Բանավորություն և գրագիտություն. բառի տեխնոլոգիականացում (հատվածներ գրքից)
Բանավոր բարդերի հիշողության նվաճումները բացառիկ են, բայց նման չեն նրանց, որ վերաբերում են տեքստերի մտապահմանը: Գրագետ մարդիկ սովորաբար զարմանում են` իմանալով, որ բարդը, որը մտադիր է վերապատմել միայն մեկ անգամ լսած պատմությունը, հաճախ ցանկություն է հայտնում պատմությունը լսելուց հետո սպասել մեկ-երկու օր, նախքան ինքը կկրկնի այն: Գրավոր տեքստը մտապահելիս, դրա արտասանությունը հետաձգելը սովորաբար թուլացնում է վերհիշելու ունակությունը: Բանավոր պոետը չի աշխատում տեքստերով կամ տեքստով որոշվող շրջանակում: Նրան ժամանակ է պետք մինչև պատմությունը կտեղավորվի թեմաների և բանաձևերի նրա սեփական պահեստի մեջ, ժամանակ` «յուրացնելու» համար պատմությունը: Պատմությունը վերհիշելու և վերապատմելու համար նա չի «մտապահել» որևէ բառացի իմաստով իր չափածո կատարումը ուրիշ երգչի տարբերակից, մի տարբերակ, որը շատ վաղուց անհետացել է, մինչ նոր երգիչն իր սեփական կատարման համար խորհդածում է այդ պատմության շուրջ: Սևեռված նյութերը բարդի հիշողության մեջ կազմում են թեմաների և բանաձևերի մի հոսուն զանգված, որից տարբեր ձևերով կառուցվում են բոլոր պատմությունները:
Լորդի աշխատանքի առավել տպավորիչ հայտնագործություններից մեկն այն է, որ թեև երգիչները հասկանում են, որ երկու տարբեր երգիչներ երբեք նույն երգը ճշգրտորեն իրար նման չեն երգում, այդուհանդերձ, երգիչը կբողոքի, թե ինքը կկատարի երգի իր տարբերակը տող առ տող և բառ առ բառ ցանկացած ժամանակ և հենց «ճիշտ նույնը` այսօրվանից քսան տարի հետո»: Սակայն, երբ ենթադրյալ բառացի կատարումները ձայնագրվեցին և համեմատվեցին, պարզվեց որ դրանք բնավ նույնը չէին, թեև այդ երգերը նույն պատմության ճանաչելի տարբերակներն էին: «Բառ առ բառ և տող առ տող» արտահատությունը, ինչպես Լորդն է մեկնաբանում, պարզապես տպավորիչ մի ձև էր ասելու` «նման»: Ակնհայտորեն «տողը» տեքստի վրա հիմնված հասկացություն է, և նույնիսկ «բառի» որպես խոսքի հոսքից անջատ առանձին միավորի հասկացությունն է թվում ինչ-որ ձևով տեքստի վրա հիմնված: Գուդին մատնանշել է, որ լիովին բանավոր լեզուն, որն ունի տերմին ընդհանուր առմամբ խոսքի կամ երգի ռիթմային միավորի, արտասանության կամ թեմայի համար, կարող է չունենալ պատրաստի տերմին «բառի» որպես առանձին միավորի, խոսքի մասնիկի համար, ինչպես դա երևում է հետևյալ դեպքում. «Այս տեքստի նախորդ նախադասությունը բաղկացած է քսանչորս բառից»: Բայց արդյոք այդպե՞ս է: Գուցե այնտեղ քսանհինգ բառ կա: Եթե դու գրել չգիտես, ապա «ինչ-որ»-ը մեկ բա՞ռ է, թե՞ երկու: Առանձին բառերի որպես էապես դիսկրետ միավորների զգացողությունը խրախուսվեց գրությամբ, որն այստեղ նույնպես, ինչպես անմենուրեք, առանձնացնող է, անջատող: (Վաղ ձեռագրերում միտում կա բառերն իրարից հստակորեն չանջատելու, այլ միացնելու մի հոսքի մեջ:) […]
Գրությունը վերակառուցում է գիտակցությունը
Ինքնուրույն խոսքի նոր աշխարհը
Անխառն կամ առաջնային բանավորության ավելի խորը ըմբռնումը մեզ թույլ է տալիս ավելի լավ հասկանալ գրության նոր աշխարհը, հասկանալ թե իսկապես ինչ է այն և թե իրականում ինչ բան է իր գործառությամբ գրագետ մարդը: Մարդ, որի մտածողության հոլովույթները ոչ թե պարզապես սկիզբ են առնում բնական ուժերից, այլ ուժերից, որոնք այլևս բնական չեն, քանի որ կառուցված են, ուղղակիորեն կամ անուղղակիորեն, գրության տեխնոլոգիայի կողմից: Առանց գրության գրագետ մարդը չպիտի կարողանար և չի կարողացել մտածել այնպես, ինչպես մտածում է, ոչ միայն գրելիս, այլև առհասարակ, անգամ երբ շարադրում է իր մտքերը բանավոր ձևով: Ավելի, քան որևէ առանձին գյուտ, գրությունը փոխակերպել է մարդու գիտակցությունը:
Գրությունը հաստատում է «համատեքստից ազատ» լեզու կամ «ինքնուրույն» խոսք կոչվածը: Սա մի խոսք է, որը չի կարող անմիջականորեն հարցման ենթարկվել կամ առարկվել, ինչպես կարելի է անել բանավոր խոսքի դեպքում, քանի որ գրավոր խոսքը անջատված է իր հեղինակից:
Բանավոր մշակույթներին հայտնի է ինքնուրույն խոսքի մի տեսակ` մարմնացած անփոփոխ ծիսական բանաձևերի մեջ, ինչպես նաև մարգարեական ասույթներում կամ մարգարեություններում, որոնց համար արտասանողը դիտվում էր որպես փողորակ, ո՛չ որպես աղբյուր: Դելփիի պատգամախոսը պատասխանատու չէր իր օրակուլային արտահայտությունների համար, քանի որ դրանք ընդունվում էին որպես աստծո ձայն: Գրությունը և դրանից էլ ավելի` տպագրությունը, որոշ բան ունի այս մարգարեական հատկությունից: Պատգամախոսի կամ մարգարեի նման գիրքը փոխանցում է ինչ-որ աղբյուրից ստացված խոսքը, մի աղբյուրից, որն իրոք «ասել» կամ գրել է գիրքը: Հեղինակին կարող է մարտահրավեր նետվել միայն այն դեպքում, երբ նա հասանելի է: Սակայն հեղինակը հասանելի չէ և ոչ մի գրքում: Ուղղակիորեն տեքստը հերքելու որևէ ձև չկա: Անգամ բացարձակապես լիակատար և ջախջախիչ հերքումից հետո, գիրքն ասում է ստուգապես նույն բանը, ինչ մինչ այդ: Ահա թե ինչու «գիրքն ասում է» արտահայտությունը սովորաբար ընկալվում է որպես` «դա ճշմարիտ է»: Սա նաև մի պատճառ է, թե ինչու են այրվել գրքերը: Տեքստին ներհատուկ է անհնազանդություն:
Պլատոնը, գրությունը և համակարգիչները
Մարդկանց մեծամասնություն համար զարմանալի է, իսկ շատերի համար` մտահոգիչ, իմանալ, որ ըստ էության նույն առարկությունները, որ այսօր սովորաբար արվում են համակարգիչների դեմ, Պլատոնը կատարել է գրության դեմ Ֆեդրոսում (274-7) և Յոթերորդ նամակում : Գրությունը, ինչպես Ֆեդրոսի մեջ Սոկրատեսի շուրթերով ասում է Պլատոնը, անմարդկային է` ձգտել մտքից դուրս հաստատել այն, ինչ իրականում կարող է լինել միայն մտքի մեջ: Այն իր է, շինված արգասիք: Նույնը, իհարկե, ասվել է համակարգիչների մասին: Երկրորդ հերթին` Պլատոնի մոտ Սոկրատեսը պնդում է`գրությունը քայքայում է հիշողությունը: Նրանք, որ օգտագործում են գրությունը, կդառնան մոռացկոտ` ապավինելով արտաքին հնարավորություններին այն դեպքում, երբ ներքին հնարավորությունները չեն բավականացնում: Գրությունը թուլացնում է միտքը: Այսօր ծնողները և շատ շատ ուրիշներ վախենում են, որ գրպանի հաշվիչները տրամադրում են արտաքին միջոց մտքի մեջ հիշվող բազմապատկման աղյուսակի` որպես ներքին հնարավորության փոխարեն: Հաշվիչները թուլացնում են միտքը, ազատելով այն մի աշխատանքից, որ ուժեղ էր պահում միտքը: Երրորդ` գրավոր տեքստը հիմնականում անպատասխան է: Եթե դուք խնդրում եք մի մարդու բացատրել իր պնդումը, ապա կարող եք ստանալ բացատրություն: Եթե դուք հարցնում եք տեքստին, ապա ոչինչ չեք ստանում, բացի նույն, հաճախ հիմար, բառերից, որոնք նախապես ծնել էին ձեր հարցը: Համակարգչի ժամանակակից քննադատության մեջ նույն առարկությունն է արվում` համակարգչի մեջ առկա և նրանից ստացվող անօգուտ տեղակատվության մասին ակ- նարկելով: Չորրորդ հերթին, բանավոր մշակույթի ագոնիստական մտակերտվածքին համապատասխան, Պլատոնի մոտ Սոկրատեսը գրությանը մեղադրում է, թե գրված բառն անկարող է պաշտպանել իրեն այնպես, ինչպես կարող է անել բնական խոսվող բառը. իրական խոսքը և մտածողությունը ըստ էության միշտ գոյություն ունեն իրական մարդկանց միջև տալու և առնելու գործողության համատեքստում: Գրությունը կրավորական է, անմասնակից և գտնվում է անիրական, անբնական աշխարհում: Այդպիսին են նաև համակարգիչները: Շատ ավելի հիմնավոր պատճառներով, տպագրությունը խոցելի է այս նույն մեղադրանքների համար: Նրանք, որ անհանգստացած են գրության վերաբերյալ Պլատոնի վատ նախազգացումներից, էլ ավելի կանհանգստանան, եթե իմանան, որ տպագրությունը նույնպես ծնեց նման նախազգացումներ, երբ առաջին անգամ ներմուծվեց: Հիերոնիմիո Սքուարսիաֆիկոն, որն իրականում նպաստեց լատին դասականների տպագրությանը, նույնպես պնդել է 1477 թ., թե արդեն «գրքերի առատությունը մարդկանց դարձնում է նվազ կրթված» (մեջբերված է [5]-ում), որ գիրքը խարխլում է հիշողությունը և տկարացնում միտքը` այն ազատելով չափից ավելի շատ աշխատանքից (դարձյալ գրպանի հաշվիչի դեմ գանգատը) և ցածր դասելով իմաստուն մարդուն գրպանի տեղեկատուի համեմատութ- յամբ: Անշուշտ, կային ուրիշներ, որոնք տպագ- րությունը համարում էին հավասարություն բերող ցանկալի մի բան, որի շնորհիվ ամեն մարդ դառնում է իմաստուն: