Արվեստի իմաստը
Այսպիսի բովանդակությունը չի կարող լինել բանականության գաղափար, քանզի բանականության գաղափարները ֆորմալ են. դրանք էթիկայի տեսանկյունից կանխորոշում են ստեղծագործության պայմանների նպատակահարմարությունը` դույզն իսկ չորոշարկվելով բովանդակությամբ:
Է՛լ ավելի քիչ, արվեստի իմաստը ճանաչողական արժեքների արտահայտման մեջ է. ճանաչողական արժեքը, ինչպես մենք վերը տեսանք, վերաբերում է արժեքների բոլորովին այլ խմբի:
Իսկ իմացությունը չի կարող լինել ո՛չ արվեստի բովանդակություն, ո՛չ իմաստ, որովհետև արվեստը, ըմբռնված որպես իմացություն, ստեղծագործական եղանակին տիրապետելու ունակությունն է (τεχνη). արվեստն այստեղ մենք վերափոխում ենք գիտության:
Գեղարվեստական կերպարի բովանդակության մեջ թվացյալ ներթափանցումը, քանի դեռ մենք կանգնած ենք զուտ գեղարվեստական տեսակետի վրա, սոսկ այն բանի սահմանների խորացման և ընդլայնման պրոցեսն է, ինչը մենք ձև ենք համարել:
Այսպես, մի շարք տեխնիկական հնարքներ` և ահա ձևի մասին առավել նեղ հասկացություն. դրանց ետևից կարծես երևում է բովանդակությունը. ըստ որում հատուկ բովանդակությունը հանդիսանում է այդ հնարքների նպատակահարմար կապ` տարածության կամ ժամանակի մեջ միավորված. ձևի մասին հասկացության ընդլայնման հետ մեկտեղ, թվացյալ բովանդակությունը նորից կսպրդի ձևի սահմաններից այն կողմ. բայց հերիք է, որ նորից ընդլայնենք ձևի սահմանի մասին հասկացությունը, և բովանդակությունը կդառնա ստեղծագործական պրոցեսի ձև` արտաքին փորձի առարկայի հետ վերապրումի միացման եղանակ: Թվացյալ բովանդակությունը այստեղ նորից ձև է: Բանաստեղծական կերպարի, մեղեդու, գունային հարաբերության խորությունը կորոշվի ստեղծագործական պրոցեսում տարածության և ժամանակի տարրերի տեղաբաշխման նպատակահարմարությամբ: Արդյո՞ք դա չէ պատճառը, որ Հանսլիկը` երաժշտության այդ գիտակը, այդպես պաշտպանում էր իր տեսակետը այն բանի մասին, թե երաժշտական գաղափարները չունեն ոչ մի իմաստ, երաժշտական իմաստից, այսինքն` ձայնային տատանումների ներդաշնակ զուգակցումից զատ: Արդյո՞ք դա չէ պատճառը, որ բոլոր ժամանակների բանաստեղծներն այդպիսի նշանակություն էին տալիս ձևին: Դա չէ՞ պատճառը արդյոք, որ Կանտը ևս սահմանեց արվեստը իբրև նպատակահարմարություն առանց նպատակի:
Եվ միայն տեսանելի կերպարների կամ վերապրումների իմաստի որոնման-գտնման մեջ է սահմանելի արվեստի ճշմարիտ իմաստը: Բայց այդ իմաստը կրոնական է: Արվեստը կրոնական սիմվոլիզմի շեմն է: Ի տարբերություն ամենայն դոգմատիզմի, սիմվոլիզմը ցուցանում է մարդու և աշխարհի ստեղծագործական վերստեղծման ուղենիշները: Սիմվոլիզմում արդարացվում են մարգարեական (вещие) բառերն այն մասին, թե «Աստծո Արքայությունը սքանչանում է ուժով»:
Արվեստը կրոնականից բացի, ուրիշ որևէ բուն իմաստ չունի: Էսթետիկայի սահմաններում մենք գործ ունենք լոկ ձևի հետ. հրաժարվելով արվեստի կրոնական իմաստից` մենք զրկում ենք նրան ամենայն իմաստից: Այդ պարագայում նրան վիճակված է անհետանալ կամ դառնալ գիտություն, բայց արվեստը, ըմբռնված որպես գիտություն, ամենաաննպատակն է երբևէ գոյություն ունեցած կամ ունենալիք գիտություններից: Ո՛չ, արվեստը ենթակա չէ և ոչ մի կրոնական դոգմայի. ընդհակառակը, կենդանի ստեղծագործական պրոցեսում ստեղծվում են կրոնների սիմվոլներ. և հետո միայն, մահանալով, դրանք դոգմատացվում են:
