Բանավորություն և գրագիտություն. բառի տեխնոլոգիականացում (հատվածներ գրքից)
Վալտեր Օնգ
Լեզվի բանավորությունը1
Գրագետ մտածելակերպը և բանավոր անցյալը
Անցյալ մի քանի տասնամյակի ընթացքում գիտնականների շրջանում վերստին հետաքրքրություն արթնացավ լեզվի բանավոր բնույթի և բանավորության ու գրության միջև հակադրության խորին նշանակությունների նկատմամբ: Հրապարակվեցին զեկուցումներ մարդաբանների, ընկերաբանների և հոգեբանների` բանավոր հասարակություններում կատարած դաշտային աշխատանքների մասին: Մշակույթի պատմաբաններն իրենց որոնումներն ավելի ու ավելի ուղղեցին դեպի մարդու գոյության նախապատմական ժամանակաշրջանը, երբ դեռևս գրության շնորհիվ հնարավոր չէին դարձել բառային արձանագրությունները: Ֆերդինանդ դե Սոսսյուրը (1857-1913)` արդի լեզվաբանության հայրը, ուշադրություն հրավիրեց բանավոր խոսքի առաջնայնության վրա, որն ընկած է ամբողջ բառային հաղորդակցության հիմքում, ինչպես նաև հաստատուն միտումի վրա, անգամ գիտնականների շրջանում` մտածելու գրության որպես լեզվի հիմնական ձևի մասին: Գրությունը, ինչպես նկատում է նա, միաժամանակ ունի «օգտակարություն, թերություններ և վտանգներ» [7, էջեր 23-24]: Սակայն նա մտածում էր գրության մասին որպես բանավոր խոսքի ինչ-որ տեսակի լրացման, այլ ոչ թե վերբալացման փոխակերպողի:
Սոսսյուրից հետո լեզվաբանությունը կատարել է հնչյունաբանության` հնչյունների մեջ լեզվի մարմնացման վերաբերյալ մեծապես նրբամշակ ուսումնասիրություններ: Մինչ այդ էլ Սոսսյուրի ժամանակակից, անգլիացի Հենրի Սվիթը պնդել էր, թե բառերը շինված են ոչ թե տառերից, այլ հնչյունների գործառական միավորներից` հնչույթներից: Բայց խոսքի հնչյունների նկատմամբ իրենց ողջ ուշադրությամբ հանդերձ, արդի լեզվաբանության դպրոցները մինչև վերջերս միայն դիպվածաբար են անդրադարձել, եթե առհասարակ անդրադարձել են, այն ձևերին, որոնցով առաջնային բանավորությունը (բանավորությունը այն մշակույթների, որոնք անծանոթ են գրագիտությանը) հակադրվում է գրագիտությանը: Ստրուկտուրալիստները մանրամասնորեն վերլուծեցին բանավոր ավանդությունը, բայց հիմնականում առանց գրավոր շարադրանքին բացահայտորեն հակադրելու: Ընդարձակ գրականություն կա գրավոր լեզվի և բանավոր լեզվի տարբերությունների մասին, որը համեմատում է այն մարդկանց գրավոր և բանավոր լեզուները, որոնք գիտեն կարդալ ու գրել: Այս տարբերություններով չէ, որ առաջին հերթին հետաքրքրված է սույն ուսումնասիրությունը: Այստեղ հիմնականում մեկնաբանվում է առաջնային բանավորությունը, գրությանը լիովին անծանոթ մարդկանց բանավորությունը: […]
Այստեղ տեղին է հարցնել, թե ինչո՞ւ պիտի գիտական աշխարհում վերստին հետաքրքրություն զարթներ լեզվի բանավոր բնույթի նկատմամբ: Պետք է որ անխուսափելիորեն ակնհայտ թվար, որ լեզուն բանավոր երևույթ է: Մարդ արարածները հաղորդակցվում են անհաշիվ ձևերով` գործի դնելով իրենց բոլոր զգայարանները` շոշափելիքը, ճաշակելիքը, հոտոտելիքը և հատկապես տեսողությունը, ինչպես նաև լսողությունը: Ոչ բանավոր հաղորդակցության որոշ ձևեր, ինչպես, օրինակ, ժեստերը, խիստ արտահայտիչ են, սակայն խորին մի իմաստով լեզուն, հոդավորված հնչյունը, հիմնականն է: Ոչ միայն հաղորդակցությունը, այլ մտածողությունն ինքը միանգամայն հատուկ մի ձևով առնչվում է հնչյունին: Մեզնից յուրաքանչյուրը լսել է, թե ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել (անգլերեն բառացի հնչում է այսպես` մի պատկերը արժե հազար բառ – Հ.Բ.): Բայց եթե այս պնդումը ճշմարիտ է, ինչո՞ւ է ստիպված ասացվածք լինել: Որովհետև մի պատկերը հազար բառ արժե միայն հատուկ պայմաններում, որը սովորաբար ներառում է բառերի այն համատեքստը, ուր զետեղված է պատկերը:
Որտեղ էլ որ ապրելիս լինեն, մարդիկ ունեն լեզու, և յուրաքանչյուր դեպքում այն գոյություն ունի հնչյունի աշխարհում, որպես ըստ էության խոսվող և լսվող լեզու: Հակառակ ժեստերի հարստությանը, զարգացած նշանային լեզուներն են խոսքի փոխարինողները` մնալով կախված բանավոր խոսքի համակարգերից, անգամ երբ օգտագործվում են բնածին խուլերի կողմից: Իրոք, լեզուն այնպես ծայրահեղորեն է բանավոր, որ մարդկության պատմության ընթացքում խոսված բազմահազար, հնարավոր է` տասնյակ հազարավոր, լեզուներից միայն 106-ն է երբևէ փոխադրվել գրության մեջ այն չափով, որ բավարար լիներ գրականություն ստեղծելու: Լեզուների մեծ մասը երբեք չի գրվել: Ներկայիս խոսվող մոտ 3 000 լեզուներից միայն մոտ 78-ը ունի գրականություն: Անկարելի է հաշվել, թե քանի լեզու է անհետացել կամ վերածվել այլ լեզվի մինչև գրության առաջ գալը: Նույնիսկ հիմա գործածվող հարյուրավոր լեզուներ երբեք չեն գրվել: Չի եղել մեկը, որ դրանք գրելու արդյունավետ ձև մշակեր: Լեզվի հիմնական բանավորությունը հարատև է:
Այստեղ մեզ չեն հետաքրքրում այսպես կոչված համակարգչային «լեզուները», որոնք որոշ ձևով նման են մարդկային լեզուներին (անգլերեն, սանսկրիտ և այլն), բայց և ընդմիշտ ու լիովին տարբեր են դրանցից այն բանով, որ բխում են ոչ թե մարդու անգիտակցականից, այլ` ուղղակիորեն գիտակցությունից: Համակարգչային լեզվի կանոնները («քերականությունը») նախ սահմանվում են, ապա` օգտագործվում: Մարդկային բնական լեզուների քերականության «կանոնները» սկզբնապես օգտագործվում են, իսկ հետո կարող են վերացարկվել օգտագործումից և բառերով հստակորեն ձևակերպվել մեծ դժվարությամբ միայն և այն էլ` ոչ ամբողջությամբ:
Գրությունը, բառի հանձնումը տարածությանը ընդլայնում է լեզվի կարողունակությունը գրեթե անսահմանափակորեն, վերակառուցում է մտածողությունը, և այդ ընթացքում որոշ բարբառներ փոխում է «գրաբառերի»` գրային լեզուների2: Գրային լեզուն անդրբարբառային լեզու է` ձևավորված գրության խորին ստանձնումով: Որպես ստանդարտ անգլերեն հայտնի գրային լեզուն օգտագործման համար մատչելի է դարձնում առնվազն մեկ և կես միլիոն գրանցված բառերի բառարան, որոնց ոչ միայն ներկա, այլև հարյուր հազարավոր նախկին իմաստներն են հայտնի: Պարզապես բանավոր բարբառը սովորաբար ունենում է միայն մի քանի հազարի հասնող բառապաշար, և այն օգտագործողները ըստ էության այս բառերից որևէ մեկի իրական իմաստային պատմության մասին ոչ մի բան չեն իմանում:
Բայց, գրության բացած հրաշալի աշխարհներով հանդերձ, խոսվող բառը դեռևս տևում և ապրում է: Բոլոր գրված տեքստերը հարկ է, որ ինչ-որ կերպ` ուղղակիորեն կամ անուղղակիորեն, հարաբերվեն հնչյունի աշխարհին` լեզվի բնական միջավայրին, արտադրելու համար իրենց իմաստը: «Կարդալ» տեքստ նշանակում է այն փոխել հնչյունի` բարձրաձայն կամ երևակայության մեջ, վանկ առ վանկ`դանդաղ ընթերցանության ժամանակ կամ համառոտելով` բարձր տեխնոլոգիական հասարակությունների համար սովորական արագ ընթերցման մեջ: Գրությունը երբեք չի կարող յոլա գնալ առանց բանավորության: [..] Եթե բանավոր արտահայտումը կարող է գոյություն ունենալ և մեծամասամբ գոյություն է ունեցել առհասարակ առանց որևէ գրության, ապա գրությունը երբեք չի կարող լինել առանց բանավորության: