորեն ենք տեսնում նրա Այգու հակառակ կողմը…