Ռուբիկոն

Արվեստի իմաստը

Հրապարակվել է
20 սեպտեմբերի 2021

#6

Ելնելով ստեղծագործության արդյունքներից` մենք կարող ենք բառի բուն իմաստով վերլուծել արվեստների բուն ձևերը:

Դասակարգման սկզբունք են հանդիսանում տարածության և ժամանակի պայմանները:

Երաժշտություն: Նրա հիմնական տարրը ռիթմն է, այսինքն` հաջորդականությունը ժամանակի մեջ:

Պոեզիա: Հիմնական տարրն այստեղ բառի մեջ տրված կերպարն է և դրա հերթափոխը ժամանակի մեջ, այսինքն` մյութոսը (սյուժեն):

Գեղանկարչություն: Հիմնական տարրը ակներև տրված կերպարն է, բայց գույնով, ընդ որում` երկչափ տարածության մեջ:

 Քանդակագործություն և ճարտարապետություն: Հիմնական տարրն այստեղ կերպարն է եռաչափ տարածության մեջ:

Դիտարկելով արվեստների այս չորս խմբերն ըստ տարածականության և ժամանակայնության տարրերի` տեսնում ենք, որ մի տարրի նվազումով աճում է մյուսը, և հակառակը:

Արվեստների այս խմբերը բաժանվում են երեք մասի` 1) ընկալողությանը անմիջականորեն և միջնորդավորված տրված արվեստներ. երաժշտությունը, գեղանկարչությունը, ճարտարապետությունը, քանդակագործությունը անմիջականորեն տրված են ձայնով, գույնով, նյութով. պայմանականորեն պոեզիա կոչվող խումբը (այստեղ` մի շարք արվեստներ), տրված է խոսքով. ժամանակն ու տարածությունն այստեղ տրված են երևակայության մեջ (դրաման մենք առանձնացնում ենք, որպես այդ երկու խմբերը սինթեզել փորձող ձև).

2)            արվեստների խմբերը բաժանելի են նաև ժամանակայինների (երաժշտություն) և տարածականների (գեղանկարչություն, ճարտարապետություն, քանդակագործություն): Պոեզիան լինելով տարածականության հետ ժամանակայինի տարրը միացնող ձև` այնուամենայնիվ ավելի ժամանակային արվեստ է. տարածականությունը մենք վերստեղծում ենք երևակայության մեջ. 3) վերջապես արվեստները կարելի է նաև բաժանել բնական և արհեստական արվեստնեի. բնական արվեստները ըստ էության նրանք են, որոնք կա՛մ ուղղակի առնչվում են կյանքին (ոչ միայն արվեստներ), կա՛մ էլ ծագումնաբանորեն առաջնային են ուրիշ արվեստներից. դրանք այն արվեստներն են, որ ծնել են բուն պատկերացումը միջնորդ արվեստի մասին: Վերջինիս մեջ են դասվում երգերն ու պարերը. առաջինի մեջ` ժամերգությունը, միստերիան (այսինքն` ողբերգությունը):

Երգից ծնվել են պոեզիան և մաքուր երաժշտությունը. պարերն ընդգծեցին երաժշտական ռիթմի նշանակությունն ու պլաստիկան, այսինքն` քանդակի տարրը. մյուս կողմից` երգը ստեղծեց դրամատիկական մյութոսը: Երգի մեջ ներառված են «abc» եռակիության «a» սիմվոլիկ միասնությունը, որում «b»-ն, այսինքն` տեսանելիության կերպարը ընդգծված է տարածական արվեստներում, իսկ «c»-ն, այսինքն` անկերպար ապրումը` երաժշտության մեջ: Դրա համար էլ, պայմանականորեն ասած, երաժշտությունը առավել ռոմանտիկական արվեստ է (ինչը նշում էին թե՛ ռոմանտիկները, թե՛ Հեգելը), քանդակագործությունը առավել դասական արվեստ է, իսկ երգը` առավել սիմվոլիկ:

Արվեստային (искусственные) ձևերը դիտարկելիս (այսինքն` բուն արվեստները), տեսանելիության կերպարին ամենաշատ նմանությունը մենք նկատում ենք քանդակում (երեք չափողություն), բայց պատկերելիի դիապազոնը նեղ է ժամանակի տարրերից լրիվ վերացարկվելու դեպքում: Իդեալականացնելով կերպարը գեղանկարչության մեջ (այսինքն` շեղվելով երրորդ չափողությունից և պատկերելով հարթության վրա)` մենք շահում ենք գույնի և պատկերման ավելի մեծ ազատության առումով. գծանկարում մենք ունենք արդեն ժամանակի սխեման. ժամանակի սխեման, ըստ Կանտի, տեսանելի ուղիղ գիծն է. գույնը կարծես համապատասխանում է տոնայնությա- նը երաժշտության մեջ: Է՛լ ավելի իդեալականացնելով տարա- ծությունը պոեզիայում (տեղափոխելով այն երևակայության մեջ)` մենք հասնում ենք ավելի մեծ ազատության ամեն տեսակ տարածությունների պատկերման մեջ. դրա հետ մեկտեղ այստեղ արդեն բոլոր տարրերն են առկա. բանաստեղծական մյութոսի ժամանակային հաջորդականությունը, ինչպես նաև ռիթմը, բառային գործիքավորումը և այլն: Վերջապես երա- ժըշտական սիմֆոնիայում տարածական հարաբերությունները տրված են էմբլեմատիկորեն (ինտերվալում), գույները սիմվոլացված են տոնայնություններում, նյութը` ձայնի ուժի մեջ, իսկ ժամանակը անմիջականորեն տրված է ռիթմում:

Արվեստի ընդհանուր ձևերի մասին ուսմունքը պետք է հիմնվի տարածության և ժամանակի մասին ուսմունքի վրա. այս կամ այն ձևական մանրամասները պետք է դուրս բերվեն ընդհանուր սկզբունքից. այդ ընդհանուր սկզբունքը տարածությունն է կամ ժամանակը: Երաժշտության մեջ դա ռիթմի տեսությունն է. պոեզիայում` պատկերայնության միջոցների, ռիթմի և բառային գործիքավորման մասին ուսմունքն է:

Պատկերայնության միջոցների մասին ուսմունքը կա՛մ խոսում է պոեզիայի առումով տարածական սխեմաներ կիրառելու (հնարամտություն, սինեկդոխա, մետաֆոր, մետոնիմիա, հիպերբոլա և այլն) կա՛մ էլ ժամանակային սխեմաներ կիրառելու մասին (պարբերություն, զուգահեռականություն). ռիթմի մասին ուսմունքը հիմնված է ժամանակի վրա. բառային գործիքավորման վերաբերյալ ուսմունքը պետք է հիմնված լինի պոեզիայի տեսության նկատմամբ երաժշտության տեսության կիրառման վրա:

Գեղանկարչության մեջ ձևի մասին ուսմունքը հիմնվում է հեռանկարի տեսության վրա:

Ստեղծագործության այս կամ այն դետալի մասին գեղագիտական դատողության համար տարածության և ժամանակի տարրերի նշանակության պարզաբանման պարագայում մի ուղեցույց է հնարավոր: Ես չեմ անդրադառնա դրան: Վերջապես մենք կարող ենք ուսումնասիրել արվեստի այս կամ այն ձևի կառուցման մեջ մտնող նյութը` բառը, գույնը,  ձայնը:

Այդպիսի ուսումնասիրությունը մեզ գաղափար է տալիս գեղարվեստականության տարրերի մասին: Տեխնիկայի կատարելագործումով արվեստի խմբերը տրոհվում են ավելի ու ավելի մեծ քանակությամբ ենթախմբերի. արվեստների դիֆերենցիացիան, գիտությունների դիֆերենցիացիայի պես չունի սահման: Էքսպերիմենտալ էսթետիկան այստեղ կլիներ գիտությունների համակարգ, սակայն էքսպերիմենտալ էսթետիկա, որպես գիտությունների համակարգ, դեռ գոյություն չունի. էսթետիկայում դեռ բացակայում են ճշգրիտ մեթոդի գլխավոր տարրերը` դիտարկումը, նկարագրումն ու էքսպերիմենտը. ստեղծագործության նյութը (ձևը նեղ իմաստով) բնավ չի ուսումնասիրված և դրա համար էլ բացակայում է կապը ձևերի նյութի և տարածության ու ժամանակի նկատմամբ դրա դիրքորոշման միջև:

Ստեղծագործության կերպարը մարմնավորվում է նյութի մեջ. ավելին, դրա արտահայտությունը կախված է նյութի հմուտ օգտագործումից: Վերապրումը, ստեղծագործության ձևավորված նյութի միջոցով կամուրջ է գցում «c»-ից «b» (կամ հակառակը) վերը քննարկված «abc» եռյակում: Քանի դեռ մենք չենք ուսումնասիրել այդ նյութը, քանի դեռ չենք առնչակցել դրանք ստեղծագործական պրոցեսների ձևերին և նորմերին, արվեստի հատուկ իմաստը մեզ համար որոշարկելի չէ: Իսկ շեղվելով դրանից` մենք ջնջում ենք սահմանը արվեստի և կրոնի միջև:

Մենք կարող ենք լոկ ասել, որ ձև կոչվող տարրերի ամբողջությունը մեր գիտակցության բովանդակությունն է, դրա համար էլ ձևին բովանդակության մետաֆիզիկական հակադրումը կեղծ հակադրում է: Արվեստի ձևերը մեզ համար ինքնին օժտված են բովանդակությամբ, իսկ ձևից դուրս յուրաքանչյուր բովանդակություն բացակայում է:

Կարդալ նաև

Արվեստ Մոնդրիան և Մալևիչ. արևելք-արևմուտք հակադրության հաղթահարումը Դիտեր Ռուդլոֆ Ինչպես որ Եվրոպան աշխարհագրապես դեպի արևմուտք միտվածության մեջ ավելի ու ավելի է դիֆերենցվում և անհատականանում, բյուրեղանում կոշտ ձևերում, իսկ դեպի արևելք ընդհակառակը, ավելի ու ավելի է ինտեգրացվում, աստիճանաբար տարրալուծում բոլոր ֆիքսված ձևերն ու… Արվեստ Գիրք, որին սպասում էինք վաղուց Պողոս Հայթայան 20-րդ դարի հայ մեծագույն արվեստագետներից մեկի` Երվանդ Քոչարի ճակատագիրը մնայուն հաղթանակներով և դրամատիկ իրադարձություններով է բնութագրվում: Տարիներ շարունակ, տոտալիտար համակարգի մեղքով նրա կյանքի և ստեղծագործության տարբեր շրջանների իրական… Արվեստ Պիկասսոյի ստեղծագործությունը ծածկագրված օրագիր է՝ մեջը լիքը սուտ Ջոն Ռիչարդսոն Ջոն Ռիչարդսոն, 74 տարեկան, կազմում է Պիկասսոյի երբևէ գրված ամենամանրամասն և ամենաճշգրիտ կենսագրականը: Իր գրքի և արվեստագետի հետ իր հանդիպումների մասին է պատմում նա Նյու Յորքում ART-ի խմբագիր Ալֆրեդ Վելթիի հետ զրույցի ժամանակ: ART Պարոն…