Արվեստի ընդհանուր իմաստը (1890)
Այժմ շատ է տարածված նորոգված մի հին տեսակետ, ըստ որի բարոյական չարիքը նույնացվում է անգիտակցական ֆիզիկական (մարմնական) կյանքի, իսկ բարին` մարդու մեջ զարգացող գիտակցության բանական լույսի հետ: Որ բանականության լույսը ինքնին բարի է, կասկածից վեր է: Սակայն չի կարելի չարիք անվանել նաև ֆիզիկական լույսը: Թե՛ մեկի, թե՛ մյուսի նշանակությունը իրենց համապատասխան ոլորտներում նույնն է: Ֆիզիկական լույսի*** մեջ տիեզերական գաղափարը (դրական համամիասնություն, բոլորի կյանքը միմյանց համար` մեկում) իրականանում է միայն անդրադարձած. բոլոր առարկաներն ու երևույթները հնարավորություն են ստանում լինելու միմյանց համար (բացվում են իրար) փոխադարձաբար անդրադարձած` ընդհանուր անկշիռ միջավայրի միջոցով: Այսկերպ բովանդակ համագոյությունը արտացոլվում է բանականության մեջ` ընդհանուր վերացական հասկացությունների միջոցով, որոնք չեն հաղորդում իրերի ներքին կեցությունը, այլ միայն նրանց մակերեսային տրամաբանական սխեմաները: Հետևաբար, բանական ճանաչողության մեջ մենք գտնում ենք համաշխարհային գաղափարի լոկ անդրադարձը, այլ ոչ նրա իրական ներկայությունը` ճանաչողի և ճանաչվողի մեջ: Բարին ևճշմարտությունը իրենց իսկական իրականացման համար պետք է սուբյեկտի մեջ դառնան ստեղծագործական ուժ` իրականությունը ոչ միայն արտացոլող, այլև վերափոխող: Ինչպես ֆիզիկական աշխարհում լույսն է վերածվում կյանքի, դառնում բույսերի և կենդանիների կազմակերպող սկզբունք, որ ոչ միայն անդրադառնա մարմիններից, այլև մարմնավորվի նրանցում, այնպես էլ բանականության լույսը չի կարող սահմանափակվել սոսկ ճանաչողությամբ, այլ պետք է կյանքի գիտակցված իմաստը գեղարվեստորեն մարմնավորի նոր, իրեն առավել համապատասխան իրականության մեջ: Իհարկե, մինչ դա անելը, մինչ գեղեցիկն արարելը, կամ ոչ-իդեալական իրականությունն իդեալականի փոխակերպելը, հարկավոր է իմանալ դրանց միջև եղած տարբերությունը, – գիտենալ ոչ միայն վերացականորեն, բայց նախ և առաջ` արվեստագետին բնորոշ անմիջական զգացմունքով:
II
Իդեալական, այսինքն` արժանավայել, պատշաճ կեցության և անվայել կամ անպատշաճ կեցության միջև եղած տարբերությունն ընդհանրապես կախված է աշխարհի մասնավոր տարրերի այս կամ այն հարաբերությունից` միմյանց և ամբողջի նկատմամբ: Երբ, առաջին` մասնավոր տարրերը չեն բացառում իրար, այլ, ընդհակառակն, փոխադարձաբար ներդնում են իրենց մեկը մյուսի մեջ, համերաշխեն միմյանց հետ, երբ, երկրորդ` դրանք չեն բացառում ամբողջը, այլ հաստատում են իրենց մասնավոր կեցությունը միասնական, համընդհանուր հիմքի վրա, երբ, ի վերջո, երրորդ` այդ համամիասնական հիմքը կամ բացարձակ սկզբունքը չի ճնշում ու չի կլանում մասնավոր տարրերին, այլ, բացահայտելով իրեն դրանցում, դրանց իր մեջ լիակատար ազատություն է տալիս, այնժամ այսպիսի կեցությունը իդեալական է, կամ արժանավայել,– այն, ինչ պետք է լինի: Այն և կա ինքնին****, բայց մեզ ներկայանում է ոչ իբրև տրված իրականություն, այլ որպես իդեալ` միայն մասամբ իրագործված և իրագործվող: Այդ իմաստով սա դառնում է կյանքային գործունեությունների համար վերջնական նպատակ և անվերապահ նորմ, դրան` իբրև իր բարձրագույն բարիքի է ձգտում կամքը, դրանով` իբրև բացարձակ ճշմարտությամբ է պայմանավորվում մտածողությունը, իսկ մեր զգայարաններն ու երևակայությունը մասամբ ընկալում, մասամբ էլ կռահում են այն որպես գեղեցկություն*****: Արժանավայել կեցության այդ դրական իդեալական սահմանումների միջև կա նույնպիսի էական նույնականություն, ինչպես և դրանց համապատասխանող բացասական սկզբունքների միջև: Ամեն մի չարիք կարող է հանգեցվել փոխադարձ համերաշխության և մասերի ու ամբողջի հավասարակշռության խաթարման. և, ըստ էության, դրան է հանգում ամեն տեսակ սուտ և այլանդակություն: Երբ մասնավոր կամ եզակի տարրը հաստատում է իրեն իր առանձնության մեջ` ձգտելով բացառել կամ ճնշել մեկ այլ կեցություն, երբ մասնավոր կամ եզակի տարրերը անջատ կամ միասին ուզում են զբաղեցնել ամբողջի տեղը, բացառում և բացասում են նրա ինքնուրույն միասնությունը, իսկ դրա միջոցով նաև ընդհանուր կապը միմյանց հետ, և երբ, ընդհակառակն, հանուն միասնության ճնշվում և վերացվում է մասնավոր կեցության ազատությունը, – այդ բոլորը` և՛ բացառիկ ինքնահաստատումը (էգոիզմը), և՛ անարխիստական անջատվողականությունը, և՛ բռնատիրական միավորումը, մենք պետք է համարենք չարիք: Սակայն նույն այդ բանը` գործնական ոլորտից տեղափոխված տեսական ոլորտ, սուտն է: Սուտ ենք անվանում այնպիսի միտքը, որը վերցնում է կեցության մասնավոր կողմերից բացառապես որևէ մեկը և հանուն դրա մերժում բոլոր այլ կողմերը. սուտ ենք անվանում նաև այնպիսի մտավոր վիճակը, որը ժխտելով տիեզերքի ընդհանուր իմաստն ու բանական միասնությունը` տեղ է տալիս սոսկ մասնավոր էմպիրիկ դրույթների անորոշ հանրագումարին. վերջապես, սուտ պետք է ճանաչենք վերացական մոնիզմը կամ պանթեիզմը, որը ժխտում է ամեն տեսակ մասնավոր գոյություն հանուն բացարձակ միասնության սկզբունքի*: Եվ նույն այն էական հատկանիշները, որոնցով բնորոշվում է չարիքը բարոյական, իսկ սուտը մտային ոլորտում, հենց դրանք էլ բնորոշում են այլանդակությունը էսթետիկական ոլորտում: Այլանդակ է այն ամենը, ինչի մեջ մի մասը չափից ավելի է գերաճում և իշխում այլ մասերի վրա**, որի մեջ չկա միասնություն և ամբողջականություն և, վերջապես, որի մեջ բացակա է ազատ այլազանությունը: Անարխիստական բազմակիությունը նույնքան ներհակ է բարուն, ճշմարտությանն ու գեղեց- կությանը, որքան և մեռած ու ճնշող միասնությունը. զգացումների համար վերջինս իրականացնելու փորձը հանգում է կեցության բոլոր տեսակի յուրահատուկ ու որոշակի կերպարներից զուրկ անսահման դատարկության պատկերացման, այսինքն`զուտ անկերպարանության:
Արժանավայել, իդեալական կեցությունը պահանջում է հավասարաչափ ազատություն` թե՛ ամբողջի, թե՛ մասերի համար, հետևաբար դա ազատություն է ոչ թե առանձնահատկություններից, այլ դրանց բացառիկությունից: Այդ ազատության լիակատարությունը պահանջում է, որ բոլոր մասնավոր տարրերը գտնեն իրենց միմյանց և ամբողջի մեջ, յուրաքանչյուրն առադրի իրեն մյուսի և մյուսը` իր մեջ, իր մասնակիության մեջ զգա ամբողջի միասնությունը և ամբողջի մեջ` իր մասնակիությունը, – մի խոսքով, բովանդակ համագոյության բացարձակ համերաշխություն, Աստված` ամենը բոլորի մեջ:
Այդ համընդհանուր համերաշխության կամ դրական համամիասնության լիակատար զգայական իրականացումը,– կատարյալ գեղեցկությունը ոչ իբրև սոսկ գաղափարի անդրադարձ նյութից, այլ որպես նրա իրական ներկայություն նյութի մեջ,– ենթադրում է նախ և առաջ խորին և սերտագույն փոխգործողություն ներքին կամ հոգևոր և արտաքին կամ նյութական կեցության միջև: Հենց դա է հիմնական բուն-էսթետիկական պահանջը, այստեղ է գեղեցկության ուրույն տարբերությունը բացարձակ գաղափարի մյուս երկու ասպեկտներից: Իդեալական բովանդակությունը, որ մնում է միայն ոգու, նրա կամքի ու մտքի ներքին պատկանելություն, զուրկ է գեղեցկությունից, իսկ գեղեցկության բացակայությունը գաղափարի անզորությունն է: Իրոք, քանի դեռ ոգին ի վիճակի չէ իր ներքին բովանդակությանը տալու անմիջական արտաքին արտահայտություն` մարմնավորվելու նյութական երևույթի մեջ, և մյուս կողմից` քանի դեռ նյութն ի վիճակի չէ ընկալելու ոգու իդեալական գործողությունը, համակվելու այդ ոգով, դրան փոխարկվելու կամ գոյափոխվելու, ուրեմն մինչ այդ, կեցության այս երկու կարևոր ոլորտների միջև չկա համերաշխություն, իսկ դա նշանակում է, որ գաղափարն ինքը, այն է` համայն գոյության կատարյալ համերաշխությունը, այստեղ, տվյալ երևույթի մեջ, տակավին չունի բավական ուժ իր էության վերջնական իրականացման կամ կա- տարման համար: Աբստրակտ, ստեղծագործական մարմնավորման անկարող ոգին և անկենդան, ոգեշնչվելու անընդունակ նյութը, – երկուսն էլ անհարիր են իդեալական կամ արժանավայել կեցությանը և երկուսն էլ կրում են իրենց անարժանության վառ հատկանիշն այն առումով, որ ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը չի կարող լինել գեղեցիկ: Այս վերջին հատկության լիակատարության համար, այսպիսով, պահանջվում է. 1) ոգեղեն էության անմիջական նյութականացում և 2) նյութական երևույթի` իբրև իդեալական բովանդակության սեփական անբաժանելի ձևի կատարյալ ոգեշնչում: Այս կրկնակի պայմանին անհրաժեշտորեն միանում կամ, ավելի ճիշտ է ասել, անմիջապես նրանից հետևում է երրորդը. գեղեցկության մեջ հոգևոր բովանդակության և զգայական արտահայտության անմիջական ու անբաժանելի միության, դրանց լիակատար փոխներթափանցման պարագայում նյութական երևույթը, իսկապես դարձած գեղեցիկ, այսինքն`գաղափարն իսկապես իր մեջ մարմնավորած, պետք է դառնա նույնքան անանց ու անմահ, որքան ինքը գաղափարը: Ըստ հեգելյան էսթետիկայի` գեղեցկությունը մասնավոր և անցողիկ երևույթների մեջ համապարփակ ու հավիտենական գաղափարի մարմնավորումն է, ընդ որում, դրանք այդպես էլ մնում են անցողիկ, անհետանում են ինչպես առանձին ալիքներ նյութական պրոցեսի հոսքում` ընդամենը մեկ րոպեով արտացոլելով հավիտենական գաղափարի փայլը: Սակայն դա հնարավոր է միայն հոգևոր սկզբունքի և նյութական երևույթի անտարբեր, անմասնակից հարաբերության դեպքում: Մինչդեռ իսկական և կատարյալ գեղեցկությունը, արտահայտելով այդ երկու տարրերի լրիվ համերաշխությունն ու փոխներթափանցումը, անհրաժեշտաբար պետք է դրանցից մեկին (նյութականին) իսկապես հաղորդակից դարձնի մյուսի անմահությանը: