Հատվածներ «Գոյություն ունենալու գայթակղությունը» էսսեից
Իմաստնությունը և ընդվզումը թույներ են: Անկարող` դրանք միամտորեն միաձուլելու, մենք ոչ մեկի, ոչ մյուսի մեջ փրկության բանաձև չենք գտնում: Մնում է միայն լյուցիֆերյան արկածախնդրության մեջ մեր ձեռք բերած վարպետությունը, որ երբեք չէինք գտնի իմաստնության մեջ: Մեզ համար ընկալումն իսկ ըմբոստացում է, տրանսի կամ կաթվածահարման սկիզբ, էներգիայի կորուստ, մեր ազատ ուժերը սպառելու կամք: Ամեն առիթով ընդվզելն իր մեջ անհարգալից վերաբերմունք է պարունակում ինքն իր ու սեփական ուժերի նկատմամբ: Բայց նույնը որտեղի՞ց գտնենք դիտարկման համար` այս ստատիկ ծախսի, անշարժության մեջ այս կենտրոնացման: Իրերը թողնել այնպիսին, ինչպիսին կան, նայել նրանց էությանը` չկա ոչինչ ավելի թշնամական մեր մտքի պահվածքին. մենք ձգտում ենք, հակառակը, նրանք հունցել, չարչարել, պարտքով նրանց տալ մեր կատաղությունները:
Այսպես պետք է լինի. ժեստի, խաղի, զառանցանքի կռապաշտներ ենք. սիրում ենք թոկից փախածներին ինչպես պոեզիայում, այնպես էլ փիլիսոփայության մեջ: ՙՏաո Տե Կինգ՚-ը ավելի հեռուն է գնում, քան ՙՄի սեզոն դժոխքում՚-ը կամ «Ecce Homo»-ն: Բայց Լաո-Ցզին մեզ ոչ մի գլխապտույտ չի առաջարկում, մինչդեռ Ռեմբոն ու Նիցշեն` ակրոբատներ, որ մոլեգնում են մինչև իրենց ծայրագույն պահը, մեզ հրավիրում են իրենց վտանգները կիսելու: Մեզ գայթակղում են միայն այն մտածողները, որոնք իրենց ոչնչացրել են` սեփական կյանքին իմաստ տալու համար:
***
Ոչ մի ելք չկա նրա համար, ով միաժամանակ և գերազանցում է ժամանակը, և խրվում նրա մեջ, ով ցատկերով մոտենում է իր վերջին միայնությանը և, այնուամենայնիվ, խորանում է երևութականի մեջ: Անվճռական, երկպառակված` նա քարշ կգա որպես տևողության հիվանդ, ամբողջությամբ դարձած լինելիության և անժամանակայինի ձգողության առարկա: Եթե հավատանք Մայստեր Էկհարտին, թե գոյություն ունի ժամանակի «հոտ», ապա ավելի հավանական է, որ գոյություն ունենա պատմության հոտ: Ինչպե՞ս անտարբեր մնալ դրա նկատմամբ: Ավելի անմիջական պլանում ես առանձնացնում եմ «քաղաքակրթության» պատրանքը, ոչնչությունը, փտածությունը, մինչդեռ ես համերաշխության զգացում ունեմ այս փտածության նկատմամբ. ես լեշի ֆանատիկոս եմ: Քեն ունեմ մեր դարի դեմ, նա մեզ այն աստիճանի է ստրկացրել, որ հետապնդում է հենց նույն պահին, երբ փորձում ենք նրանից ազատվել: Ոչ մի հավաստի բան չի կարող ի հայտ գալ հանգամանքի մասին մտորումից կամ իրադարձության շուրջ խորհելուց: Ուրիշ` ավելի երջանիկ դարաշրջաններում մտածողները կարող էին ազատորեն հիմարություններ դուրս տալ, ասես չէին պատկանում ոչ մի ժամանակաշրջանի, ազատագրված` ժամանակագրության վախից, գահավիժած աշխարհի մի պահի մեջ, որը նրանք շփոթում էին իրական աշխարհի հետ: Առանց անհանգստանալու իրենց ստեղծագործության հարաբերականության համար, նրանք ամբողջովին նվիրվում էին այդ ստեղծագործությանը: Հանճարեղ հիմարություն, որ երբեք էվոլյուցիա չի ապրել, արգասաբեր գրգռվածություն, որ երբեք չի արատավորվել քառատված գիտակցության կողմից: Շարունակել գուշակել անժամանակայինը և, իմանալով, որ մենք ժամանակ ենք, որ արտադրում ենք ժամանակ, ընկալել հավերժության գաղափարը և գուրգուրել մեր ոչինչը. քմծիծաղ է, որից դուրս են լողում և՛ մեր ընդվզումները, և՛ դրանց վերաբերյալ մեր կասկածները:
Փնտրել տառապանքը` խույս տալու համար քավությունից, հակառակ ուղղությամբ գնալ ազատագրման ճանապարհով. այսպիսին է մեր մոտեցումը կրոնին. մաղձոտ լուսավորյալներ, Բուդդաներ ու Քրիստոսներ` փրկությանը թշնամի, որ թշվառներին առաջարկում են իրենց ողբալիության հմայքը:
Մակերեսային ռասսա, եթե կուզեք: Այնուամենայնիվ, մեր առաջին նախնին մեզ որպես ժառանգություն թողել է ընդամենը դրախտի սարսափը: Իրերին անուն տալով` նա նախապատրաստում էր իր և մեր անկումը: Այնպես որ, եթե ցանկանանք դրա դեմ դարման գտնել, ստիպված կլինենք սկսել տիեզերքը վերանվանելուց, վերացնելով այն պիտակը, որ յուրաքանչյուր արտաքին երևույթի վրա դրված լինելով, ընդգծում է այն և թվացյալ իմաստ տալիս:
Մինչդեռ մեր մեջ ամեն ինչ, նույնիսկ մեր նյարդային բջիջները, խորշում են դրախտից: Տառապել. միակ եղանակն է զգալու, որ գոյություն ունես. գոյություն ունենալ. միակ եղանակն է պահպանելու մեր կործանումը:
Այդպես կլինի այնքան ժամանակ, քանի դեռ հավերժության որևէ թերապիա մեզ չի բժշկել ապագայի «հաշիշամոլությունից», քանի դեռ մենք չենք մոտեցել այն վիճակին, որում, ըստ չինացի մի բուդդայականի` «վայրկյանը տասը հազար տարի արժե»:
***
Քանի որ բացարձակը համապատասխանում է մի իմաստի, որը մենք չենք կարողացել զարգացնել, տրվենք ամեն տեսակ ընդվզումների. նրանք ի վերջո կշրջվեն իրենք իրենց, այսինքն` մեր դեմ:
Գուցե այդժամ մենք կվերագտնենք սեփական գերակայությունը ժամանակի նկատմամբ, եթե, իհարկե, հակառակը տեղի չունենա և, ցանկանալով խույս տալ գիտակցության աղետից, չմոտենանք կենդանիներին, բույսերին, իրերին և այն նախնական հիմարությանը, որի նույնիսկ հիշատակն ենք կորցրել` պատմության սխալի հետևանքով:
Բառերի կարիերան
Գաղափարների պատմությունն ընդամենը բացարձակի վերածված բառերի շքերթ է. դրանում համոզվելու համար բավական է վեր հանել վերջին մեկ դարի ամենանշանակալի փիլիսոփայական իրադարձությունները:
Հայտնի է «գիտության» հաղթանակը պոզիտիվիզմի ժամանակաշրջանում: Ով իրեն գիտության մարդ էր հայտարարում, կարող էր հանգիստ հիմարություններ դուրս տալ. նրան ամեն ինչ թույլատրված էր, միայն թե վկայակոչեր «ճշգրտությունը» կամ «փորձը»: Նյութը և Էներգիան մի քիչ ավելի ուշ ի հայտ եկան. իրենց մեծատառերի ձեռք բերած համարումը երկար չտևեց: Աննրբանկատ, շողոքորթ ՙԷվոլյուցիան՚ նրանց հաշվին տեղ էր զբաղեցնում: «Առաջընթացի» գիտական հոմանիշ ու ճակատագրի լավատեսական նմանակում լինելով` այն հավակնում էր վերացնել ամեն տիպի խորհրդավորություն և տնօրինել ուղեղները. նրան պաշտեցին այնպես, ինչպես ՙժողովրդին՚: Իհարկե նա երջանկություն ունեցավ ավելի երկար ապրելու, քան իր մոդայիկությունը, բայց այլևս ոչ մի լիրիկական շեշտ չի արթնացնում. նրան գովաբանողը սխալվում է կամ արդեն հնացած հնարք է գործածում:
Դարասկզբին հասկացությունների նկատմամբ վստահությունը խախտվեց: Ինտուիցիան իր շքախմբով` տևողություն, պոռթկում, կյանք, պիտի օգտվեր դրանից և թագավորեր որոշ ժամանակ: Հետո նոր մի բան էր պետք. եկավ Գոյության ժամանակը: Մոգական բառ, որ ոգևորեց և՛ մասնագետներին, և՛ դիլետանտներին: Վերջապես գտել էին բանալին: Եվ այլևս անհատ չէին, այլ` Գոյություն ունեցողներ:
Եթե որևէ մեկը ստեղծեր ժամանակաշրջաններին հատուկ տերմինների բառարան` փիլիսոփայական նորաձևությունների հաշվեկշիռ, այդ գիրքը մեզ ցույց կտար, որ համակարգը հնանում է իր տերմինաբանությամբ, սպառվում է ձևով: Մենք հրաժարվում ենք նորից կարդալ մեզ հետաքրքրող մտածողին, քանի որ մեզ համար անտանելի է նրա գաղափարների բառային ապարատը: Փիլիսոփայությունից վերցված փոխառությունները վնասակար են գրականության համար: (Մտածեք Նովալիսի որոշ հատվածների մասին, որ փչացել են ֆիխտեյան լեզվի պատճառով): Վարդապետությունները մեռնում են նրանից, ինչը ապահովել էր իրենց հաջողությունը` մեռնում են ոճի պատճառով: Դրանք ապրեցնելու համար պիտի սկսենք մեր ժարգոնով կարդալ նրանց կամ էլ պատկերացնենք մշակումից առաջ` իրենց նախնական և անձև իրականության մեջ: