Վալտեր Օնգը և մեդիումի տեսությունը
Ներկա ժամանակին բնորոշ մի շարք մշակութային կանխակալություններ, ինչպես տեսանք, Օնգի կողմից մեկնաբանվում են որպես հետևանք գրագիտության տևական վարժանքի և գրության ներքնացման: Իսկ գուցե գրության ավանդական տեսության այս էվոլյուցիոն նախապաշարման աղբյուրը նույնպես գրերի, գրության «բնականորեն» ներքնացումն է: Թերևս պետք է համաձայնել այն հեղինակների հետ, համաձայն որոնց, գրությունը ավելի լավ չէ, քան խոսքը և հակառակը (թերևս պետք է ընդունել խոսքը և գրությունը որպես տարբեր միջոցներ, որոնք ունեն տարբեր գործառույթներ), իսկ «գրության պատմությունը էվոլյուցիոն շարժում չէ դեպի այբուբենը, այլ ավելի` զուգահեռ զարգացող ընթացքների մի շարք, որտեղ տարբեր գրային համակարգեր ընթանում են իրենց փոխակերպումների ճանապարհով» [4]:
Ոչ արևմտյան մշակութային փորձառությամբ հարուցված այս հարցադրումները սերտորեն առնչվում են ֆրանսիացի փիլիսոփա Ժակ Դերրիդայի տեսակետների հետ: Դերրիդայի` բանավոր խոսքի և գրության հարաբերության ավանդական մեկնաբանության հիմքերը սասանող քննադատության որոշ դրույթներ (ինչպես, օրինակ, «գրության հասկացությունը շատ ավելի լայն է, քան լեզվի հասկացությունը և ներառում է այն» կամ «հնչյունային գրություն գոյություն չունի» պնդումները) քննության են առնվում այդ հեղինակների կողմից: Խոսքն, առաջին հերթին, 1967-ին տպագրված և 1976-ին անգլերեն թարգմանությամբ և թարգմանչի` Գայաթրի Չակրավորթի Սպիվակի փայլուն առաջաբանի շնորհիվ շատ ավելի լայն ճանաչում ստացած «Գրամատոլոգիայի մասին» գրքին է վերաբերում (գրամատոլոգիան նշանակում է գիտություն «գրերի, այբուբենի, վանկերի բաժանման, ընթերցանության և գրության մասին», իսկ բառը հայերեն կարելի է թարգմանել որպես «գրաբանություն» կամ «քերաբանություն»):
Իր հերթին, Վ. Օնգը նույնպես անդրադառնում է Դերրիդայի որոշ պնդումներին` ընդունելով կամ քննադատելով: Գրքի վերջին գլխում նա «բանավորություն-գրագիտություն» տեսանկյունից հըպանցիկորեն դիտարկում է քսաներորդ դարի մի շարք տեսաբանական-մեկնաբանական ուղղություններ. նոր քննադատություն (new criticism), պոստստրուկտուրալիզմ, դեկոնստրուկցիոնիստներին, խոսողական ակտի տեսությունը (speech-act theory), աստվածաշնչային ուսումնասիրությունները (biblical studies) և այլն: Կրկնում եմ` այդ անդրադարձն իսկապես հպանցիկ է թե՛ այն դեպքում, երբ Դերրիդայի որևէ պնդում ընդունվում է ոգևորությամբ («Դերրիդան պնդում է, թե գրությունը «բանավոր բառի լրացում չէ», այլ միանգամայն տարբեր գործողություն: Այս պնդմամբ նա և ուրիշներ մեծ ծառայություն մատուցեցին գրային և տպագրական կանխակա- լությունները արմատախիլ անելու գործին՚), թե՛ ընդհանուր քննադատական գնահատականի արժանացնելիս: Տեսաբանական այլ ուղղությունների շարքում, Դերրիդայի` անմիջականորեն այս տիրույթին վերաբերող աշխատանքը նույնպես Վ. Օնգի կողմից գնահատվում է որպես պատմականորեն մեկուսացված, խստորեն կապված տեքստին այնպես, «ասես տեքստը լիներ փակ համակարգ»:
Հղումներ
- Berland, Jody, Cultural technologies and the evolution of technological cultures, pp. 235-258 in Herman, Andrew and Swiss, Tomas, editors, The World Wide Web and Contemporary Cultural Theory, Routledge, 2000.
- Bolter, J. David, Writing Space: The Computer, Hypertext, and the History of Writing, LEA, 1991
- Bolter, J. David, Ekphrasis, virtual reality, and the future of writing, pp. 253-272 in Nunberg, Geoffrey, editor, The Future of the Book, University of California Press, 1996.
- Boone, Elizabeth Hill, Introduction: Writing and recording knowledge, pp. 3-26; Houston, Stephen, Literacy among the Pre-Columbian Maya: A comparative perspective, pp. 27-49; Mignolo, Walter D., Afterword: Writing and recorded knowledge in colonial and postcolonial situation, pp. 292-313 in Elizabeth Hill Boone and Walter D. Mignolo, editors, Writing Without Words: Alternative Literacies in Mesoamerica and the Andes, Duke University Press, 1994.
- Deibert, Ronald J., Parchment, Printing, and Hypermedia: Communication in World Order Transforma- tion, Columbia University Press, New York, 1997.
- Eisenstein, Elizabeth, The Printing Press as an Agent of Change: Communications and Cultural Trans- formations in Early-Modern Europe, 2 volumes, New York, Cambridge University Press, 1979.
- Meyrowitz, Joshua, Medium Theory, pp. 50-77 in Crowley, David and Mitchell David, editors, Communica- tion Theory Today, Polity Press, 1994.
- Semiotics for Beginners (Daniel Chandler), http:/www. aber.ac.uk/media/Documents/S4B/Semiotic.htm
- Sudweeks, Fay and Simoff, Simeon J., Complementary explorative data analysis: The reconciliation of quantitative qualitative principles, pp. 29-56 in Jones, Steve, editor, Doing Internet Research: Critical Issues and Methods for Examining the Net, SAGE Publications, 1999.