Ռուբիկոն

Բանավորություն և գրագիտություն. բառի տեխնոլոգիականացում (հատվածներ գրքից)

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Երկար բանավոր միտքը, անգամ եթե չափածո ձևի մեջ չէ, հակված է լինելու մեծապես ռիթմիկ, քանզի ռիթմն օգնում է վերհիշել` անգամ ֆիզիոլոգիապես: […]

Բանավոր մտապահումը

Հասկանալի է, որ բանավոր հիշողության հմտությունը արժեքավոր հատկություն է: Սակայն այն եղանակը, որով բանավոր հիշողությունը գործում է բանավոր արվեստի ձևերի մեջ, միանգամայն տարբեր է անցյալում այդ մասին գրագետ մարդկանց ունեցած սովորական պատկերացումներից: Գրագետ մշակույթներում բառացի մտապահումը սովորաբար կատարվում է տեքստից, որին մտապահողը վերադառնում է ամեն անգամ, երբ անհրաժեշտ է լինում կատարելագործել և ստուգել բառացի մտապահման վարպետությունը: Անցյալում գրագետ մարդիկ որպես կանոն ենթադրել են, որ բանավոր մշակույթի մեջ բանավոր մտապահումը սովորաբար հասել է բացարձակապես բառացի կրկնության նույն նպատակին: Թե ինչպես կարող էր նմանօրինակ կրկնությունը ստուգվել նախքան ձայնագրությունների հայտնի դառնալը, անհասկանալի է, քանի որ գրության բացակայության պայմաններում երկար հատվածների բառացի կրկնությունը ստուգելու միակ ձևը կարող էր լինել երկու կամ ավելի մարդկանց կողմից այդ հատվածների մաժամանակյա արտասանությունը: Միմյանց հաջորդող արտասանությունները չէին կարող ստուգվել մեկը մյուսի միջոցով: Բայց բանավոր մշակույթներում միաժամանակյա արտասանության օրինակներ դժվար թե գտնվեն: Գրագետ մարդիկ հակված էին պարզապես ենթադրել, որ ապշեցուցիչ բանավոր հիշողությունը ինչ-որ ձևով գործել է իրենց ծանոթ տեքստային բառացի մոդելի համաձայն:

Առաջնային բանավոր մշակույթներում բառային հիշողության բնույթը ավելի իրատեսորեն գնահատելու գործում դարձյալ հեղափոխական եղավ Միլման Փերրիի և Ալբերտ Լորդի աշխատանքը([6],[4]): Հոմերոսի պոեմների հետ Փերրիի կատարած աշխատանքը կենտրոնանում է այս հարցի վրա: Փերին ապացուցեց, որ «Իլիականը» և «Ոդիսականը» ըստ էության բանավոր ստեղծագործություններ էին, ինչպիսին էլ որ լինեին դրանք գրի առնելու հանգամանքները: Առաջին հայացքից կարող է թվալ, թե այս հայտնագործությունը պիտի հաստատեր բառացի մտապահման ենթադրությունը: «Իլիականը» և «Ոդիսականը» խստորեն չափածո են: Ի՞նչպես կարող էր ասացողը ըստ պահանջի արտասանել դակտիլային հեքսամետրի հազարավոր տողերից բաղկացած պատմությունը, եթե բառ առ բառ մտապահած չլիներ: Գրագետ մարդիկ, որոնք կարող են ըստ անհրաժեշտության արտասանել երկար չափածո ստեղծագործություններ, դրանք բառացի մտապահել են տեքստից: Այդուհանդերձ, Փերին նոր մոտեցման հիմք դրեց, որ կարող է շատ լավ բացատրել այդպիսի ստեղծագործությունը` առանց բառացի մտապահման գաղափարին դիմելու: Նա ցույց տվեց, որ հեքսամետրային տողերը կառուցված են ոչ թե պարզապես «բառ-միավորներից», այլ բանաձևերից, բառախմբերից` գործ ունենալու համար ավանդական նյութերի հետ, որտեղ յուրաքանչյուր բանաձև կազմված է այնպես, որ հարմարվի հեքսամետրային տողին: Բանաստեղծն ուներ հեքսամետրայնացված դարձվածքների վիթխարի բառարան: Այս հեքսամետրայնացված բառարանով նա կարող էր ճշգրիտ չափածո տողեր պատրաստել անվերջորեն, այնքան, քանի դեռ գործ ուներ ավանդական նյութերի հետ:

Այսպիսով, Հոմերոսի պոեմներում Ոդիսևսի և Հեկտորի, Աթենասի և Ապոլոնի և այլ գործող անձանց համար բանաստեղծն ուներ մակդիրներ և բայեր, որոնք ճշտորեն կհարմարվեին չափին երբ, օրինակ, հարկ լիներ հայտարարել, թե նրանցից որևէ մեկն ինչ-որ բան է ասում: Metephè polimètis Odysseus (բացականչեց հնարամիտ Ոդիսևսը) կամ prosephè polimètis Odysseus (գոչեց հնարամիտ Ոդիսևսը) հայտնվում են պոեմներում 72 անգամ (…): Ոդիսևսը polimètis (հնարամիտ) է ոչ այն պատճառով, որ նա այդպիսի մարդ է, այլ նաև այն պատճառով, որ առանց պոլիմետիս մակդիրի չի կարող հեշտորեն հարմարեցվել բանաստեղծական չափին: […] Հոմերյան մակդիրները բարեպաշտորեն չափազանցված են: Բանաստեղծն ուներ նման ձևով գործող հազարավոր տաղաչափական բանաձևեր, որ կարող էին հարմարեցնել նրա փոփոխվող տաղաչափական կարիքներին համարյա ցանկացած իրադրություն, անձ, իր կամ գործողություն: Իրապես, «Իլիականում» և «Ոդիսականում» բառերի մեծ մասը ի հայտ է գալիս որպես ճանաչելի բանաձևերի մաս:

Փերրիի աշխատանքն ապացուցեց, որ տաղաչափորեն հարմարեցված բանաձևերը կարգավորում էին անտիկ հունական էպոսի շարադրանքը և որ բանաձևերը կարող էին հմտորեն տեղափոխվել`առանց խախտելու պատումի գիծը կամ ոճը: Արդյոք ասացողները իսկապես տեղաշարժո՞ւմ էին բանաձևերն այնպես, որ նույն պատմության տաղաչափորեն ճիշտ, տարբեր անհատական կատարումներ բառ առ բառ չէին համընկնում: Կամ գուցե ասացողը պատմությունն իմանում էր բառացիորեն, այնպես որ ամեն անգամ կատարում էր նույնությամբ: Քանի որ բոլոր մինչգրային հոմերյան բանաստեղծները երկու հազար տարուց էլ շատ առաջ մահացել են, ապա չեն կարող ձայնագրվել ուղղակի վկայության համար: Սակայն ուղղակի վկայություն հնարավոր եղավ ստանալ ժամանակակից Հարավսլավիայում ապրող վիպերգակ բանաստեղծներից: Մի երկիր, որը հարակից է և մասամբ էր ընդհանուր տարածքներ ունի անտիկ Հունաստանի հետ: Փերրին պարզեց, որ այս բանաստեղծները շարադրում են այնպիսի բանավոր էպիկական պատմություններ, որոնց համար տեքստեր չկային: Նրանց վիպերգերը, Հոմերոսի պոեմների նման, չափածո և բանաձևային էին, թեև նրանց բանաստեղծության չափը, կարող էր և տարբեր լինել անտիկ հունական դաքտիլային հեքսամետրից: Լորդը շարունակեց և ընդլայնեց Փերրիի աշխատանքը` աստիճանաբար ստեղծելով մերօրյա հարավսլավական բանասացների բանավոր ձայնագրությունների ծավալուն հավաքածու, որն այժմ կազմում է Հարվարդի համալսարանի Փերրիի հավաքածուն:

Հարավսլավական այս կենդանի բանասացների մեծ մասը և վստահորեն` նրանցից լավագույնները, անգրագետ են: Լորդը պարզեց, որ գրել և կարդալ սովորելը զրկում է բանասացին իր ունակությունից` նրա գիտակցություն ներմուծելով տեքստի որպես պատմողությունը վերահսկողի հասկացությունը և դրանով իսկ խոչընդոտում բանավոր շարադրման հոլովույթները, որոնք ոչ մի կապ չունեն տեքստի հետ, այլ «իշողությունն են երգված երգերի»:

Երգված երգերի` բանավոր պոետների հիշողությունը աշխույժ է. Ինչպես Լորդն է վկայում, բնավ «անսովոր բան չէր»` հանդիպել հարավսլավացի բարդի, որը երգեր «րոպեում տասից մինչև քսան տասնավանկ տող»: Այնուամենայնիվ, ձայնագրված երգերի համեմատությունն ի հայտ է բերում, որ դրանք, թեև լինելով տաղաչափորեն ճիշտ, երբեք երկու անգամ նույնությամբ չէին երգվում: Հիմնականում նույն բանաձևերը և թեմաները կրկնվում էին, բայց յուրաքանչյուր կատարման մեջ դրանք իրար կապված կամ «ռապսոդված» էին տարբեր կերպ (անգամ եթե կատարողը նույն պոետն էր)` կախված լսարանի արձագանքից, պոետի տրամադրությունից կամ տվյալ առիթից և այլ սոցիալական ու հոգեբանական գործոններից: Քսաներորդ դարի բարդերի կատարումների ձայնագրությունները լրացվեցին նրանց հետ բանավոր հարցազրույցների ձայնագրություններով: Այս հարցազրույցներից և ուղղակի դիտարկումից մեզ հայտնի է, թե նրանք ինչպես են սովորում. ամիսներ և տարիներ շարունակ լսելով ուրիշ բարդերի, որոնք երբեք պատմությունը երկու անգամ նույն ձևով չեն երգում, այլ նորից ու նորից օգտագործում են ստանդարտ բանաձևերը ստանդարտ թեմաների վերաբերյալ: Ինչ խոսք, բանաձևերը ինչ-որ ձևով փոփոխական են, ինչպես նաև թեմաները, և տվյալ պոետի` պատմություններ ռապսոդացնելը կամ «իրար կապելը» նկատելիորեն կտարբերվի ուրիշների արածից: Որոշ դարձվածքներ կլինեն յուրօրինակ: Բայց ըստ էության նյութերը, թեմաները և բանաձևերը և դրանց օգտագործումը պատկանում են հստակորեն ճանաչելի ավանդության: Յուրահատկությունը արդյունք էր ոչ թե նոր նյութեր ներմուծելու, այլ ավանդական նյութերը ազդեցիկ ձևով հարադրելու` յուրաքանչյուր առանձին, եզակի իրադրության մեջ և լսարանի համար:

Կարդալ նաև

Մշակութաբանություն Վալտեր Օնգը և մեդիումի տեսությունը Հրաչ Բայադյան Իր աշխատությունը Վ. Օնգը խիստ ընդհանուր և համառոտ ձևով բնութագրում է այսպես. «Այս գրքի առարկան բանավորության և գրագիտության միջև եղած տարբերությունն է»*: Այս խնդրի նկատմամբ ուշադրության առաջացումը և հետազոտական ավանդության ձևավորումը տևական… Մշակութաբանություն Ռուդոլֆ Կասսներ Մաքս Ռյուխներ «Երկրորդ ուղևորությունը» ինքնակենսագրական հատորում Ռուդոլֆ Կասսները նկարագրում է Մորավիայում իր մանկությունը` ընդգծելով, սակայն, որ ընտանիքը ներգաղթել է Շլեզիայից: Նշանակալի է այն, որ նա Սիլեզիացի է (Silesius), – Յակոբ Բյոմեն էլ էր իրականում… Մշակութաբանություն Մուշի բանալի Արա Գուրզադյան …բանալի ու բանալիություն է փնտրում… Ի՞նչ ես փակել և ի՞նչ ես բացել դու, երբ Հայրենիքի մարմինը դեռ կաթվածահար չէր իր ոգեզարկերակը արձանագրող վանքերում: Երբ Երկինքը դեռ մուտք ուներ Երկիր մարդիրեղենության բոլոր մանրուքներում: Քեզ վստահված դռան…