Հատվածներ «Գոյություն ունենալու գայթակղությունը» էսսեից
Վարակված գործողության սնոտիապաշտությամբ` մենք հավատում ենք, որ մեր մտքերը պիտի արդյունքի հասնեն: Ուրիշ ի՞նչ կա, որ ավելի հակառակ լինի աշխարհի կրավորական հայեցումին: Բայց սա մեր ճակատագիրն է. լինել անբուժելիներ, որ բողոքում են, պամֆլետ գրողներ, որ գամված են անկողնուն:
Մեր գիտելիքները, ինչպես նաև փորձառությունները պետք է մեզ կաթվածահար անեին, ներողամիտ դարձնեին բռնակալության նկատմամբ այն պահից, երբ վերջինս սկսում է իրենից անփոփոխ մեծություն ներկայացնել: Մենք բավականաչափ պայծառատես ենք ու կարող ենք գայթակղվել զենքերը ցած գցելու գաղափարով, սակայն ըմբոստության ռեֆլեքսը հաղթում է մեր կասկածներին, և ինչքան էլ մեզ կատարյալ ստոիկների տեղ դնենք, անարխիստը հսկում է մեր հոգուն և ընդդիմանում մեր հնազանդությանը:
«Մենք երբեք չենք ընդունի պատմությունը», ինձ այսպես է ներկայանում մեր` իսկական իմաստուններ կամ իսկական խենթեր լինելու անկարողության ձևակերպումը: Արդյո՞ք մենք իմաստնության և խենթության շրջմոլիկ դերասաններ ենք: Ինչ էլ որ անենք, ստիպված ենք անկեղծ չլինել մեր գործողությունների նկատմամբ:
Ակնհայտ է, որ ցանկացած հավատացյալ մինչև ինչ-որ աստիճանի իրեն նմանեցնում է նրա հետ, ինչ ինքն անում է և ինչին հավատում է. նրա մոտ չկա անհրաժեշտ հեռավորությունը մի կողմից` իր պայծառատեսության, մյուս կողմից` սեփական գործողությունների և մտքերի միջև: Այս հեռավորությունը անչափ մեծանում է կեղծ հավատացյալի մոտ, նրա, ով համոզմունքներ ունեցող է ձևանում առանց դրանց անդամագրվելու:
Նրա հավատի առարկան սինթետիկ փոխարինիչ է: Ուղիղն ասենք. իմ ըմբոստությունը հավատ է, որին անդամագրվում եմ` առանց հավատալու: Բայց ես չեմ կարող չանդամագրվել: Մարդիկ երբեք բավականաչափ չեն մտորի Կիրիլովի մասին Ստավրոգինի ասած խոսքի շուրջ. «Երբ նա հավատում է, չի հավատում, թե ինքը հավատում է և երբ չի հավատում, նա չի հավատում, որ ինքը չի հավատում»:
***
Ոճից ավելի մեր կյանքի ռիթմը հիմնված է ընդվզման հարգարժանության վրա: Զզվանք զգալով տիեզերական նույնականությունն ընդունելու նկատմամբ, մենք անհատականացումը, բազմատարրությունը ընդունում ենք որպես նախնական երևույթ: Ուրեմն ընդվզել նշանակում է կանխադրել բազմատարրությունը, այն ընդունել որպես մարդկանց և իրերին նախորդած մի բան: Եթե ես Միասնականությունը, որ միակ ճշմարիտն է, հակադրում եմ բազմազանությանը, որ անհրաժեշտաբար կեղծ է, այլ բառերով ասած` ես ուրիշին նույնացնում եմ ուրվականի հետ, իմ ընդվզումը իմաստազրկվում է, այս ընդվզումը, որ գոյություն ունենալու համար պիտի ելներ անհատների անուղղելիությունից, նրանց` մոնադների, սահմանափակ էությունների վիճակից: Ցանկացած գործողություն հիմնավորում ու արդարացնում է բազմազանությունը և, մարդուն իրականություն ու ինքնուրույնություն վերագրելով, ենթադրաբար ընդունում է բացարձակի դեգրադացիան և մասնատումը: Եվ գործողությունից ու նրա հետ կապված պաշտամունքից է, որ ծնունդ են առնում մեր մտքի լարվածությունը և ժամանակի խորքում պայթելու ու մեզ ոչնչացնելու պահանջը: Ժամանակակից փիլիսոփայությունը ես-ի նախապաշարմունքը վերականգնելով, այն դարձրել է մեր ողբերգությունների զսպանակն ու մեր անհանգստությունների շարժիչ ուժը: Ոչ մի իմաստ չունի ափսոսալ անտարբերության խորքում հանգստի, առանց որակների գոյության չեզոք երազի համար. մենք ցանկացել ենք սուբյեկտներ լինել, իսկ ցանկացած սուբյեկտ ենթադրում է խզում Միասնականի հոգեկան անդորրի հետ: Յուրաքանչյուրը, ով իր վրա է վերցնում մեր միայնությունը կամ տառապանքը մեղմելու բեռը, գործում է մեր շահերին և կոչումին հակառակ: Մենք անհատի արժեքը որոշում ենք իրերի հետ նրա անհամաձայնության գումարով, անտարբեր լինելու նրա անկարողությամբ, դեպի առարկայի վիճակը ձգտելուց հրաժարումով: Այստեղից առաջանում է Բարու գաղափարի ստորակարգումը, որից էլ` Սատանայի հաջողությունը:
Քանի դեռ ապրում էինք նրբագեղ սարսափների միջավայրում, մենք շատ լավ հարմարվում էինք Աստծուն: Երբ ուրիշ, ավելի կեղտոտ, այն է` ավելի խորը սարսափներ ստանձնեցին մեր խնամքը, մեզ պետք եղավ հղումների մի նոր համակարգ, նոր տեր: Սատանան երազված կերպարն էր: Նրա մեջ ամեն ինչ համապատասխանում է իրադարձությունների բնույթին, որոնց գործակալն է ինքը, կարգավորող սկզբունքը. նրա ատրիբուտները համընկնում են ժամանակի ատրիբուտներին: Ողբանք նրան ուրեմն, քանի որ շատ հեռու` մեր սուբյեկտիվության արդյունք, աստվածանարգության և մենության պահանջի պտուղ լինելուց, նա մեր հարցերի, խուճապների տերն է, մեր մոլորությունների դրդիչը: Նրա բողոքները, մոլեգնությունները երկիմաստության պակաս չունեն. այս «մեծ Տխուրը» ըմբոստ է, որ կասկածում է: Եթե նա պարզ լիներ, ամբողջական բնավորություն ունենար, նա մեզ բոլորովին չէր հուզի, բայց նրա պարադոքսները, հակասությունները մերն են. նա կուտակում է մեր անհնարինությունները, օրինակ է ծառայում մեր դեմ մեր սեփական ընդվզումների համար դեպի մեզ ուղղված ատելության: Կուզե՞ք դժոխքի բանաձևը: Ընդվզման ու ատելության այս ձևի մեջ է պետք փնտրել այն, գլխիվայր շրջված գոռոզության տառապանքում, ուշադրության անարժան սարսափելի քանակ լինելու զգացողության մեջ, «ես»-ի հոգեվարքային ցավերի, այն «ես»-ի, որով սկսվում է մեր վերջը…
Բոլոր հորինումներից ոսկեդարի հորինումն է մեզ ամենից շատ ճանապարհից շեղում. ինչպե՞ս է այն կարողացել ներթափանցել երևակայությունների մեջ: Եվ նրա համար ու նրա նկատմամբ թշնամության պատճառով է, որ պատմությունը` մարդու ագրեսիան ինքն իր դեմ, վերելք է ապրել և ձևավորվել այնպես, որ պատմությանը նվիրվելը նշանակում է սովորել ապստամբել, նմանվել Սատանային: Մենք նրան երբեք ավելի լավ չենք նմանվում, քան այն ժամանակ, երբ, ի վնաս մեր գոյության, ժամանակ ենք դնում շրջանառության մեջ, այն պրոյեկտում ենք դեպի դուրս և թողնում, որ վերածվի իրադարձությունների: «Այսուհետ այլևս ժամանակ չի լինի». Հայտնության Հրեշտակը` այդ հանպատրաստի մարգարեն այս նախադասությամբ հայտարարում է Սատանայի վերջը, որ պատմության վերջն է: Ուրեմն մետաֆիզիկոսներն իրավացի են` Աստծուն փնտրելով իրենց մեջ կամ այլուր, բացի այս աշխարհից, որից նրանք tabula rasa են սարքում` առանց իջնելու ըմբոստության մակարդակին: Նրանք դարից դուրս են վազում. սա խենթություն է, որին մենք` ընթացքի գերիներս, հազվադեպ ենք ի վիճակի: Եթե գոնե նույնքան արժանի լինեինք Սատանային, որքան իրենք` Աստծուն:
***
Ընդվզումն իրեն ոչ համապատասխան մեծ հարգ ունի. դրանում համոզվելու համար պետք է մտորել այն եղանակի մասին, որով բնութագրում են ընդվզմանն անկարող մտածողներին: Նրանց թուլակամ են անվանում: Գրեթե վստահաբար կարող ենք ասել, թե մենք փակ ենք ցանկացած իմաստության առջև, քանի որ դրանում տեսնում ենք սոսկ ձևափոխված թուլակամություն: Որքան էլ անարդարացի թվա նման մոտեցումը, ես չեմ կարող ինձ արգելել նույն վերաբերմունքն ունենալ նույնիսկ դաոիզմի նկատմամբ: Իմանալով, որ այն խորհուրդ է տալիս անհետանալ ու հրաժարվել` հանուն բացարձակի և ոչ թե վախկոտության, միևնույն է, ես այն մերժում եմ հենց նույն պահին, երբ թվում է, թե որդեգրել եմ այդ գաղափարախոսությունը. և եթե կարծում եմ, որ Լաո-Ցզին հազար անգամ իրավացի է, միևնույն է, լիովին հասկանում եմ որևէ մարդասպանի: Անխռովության ու արյան միջև բնական է հակվել դեպի արյունը: Մարդասպանությունը ենթադրում և թագադրում է ընդվզումը. նա, ով չգիտի, թե ինչ բան է սպանելու ցանկությունը, թեկուզ հազարավոր պայթուցիկ կարծիքներ հայտնի, միևնույն է, ընդամենը հարմարվողի մեկն է: