Ռուբիկոն

Բանավորություն և գրագիտություն. բառի տեխնոլոգիականացում (հատվածներ գրքից)

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Մաքուր բանավոր ավանդությունը կամ առաջնային բանավորությունը հեշտ չէ ըմբռնել ճշգրիտ և իմաստալից կերպով: Գրության մեջ մարմնացած բառերը թվում են իրերի նման, որովհետև մենք մտածում ենք բառերի մասին որպես տեսանելի նշանների, որոնք բառերի ազդանշանն են հղում վերծանողին: Մենք կարող ենք տեսնել այդպիսի արձանագրված «բառեր» և հպվել դրանց տեքստերի և գրքերի մեջ: Գրված բառերը մնացորդներ են: Բանավոր ավանդությունը չունի այսպիսի մնացորդ կամ նստվածք: Երբ հաճախ պատմվող բանավոր պատմությունը տվյալ պահին չի պատմվում, ապա այն ամենը, ինչ նրանից շարունակում է գոյություն ունենալ` այդ պատմությունը պատմելու, որոշ մարդկանց մեջ առկա կարողությունն է: Մենք (մարդիկ, որ կարդում են տեքստեր, ինչպիսին այս մեկն է) որպես կանոն այնպես արմատականորեն ենք գրագետ, որ բանավոր ավանդությանը բնորոշ իրադրության մեջ, որտեղ բառերով արտահայտվածը շատ քիչ է նման առարկայի, մեզ անհանգիստ կզգայինք: Որպես արդյունք, գիտությունն անցյալում ստեղծել է այնպիսի անճոռնի հասկացություններ, ինչպիսին է «բանավոր գրականություն»-ը (թեև դրա գործածությունն այսօր թեթևակիորեն նվազել է):

Ստուգապես անհեթեթ այս տերմինն այսօր շրջանառության մեջ է մնում անգամ գիտնականների շրջանում, թեև նրանք ավելի ու ավելի մեծ սրությամբ են հասկանում, որ այս հանգամանքը ցայտուն կերպով բացահայտում է մեր անկարողությունը` խոսքի մեջ մարմնացած մեր ժառանգությունը ինք- ներս մեզ ներկայացնելու որևէ այլ ձևով, քան գրությունը, անգամ եթե այն գրության հետ ոչ մի ընդհանուր բան չունի: Հարվարդի համալսարանի Բանավոր գրականության Միլման Փերիի մեծ հավաքածուն իր անունով հավերժացնում է ավելի շատ գիտնականների վաղ սերնդի, քան ավելի ուշ շրջանի գրադարանավարների ըմբռնողության վիճակը:

Կարելի է պնդել, ինչպես Ֆիննեգանն է անում, որ «գրականություն» տերմինը թեև սկզբնապես հորինված է գրավոր աշխատանքների համար, պարզապես ընդլայնվել է` ներառելով այնպիսի հարակից երևույթներ, ինչպիսին ավանդական բանավոր պատմությունն է գրության հետ առնչություն չունեցած մշակույթներում [2, էջ 16]: Այս ձևով ընդհանրացվել են սկզբնապես հատուկ նշանակություն ունեցող բազմաթիվ տերմիններ: Բայց հասկացությունները սովորություն ունեն իրենց մեջ ընդմիշտ կրելու իրենց ստուգաբանությունը: Տարրերը, որոնցից տերմինը սկզբնապես շինվել է, սովորաբար և հավանաբար ընդմիշտ, ինչ-որ ձևով մնում են հետագա իմաստների մեջ, թերևս քողարկված, բայց հաճախ զորեղ և անգամ անհաղթահարելի ձևով: Առավել ևս գրությունը, ինչպես մանրամասնորեն ցույց կտրվի հետագայում, ինքնին մի գործունեություն է, որ հակված է իր իշխանության շրջանակը ընդլայնելու` ջանալով իր մեջ առնել ուրիշ բաներ նույնիսկ առանց ստուգաբանության օգնության:

Թեև բառերը հիմնված են բանավոր խոսքի մեջ, գրությունը ինքնակոչ և բռնի ձևով ընդմիշտ բանտարկում է նրանց տեսողական տիրույթում: […] Սա նշանակում է, որ գրագետ մարդը չի կարող լիովին վերականգնել այն բանի զգացողությունը, թե ինչ է բառը զուտ բանավոր մարդկանց համար: […]

Թեև «մինչգրային» տերմինը ինքնին օգտակար է և երբեմն` անհրաժեշտ, անուշադիր օգտագործվելու դեպքում այն նույնպես առաջ է բերում խնդիրներ, որոնք նույնն են, ինչ «բանավոր գրականության» դեպքում, թեև ոչ այդքան շեշտված4 : […]

«Բանավոր գրականություն» և «մինչգրային» տերմինների հետ միասին, արժե խոսել նաև բանավոր արտահայտության «տեքստի» մասին: «Տեքստը» իր արմատի «հյուսել» իմաստով ըստ էության ստուգաբանորեն ավելի մոտ է բանավոր արտահայտությանը, քան «գրականությունը», որը ստուգաբանորեն հղում է այբուբենի գրերին: Բանավոր խոսքը, անգամ բանավոր միջավայրում, սովորաբար հասկացվել է որպես հյուսել կամ կարելով միացնել. rhapsօidein, ռապսոդել, որի հիմնական հունարեն նշանակությունն է` «կարել երգերը իրար»5 : Բայց իրականում, երբ գրագետ մարդիկ այսօր «տեքստ» տերմինն օգտագործում են բանավոր կատարման վերաբերյալ, նրանք դրա մասին մտածում են ինչպես գրության: [..]

Այժմ «բանավոր գրականություն» տերմինը բարեբախտաբար կորցնում է իր հիմքերը, բայց բնավ չի բացառվում, որ այն լիովին դուրս մղելու ցանկացած պայքար երբեք լիակատար հաղթանակով չի պսակվի: Գրագետ մարդկանց մեծամասնության համար բառերի որպես գրությունից ամբողջովին անջատված բաների մասին մտածելը խիստ դժվար բան է, եթե նույնիսկ դա պահանջում է լեզվաբանի կամ մարդաբանի մասնագիտական աշխատանքը:

Բառերը շարունակում են քեզ հասնել գրված տեսքով, անկախ նրանից, թե ինչ ես անում: Ավելին, բառերը գրությունից անջատելն իր մեջ հոգեբանական սպառնալիք է պարունակում, քանի որ գրագետ մարդու համար լեզվի նկատմամբ հսկողության զգացումը սերտորեն կապված է լեզվի տեսողական մարմնացումների հետ. առանց բառարանների, գրի առնված քերականական կանոնների, կետադրության և այն ապարատի մնացյալ մասի, որ դարձնում է բառերը այնպիսի մի բան, որ դու կարող ես զննել, ինչպե՞ս կարող են ապրել գրագետ մարդիկ: Ստանդարտ անգլերենի նման մի գրային լեզվի գրագետ օգտագործողներին մատչելի են բառարաններ, որոնք հարյուրավոր անգամ ավելի ընդարձակ են այն բառապաշարից, որ որևէ բանավոր լեզու կարող է տնօրինել: Այսպիսի լեզվաբանական աշխարհում բառարանները էական են: Կազմալուծող ազդեցություն կարող է ունենալ այն միտքը, որ գիտակցության մեջ ոչ մի բառարան էլ չկա, որ լեզուն որպես այդպիսին շատ ուշ շրջանում է ստացել բառարանագրային ապարատի հավելումը, որ բոլոր լեզուները մշակել են իրենց քերականությունը և զարգացրել այդ մշակումները բացարձակապես առանց գրության օգնության և որ հարաբերականորեն բարձր տեխնոլոգիական մշակույթներից դուրս լեզու օգտագործողների մեծամասնությունը միանգամայն հաջողությամբ յոլա է գնացել առանց ձայնային հնչյունի որևէ տեսողական փոխակերպման:

Իրոք որ բանավոր մշակույթներն ստեղծում են գեղարվեստական և մարդկային բարձր արժեք ունեցող հզոր և գեղեցիկ ասացողական կատարումներ, որոնք այլևս հնարավոր էլ չեն, երբ արդեն գրությունը տիրապետել է մարդու հոգեբանությանը: Այդուհանդերձ, առանց գրության մարդու գիտակցությունը չի կարող հասնել իր կարողությունների ավելի ամբողջական իրագործման, ստեղծել ուրիշ գեղեցիկ և հզոր ստեղծագործություններ: Այս իմաստով բանավորությունը կարիք ունի և դատապարտված է ստեղծելու գրություն6 : Գրագիտությունը, ինչպես ցույց կտրվի, բացարձակապես անհրաժեշտ է ոչ միայն գիտության, պատմության ու փիլիսոփայության զարգացման, այլև գրականության և բոլոր արվեստների մեկնաբանական ըմբռնողության զարգացման, ինչպես նաև հենց իր իսկ լեզվի (ներառյալ բանավոր խոսքը) բացատրության համար: Այսօր հազիվ թե աշխարհում մնացած լինի բանավոր կամ գերակշռորեն բանավոր մի մշակույթ, որն ինչ-որ ձևով հասու չլինի կարողությունների այն վիթխարի համալիրին, որը երբեք մատչելի չի լինի առանց գրագիտության: Այս բանի գիտակցությունը չարչարանք է պատճառում առաջնային բանավորության մեջ արմատացած մարդկանց, որոնք կրքոտ կերպով ցանկանում են գրագիտություն, շատ լավ իմանալով, որ գնալ դեպի գրագիտության գրավիչ աշխարհը նշանակում է ետևում թողնել գրավիչ և խորապես սիրելի շատ բան բանավոր աշխարհից: Հարկ է մեռնել` շարունակելու համար ապրել:

Կարդալ նաև

Մշակութաբանություն Վալտեր Օնգը և մեդիումի տեսությունը Հրաչ Բայադյան Իր աշխատությունը Վ. Օնգը խիստ ընդհանուր և համառոտ ձևով բնութագրում է այսպես. «Այս գրքի առարկան բանավորության և գրագիտության միջև եղած տարբերությունն է»*: Այս խնդրի նկատմամբ ուշադրության առաջացումը և հետազոտական ավանդության ձևավորումը տևական… Մշակութաբանություն Ռուդոլֆ Կասսներ Մաքս Ռյուխներ «Երկրորդ ուղևորությունը» ինքնակենսագրական հատորում Ռուդոլֆ Կասսները նկարագրում է Մորավիայում իր մանկությունը` ընդգծելով, սակայն, որ ընտանիքը ներգաղթել է Շլեզիայից: Նշանակալի է այն, որ նա Սիլեզիացի է (Silesius), – Յակոբ Բյոմեն էլ էր իրականում… Մշակութաբանություն Մուշի բանալի Արա Գուրզադյան …բանալի ու բանալիություն է փնտրում… Ի՞նչ ես փակել և ի՞նչ ես բացել դու, երբ Հայրենիքի մարմինը դեռ կաթվածահար չէր իր ոգեզարկերակը արձանագրող վանքերում: Երբ Երկինքը դեռ մուտք ուներ Երկիր մարդիրեղենության բոլոր մանրուքներում: Քեզ վստահված դռան…