Ռուբիկոն

Վալտեր Օնգը և մեդիումի տեսությունը

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Հրաչ Բայադյան

Իր աշխատությունը Վ. Օնգը խիստ ընդհանուր և համառոտ ձևով բնութագրում է այսպես. «Այս գրքի առարկան բանավորության և գրագիտության միջև եղած տարբերությունն է»*: Այս խնդրի նկատմամբ ուշադրության առաջացումը և հետազոտական ավանդության ձևավորումը տևական պատմություն ունի, իսկ այդ տարբերության ըմբռնումը, ինչպես ընդգծում է նա, կատարվեց էլեկտրոնային հաղորդակցության դարաշրջանում, երբ աստիճանաբար ակնառու դարձան տպագրության և էլեկտրոնային տեղեկատվամիջոցների (մեդիայի) բազմազան տարբերությունները: Սա իր հերթին ստիպեց նոր հայացքով նայել բանավոր և գրավոր մշակույթների միջև ավելի վաղ գոյություն ունեցած հակադրությանը, ինչպես նաև բանավորությունից գրագիտություն աստիճանական, բայց արմատական տեղաշարժին: Պատմությունը հաղորդակցության որոշակի գերիշխող եղանակով բնորոշվող փուլերի բաժանող և այդպիսի հերթագայության միջոցով դիտարկող մոտեցումը, ըստ Օնգի, հաստատում է ուսումնասիրության արդյունավետ մի դիտանկյուն, որը թույլ է տալիս «ավելի լավ հասկանալ ոչ միայն անխառն բանավոր մշակույթը և դրան հաջորդող գրավոր մշակույթը, այլ նաև տպագիր մշակույթը, որը մի նոր բարձրակետի հասցրեց գրությունը, ապա և էլեկտրոնային մշակույթը, որը հենվում է թե՛ գրության, թե՛ տպագրության վրա: Հերթագայության այս տեսանկյունից դիտված` անցյալը և ներկան, Հոմերոսը և հեռուստա- տեսությունը կարող են լույս սփռել միմյանց վրա»: Հոմերոսն այստեղ ավելի հավաքական անուն է` ներկայացնող անտիկ Հունաստանի ռապսոդներին` ասացող բանաստեղծներին, որոնք իրենց ժամանակի համար մշակութային նույնպիսի դեր էին կատարում, ինչ հեռուստացույցը էլեկտրոնային դարաշրջանում:

Իսկ մինչ այդ, «տպագրության դարաշրջանում» ձևավորված մի շարք առանձնահատկություններ, որոնք այսօր էլ մեծապես բնորոշում են մարդու մտածողությունը և արտահայտման ձևերը, ընդունված էին որպես ինքնին հասկանալի և առհասարակ մարդ արարածին, նրա բնույթին բնորոշ: Իրականում դրանք, ինչպես իր գրքում ձգտում է ցույց տալ Օնգը, պատմական որոշակի ժամանակաշրջանում ձևավորված հատկություններ են, որոնք «կյանք են առել այն հնարավորությունների շնորհիվ, որ գրության տեխնոլոգիան մատչելի է դարձնում մարդու գիտակցությանը»: Ուստի բանավորության և գրագիտության միջև հարաբերությունները քննության առնելու հետ միասին, «Մենք ստիպված էինք վերաքննության ենթարկել մարդու ինքնության մեր ըմբռնումը» նույնպես:

Մեդիումի տեսություն

Հաղորդացության միջոցների և մշակույթի փոխկապակցվածության և պատմական շրջափոխումների մեկնաբանության այս մոտեցումը կարելի է ամփոփել «Մեդիումի տեսություն» անվան տակ, հաղորդակցության ուսումնասիրության մի ավանդություն, որին ի թիվս այլոց պատկանում է նաև Վ. Օնգը: Ստորև համառոտ կերպով կուրվագծվի այդ տեսությունը:

Հաղորդակցության ուսումնասիրության ավանդական մոտեցումները կենտրոնանում են հաղորդակցության բովանդակության վրա` բացառելով տեխնոլոգիան, անտեսելով հաղորդակցության միջոցների հնարավոր ազդեցությունները: Բնութագրական հարցադրումը այս դեպքում կարող է լինել այսպիսին` ինչպե՞ս են մարդիկ արձագանքում այն բանին, ինչ ներկայացվում է մեդիայով: Կամ մյուս կողմից` «Ինչպե՞ս են հաստատութենական, տնտեսական և քաղաքական գործոնները ազդում այն բանի վրա, ինչ հաղորդվում է և այն բանի վրա, ինչ չի հաղորդվում մեդիայի միջոցով: Արդյոք մեդիայի հաղորդումները ճշգրտորեն արտացոլո՞ւմ են իրականության տարբեր կողմերը, ինչպե՞ս են տարբեր լսարանները տարբեր կերպ մեկնաբանում նույն բովանդակությունը և այլն» [5]:

Հետազոտական մեկ այլ կարևոր հարց է հասարակական այս կամ այն ուժի կողմից տեղեկատվամիջոցների վերահսկողությունը և դրա միջոցով ցանկալի տիրապետության ամրապնդումն ու շարունակումը: Գլոբալացման դարաշրջանում այս հարցը դուրս է գալիս մեկ երկրի, առանձին հասարակության սահմաններից: Այս դեպքում հարցն այն մասին է, թե ինչքան անհամաչափ են բաշխված տեղեկատվական հոսքերը հարուստ և աղքատ երկրների միջև և թե ինչպես են դրանք խորացնում և ամրապնդում վերջինների կախվածությունը առաջիներից: Ինչպես պարզաբանում է Ռոլանդ Դեյբերթը, այս մոտեցումները «ձգտում են շեշտել այն ձևերը, որոնցով հաղորդակցության հոսքերը սպառնում են որևէ երկրի «մշակութային ինքնիշխանությանը» կամ պետական անկախությանը` միևնույն ժամանակ ընդարձակելով մշակութային իմպերիալիզմի տիրապետության սահմանները»:

Այդուհանդերձ, թեև այս դեպքում խնդիրը մեդիայի վերահսկողությունն է, այստեղ այն ընկալվում է որպես վերահսկողություն բովանդակության նկատմամբ: Թեև այս դեպքում ակներև է տեղեկատվության և հաղորդակցության նոր տեխնոլոգիաների նշանակությունը, բայց դրանք կարևորվում են այնքանով, որքանով «նպաստում են նման վերահսկողության արդյունավետության և մասշտաբի մեծացմանը և այդպիսով` գերիշխող գաղափարաբանության թափանցման կարելիությանը» [5]:

Ուրեմն այս դեպքում նույնպես հիմնական մտահոգությունը մնում է բովանդակությունը, այն, ինչ հաղորդվում է մեդիայով, իսկ հաղորդակցության միջոցը (մեդիումը) դիտվում է որպես չեզոք և թափանցիկ մի բան: Տեխնոլոգիական փոխակերպումների ինքնին դրամատիկ և հետաքրքրական ընթացքը ընկալվում է առավելագույնը որպես «ավելի արագ, ավելի հեռու, ավելի հարմար» քանակական սկզբունքի իրագործում: Բովանդակության հետ հաղորդակցությունը նույնացնող հեռանկարում, այսպիսով, անտեսված են մնում տեխնոլոգիայի`աստիճանաբար բացահայտվող «թաքուն» կարողությունները և սրանց քաղաքական, սոցիալական և մշակութային նշանակությունները: Հաղորդակցության նյութական միջոցների նկատմամբ այս անտարբերության փոխարեն, մեդիումի տեսությունը կենտրոնանում է տվյալ մեդիումի «ներքին հատկությունների» կամ բնութագրական և տարբերակիչ (հոգեբանորեն, մշակութապես, հասարակականորեն) առանձնահատկությունների վրա:

Այն, որ տեղեկատվամիջոցները պարզապես տվյալ բովանդակությունը մի տեղից մեկ ուրիշը հաղորդող չեզոք կապուղիներ չեն, այլ ունեն իրենց ներհատուկ «հաղորդումը», շատ լավ արտահայտված է Մարշալ ՄըքԼուհանի հայտնի բանաձևի մեջ. «Մեդիումը (հենց) հաղորդումն է» (“The medium is the message”): Ինչպես նկատում է Դեյբերթը. «Այս տեսակետից առավել հետաքրքրականը այն ձևն է, որով հաղորդակցության եղանակներում կատարվող լայնածավալ փոփոխությունները կերտում և սահմանափակում են վարքը և մտածողությունը` անկախ հաղորդման բովանդակությունից և այդ բանն անելիս օգնում են վերակառուցելու սոցիալական և քաղաքական հաստատությունները» [5]: Ինչպես Օնգի գրքից ներկայացվող հատվածներն են հուշում, հաղորդակցության միջոցի (այս դեպքում` գրության) ազդեցությունը կարող է ի հայտ գալ թե անհատական, թե ընդհանուր սոցիալական և մշակութային մակարդակների վրա: Ամեն պարագայի, «Ի տարբերություն հաղորդակցությունների` բովանդակության վրա հիմնված վերլուծության, մեդիումի տեսությունը իր մոտեցմամբ անհրաժեշտաբար պատմական է` հակադրելով տարբեր            մեդիա միջավայրեր   ժամանակի երկայնքով և հետևելով հաղորդակցության տեխնոլոգիայի մեջ կատարվող փոփոխություններին` ի սեր այն ազդեցության, որ դրանք թողնում են սոցիալական և քաղաքական կարգի վրա» [5]:

Կարդալ նաև

Մշակութաբանություն Բանավորություն և գրագիտություն. բառի տեխնոլոգիականացում (հատվածներ գրքից) Վալտեր Օնգ Լեզվի բանավորությունը1 Գրագետ մտածելակերպը և բանավոր անցյալը Անցյալ մի քանի տասնամյակի ընթացքում գիտնականների շրջանում վերստին հետաքրքրություն արթնացավ լեզվի բանավոր բնույթի և բանավորության ու գրության միջև հակադրության խորին նշանակությունների… Մշակութաբանություն Ռուդոլֆ Կասսներ Մաքս Ռյուխներ «Երկրորդ ուղևորությունը» ինքնակենսագրական հատորում Ռուդոլֆ Կասսները նկարագրում է Մորավիայում իր մանկությունը` ընդգծելով, սակայն, որ ընտանիքը ներգաղթել է Շլեզիայից: Նշանակալի է այն, որ նա Սիլեզիացի է (Silesius), – Յակոբ Բյոմեն էլ էր իրականում… Մշակութաբանություն Մուշի բանալի Արա Գուրզադյան …բանալի ու բանալիություն է փնտրում… Ի՞նչ ես փակել և ի՞նչ ես բացել դու, երբ Հայրենիքի մարմինը դեռ կաթվածահար չէր իր ոգեզարկերակը արձանագրող վանքերում: Երբ Երկինքը դեռ մուտք ուներ Երկիր մարդիրեղենության բոլոր մանրուքներում: Քեզ վստահված դռան…