Արվեստի ընդհանուր իմաստը (1890)
Վլադիմիր Սոլովյով
I
Բնության մեջ գեղեցիկ աճող ծառը և նույն այդ ծառը` գեղեցիկ պատկերված կտավի վրա, գործում են միատեսակ էսթետիկական տպավորություն, ենթակա են միանման էսթետիկական գնահատանքի,– իզուր չէ, որ երկու դեպքերում էլ գործածվում է նույն բառը: Բայց եթե ամեն ինչ սահմանափակվեր այդպիսի առերևույթ, մակերեսային միատեսակությամբ, ապա կարելի կլիներ հարցնել և իսկապես հարցնում էին` ինչի՞ է պետք գեղեցկության այդ կրկնապատկումը: Մանկական զբաղմունք չէ՞ արդյոք կրկնել նկարում այն, ինչն արդեն ունի իր գեղեցիկ գոյությունը բնության մեջ: Սովորաբար դրան պատասխանում են (օրինակ, Տենն իր “Philosophie de l’art”-ում1), թե արվեստը վերարտադրում է ոչ թե հենց իրականության առարկաներն ու երևույթները, այլ միայն այն, ինչ նրանցում տեսնում է արվեստագետը, իսկ ճշմարիտ արվեստագետը տեսնում է լոկ դրանց տիպական, բնորոշ գծերը. բնութենական երևույթների էսթետիկական տարրը, անցնելով արվեստագետի գիտակցության ու երևակայության միջով, մաքրվում է բոլոր նյութական պատահականություններից և այդպիսով ուժգնանում, ավելի վառ է հանդես գալիս. բնության, նրա ձևերի ու գույների մեջ սփռված գեղեցկությունը նկարում բացահայտվում է իբրև կենտրոնացած, խտացած, ընդգծված: Այս բացատրությամբ չի կարելի վերջնականապես բավարարվել թեկուզ այն պատճառով, որ արվեստի մի շարք կարևոր բնագավառների համար այն բոլորովին կիրառելի չէ: Բնության ինչպիսի՞ երևույթներ են ընդգծված, օրինակ, Բեթհովենի սոնատներում: – Հավանաբար, արվեստի և բնության էսթետիկական կապը շատ ավելի խորն է ու նշանակալից: Հիրավի, այն ոչ թե բնության սկսած գեղարվեստական գործի կրկնության, այլ շարունակության մեջ է, – նույն էսթետիկական խնդրի հետագա և առավել լիակատար լուծման մեջ:
Բնութենական պրոցեսի արդյունքը մարդն է երկակի իմաստով. առաջին` իբրև ամենագեղեցիկ*, և ապա` ամենագիտակից բնական էակ: Այս վերջին պարագայում մարդն արդյունքից ինքն է դառնում տիեզերական պրոցեսի գործիչ և է՛լ ավելի կատարյալ կերպով համապատասխանում նրա իդեալական նպատակին` տիեզերքի ոգեղեն և նյութական, իդեալական և ռեալ, սուբյեկտիվ և օբյեկտիվ գործոնների ու տարրերի լիակատար փոխադարձ ներթափանցմանն ու ազատ համերաշխությանը: Բայց ինչո՞ւ է, կարող են հարցնել, ողջ տիեզերական պրոցեսը, որ սկսել է բնությունը և շարունակում է մարդը, մեզ ներկայանում հենց էսթետիկական կողմով որպես ինչ-որ գեղարվեստական խնդրի լուծում: Ավելի լավ չէ՞ արդյոք իբրև նրա նպատակ ընդունել ճշմարտության և բարու իրականացումը, գերագույն բանականության և կամքի հաղթանակը: Եթե ի պատասխան դրա հիշեցնենք, որ գեղեցկությունը զգայական ձևերի մեջ այն իդեալական բովանդակության մարմնավորումն է, որը մինչ նման մարմնավորումը կոչվում է բարի և ճշմարտություն, ապա դա առաջ է բերում նոր առարկություն: Բարին և ճշմարտությունը, կասի խիստ բարոյախոսը, կարիք չունեն էսթետիկական մարմնավորման: Անել բարին և իմանալ ճշմարտությունը, – ահա այն, ինչ պետք է:
Ի պատասխան այս առարկության ենթադրենք, թե բարին իրականացված է ոչ թե ինչ-որ մեկի անձնական կյանքում միայն, այլև բովանդակ հասարակության կյանքում, ստեղծված է իդեալական հասարակարգ և իշխում է լիակատար համերաշխություն, համընդհանուր եղբայրություն: Էգոիզմի անթափանցելիությունը վերացված է. բոլորը գտնում են իրենց յուրաքանչյուրի մեջ և յուրաքանչյուր ոք` մնացած բոլորի: Բայց եթե այդ համընդհանուր փոխներթափանցելիությունը, որում և է՛ բարոյականության էությունը, կանգ է առնում նյութական բնության առջև, եթե ոգեղեն սկզբունքը, հաղթելով մարդկային հոգեկան էգոիզմի անթափանցելիությունը, չի կարող հաղթահարել նյութի անթափանցելիությունը` ֆիզիկական էգոիզմը, նշանակում է բարու կամ սիրո այդ ուժը բավականաչափ զորեղ չէ, և այդ բարոյական սկզբունքը չի կարող լինել մինչև վերջ իրականացված ու լիովին արդարացված: Այդ դեպքում հարց է ծագում. եթե նյութական կեցության մութ ուժը վերջնականապես հաղթանակում է, եթե այն անպարտելի է բարի սկզբունքի համար, ապա նրանում չէ՞ արդյոք բովանդակ գոյության իսկական ճշմարտությունը, արդյոք այն, ինչ մենք անվանում ենք բարի, լոկ սուբյեկտիվ պատրանք չէ՞: Եվ իրոք, մի՞թե կարելի է խոսել բարու հաղթանակի մասին, երբ ամենաիդեալական բարոյական սկզբունքների վրա հիմնված հասարակությունը կարող է իսկույն կործանվել որևէ երկրաբանական կամ տիեզերական հեղաշրջումից: Բարոյական սկզբունքի բացարձակ օտարացումը նյութական կեցությունից կործա- նարար է ոչ թե վերջինիս, այլ առաջինի համար: Աշխարհում բարոյակարգի գոյությունն իսկ ենթադրում է սրա կապը նյութական կարգի հետ և որոշ համաձայնություն: Բայց եթե այդպես է, ապա հարկ չէ՞ արդյոք փնտրել այդ կապը ամեն մի էսթետիկայից անկախ, բնության կույր ուժերի վրա մարդկային բանականության ուղղակի տիրապետության, նյութի վրա ոգու անվերապահ գերիշխանության մեջ: Ըստ երևույթին, արդեն արված են մի շարք կարևոր քայլեր դեպի այդ նպատակը. երբ հասնենք դրան, երբ կիրառական գիտությունների շնորհիվ մենք հաղթահարենք, ինչպես մտածում են որոշ լավա- տեսներ, ոչ միայն տարածությունն ու ժամանակը, այլև մահն ինքը, այնժամ բարոյական կյանքի գոյությունն աշխարհում (նյութական կյանքի հիման վրա) վերջնականապես ապահովված կլինի, առանց սակայն որևէ առնչության էսթետիկական հետաքրքրության հետ, ուստի այդ դեպքում էլ ուժի մեջ կմնա այն հայտարարությունը, թե բարին գեղեցկության կարիք չունի: Բայց կլինի՞ բարին այդ դեպքում լիակատար: Չէ՞ որ սա ոչ թե մեկի գերիշխանությունն է մյուսի հանդեպ, այլ բոլորի համերաշխությունը: Իսկ կարո՞ղ են այդ բոլորի թվից բացառվել բնության էակներն ու գործիչները: Ուրեմն, նրանց վրա նույնպես չի կարելի նայել լոկ իբրև մարդկային գոյության միջոցների և գործիքների, ուստի նրանք ևս պետք է մտնեն մեր կյանքի իդեալական կարգի մեջ որպես դրական տարր: Եթե բարոյակարգն իր ամրության համար պետք է հենվի նյութական բնության` իբրև սեփական գոյության միջավայրի և միջոցի վրա, ապա իր լրության և կատարելության համար նա պետք է ներառի կեցության նյութական հիմքը որպես ինքնուրույն մաս էթիկական գործողության, որն այստեղ վերափոխվում է էսթետիկականի, քանզի նյութական կեցությունը կարող է բարոյակարգ ներմուծվել միայն իր պայծառացման, ոգեղենացման միջոցով, այսինքն` միայն գեղեցկության տեսքով: Արդ, գեղեցկությունն անհրաժեշտ է նյութական աշխարհում բարին իրագործելու համար, քանզի միայն նրանով է պայծա- ռացվում և հնազանդեցվում այս աշխարհի չար խավարը**:
Բայց արդյո՞ք մեզանից անկախ արդեն կատարված չէ համաշխարհային պայծառացման այդ գործը: Բնական գեղեցկությունն արդեն պատել է աշխարհն իր լուսաշող քողով, անկերպարան քաոսը անուժ զեռում է կոսմոսի բարեկանոն կերպարանքի ներքո և ի զորու չէ այն թոթափել իր վրայից ո՛չ երկնային լուսատուների անծայր տարածության մեջ, ո՛չ էլ երկրային օրգանիզմների նեղ շրջանակում: Արդյո՞ք մեր արվեստի մտահոգությունը չպիտի լինի սոսկ մարդկային հարաբերությունների պատկերումը գեղեցիկ ձևի մեջ, մարդկային կյանքի իսկական իմաստի մարմնավորումը շոշափելի կերպարներում: Սակայն տիեզերական իմաստը բնության մեջ միայն հաղթել է մութ ուժերին, ոչ թե համոզել, այդ հաղթանակը մակերեսային է ու անկատար, և բնության գեղեցկությունն իրոք չար կյանքի վրա փռած լոկ քող է, բայց ոչ թե այդ կյանքի այլակերպում: Այդ իսկ պատճառով մարդն իր բանական գիտակցությամբ պետք է լինի ոչ միայն բնութենական պրոցեսի նպատակը, այլև միջոցը` իդեալական սկզբունքի կողմից բնության վրա հակադարձ, ավելի խորն ու լիակատար ներգործության համար: Մենք գիտենք, որ բնության մեջ իսկ այդ սկզբունքի իրականացումն ունի խորության տարբեր աստիճաններ, ընդ որում`դրական կողմի յուրաքանչյուր խորացմանը համապատասխանում է բացասականի խորացումն ու ներքին ուժգնացումը: Եթե անօրգանական նյութի մեջ հոռի սկզբունքը գործում է միայն իբրև ծանրություն և քարացում, ապա օրգանական աշխարհում այն արդեն դրսևորվում է որպես մահ և տարրալուծում (ընդ որում, այստեղ նույնպես անկերպարանությունն այնքան բացահայտորեն հանդես չի գալիս բույսերի քայքայման, որքան կենդանիների մահվան ու տարրալուծման մեջ, և վերջիններիս դեպքում` առավել ուժգնորեն բարձրակարգ կենդանիների, քան ստորակարգների մոտ), իսկ մարդու պարագայում, բացի իր ավելի բարդ և ուժգնացած դրսևորումից ֆիզիկական առումով, նաև բացահայտում է իր խորին էությունն իբրև բարոյական չարիք: Բայց այստեղ է նաև սրան վերջնականապես հաղթելու և անանց ու հավիտենական գեղեցկության մեջ այդ հաղթանակը կատարելապես մարմնավորելու հնարավորությունը: