Ռուբիկոն

Բանավորություն և գրագիտություն. բառի տեխնոլոգիականացում (հատվածներ գրքից)

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Պլատոնի դիրքորոշման թուլություններից մեկն այն էր, որ նա, առավել ազդեցիկ լինելու նպատակով, իր առարկությունները կատարել է գրավոր տեսքով (ծ): Ճիշտ այդպես, տպագրությանը հակադիր դիրքորոշումներն ունեին նման մի թուլություն. դրանց կողմնակիցները, ավելի մեծ ազդեցության հասնելու համար, տպագրում էին իրենց առարկությունները: Հակահամակարգչային դիրքորոշումներն ունեն միևնույն թուլությունը: Դրանց կողմնակիցները, նույն նպատակով, իրենց տեսակետն արտահայտում են հոդվածներում կամ գրքերում, որոնք տպագրվելու համար շարադրվում են համակարգչային պաստառների վրա: Թե՛ գրությունը, թե՛ տպագրությունը և թե՛ համակարգիչը` բոլորն էլ բառի տեխնոլոգիականացման ձևեր են:

Երբ բառն այլևս տեխնոլոգիականացած է, բառի հետ տեխնոլոգիայի արածը քննադատելու ազդե- ցիկ այլ ձև չես գտնի, բացի մատչելի ամենաբարձր տեխնոլոգիայի օգնությանը դիմելուց: Ավելին, նոր տեխնոլոգիան չի օգտագործվում միայն քննադա- տությունը հաղորդելու համար, իրականում այն գոյություն է տալիս քննադատությանը: Պլատոնի փիլիսոփայական վերլուծական մտածողությունը, ինչպես տեղյակ ենք Հավելոկի աշխատանքից, ներառյալ գրության` նրա քննադատությունը, հնարավոր եղավ միայն այն ազդեցությունների շնորհիվ, որ գրությունը սկսել էր ունենալ մտածողական հոլովույթների վրա [3]: […]

Այսպիսի դիտարկումները մեզ զգուշացնում են, որ բուն խոսվող բառի և իր բոլոր տեխնոլոգիական փոխակերպումների փոխհարաբերությունները հարուստ են պարադոքսներով: Այս դեպքում մարդուն մտատանջող բարդությունների պատճառն ակներևորեն նրա խելքի ռեֆլեքսային բնույթն է`անընդհատ ինքն իրեն անդրադառնալու ունակությունը: Դրա պատճառով, անգամ արտաքին գործիքները, որ նա օգտագործում է իր աշխատանքում, «ներքնայնացվում են»` դառնալով իր սեփական ռեֆլեքսային ընթացքի մի մասը:

Գրությանը ներհատուկ առավել ապշեցուցիչ պարադոքսներից մեկը մահվան հետ սերտ առնչությունն է: Այս առնչությունը ենթադրվում է Պլատոնի այն մեղադրանքի մեջ, թե գրությունը անմարդկային է, առարկայի պես մի բան և որ այն քայքայում է հիշողությունը: Այն առատորեն տարածված է նաև գրության (կամ տպագրության) մասին անհամար վկայություններում, որ կարելի է գտնել մեջբերումների տպագիր բառարաններում` Պողոս Առաքյալի խոսքից. «Գիրն սպանում է, իսկ հոգին` կենդանացնում» (Բ Կորնթ. Գ.6) և Հորատիուսի դիմումից իր «Հիմների» երեք գրքերին որպես «հուշարձանի» (որ կանխագուշակում է նրա մահը), մինչև Հենրի Բոգանի հավաստիացումը Սըր Թոմաս Բոդլիին, թե Օքսֆորդի Բոդլիյան գրադարանում «յուրաքանչյուր գիրք քո տապանագիրն է»: Բրաունինգը («Փիփան անցնում է» ստեղծագործության մեջ) ուշադրություն էր հրավիրում տպագիր գրքի էջերի միջև կենդանի ծաղիկը սեղմելով սպանելու տարածված սովորության վրա. «թառամած դեղին ծաղիկներ/էջի և էջի արանքում»: Պարադոքսն այն փաստի մեջ է, որ տեքստի մեռյալությունը, կենդանի մարդկային կենսաշխարհից հեռացածությունը, նրա տեսողական կոշտ սևեռվածությունը երաշխավորում են նրա տևականությունը և ըստ էության անվերջ թվով կենդանի ընթերցողների կողմից, անսահմանափակ թվով կենդանի իրադրություններում վերակենդանացվելու կարողությունը:

Գրությունը տեխնոլոգիա է

Պլատոնը գրության մասին մտածում էր որպես արտաքին, օտար տեխնոլոգիայի, ինչպես շատերն այսօր մտածում են համակարգչի մասին: Մենք արդեն այնպիսի խորությամբ ենք ներքնայնացրել գրությունը և դարձրել մեր իսկ մի մասը (մի բան, որ Պլատոնի դարաշրջանը դեռ չէր հասցրել ամբողջովին անել), որ դժվարանում ենք այն դիտարկել որպես տեխնոլոգիա այնպես, ինչպես սովորաբար տպագրությունը և համակարգիչն ենք տեխնոլոգիա համարում: Մինչդեռ գրությունը (և հատկապես այբբենական գրությունը) տեխնոլոգիա է, որ պահանջում է գործիքների և այլ հարմարանքների օգտագործում. վրձին կամ գրիչ, խնամքով պատրաստված մակերևույթ` ինչպես թուղթը, կենդանու կաշին, փայտի շերտերը, ինչպես նաև թանաք կամ ներկ և բազմաթիվ այլ բաներ: Քլանչին իր գրքի «Գրության տեխնոլոգիան» բաժնում մանրամասնորեն քննարկում է այս հարցը արևմտյան միջնադարի համատեքստում [1]: Որոշ առումով գրությունը երեք տեխնոլոգիաներից առավել արմատականն է: Գրությունը սկիզբնավորեց այն, ինչ տպագրությունն ու համակարգիչը միայն շարունակում են` շարժուն հնչյունի փոխակերպումն անշարժ տարածության, բառի անջատումը կենդանի ներկայից, որտե՛ղ միայն խոսվող բառերը կարող են գոյել:

Ի հակադրություն բնական, բանավոր խոսքի, գրությունը լիովին արհեստական է: Չկա «բնա- կանորեն» գրելու որևէ ձև: Բանավոր խոսքը լիովին բնական է մարդկանց համար այն առումով, որ ամեն մի մշակույթում յուրաքանչյուր մարդ, որը չունի ֆիզիոլոգիական կամ հոգեբանական անկարողություն, սովորում է խոսել: Խոսելն իրագործում է գիտակցական կյանքը, բայց այն գիտակցություն է հորդում անգիտակցական խորքերից, թեև, իհարկե, հասարակության գիտակցական, ինչպես նաև անգիտակցական համագործակցությամբ: Քերականական կանոնները կենում են անգիտակցականի մեջ այն առումով, որ մարդը կարող է իմանալ, թե ինչպես օգտագործի այդ կանոնները և անգամ` ինչպես հաստատի նոր կանոններ, առանց ի վիճակի լինելու ասել, թե դրանք ինչ բան են:

Որպես այդպիսին գրությունը կամ գիրը տարբեր է խոսքից նրանով, որ անպայմանորեն չի բխում անգիտակցականից: Խոսակցական լեզուն գրության վերածելու ընթացքը կառավարվում է գիտակցաբար հորինված, հստակորեն արտահայտելի կանոններով: Օրինակ` ինչ-որ պատկերագիր կարող է փոխարինել մի որոշակի բառի, ա նշանը կներկայացնի որոշակի հնչույթ, բ նշանը` մեկ ուրիշ և այլն: (Սրանով չի մերժվում այն հանգամանքը, որ գրությամբ ստեղծված «գրող-ընթերցող» իրադրությունը խորապես ազդում է գրավոր շարադրման ժամանակ գործող անգիտակցական ընթացքների վրա այն բանից հետո, երբ մարդն արդեն յուրացրել է բացահայտ, գիտակցական կանոնները:)

Ասել, որ գրությունն արհեստական է, չի նշանակում դատապարտել այն, այլ` գովաբանել: Ուրիշ արհեստական ստեղծագործությունների նման, իսկ իրականում` ավելի, քան ուրիշ որևէ մեկը, այն ծայրահեղորեն անգնահատելի է և իսկապես էական` մարդու ներքին կարողություններն առավելագույն չափով իրականացնելու համար: Տեխնոլոգիաները զուտ արտաքին օգնականներ չեն, այլև գիտակցության ներքին փոխակերպիչներ և առավելապես այն դեպքում, երբ ազդում են բառի վրա: Այդպիսի փոխակերպումը կարող է լինել բարձրացնող: Գրությունը վեր է մղում գիտակցությունը: Բնական միջավայրից օտարումը կարող է նպաստավոր լինել մեզ համար և իսկապես շատ դեպքերում էական է մարդկային ողջ կյանքի համար: Լիակատար ձևով ապրելու և հասկանալու համար մենք կարիք ունենք ոչ միայն մերձության, այլև հեռավորության: Գիտակցության համար այս հնարավորությունը գրությունն ապահովում է ավելի լավ, քան որևէ այլ միջոց: Տեխնոլոգիաներն արհեստական են, բայց, ևս մի պարադոքս, արհեստականությունը բնական       է մարդկանց համար: Պատշաճորեն ներքնայնացված տեխնոլոգիան ոչ թե վատթարացնում է մարդկային կյանքը, այլ ընդհակառակը` բարելավում: Օրինակ` ժամանակակից նվագախումբն արդյունք է բարձր տեխնոլոգիայի: Ջութակը բառացիորեն մի գործիք է, երգեհոնը` հսկա մեքենա` ուժի աղբյուրներով (պոմպեր, փուքսեր, էլեկտրական գեներատորներ), որոնք ամբողջովին նվագողից դուրս գտնվող բաներ են: Բեթհովենի հինգերորդ սիմֆոնիայի պարտիտուրը բաղկացած է խիստ ճշգրիտ հրահանգներից` ուղղված մեծապես կրթված կատարողներին, որոնք ցույց են տալիս, թե ինչպես պետք է օգտագործել գործիքները: Legato. չվերցնել մատը ստեղնի վրայից մինչև մյուսը սեղմելը: Staccato. խփել ստեղին և անմիջապես վերցնել մատը: […] Փաստն այն է, որ օգտագործելով մեխանիկական միջոց, ջութակահարը կամ երգեհոնահարը կարող է արտահայտել հոգեցունց կերպով մարդկային մի բան, որ չի կարող արտահայտվել առանց մեխանիկական սարքի: Այդպիսի արտահայտման հասնելու համար երաժիշտը ներքնայնացրել է տեխնոլոգիան, դարձրել է գործիքը կամ մեքենան իր երկրորդ բնությունը, իր հոգեբանական մասնիկը: Սա պահանջում է տարիների պրակտիկա` սովորելու, թե ինչպես անել, որ գործիքն անի այն, ինչ կարող է անել: Գործիքի հետ մերձենալու այս աշխատանքը, տեխնոլոգիական հմտություններ սովորելը դժվար թե կատարողին զրկի մարդկային հատկություններից: Տեխնոլոգիայի գործածությունը կարող է հարստացնել մարդու ձայնը, հոգին, ընդլայնել ոգին և սաստկացնել ներքին կյանքը: Գրությունն էլ ավելի խորությամբ ներքնայնացված տեխնոլոգիա է, քան գործիքային երաժշտական կատարումը: Սակայն հասկանալու համար, թե ինչ է այն, որ նշանակում է հասկանալ այն իր անցյալի` բանավորության հետ հարաբերության մեջ, պետք է ազնվորեն ընդունել այն փաստը, որ գրությունը տեխնոլոգիա է:

Կարդալ նաև

Մշակութաբանություն Վալտեր Օնգը և մեդիումի տեսությունը Հրաչ Բայադյան Իր աշխատությունը Վ. Օնգը խիստ ընդհանուր և համառոտ ձևով բնութագրում է այսպես. «Այս գրքի առարկան բանավորության և գրագիտության միջև եղած տարբերությունն է»*: Այս խնդրի նկատմամբ ուշադրության առաջացումը և հետազոտական ավանդության ձևավորումը տևական… Մշակութաբանություն Ռուդոլֆ Կասսներ Մաքս Ռյուխներ «Երկրորդ ուղևորությունը» ինքնակենսագրական հատորում Ռուդոլֆ Կասսները նկարագրում է Մորավիայում իր մանկությունը` ընդգծելով, սակայն, որ ընտանիքը ներգաղթել է Շլեզիայից: Նշանակալի է այն, որ նա Սիլեզիացի է (Silesius), – Յակոբ Բյոմեն էլ էր իրականում… Մշակութաբանություն Մուշի բանալի Արա Գուրզադյան …բանալի ու բանալիություն է փնտրում… Ի՞նչ ես փակել և ի՞նչ ես բացել դու, երբ Հայրենիքի մարմինը դեռ կաթվածահար չէր իր ոգեզարկերակը արձանագրող վանքերում: Երբ Երկինքը դեռ մուտք ուներ Երկիր մարդիրեղենության բոլոր մանրուքներում: Քեզ վստահված դռան…