Մեզնում լոկ կարտացոլվի (բայց չի որոշարկվի) վերապրվող գեղարվեստական կերպարի իմաստը: Արվեստի իմաստն է` վերստեղծել մեր անձի բնույթը. բայց միայն այն դեպքում մեր մեջ կարտացոլվի ցանկացած կերպարի իմաստը, երբ այդ կերպարը անթերիորեն մարմնավորված կլինի մի շարք տեխնիկական հնարքներում:
Արդի պայմաններում մարդկության համար հնարավոր է լոկ ներքին, տրամաբանորեն անորոշարկելի հպում գեղարվեստական ստեղծագործության գաղտնիքին. ստեղծագործական կերպարների վերլուծությունը կտա սոսկ մի շարք ձևեր:
Հնարավոր է, որ մարդկության բնության փոփոխությունը կազատագրի գոյություն ունեցող արվեստներին ձևի տիրապետությունից, բայց դրանք կլինեն միանգամայն աներևակայելի արվեստներ:
Իսկ քանի դեռ երաժշտությունը մնում է երաժշտություն, քանդակագործությունն էլ` քանդակագործություն, հնարավոր է լոկ լռելյայն հպում արվեստի կրոնական էությանը:
Արվեստի կրոնական իմաստը էզոթերիկ է. արվեստի բովանդակությունն այստեղ կերպափոխված կյանքի բովանդակություն է: Այդպիսի կյանքի է կոչում արվեստը:
Բայց քանի դեռ չեն կայացել ժամկետները, կարո՞ղ ենք արդյոք մենք ասել, թե մեզ հայտնի է անձի` սիմվոլներում հայտնվող այդ կերպափոխության բուն իմաստը: Այս տեսակ մարգարեությունները, եթե դրանք հասկանալի են, վատ մարգարեություններ են. նվաստացնելով կրոնական գաղտնիքը` դրանք կործանում են արվեստը:
Գոյություն ունեցող գեղագիտությունների խնդիրն էլ ոչ թե արվեստի իմաստի ցուցանումն է, այլ նրա ձևերի վերլուծությունը:
#7
Սիմվոլիզմը մեթոդաբանական հիմնավորում է տալիս ոչ միայն արվեստի դպրոցներին, այլ նաև արվեստի ձևերին: Արվեստները նա դիտարկում է ոչ թե իբրև քարացած, ինքնաբավ ձևեր, այլ որպես հայտնի մեթոդաբանական եղանակների համալիրներ (комплекты), որոնք հանգեցնում են մեզ այս կամ այն ձևին, այս կամ այն դպրոցին: Եվ եթե արվեստի այս կամ այն դպրոցում մեթոդաբանական արդյունքից մենք անցնում ենք մեթոդի ճանաչման, ապա սիմվոլիզմում ելնում ենք ստեղծագործության բուն էներգիայից, որը բերում է մեզ հարաբերության այս կամ այն մեթոդին: Այս կամ այն դպրոցի դոգմատիկներին սիմվոլիզմը մատնանշում է, որ մեթոդի մեջ չէ բանը. նա զարգացնում է գոյություն ունեցող կամ սոսկ հնարավոր մեթոդաբանական ձևերի մի ամբողջ դպրոց: Մենք սկսում ենք մեթոդը դիտել սոսկ որպես միջոց: Օրինակ, ռեալիստական դպրոցի մեթոդը էմպիրիկ իրականության պատկերումն է: Ռեալիզմը այդ մեթոդը դարձնում է նպատակ: Սիմվոլիզմի տեսությունը, վերլուծելով արվեստում ռեալիզմի, ռոմանտիզմի, կլասիցիզմի նախադրյալները, ձևերից յուրաքանչյուրի նպատակը դարձնում է միջոց` ստեղծագործության էներգիայի մարմնավորման տեխնիկական հնարք: Ստեծագործության աղբյուրը` վերապրումի էներգիան, սիմվոլիզմի տեսությունն ազատագրում է նորմերի և ձևերի իշխանությունից իր զարգացման այդ փուլում: Այստեղ տեսության հիմք է հանդիսանում ոչ թե այս կամ այն գեղագիտությունը, այլ` գիտական հոգեբանության տվյալները: Հոգեկան գործունեությունների` զգայության, կամքի, մտածողության միասնությունը պետք է պարունակվի կենդանի կերպար-մոդելում, որն էլ հենց ստեղծագործական սիմվոլ է: Այդ է պատճառը, որ գեղարվեստական սիմվոլը արտահայտելով գաղափար` չի սպառվում դրանով. արտահայտելով զգացմունք` այնուհանդերձ չի հանգեցվում էմոցիայի. գրգռելով կամքը` այնուամենայնիվ չի տրոհվում իմպերատիվի նորմերի: Պատմության միջոցով դարեր անցած արվեստի կենդանի սիմվոլը բազմազան զգայություններ, բազմազան գաղափարներ է բեկում իր մեջ: Նա մի ամբողջ շարք գաղափարների, զգացմունքների, կամքի պոտենցիալն է: Այստեղից էլ հենց բխում է սիմվոլի եռանդամ բանաձևը, այսպես ասած, նրա եռիմաստ իմաստը` 1) սիմվոլը որպես տեսանելիության կերպար` մեր հույզերը գրգռող իր գծերի կոնկրետությամբ, որոնք հայտնի են մեզ շրջակա իրականությունից. 2) սիմվոլը որպես այլաբանություն, որ արտահայտում է կերպարի գաղափարական իմաստը` փիլիսոփայական, կրոնական, հասարակական. 3) սիմվոլը որպես կենսաստեղծագործության կոչ: Բայց սիմվոլիկ կերպարը ո՛չ առաջինն է, ո՛չ էլ երկրորդը: Նա գիտակցության վերապրելի բովանդակության կենդանի ամբողջականությունն է: Համա- ձայն սիմվոլի այսպիսի եռանդամ ըմբռնման, մեզ հասկանալի է դառնում արվեստագետների սիմվոլիկ կառույցների բազմազանությունը: Սիմվոլ արարելով` արվեստագետը, նայած իր մտավոր, բարոյական կամ զգայական հարստության, այսպես ասած, իր ստեղծագործությանը զուգահեռ, գիտակցում է այս կամ այն հոգեկան գործունեության սեփական սիմվոլը: Այսպես, Հայտնության կերպարները լոկ սիմվոլներ են, որոնցում վառ արտահայտված է իրականության զգայական ընկալման հարստությունը. դա էլ հենց անմիջականորեն պարուրում է կերպարի սիմվոլիկ ամբողջականությունը: Ընդհակառակը, Օդիլոն Ռեդոնի ֆանտազիան կամ Մետերլինկի դրամաները լոկ սիմվոլներ են, որոնցում գաղափարա-փիլիսոփայական և կերպարային բովանդակությունը չափազանց աղքատ է, իսկ վերծանման աշխատանքը, այսինքն` սիմվոլը որպես այլաբանություն ըմբռնելու աշխատանքը պատկանում է մեզ: Այդուհանդերձ դրանք սիմվոլներ են: Գաղափարախոսության լեռնային զառիթափերը, որ հառնում են էմպիրիկայի հովիտների և արևափայլի գագաթների միջև, մեր առջև վեր են հանում Նիցշեի, Իբսենի սիմվոլները: Նիցշեն սիմվոլիստ է, նախ և առաջ սիմվոլիստ է իր ստեղծագործության մեջ. բայց, լինելով նաև խորին գիտակցության տեր մարդ, նա չի կարող իր ստեղծագործության մեջ սիմվոլին զուգահեռ չավելացնել (надстроить) մի շարք այլաբանություններ. նա նույնիսկ հենց այլաբանություններն է տրոհում մի շարք գաղափարափիլիսոփայական տենդենցների` «Գերմարդ», «Հավերժ վերադարձ», «Երանելիների կղզիներ», «Զրադաշտի քարանձավ». սրանք սոսկ կրոնա-գեղարվեստական սիմվոլներ են: Այստե՛ղ է Նիցշեի ողջ ուժը: Բայց այլաբանությունների համար ի~նչ հարուստ նյութ են ներկայացնում այդ սիմվոլները: Այնուհետև, որքա~ն հարմար կերպով են այդ այլաբանությունները բերվում այս կամ այն փիլիսոփայական ընդհանրացումների: Եվ սիմվոլի իմաստը վերծանելու այդ հարմարավետությունն էլ Նիցշեին փիլիսոփայի փառք բերեց: Բայց ի՞նչ փիլիսոփա է Նիցշեն ժամանակակից նեոկանտականության տեսակետից, որում մեթոդաբանական հետազոտությունների խստությունը վճռականապես չի ընդունում այն պայծառությունը, որ բնորոշում է Նիցշեին: