Ռուբիկոն

Բանավորություն և գրագիտություն. բառի տեխնոլոգիականացում (հատվածներ գրքից)

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Ի՞նչ է «գրությունը» կամ «գիրը»

Գրությունը, բառիս ճշգրիտ իմաստով, այն տեխնոլոգիան, որը ձևավորել և զորացրել է ժամանակակից մարդու մտավոր գործունեությունը, մշակվել է մարդկության պատմության շատ ուշ շրջանում: Homo Sapiens-ը երկրի վրա է թերևս մոտ 50 000 տարի: Առաջին գիրը կամ իսկական գրությունը, որ մեզ հայտնի է, մշակել են շումերները Միջագետքում, մեր թվարկությունից միայն 3500 տարի առաջ:

Մարդիկ նկարներ էին նկարում դրանից շատ հազարամյակներ առաջ: Տարբեր հասարակություններ օգտագործել են զանազան գրանցման հարմարանքներ կամ «հուշանիշեր» (հիշողությանն օգնող միջոցներ, aides-memoire). խազված ձողեր` քենջեր, խճաքարերի շարաններ, հաշիվ վարելու այլ հարմարանքներ, ինչպես ինկերի քուիպուն (ձող, որից կախված են պարաններ, իսկ վերջինների վրա կապված են ուրիշ պարաններ) և այլն: Բայց գիրն ավելին է, քան սոսկ հիշողությանն օգնող միջոցը: Անգամ լինելով պատկերագրային` գիրն ավելին է, քան պատկերները: Պատկերները ներկայացնում են առարկաներ: Նկարը, որտեղ պատկերված են մարդ, տուն և ծառ, ինքնին ոչինչ չի ասում: (Այն կարող է ինչ-որ բան ասել, եթե տրված է պատշաճ կոդը կամ համաձայնությունների բազմությունը: Բայց կոդը հնարավոր չէ նկարել, եթե, իհարկե, չդիմես մեկ ուրիշ կոդի օգնության, որն իր հերթին չի կարող ներկայացվել նկարներով: Վերջին հաշվով կոդերը պետք է բացատրվեն նկարից տարբեր մի բանով. այն է` մարդու համար հասկանալի որևէ ձևով. բառերով կամ մարդկային կյանքի ամբողջական համատեքստի օգնությամբ:) Գիրը` իսկական գրության իմաստով, ինչպես հասկացվում է այստեղ, բաղկացած չէ սոսկ նկարներից, իրերի ներկայացումներից, այլ է՛ ներկայացումը ասույթի, բառերի, որ ինչ-որ մեկն ասում է կամ պատկերացվում է, թե ասում է:

Անշուշտ, հնարավոր է «գրության» տեղ ընդունել նշանային բնույթ ունեցող յուրաքանչյուր նշում, այն է` ամեն մի տեսանելի կամ զգայելի նշում, որ որևէ մեկն անում և իմաստ է վերագրում: Այդ դեպքում ժայռի վրա արված պարզ քերծվածքը կամ ձողի վրայի խազը, որ մեկնաբանելի է միայն անողի համար, կլինի «գրություն»: Եթե գրությունը հենց այդ նշանակեր, ապա իր հնությամբ այն թերևս համեմատելի կլիներ խոսքի հետ: Այդուհանդերձ, գրության այն հետազոտությունները, որոնք «գրություն» ասելով հասկանում են վերագրված իմաստ ունեցող ցանկացած նշում, իրար են խառնում գրությունն ու զուտ կենսաբանական վարքը: Ե՞րբ է ոտնահետքը կամ ինչ-որ տեղ արված արտաթորանքը կամ մեզը (կենդանիների բազմաթիվ տեսակների կողմից հաղորդակցության նպատակով օգտագործվող) դառնում «գրություն»: «Գրություն» տերմինի օգտագործումը նման ընդլայնված իմաստով, որ ներառում է ամեն մի նշանային բնույթ ունեցող նշում, պարզունակ է դարձնում նրա իմաստը: Դեպի գիտելիքների նոր աշխարհներ արմատական և եզակի ճեղքում մարդկային գիտակցություններում ձեռք բերվեց ոչ այն ժամանակ, երբ հնարավոր դարձավ այդպիսի պարզ նշումներ անելը, այլ` երբ հորինվեց տեսանելի նշանների կոդավորված համակարգ, որով գրողը կարող էր որոշել ճշգրիտ բառերը, որ ընթերցողը պիտի առաջ բերեր տեքստից: Մեզ համար սովորաբար հենց այս է նշանակում գրությունը իր խստորեն որոշակի իմաստով:

Այս լրիվ իմաստով գրի կամ գրության դեպքում կոդավորված տեսանելի նշանները այնպես ամբողջովին են ներգրավում բառերը, որ ձայնի մեջ առաջացող կատարելապես բարդ կառույցները և առնչությունները կարող են տեսանելի ձևով և ճշգրտորեն գրանցվել իրենց առանձնահատուկ բարդությամբ հանդերձ: Եվ հենց տեսանելի ձևով արձանագրված լինելու շնորհիվ հնարավոր է դառնում մարմնավորել էլ ավելի նրբին կառույցներ ու առնչություններ, որով գրությունը մեծապես գերազանցում է բանավոր արտահայտության հնարավորությունները: Այս ընդունված իմաստով հասկացված` գրությունը եղել է և է՛ մարդկության բոլոր տեխնոլոգիական գյուտերից առավել կարևորը: Այն խոսքի պարզ հավելված չէ: Քանի որ գրությունը տեղափոխում է խոսքը «բերանային-լսողական» տիրույթից դեպի տեսողական զգայության նոր աշխարհ, ապա դրանով իսկ փոխակերպում է խոսքը, ինչպես նաև մտածողությունը: Ձողերի վրա արված խազերը և հիշողությունը սատարող այլ միջոցները տանում են դեպի գրություն, բայց չեն վերակառուցում մարդկային կենսաշխարհն այնպես, ինչ- պես իսկական գրությունն է անում: […]

Հիմնական հղումներ

  1. Clanchy, M. T., From Memory to Written Record: England, 1066-1307, Cambridge, Harvard Uni- versity Press, 1979.
  2. Finnegan, Ruth, Oral Poetry: Its Nature, Signifi- cance, and Social Context, Cambridge University Press, 1977.
  3. Havelock, Erik A., Preface to Plato, Cambridge, Harvard University Press, 1963.
  4. Lord, Alvert B., The Singer of Tales, Harvard Stud- ies in Comparative Literature, 24, 1960, Harvard University Press.
  5. Lowry, Martin, The World of Aldus Manutius: Busi- ness and Scholarship in Renaissance Venice, New York, Cornell University Press, 1979.
  6. Parry, Milman, The Making of Homeric Verse: The Collected Papers of Milman Parry, ed. by Adam Parry, Oxford, Clarendon Press, 1971.
  7. Saussure, Ferdinand de, Course in General Lin- guistics, trans. by Wade Baskin, New York, 1959 (ֆրանսերեն բնագիրը հրատարակվել է 1916- ին).

Ծանոթագրություններ

Թարգմանությունը կատարվել է հետևյալ հրատարակությունից. Walter J. Ong, Orality and Literacy: The Technologizing of the Word, Routledge, 1989:

1 Անգլերեն orality բառի բառացի թարգմանությունը պիտի լիներ «բերանացիություն»-ը, որ որոշ դեպքերում շատ ավելի տեղին է` առնվազն բերանի և խոսելու արարքի հետ հաղորդակցության և մշակույթի կապը ընդգծելու առումով: Այդուհանդերձ, գերադասեցինք «բանավորություն»- ը` հաշվի առնելով թե` բառի ընդունված լինելը, թե՛ տարբեր իրադրություններում բառի գործածության հարմարությունը:

2 Dialect/grapholect զույգը հայերեն կարող է լինել բարբառ/գրաբառ (եթե թույլ տրվի «գրաբառ» նորաբանությունը): Գերադասելի թվաց «գրաբառ»-ի փոխարեն` «գրային լեզու»-ն (ոչ թե գրական լեզու), մի լեզու, որը ունի գիր, գրության համակարգ, բայց անպայմանորեն գրական չէ:

3 Հայերեն «բանահյուսություն» բառը շատ լավ է գտնված, ունենալով Օնգի նկարագրած բոլոր հատկությունները, և ճիշտ այն բառն է, որ անգլերենում չկա:

4 «Մինչգրային» բառով անվանվում է այն լեզուն կամ մշակույթը, որը դեռևս գրային չէ, վերը պարզաբանված իմաստով: Օնգի մոտ prelitarate բառն է, որ literacy բառից է և նշանակում է գրագիտությունից առաջ եղած:

5 Հայերեն «երգ կապել» արտահայտությունը համապատասխանում է «ռապսոդել» բառի իմաստին և հավանաբար հղում է բանավոր ասացողության նույն առանձնահատկությանը:

6 Օնգի դիրքորոշման արևմտակենտրոնությունը և էվոլյուցիոնիզմը հստակորեն արտահայտվում է շատ տեղերում և արժանացել է քննադատության` հատկապես ոչ արևմտյան մշակույթների տեսանկյունից: Այս մասին տե՛ս թարգմանչի առաջաբանում:

7 «Հոգեդինամիկա» (psychodynamics) բառով անվանվում է փոխազդեցությունը այն զգայական ուժերի և ներքին մղումների, որոնք ազդում են մարդու վարքի և մտավոր վիճակների վրա, հատկապես ենթագիտակցական մակարդակում:

Անգլերենից թարգմանությունը`

Հրաչ Բայադյանի

Կարդալ նաև

Մշակութաբանություն Վալտեր Օնգը և մեդիումի տեսությունը Հրաչ Բայադյան Իր աշխատությունը Վ. Օնգը խիստ ընդհանուր և համառոտ ձևով բնութագրում է այսպես. «Այս գրքի առարկան բանավորության և գրագիտության միջև եղած տարբերությունն է»*: Այս խնդրի նկատմամբ ուշադրության առաջացումը և հետազոտական ավանդության ձևավորումը տևական… Մշակութաբանություն Ռուդոլֆ Կասսներ Մաքս Ռյուխներ «Երկրորդ ուղևորությունը» ինքնակենսագրական հատորում Ռուդոլֆ Կասսները նկարագրում է Մորավիայում իր մանկությունը` ընդգծելով, սակայն, որ ընտանիքը ներգաղթել է Շլեզիայից: Նշանակալի է այն, որ նա Սիլեզիացի է (Silesius), – Յակոբ Բյոմեն էլ էր իրականում… Մշակութաբանություն Մուշի բանալի Արա Գուրզադյան …բանալի ու բանալիություն է փնտրում… Ի՞նչ ես փակել և ի՞նչ ես բացել դու, երբ Հայրենիքի մարմինը դեռ կաթվածահար չէր իր ոգեզարկերակը արձանագրող վանքերում: Երբ Երկինքը դեռ մուտք ուներ Երկիր մարդիրեղենության բոլոր մանրուքներում: Քեզ վստահված դռան…