Հատվածներ «Գոյություն ունենալու գայթակղությունը» էսսեից
Սնված զգացողություններով և նրանց անխուսափելի հետևանքներով, որ լինելիությունն է, մենք ոչ ազատագրվածներ ենք մեր կամքով և սկզբունքորեն, ընտրության դատապարտվածներ, տեսանելիի տենդի զոհեր, մակերևութային առեղծվածների մեջ քջուջ անողներ` մեր ճնշվածության և դողի չափով:
Եթե կամենանք վերադարձնել մեր ազատությունը, ստիպված կլինենք ցած դնել զգացողությունների բեռը, այլևս զգայարաններով չարձագանքել աշխարհին, փշրել մեր կապերը: Ուրեմն, ցանկացած զգացողություն կապ է` ինչպես հաճույքը, նույնպես էլ ցավը, ուրախությունն ու տխրությունը: Միայն այն միտքն է ազատագրվում, որը, մաքուր ամեն տիպի շփումից մարդկանց կամ օբյեկտների հետ, ինքն իրեն իրացնում է սեփական դատարկության մեջ:
Մարդկանց մեծ մասին հաջողվում է դիմադրել երջանկությանը. դժբախտությունն ավելի նենգ է: Դուք ճաշակե՞լ եք այն: Երբեք չեք հագենա, կփնտրեք ագահորեն և, նախընտրելի է` այնտեղ, որտեղ ինքը չկա: Դուք այնտեղ նույնիսկ կծրագրեք որևէ դժբախտություն, քանի որ առանց նրա ամեն ինչ ձեզ կթվա անօգուտ և անգույն: Որտեղ որ գտնվի` դժբախտությունն անմիջապես անհետացնում է հանելուկը կամ այն լուսավոր է դարձնում: Իրերի համն ու բանալին է, պատահար ու սևեռուն գաղափար, քմահաճույք և անհրաժեշտություն` նա ձեզ կստիպի սիրել իր` ամենաուժեղի, ամենատևականի, ամենաճշմարիտի արտաքինը և ձեզ դրան կկապի հավիտյանս, քանի որ բնականից ՙինտենսիվ՚ լինելով, նա, ինչպես ցանկացած «ինտենսիվություն», հնազանդություն է, ստրկություն: Ինչպե՞ս բարձրանալ անտարբեր ու դատարկ, չթամբված հոգու մակարդակին: Ինչպե՞ս ձեռք բերել բացակայությունը, բացակայության ազատությունը: Այս ազատությունը երբեք չի լինի մեր բարքերի մասնիկը, ինչպես որ չի լինի «անսահման մտքի երազը»:
Հեռվից եկած վարդապետության հետ մեզ նույնացնելու համար պետք է այն որդեգրենք առանց վերապահումների. ի՞նչ իմաստ ունի համաձայնել բուդդայականության ճշմարտություններին և մերժել վերաբնակեցումը, որը հրաժարումի գաղափարի հիմքն է: Կամ էլ հավատարմագրվել Վեդանտային, ընդունել իրերի անիրականության հայեցակարգը` միաժամանակ ինքն իրեն պահելով այնպես, կարծես այդ իրերը գոյություն ունեն: Սա անխուսափելի անհետևողականությունն է ցանկացած մտքի, որ կրթվել է ֆենոմենների պաշտամունքի միջավայրում: Ուրեմն պետք է խոստովանել, որ ֆենոմենը մեր արյան մեջ է: Մենք կարող ենք նրանից խորշել կամ արհամարհել այն, միևնույն է` այն մեր ժառանգությունն է, ծամածռությունների մեր կապիտալը, այս աշխարհում մեր ջղակծկման խորհրդանիշը: Ջղակծկվողների սերունդներն ենք` տիեզերական չափեր ունեցող ֆարսի կենտրոնում, մենք տիեզերքի վրա թողել ենք մեր պատմության բծերը, և այս պայծառացումը, որ կոչ է անում հանգիստ ոչնչացման, մեզ երբեք հասանելի չի լինի: Մենք ընտրել ենք ստեղծագործություններով և ոչ թե լռությամբ անհետանալու եղանակը. մեր ապագան կարդացվում է դեմքերի քմծիծաղի մեջ, սպանված և գործունյա մարգարեի մեր դիմագծերում: Բուդդայի ժպիտը, որ կախված է աշխարհի վրա, բոլորովին չի լուսավորում մեր դեմքերը: Ամենաշատը մենք կարող ենք ընկալել երջանկությունը, բայց ոչ թե երանությունը, որ փրկության գաղափարի վրա խարսխված քաղաքակրթությունների բախտաբաժինն է, այն քաղաքակրթությունների, որ հրաժարվում են հաճույքով մարսել իրենց ցավերը, դրանցով արբենալ: Մինչդեռ մենք ցավի գրգամոլներ ենք, մազոխիստական ավանդույթների հետնորդներ, և մեզանից ո՞վ կերկմտեր Բենարեսի և Հեոտոնտիմորումենոսի թողած ավանդի առջև. «Ես վերքն եմ և դանակը». ահա մեր բացարձակը, մեր հավերժությունը:
Ինչ վերաբերում է մեր մեղքերը քավողներին, որ այցելել են ի դժբախտություն մեզ, սիրում ենք նրանց հույսերի և դարմանների վնասակարությունը, այն շտապողականությունը, որով իրենք բարենպաստ պայմաններ են ստեղծում մեր ցավերի համար ու գրգռում դրանք: Սիրում ենք այն թույնը, որ մեզ ներարկում են նրանց կենսական խոսքերը: Մենք նրանց պարտական ենք ավարտ չունեցող տառապանքի գիտակներ լինելու համար: Ինչ փորձությունների, ինչ ծայրահեղությունների է մեզ տանում պայծառատեսությունը: Կլքե՞նք նրան անգիտակցության մեջ պատսպարվելու համար: Ցանկացած մարդ փրկվում է քնով, ցանկացած մարդ հանճարեղ է քնած ժամանակ. ոչ մի տարբերություն չկա մսագործի և բանաստեղծի երազների միջև: Բայց մեր պայծառատեսությունը չի հանդուրժի, որ նման հրաշալիքը երկար տևի և որ ներշնչանքը յուրաքանչյուրի համար հասանելի դառնա. ցերեկը մեզանից խլում է այն շնորհները, որ գիշերն էր տվել: Միայն խելագարն է, որ ունի գիշերային գոյությունից դեպի ցերեկային գոյություն անարգել անցնելու առավելությունը. ոչ մի տարբերություն չկա նրա երազների և անքնության միջև: Նա հրաժարվել է մեր բանականությունից, ինչպես մուրացիկը` մեր ունեցվածքից: Երկուսն էլ գտել են ճանապարհը, որ տանում է տառապանքից այն կողմ, և լուծել են իրենց բոլոր խնդիրները. նրանք փրկիչներ են առանց հետևորդների:
Մենք քրքրում ենք սեփական ցավերը, բայց ուրիշների ցավերը մեզ ավելի պակաս չեն հետաքրքրում: Կենսագրությունների այս ժամանակաշրջանում ոչ մեկին չի հաջողվում այնպես փաթաթել իր վերքերը, որ ուրիշները դրանք չմաքրեն ու համընդհանուր ցուցադրության չդնեն. եթե նրանց չհաջողվի այդ անել, ապա հիասթափված կշրջեն երեսները: Եվ նա, ով իր կյանքն ավարտել է խաչ բարձրանալով, դեռևս արժեք ունի մեր աչքում, ոչ այն պատճառով, որ մեզ համար է տառապել, այլ որ պարզապես տառապել է ու մի քանի նույնքան խորը, որքան անհիմն աղաղակ է արձակել: Քանի որ մեր աստվածների մեջ մենք պաշտում ենք սեփական պարտությունները` գեղեցիկ գույներով ներկայացված:
***
Իմաստության անկում ապրած ձևերին դատապարտված` տևողության հիվանդներ ենք, պայքարող այս թերության դեմ, որ մեզ վանում է նույնքան, որքան գայթակղում, մենք պայքարում ենք ժամանակի հետ, բաղկացած ենք տարրերից, որոնք մեզ օգնում են դառնալ ըմբոստներ` երկպառակված պատմության հետ ոչ մի կապ չունեցող միստիկական կոչի և դաժան երազի միջև, որը նրա խորհրդանիշն է և փայլատակումը: Եթե մենք սեփական աշխարհ ունենայինք, կարևոր չէր լինի, թե այն աստվածավախությա՞ն, թե՞ քմծիծաղի աշխարհ է: Մենք երբեք դա չենք ունենա, գոյության մեջ մեր դիրքը հաստատված է մեր աղաչանքների և սարկազմների խաչման տեղում, այս անմաքրության շրջանում, որտեղ միախառնվում են հառաչանքներն ու սադրանքները: Նա, ով բավականաչափ պայծառատես է չպաշտելու համար, այդպիսին կլինի նաև չոչնչացնելու համար, կամ էլ նա կոչնչացնի միայն սեփական… ըմբոստությունները, քանի որ ի՞նչ իմաստ ունի ըմբոստանալ, եթե այնուհետև վերագտնելու ես անփոփոխ տիեզերքը: Ծիծաղելի մենախոսություն է սա: Մարդիկ ոտքի են ելնում արդարության և անարդարության, խաղաղության և պատերազմի, իրենց նմանների և աստվածների դեմ: Հետո դրանից հանգում են այն եզրակացությանը, որ ամենավերջին թուլամիտը գուցե ավելի իմաստուն է, քան Պրոմեթևսը: Մինչդեռ նրանց չի հաջողվում իրենց մեջ լռեցնել ապստամբության աղաղակը, և շարունակում են փոթորկել ամեն ինչի և ոչնչի առիթով. ողորմելի ավտոմատիզմ, որը բացատրում է, թե ինչու ենք մենք բոլորս վիճակագրական լյուցիֆերներ: