Արվեստի ընդհանուր իմաստը (1890)
Դիմելով ֆիզիկական աշխարհի գեղեցիկ երևույթներին` մենք կգտնենք, որ դրանք բնավ չեն բավարարում կատարյալ գեղեցկության նշված պահանջները կամ պայմանները: Նախ` իդեալական բովանդակությունը բնութենական գեղեցկության մեջ բավականաչափ թափանցիկ չէ, այստեղ այն չի բացահայտում իր ողջ խորհրդավոր խորությունը, այլ երևան է հանում լոկ իր ընդհանուր գծերը, այսպես ասած, ներկայացնում է մասնավոր կոնկրետ երևույթներում բացարձակ գաղափարի ամենատարրական հատկանիշներն ու սահմանումները: Այդպես, լույսն իր զգայական որակներում դրսևորում է իդեալական սկզբունքի համաթափանցելիությունն ու անկշռելիությունը. բույսերն իրենց տեսանելի կերպարանքով հանդես են բերում կենսագաղափարի էքսպանսիվությունը և երկրային հոգու ընդհանուր ձգտումը դեպի կեցության բարձրագույն ձևերը. գեղեցիկ կենդանիները արտահայտում են կենսական մոտիվների ինտենսիվությունը` միավորված բարդ ամբողջի մեջ և հավասարակշռված այնքան, որպեսզի հնարավոր դառնա կենսաուժերի ազատ խաղը, և այլն: Այս ամենի մեջ, անշուշտ, մարմնավորվում է գաղափարը, բայց միայն ամե- նաընդհանուր ու մակերեսային կերպով, իր արտաքին կողմով: Բնութենական գեղեցկության մեջ իդեալական սկզբունքի այդ մակերեսային նյութականացմանն այստեղ համապատասխանում է նյութի նույնքան մակերեսային ոգեշնչումը, որտեղից և առաջանում է ձևի ու բովանդակության թվացյալ հակասության հնարավորությունը. տիպականորեն չար կենդանին կարող է լինել բավականին գեղեցիկ (հակասությունն այստեղ միայն թվացյալ է հենց այն պատճառով, որ բնութենական գեղեցկությունն իր մակերեսային բնույթով ընդհանրապես անկարող է արտահայտել կյանքի գաղափարը նրա ներքին, բարոյական որակի առումով, այն արտահայտում է սոսկ նրա արտաքին, ֆիզիկական պարագաների առումով, ինչպիսիք են ուժը, սրընթացությունը, շարժումների ազատությունը և այլն): Դրա հետ է կապված նաև բնութենական գեղեցկության երրորդ էական անկատարությունը. քանի որ այն լոկ արտաքուստ և ընդհանուր կերպով է սքողում նյութական կեցության անկերպարանությունը և չի թափանցում նրան ներքուստ ու լիապես (բոլոր մասերում), ուստի այդ գեղեցկությունը պահպանվում է անփոփոխ ու հավիտյանս միայն ընդհանրապես, իր ընդհանուր նմուշներում` տիպերում և տեսակներում, մինչդեռ յուրաքանչյուր առանձին գեղեցիկ երևույթ ու էակ իր սեփական կյանքում մնում է նյութական պրոցեսի իշխանության ներքո, պրոցես, որն սկզբից ճեղքում է նրա գեղեցիկ ձևը, իսկ հետո` բոլորովին կործանում նրան: Նատուրալիզմի տեսանկյունից գեղեցկության բոլոր անհատական երևույթների այս անկայունությունը ճակատագրական, անկասելի օրենք է: Սակայն նյութական պրոցեսի այս ամենակործան հաղթանակի հետ գեթ տեսականորեն հաշտվելու համար անհրաժեշտ է համարել (ինչը և անում են այս ուղղության հետևողական մտածողները) գեղեցկությունը և ընդհանրապես աշխարհում ամեն մի իդեալական բան որպես մարդկային երևակայության սուբյեկտիվ պատրանք: Բայց մենք գիտենք, որ գեղեցկությունն ունի օբյեկտիվ նշանակություն, որ նա գործում է մարդկային աշխարհից դուրս, որ բնությունն ինքը անտարբեր չէ գեղեցկության հանդեպ: Իսկ այդ դեպքում, եթե բնությանը չի էլ հաջողվում իրականացնել կատարյալ գեղեցկությունը ֆիզիկական կյանքի ասպարեզում, ապա իզուր չէ, որ մեծագույն աշխատանքի ու ջանքերի, սոսկալի աղետների և այլանդակ, բայց վերջնական նպատակի համար անհրաժեշտ ծնունդների ճանապարհով նա բարձրանում է այդ ստորին ոլորտից դեպի մարդու բանական կյանքի ոլորտը: Ֆիզիկական կյանքի միջոցներով անիրագործելի խնդիրը պետք է իրագործվի մարդկային ստեղծագործության միջոցներով:
Այստեղից էլ` արվեստի եռակի խնդիրն ընդհանրապես. 1) ուղղակի օբյեկտիվացումը կենդանի գաղափարի այն ամենախոր ներքին սահմանումների ու հատկությունների, որոնք չեն կարող արտահայտված լինել բնության կողմից. 2) բնութենական գեղեցկության ոգեշնչումը և դրա միջոցով 3) նրա անհատական երևույթների հավերժացումը: Դա ֆիզիկական կյանքի փոխակերպումն է հոգևորի, այսինքն` այնպիսինի, որը, առաջին, ինքն իր մեջ ունի իր Բանը, կամ Հայտնությունը, կարող է ուղղակիորեն արտահայտվել իրենից դուրս և որը, երկրորդ, ի զորու է ներքուստ վերափոխել, ոգեշնչել նյութը կամ ճշմարիտ կերպով նրանում մարմնավորվել և, երրորդ, ազատ է նյութական պրոցեսի իշխանությունից, ուստի և կենում է հավիտյան: Այդ հոգևոր լրության կատարյալ մարմնավորումը մեր իրականության մեջ, նրանում բացարձակ գեղեցկության կենսագործումը կամ տիեզերական ոգեղեն օրգանիզմի ստեղծումը արվեստի գերագույն խնդիրն է: Պարզ է, որ այդ խնդրի իրագործումը պետք է համընկնի համաշխարհային ամբողջ պրոցեսի ավարտի հետ: Քանի դեռ պատմությունը շարունակվում է, մենք կարող ենք ունենալ կատարյալ գեղեցկության միայն մասնավոր և կցկտուր նախադրումներ (կանխարկումներ). այժմ գոյություն ունեցող արվեստները, իրենց մեծագույն երկերում որսալով մեր ընթացիկ իրականության մեջ հավիտենական գեղեցկության փայլատակումները և շարունակելով դրանք, նախադրում, հնարավորություն են տալիս կանխազգալու այնկողմնային, մեզ համար գալիք իրականությունը և այդպիսով անցում ու կապող օղակ են հանդիսանում բնության գեղեցկության և ապագա կյանքի գեղեցկության միջև: Նման ըմբռնումով` արվեստը դադարում է դատարկ զվարճալիք լինելուց և դառնում է կարևոր ու խրատական մի գործ` բայց ամենևին ոչ դիդակտիկ քարոզի, այլ սոսկ ոգեշունչ մարգարեության իմաստով: Որ արվեստի այդպիսի բարձր նշանակությունը կամայական պահանջ չէ, պարզ է դառնում այն անքակտելի կապից, որ իսկապես երբեմնի գոյություն է ունեցել արվեստի և կրոնի միջև: Կրոնական և գեղարվեստական գործի այդ նախնական անբաժանելիությունը մենք, իհարկե, իդեալ չենք համարում: Ճշմարիտ, լիակատար գեղեցկությունը մարդկային տարրի համար պահանջում է առավել մեծ ազատություն և ենթադրում է սոցիալական կյանքի ավելի բարձր ու բարդ զարգացում, քան դա կարող էր տեղի ունենալ նախնադարյան մշակույթում: Կրոնի և արվեստի այժմյան օտարացմանը մենք նայում ենք որպես մի անցման` նրանց վաղնջական միացությունից դեպի ապագա ազատ սինթեզը: Քանզի և այն կատարյալ կյանքը, որի նախադրումները մենք գտնում ենք իսկական գեղարվեստում, հիմնված կլինի ոչ թե աստվածայինի կողմից մարդկային տարրի կլանման, այլ դրանց ազատ փոխներգործության վրա:
Հիմա մենք կարող ենք ըստ էության տալ իսկական արվեստի ընդհանուր սահմանումը. որևէ առարկայի ու երևույթի ամեն մի զգայելի պատկերում` նրա վերջնական վիճակի տեսակետից կամ ապագա աշխարհի առումով, գեղարվեստական ստեղծագործություն է:
III
Մարդկային արվեստում կատարյալ գեղեցկության այդ նախադրումները լինում են երեք տեսակի. 1) ուղիղ կամ մոգական, երբ ամենախոր ներքին վիճակները, որոնք մեզ կապում են իրերի բուն էության ու անդրկողմյան աշխարհի հետ (կամ, եթե կուզեք, համակ գոյության an sich կեցության հետ)`ճեղքելով այլևայլ պայմանականություններ և նյութական սահմանափակումներ գտնում են իրենց ուղիղ ու լիակատար արտահայտությունը գեղեցիկ հնչյուններում ու բառերում (երաժշտություն և մասամբ զուտ քնարերգություն)*. 2) անուղղակի` տվյալ գեղեցկության ուժգնացման (պոտենցման) միջոցով, երբ բնութենական և մարդկային աշխարհի մասնավոր ու պատահական երևույթներում թաքնված և դրանց բնական գեղեցկության մեջ միայն աղոտ ու ոչ բավականաչափ կերպով արտահայտված կյանքի ներքին էական ու հավերժական իմաստը արվեստագետի կողմից բացահայտվում և պարզաբանվում է այդ երևույթների հավաքականացված, մաքրագործված, իդեալականացված տեսքով վերարտադրման միջոցով. այսպես, ճարտարապետությունը իդեալականացված տեսքով վերստեղծում է բնութենական մարմինների հայտնի ճիշտ ձևերը և արտահայտում է այդ իդեալական ձևերի հաղթանակը նյութի հիմնական հակաիդեալական հատկության` ծանրության նկատմամբ. դասական քանդակը` իդեալականացնելով մարդու կազմվածքի գեղեցկությունը և խստորեն պահպանելով մարմնավոր գեղեցկությունը զգայականից բաժանող նուրբ, բայց ճշտորոշ գիծը, պատկերի մեջ նախադրում է այն ոգեղեն մարմնականությունը, որ երբևէ մեզ կներկայանա կենդանի իրականությունում. բնանկարչությունը (և մասամբ քնարերգությունը) կենտրոնացած ձևով վերստեղծում է արտաքին բնության բարդ երևույթների իդեալական կողմը` մաքրելով դրանք բոլոր նյութական պատահականություններից (նույնիսկ եռաչափ տարածականությունից), իսկ կրոնական գեղանկարչությունը (և պոեզիան) իդեալականացված վերստեղծումն է մարդկության պատմության այն երևույթների, որոնց մեջ նախապես բացահայտվում է մեր կյանքի բարձրագույն իմաստը: 3) Ապագա կատարյալ իրականության երրորդ` բացասական տեսակն է անուղղակին` իրեն չհամապատասխանող միջավայրից իդեալի անդրադարձի միջոցով, ընդ որում, այդ միջավայրը տիպականորեն ուժգնացվում է արվեստագետի կողմից հանուն անդրադարձի առավել պայծառության: Անհամապատասխանությունը տվյալ իրականության և իդեալի կամ կյանքի բարձրագույն իմաստի միջև կարող է լինել տարբեր տեսակի. նախ, հայտնի մարդկային իրականությունը` յուրովի կատարյալ ու գեղեցիկ (հենց բնութենական մարդու իմաստով), չի բավարարում, սակայն, այն բացարձակ իդեալին, որի համար նախասահմանված են հոգևոր մարդն ու մարդկությունը: Աքիլլեսն ու Հեկտորը, Պրիամոսն ու Ագամեմնոնը, Կրիշնան, Արջունան և Ռաման անկասկած գեղեցիկ են, բայց որքան ավելի գեղարվեստորեն են պատկերված նրանք և նրանց գործերը, այնքան ավելի պարզ է դառնում վերջնական արդյունքում, որ նրա՛նք չեն իսկական մարդիկ և որ նրա՛նց սխրանքները չեն կազմում իսկական մարդկային գործը: Ամենայն հավանականությամբ Հոմերոսը, իսկ հնդկական պոեմների հեղինակները հաստատապես նկատի չեն ունեցել այդ միտքը, և մենք հերոսական էպոսը պետք է անվանենք բացարձակ իդեալի անգիտակցական և աղոտ անդրադարձ` գեղեցիկ, բայց նրան ոչ-համարժեք մարդկային իրականությունից, որն այդ իսկ պատճառով մատնված է կորստյան.