Բանավորություն և գրագիտություն. բառի տեխնոլոգիականացում (հատվածներ գրքից)
Բարեբախտաբար գրագիտությունը, թեև կլանում է իր բանավոր նախորդներին և, անուշադիր գտնվե- լու դեպքում, նույնիսկ քանդում դրանց մասին հիշողությունը, նաև անսահմանորեն հարմարեցվող է տարբեր կիրառությունների: Այն կարող է նաև վերականգնել բանավորության մասին հիշողությունը: Գրագիտությունը կարող է օգտագործվել` վերակառուցելու մեզ համար մարդկային անխառն գիտակցությունը, որը բնավ գրագետ չէր, առնվազն վերակառուցելու այդ գիտակցությունը բավականաչափ լավ, թեև ոչ կատարյալ ձևով (մենք երբեք չենք կարող մոռանալ մեր ծանոթ ներկան, մեր մտքերում վերակազմելու համար որևէ անցյալ ժամանակ իր լիակատար ամբողջականությամբ):
Այսպիսի վերակառուցումը մեզ կարող է տալ ավելի լավ հասկացողությունը այն բանի, թե գրագիտութ- յունն ինքը ինչ նշանակություն է ունեցել դեպի բարձր տեխնոլոգիական մշակույթներ տանող ճա- նապարհին մարդու գիտակցությունը կերտելու գործում: […]
Բանավորության մի շարք հոգեդինամիկական7 հատկանիշներ
Հնչող բառը որպես իշխանություն և գործողություն
Հակիրճության համար, երբ համատեքստը հստակ է դարձնում իմաստը, ես առաջնային բանավոր մշակույթները (մշակույթներ, որոնց չի դիպել գրությունը) պարզապես կանվանեմ բանավոր մշակույթներ: Լիովին գրագետ մարդիկ մեծ դժվարությամբ միայն կարող են պատկերացնել, թե ինչ բան է առաջնային բանավոր մշակույթը, այսինքն` այնպիսի մշակույթ, որը ոչինչ չգիտի գրության կամ նույնիսկ գրության հնարավորության մասին: [..]
Առանց գրության, բառերը որպես այդպիսին չունեն տեսողական ներկայություն` անգամ եթե առար- կաները, որ նրանք ներկայացնում են, տեսանելի են: Դրանք հնչյուններ են: [..]
Իմանալու համար, թե ինչ բան է առաջնային բանավոր մշակույթը և ինչ բնույթ ունի նման մշակույթին վերաբերող մեր խնդիրը, օգտակար է նախ անդրադառնալ իր իսկ հնչյունի որպես այդպիսինի բնույթին: Բոլոր զգայությունները տեղի են ունենում ժամանակի մեջ, բայց ձայնը, ի տարբերություն մարդու զգայության մեջ գրանցվող այլ տիրույթների, ժամանակի հետ հատուկ փոխհարաբերություն ունի: Հնչյունը գոյություն ունի միայն այն ժամանակ, երբ դադարում է գոյություն ունենալուց: Այն ոչ թե պարզապես անցողիկ է, այլ վաղանցուկ է ըստ էության և զգայվում է որպես վաղանցուկ: Երբ ես արտաբերում եմ «հարատևություն» բառը, այն պահին, երբ սկսում եմ «-տևություն»-ը, «հարա-»-ն արդեն անցած է և պետք է անցած լինի:
Չկա հնչյունը կանգնեցնելու և ունենալու ոչ մի ձև: Ես կարող եմ կանգնեցնել շարժանկարի խցիկը և պաստառի վրա սևեռված պահել մի դրվագ: Երբ ես կանգնեցնեմ հնչյունի շարժումը, կունենամ ոչինչ` միայն լռություն, ոչ մի ձայն: Ցանկացած զգայություն տեղի է ունենում ժամանակի մեջ, բայց զգայության և ոչ մի այլ տիրույթ այս ձևով ամբողջովին չի դիմադրում պահման գործողությանը, կայունացմանը: Տեսողությունը կարող է արձանագրել շարժումը, բայց կարող է արձանագրել նաև անշարժությունը: Իրականում այն գերադասում է անշարժությունը, քանի որ տեսողությամբ որևէ բան մանրամասնորեն քննելու համար մենք նախընտրում ենք ունենալ այն հանգիստ վիճակում: Մենք հաճախ շարժումը հանգեցնում ենք անշարժ պատկերների շարքի` ավելի լավ տեսնելու համար, թե ինչ է շարժումը: Հնչյունի համար անշարժ պատկերի համարժեքը չկա: [..]
Այն փաստը, որ բանավոր մարդիկ սովորաբար և, ամենայն հավանականությամբ, համընդհանրորեն համարում են, թե բառերն ունեն մոգական կարողություն, հստակորեն կապված է (առնվազն անգիտակցական ձևով), բառերի որպես անհրաժեշտաբար ասված, հնչեցված, ուստի և ուժով քշվող բաների հետ: Խորապես արմատացած տպագրական ավանդության ազդեցությամբ մարդիկ մոռացել են այն ընկալումը, որ բառերը առաջին հերթին բանավոր են, որ դրանք իրադարձություններ են և ըստ այդմ` օժտված են իշխանությամբ: Նրանց ընկալման մեջ բառերն ավելի հակված են խառնվելու իրերին, քանի որ գտնվում են ինչ-որ տեղ հարթ մակերեսի վրա: Այսպիսի «իրերը» այդքան էլ պատրաստակամ չեն` զուգորդվելու մոգականի հետ: Չէ որ դրանք գործողություն չեն, այլ արմատական իմաստով` մեռած, թեև ենթակա դինամիկ վերակենդանացման: […]
Դուք գիտեք այն, ինչ կարող եք վերհիշել. մտապահման արվեստ և բանաձևեր
Բանավոր մշակույթում բառի` միայն հնչելով սահմանափակված լինելը որոշում է ոչ միայն արտահայտության եղանակները, այլև մտածողության հոլովույթները:
Դուք գիտեք այն, ինչ կարող եք վերհիշել: Երբ մենք ասում ենք, թե գիտենք էվկլիդյան երկրաչափությունը, մենք նկատի չունենք, որ այդ պահին հիշում ենք այդ երկրաչափության բոլոր պնդումներն ու ապացույցները, այլ ավելին` որ կարող ենք հեշտությամբ մտաբերել դրանք: Մենք կարող ենք վերհիշել դրանք: «Դու գիտես այն, ինչ կարող ես վերհիշել» պնդումը կիրառելի է նաև բանավոր մշակույթների նկատմամբ: Բայց ինչպե՞ս է վերհիշում բանավոր մշակույթի մարդը: Կազմակերպված գիտելիքը, որ այսօր գրագետ մարդիկ սովորում են այնպես, որ «գիտեն», այսինքն` կարող են վերհիշել, գրեթե առանց բացառության հավաքվել և մատչելի է դարձվել գրավոր տեսքով: Դա ճիշտ է ոչ միայն էվկլիդյան երկրաչափության, այլ նաև Ամերիկյան հեղափոխության պատմության կամ նույնիսկ բեյսբոլում հարվածող խաղացողի միջին արդյունավետության չափի կամ երթևեկության կարգավորման եղանակների վերաբերյալ:
Բանավոր մշակույթը չունի տեքստեր: Ուրեմն ինչպե՞ս է այստեղ կազմակերպված նյութն ի մի բերվում հիշելու նպատակով: Սա նույնն է, թե հարցնել. բանավոր մշակույթում ի՞նչ գիտեն կամ կարող են իմանալ կազմակերպված ձևով:
Ենթադրենք, թե բանավոր մշակույթի մարդը նպատակ ունի սկզբից մինչև վերջ մտածել մի բարդ խնդիր, լուծել խնդիրը և կարողանալ արտահայտել լուծումը, որն իր հերթին համեմատաբար բարդ է` բաղկացած, ասենք, մի քանի հարյուր բառից: Ինչպե՞ս է նա հետագա վերհիշման նպատակով պահպանում այդպես ջանադրաբար բառերի վերածված լուծումը: Որևէ գրության լիակատար բացակայության պայմաններում մտածողից դուրս չկա ոչինչ, ոչ մի տեքստ, որը թույլ կտար նրան նորից առաջ բերելու մտածողության նույն գիծը կամ նույնիսկ ստուգելու, թե արդյոք ինքն այդպես է արել, թե ոչ: Հիշողությանն օգնող այնպիսի միջոցներ, ինչպիսիք են խազված ձողիկները կամ խնամքով դասավորված առարկաների շարքը, ինքնին բավարար չեն վերստանալու համար պնդումների բարդ շարքը: Իրոք, առաջին հերթին ինչպե՞ս կարող է առհասարակ երկար, վերլուծական մեկնաբանությունը ի մի բերվել: Զրուցակցի գոյությունը ըստ էության վճռական գործոն է, քանի որ դժվար է ժամեր շարունակ խոսել ինքդ քեզ հետ: Բանավոր մշակույթում տևական մտածողությունը կապված է հաղորդակցության հետ:
Բայց անգամ եթե ունկնդիրը խթան է հանդիսանում և օգնում հող ստեղծել մտածողության համար, քո մտքի մասնիկներն ու հատվածները չեն կարող պահպանվել համառոտ նշումների տեսքով: Առհասարակ ինչպե՞ս պիտի մտաբերես այն, ինչը այդպիսի մեծ ջանքերի գնով ես ձեռք բերել:
Միակ պատասխանը սա է. մտածիր մտապահելի մտքեր: Առաջնային բանավոր մշակույթում, արդյունավետորեն լուծելու համար լավ հոդավորված միտքը պահպանելու և վերստանալու խնդիրը, հարկ է մտածողությունն իրականացնել մտապահ- ման այնպիսի ձևերով, որոնք մշակվել են` ըստ անհրաժեշտության բանավոր կրկնությունն ապահովելու համար: Քո միտքը պետք է գոյություն առնի մեծապես ռիթմային, հավասարակշռված մոդելների մեջ, կրկնությունների կամ հակադրույթների, ալիտերացիաների և ասոնանսների տեսքով, էպիտետային և բանաձևային տեսք ունեցող այլ արտահայտություններով, ասացվածքներով, որոնք մշտապես կարելի է լսել ամեն մեկից, ուստի դրանք առանց դժվարության միտքդ են գալիս և հենց իրենք էլ մոդելավորված են պահպանելու և ըստ անհրաժեշտության վերհիշելու համար կամ ուրիշ մնեմոնիկ ձևերով: Լուրջ մտածողությունը փոխհյուսված է հիշողության համակարգերի հետ: Մտապահման կարիքները անգամ որոշում են շարադասությունը: