Բանավորություն և գրագիտություն. բառի տեխնոլոգիականացում (հատվածներ գրքից)
Բայց, հակառակ այն բանի, որ խոսքերով արտահայտումը միշտ բանավոր արմատներ ունի, լեզվի և գրականության գիտական և գրական ուսումնասիրությունը դարեր շարունակ` մինչև վերջին տարիները, խուսափել է բանավորությունից: Տեքստերն այնպես անառարկելիորեն են տիրապետել մեր ուշադրությանը, որ մարդիկ հակված են եղել ընդհանուր առմամբ բանավոր ստեղծագործությունները դիտելու որպես գրավոր արտադրության տարբերակներ կամ էլ, հակառակ դեպքում, գիտական լուրջ ուշադրության անարժան: Եվ միայն վերջերս մեր մեջ անհանդուրժողություն զարթնեց այս հարցում տիրող անհասկացողության նկատմամբ: Մինչև վերջին մի քանի տասնամյակը լեզվի ուսումնասիրությունը բևեռված էր ավելի գրավոր տեքստերի, քան բանավորության վրա, որ հեշտությամբ վերագրելի է հետևյալ պատճառին` ուսումնասիրության` գրության հետ ունեցած սերտ փոխհարաբերությանը: Ողջ մտածողությունը, ներառյալ մտածողությունը առաջնային բանավոր մշակույթներում, որոշ չափով վերլուծական է. այն բաժանում է իր նյութը զանազան բաղադրիչների: Բայց երևույթների կամ ձևակերպված ճշմարտությունների վերացականորեն հաջորդական, դասակարգողական, բացատրողական քննությունը անհնար է առանց գրության և ընթերցումի: Առաջնային բանավոր, այսինքն գրության հետ որևէ կերպ չառնչված, մշակույթներում, մարդիկ շատ բան են սովորում, ունենում ու գործադրում են մեծ իմաստություն, բայց չեն «ուսումնասիրում»:
Նրանք սովորում են աշկերտությամբ, օրինակ` որս անելով փորձառու որսորդների հետ, որպես աշակերտ և հետևորդ` լսելով, կրկնելով լսածը, տիրապետելով ասացվածքներին և դրանք զուգադրելու և վերազուգադրելու ձևերին, յուրացնելով բանաձևային բնույթի այլ նյութեր, մասնակցելով հանրության` անցյալի մասին խորհրդածությանը, բայց ո՛չ ուսումնասիրությամբ` բառիս խիստ իմաստով:
Երբ ընդարձակ հաջորդական վերլուծության իմաստով ուսումնասիրությունը հնարավոր է դառնում գրության ներքնացմամբ, առաջին բաներից մեկը, որ գրագետ մարդիկ հաճախ ուսումնասիրում են, ինքը լեզուն է և լեզվի գործածումները: Խոսողությունն անբաժան է մեր գիտակցությունից: Այն հմայել է մարդկանց և իր մասին լուրջ խորհրդածություն առաջ բերել գիտակցության ձևավորման վաղ շրջաններից սկսած, գրության գոյություն առնելուց շատ առաջ: Ամբողջ աշխարհում ասացվածքները հարուստ են խոսքի` իր բնիկ բանավոր ձևի մեջ ծայրահեղորեն մարդկային երևույթի մասին, նրա իշխանության, հմայքների ու վտանգների մասին դիտարկումներով: Բանավոր խոսքով նույն չթուլացող հմայվածությունը շարունակվում է գրության գործածության մեջ մտնելուց դարեր անց:
Արևմուտքում, անտիկ հույների շրջանում այդ հմայվածությունը դրսևորվեց ծավալուն, բծախնդրորեն կազմված հռետորության արվեստի մշակմամբ, որը առավել համապարփակ տեսական առարկա է երկու հազար տարվա արևմտյան ամբողջ մշակույթի մեջ: Իր բուն հունական իմաստով «տեխնե հռետորիկե»-ն, «խոսքի արվեստ»-ը (ընդունված կրճատ ձևով` հռետորիկե) ըստ էության վերաբերում է բանավոր խոսողությանը, անգամ եթե որպես անդրադարձորեն մտածված, կազմակերպված «արվեստ» կամ գիտություն, ինչպես օրինակ, Արիստոտելի «Հռետորության արվեստ»-ի մեջ, հռետորությունը է՛ր և պետք է լիներ գրության արդյունք: Հռետորիկե- ն կամ հռետորությունը հիմնականում նշանակում էր հրապարակային խոսք կամ ճարտասանություն, որը դարեր շարունակ նույնիսկ գրագետ կամ տպագրական մշակույթներում անդրադարձի չենթարկված ձևով մեծապես մնում էր ամբողջ խոսքի` ներառյալ գրության պարադիգմը: Այսպիսով, գրությունը սկզբից ևեթ չթուլացրեց բանավորությունը, այլ սատարեց դրան` հնարավորություն տալով կազմակարպել ճարտասանության «սկզբունքները» կամ գիտական «արվեստի»` բացատրության գիտականորեն կարգավորված ամբողջության բաղադրիչները` ցույց տալով, թե ինչպես և ինչու ճարտասանությունը ձեռք բերեց և կոչված էր ձեռք բերելու իր զանազան առանձնահատուկ ազդեցությունները: […]
Ասացիք «Բանավոր գրականությո՞ւն»
Գիտնականների կենտրոնացումը տեքստերի վրա ունեցավ գաղափարաբանական հետևանքներ: Տեքստերին ուղղված իրենց ուշադրությամբ գիտնականները համառորեն շարունակում են ենթադրել, հաճախ առանց այդ մասին մտածելու, թե բառային արտահայտության բանավոր և գրավոր ձևերը ըստ էության նույն բանն են: Իսկ քանի որ նրանք սովորաբար գործ են ունենում արտահայտության գրավոր ձևի հետ, ապա համարում են, որ բանավոր արվեստի ձևերն իրականում տեքստեր են, որոնք պարզապես գրի առնված չեն: Ամրապնդվեց այն տպավորությունը, որ բացի ճարտասանությունից, որն առաջնորդվում էր հռետորության գրավոր կանոններով, բանավոր արվեստի ձևերը, ըստ էության չունենալով իրենց վրա վարպետության կնիքը, արժանի չեն ուսումնասիրության:
Այդուհանդերձ, բոլորը չէ որ հետևում էին այս ենթադրությանը: Սկսած տասնվեցերորդ դարի կեսից, աճում էր ուշադրությունը գրության և խոսքի բարդ փոխհարաբերության նկատմամբ: Սակայն արտահայտության տեքստային եղանակի` գիտնականների գիտակցության նկատմամբ համառ տիրապետությունը դրսևորվել է այն փաստի մեջ, որ մինչև օրս չեն կոփվել այնպիսի հասկացություններ, որոնք թույլ կտային արդյունավետորեն, էլ չասելով` նրբագեղորեն, ընկալել բանավոր արվեստը որպես այդպիսին, առանց գրության` գիտակցական կամ անգիտակցական վկայակոչման: Սա այսպես է չնայած այն բանին, որ բանավոր արվեստի ձևերը, զարգանալով գրությունից առաջ տասնյակ հազարավոր տարիներ շարունակ, ակնհայտորեն բոլորովին կապ չեն ունեցել գրության հետ: Մենք ունենք «գրականություն» տերմինը, որն ըստ էության նշանակում է «գրություններ» (լատիներեն «լիտերատուրա»` գրականություն, որ գալիս է լիտեր-ից`այբուբենի գրից, տառից), ընդգրկելու համար գրավոր նյութերի տվյալ ամբողջությունը` անգլերեն գրականություն, մանկական գրականություն, բայց չունենք հարաբերականորեն ընդունելի մի տերմին կամ հասկացություն` անվանելու համար զուտ բանավոր ավանդությունը: Խոսքը ավանդական բանավոր պատմությունների, ասացվածքների, աղոթքների, բանաձևային արտահայտությունների մասին է կամ այլ բանավոր ստեղծագործությունների` հորինված, ասենք, Հյուսիսային Ամերիկայի Լակոտա Սիուքս կամ Արևմտյան Աֆրիկայում գտնվող Մանդեյ ցեղերի կամ հոմերյան դարաշրջանի հույների կողմից3 :
Ինչպես նշվեց վերը, գրության կամ տպագրության մասին ցանկացած գիտելիքից լիովին զերծ մշակույթի բանավորությունը ես կոչում եմ «առաջնային բանավորություն»: Այն «առաջնային» է ի հակադրություն մերօրյա բարձր տեխնոլոգիական մշակույթի «երկրորդային բանավորության», ուր մի նոր բանավորություն է հաստատվել հեռախոսի, ռադիոյի, հեռուստատեսության և այլ էլեկտրոնային սարքերի կողմից, որոնք իրենց գոյության և գործառության համար պարտական են գրությանը և տպագրությանը: Այսօր դժվար թե գոյություն ունենա խիստ իմաստով առաջնային բանավորություն, քանի որ ցանկացած մշակույթ գաղափար ունի գրության մասին և ունի դրա ազդեցությունների որոշ փորձ: Մինչդեռ բազմաթիվ մշակույթներ և մշակույթի ենթատեսակներ, անգամ բարձր տեխնոլոգիական միջավայրում, տարբեր չափով իրենց մեջ պահպանում են շատ բան առաջնային բանավորության մտածելակերպից: