Ռուբիկոն

Վալտեր Օնգը և մեդիումի տեսությունը

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Գրությունը տեխնոլոգիա է

Վ. Օնգի մոտեցումը, անշուշտ, ընդգծված հնչյունակենտրոն կողմնորոշում ունի, որը, սակայն, զարմանալիորեն համատեղվում է արհեստականի յուրատեսակ ջատագովության հետ: «Գրությունը տեխնոլոգիա է» պնդումը Օնգի գրքում հնչում է (գրվում է) որպես, առաջին հերթին, բանավորության բնականության հանդիման գրության առավել հավաստի բնութագրում. գրությունն արհեստական է, այն տեխնոլոգիա է: Այդպես հիշեցվում է գրագետներիս, որոնց համար գրությունը, գրային միջավայրը թերևս նույնքան կամ որոշ առումով է՛լ ավելի բնական է, քան բանավոր խոսքը, գրության անբնականությունը, երկրորդային կամ ածանցյալ բնույթը: Բայց այդպես մատնանշվում է նաև բանավորության և գրության բնավ ոչ պարզ փոխհարաբերությանը, առաջինից երկրորդին անցումը, տեղաշարժը լրջորեն դիտարկելու կարևորությունը: Ջ. Դ. Բոլթերի հետևյալ ընդարձակ պարզաբանումը, կարծում եմ, ավելի հասկանալի կդարձնի գրության որպես տեխնոլոգիայի բնույթը. «Ստուգաբանական լավ հիմք ունենք, որպեսզի ընդլայնենք տեխնոլոգիայի մեր սահմանումը` ընդգրկելով թե՛ հմտությունները, թե՛ մեքենաները: «Տեխնոլոգիա» բառի հունական արմատը տեխնեն է, իսկ հույների համար տեխնեն կարող էր լինել արվեստ կամ արհեստ, «կանոնների բազմություն, թե՛ օգտակար, թե՛ գեղեցիկ արվեստների համար շինելու կամ անելու համակարգ կամ մեթոդ»: Անտիկ աշխարհում ֆիզիկական տեխնոլոգիան ավելի պարզ էր, և հները համապատասխանաբար ավելի մեծ շեշտ էին դնում արհեստագործի` բրուտի, քարագործի կամ դարբնի հմտության վրա: Իր «Ֆեդրոս» տրամախոսության մեջ Պլատոնը այբբենարանն իսկ անվանում է տեխնե : Պապիրուսի վրա թանաքով կազմված անտիկ գիրքը նա նույնպես կանվաներ տեխնե, հոմերյան վիպերգությունը նույնպես տեխնե էր, ինչպես հունական ողբերգությունը: Հին աշխարհի բոլոր արվեստներն ու արհեստները ունեին այս ընդհանուր բանը. արհեստավորը պետք է մշակի մտքի տեխնիկական վիճակ, հմտություն` օգտագործելու գործիքներ ու նյութեր: Հին աշխարհի և մեր ժամանակի գրությունը տեխնոլոգիա է հենց այս իմաստով: Այն մի մեթոդ է բանավոր մտքերը տեսողական տարածության մեջ դասավորելու համար: Գրողը միշտ կարիք ուներ մակերեսի` անելու համար իր նշումները նրա վրա և այդ բանն անելու գործիք, և այս նյութերը օգնում են որոշելու գրության բնույթը: Փետուրով և մագաղաթով գրելը տպագրական հաստոցով գրելուց տարբեր հմտություն է, որն իր հերթին տարբերվում է համակարգչով գրելուց:

Այդուհանդերձ, ամեն մի գրություն պահանջում է մեթոդ, գրողի հակումը` գաղափարները համակարգված ձևով դասավորելու տարածության մեջ` կարդացողի կողմից հետագա քննության համար» [2]:

Տեխնոլոգիայի ընդլայնված և մշակութապես հարստացված այս ըմբռնումը, երբ կիրառվում է գրության նկատմամբ, ներառում է մտքի վիճակ և մարմանական հմտություններ, ինչպես նաև գրության տարածության և գրելու միջոցների նյութականությունը: Հաղորդակցության տվյալ միջոցի տնտեսության առանձնահատկությունները, համաձայն մեդիումի տեսության, կարող են որոշել նրա յուրահատուկ ազդեցությունների (անձի թե հասարակության վրա) ձևերն ու մասշտաբը: Մեդիումի տեսության քննադատների հիմնական մեղադրանքներից մեկը այս մոտեցման «դետերմինիստական» լինելն է, որը ենթադրում է, թե «յուրաքանչյուր մեդիում հորինում, թույլատրում, քաջալերում և առաջ է մղում որոշ մարդկային գործողություններ` միևնույն ժամանակ ապաքաջալերելով ուրիշ գործողություններ» [7]: Հենց այսպիսի հունում է մեկնաբանվում այբբենական գրության խորին, հեղափոխական ազդեցությունը արևմտյան քաղաքակարթության զարգացման ընթացքի վրա: Այն, ըստ Է. Հավելոքի, արմատապես փոխեց և բարելավեց արևմտյան մարդու ճանաչողական կարողությունները` մտածողության համար հնարավոր դարձնելով նախկինում անհնարին վերլուծական և տրամաբանական ունակությունները: Վ. Օնգը նույնպես, ինչպես կտեսնենք, մի շարք փաստարկներ քաղում է Հավելոքի ուսումնասիրություններից:

Գրության ավանդական տեսությունների արևմտակենտրոն բնույթը

Թեև, համաձայն Վ. Օնգի, անկասկած է լեզվի հիմնարար և հարատև բանավորությունը, այդուհանդերձ, զարգացման մի որոշ «անխուսափելի» հեռանկարի մեջ ենթադրվում է գրության առաջացումը: Ճիշտ է, որ Օնգը քննադատում է «բանավոր գրականություն» և «մինչգրային» տերմինները, որոնք ունեն գրային «նախապաշարում»` գրությունից առաջ եղած մշակույթը սահմանելով ավելի ուշ ի հայտ եկածի` գրության տեսանկյունից: Սակայն այս տերմինները, ինչպես նկատում են մի շարք ուսումնասիրողներ, իրենց մեջ կրում են նաև անբացահայտ էվոլյուցիոն ակնկալիքներ` մարդկությունը բնութագրելով մի տեսակ «կամքով առ գրություն» [4]: Այստեղ «գրությունը որպես գրավոր լեզու» (այբբենական գրություն) դառնում է համընդհանուր մշակութային նպատակ և թելադրում միանգամայն տարբեր մշակույթներ դասակարգել ըստ միագիծ զարգացման մոդելի: Ըստ այդմ` մշակույթները զարգացման ընթացքի մեջ տեղ են գրավում համաձայն այն բանի, թե որքանով են առաջացած դեպի գրություն տանող ճանապարհին: Այսպիսով կառուցվում է գրության պատմություն, որի արդյունքը և գագաթնակետը ժամանակակից այբբենական համակարգերն են: (Սրանց հիմքում ընկած են, ըստ ուսումնասիրողների, առաջին կատարյալ այբբենական գրերը` հունական այբուբենը):

Գրության այսպիսի պատմական հեռանկարը, անշուշտ, արևմտյան է, և այդ պատմության մեջ, օրինակ, «բնիկ ամերիկյան համակարգերը (ասենք, մինչկոլումբոսյան Մայա ցեղի գրերը) ընկնում են կամ զարգացման հաջորդականության սկզբում կամ էլ այդ հաջորդականությունից դուրս»` համարվելով միայն մասամբ գրություն, սահմանափակ կամ կեղծ գրություն [4]: Գրության մեկնաբանությունը որպես առավելապես այբբենական գրեր մեծապես անտեսում է գրության այլ համակարգերը, որոնք ուղղակիորեն չեն կապվում խոսքի հետ:

Ավելորդ չէ ծանոթանալ հնչյունային գրության և գրության արևմտակենտրոն մեկնաբանության քննադատների փաստարկներից մի քանիսին, որ առաջադրում են «Գրություն առանց բառերի. այլընտրական գրագիտություններ Մեսոամերիկայում և Անդերում» ժողովածուի հեղինակները [4]: Ընդհանուր առմամբ խոսքը ոչ միշտ է հաղորդակցության լավագույն ձևը, և այս դրույթի օգտին են վկայում նաև տեղեկատվություն հաղորդելու այնպիսի միջոցներ, ինչպիսիք են քարտեզները, դիագրամները, տեսական մաթեմատիկայի գրությունը, նոտագրությունը և այլն: Առանց լեզվին դիմելու, նկարների միջոցով իմաստն արտահայտելու հնարավորությունը հիմնավորում է այն պնդումը, թե անպայման չէ, որ գրությունը կապվի խոսքի հետ:

Թեև ընդունված է համարել, թե գրությունը «տեսանելի խոսք» է, գրավոր լեզուն երբեք ճշգրտորեն չի վերարտադրում խոսվող լեզուն: Մի կողմից`գրության մեջ կան բազմաթիվ նշաններ, որոնք դուրս են մնում հնչյունային գրության կանոնից (օրինակ` արաբական թվերը): Մյուս կողմից` հնչյունային գրությունն իբրև կառույց միայն մասնակիորեն է վերարտադրում բանավոր լեզուն, որի որոշ դրսևորումներ` առոգանություն, տոն, պաուզա և այլն, չեն տրվում ճշգրիտ նշանային արտահայտության:

Կարդալ նաև

Մշակութաբանություն Բանավորություն և գրագիտություն. բառի տեխնոլոգիականացում (հատվածներ գրքից) Վալտեր Օնգ Լեզվի բանավորությունը1 Գրագետ մտածելակերպը և բանավոր անցյալը Անցյալ մի քանի տասնամյակի ընթացքում գիտնականների շրջանում վերստին հետաքրքրություն արթնացավ լեզվի բանավոր բնույթի և բանավորության ու գրության միջև հակադրության խորին նշանակությունների… Մշակութաբանություն Ռուդոլֆ Կասսներ Մաքս Ռյուխներ «Երկրորդ ուղևորությունը» ինքնակենսագրական հատորում Ռուդոլֆ Կասսները նկարագրում է Մորավիայում իր մանկությունը` ընդգծելով, սակայն, որ ընտանիքը ներգաղթել է Շլեզիայից: Նշանակալի է այն, որ նա Սիլեզիացի է (Silesius), – Յակոբ Բյոմեն էլ էր իրականում… Մշակութաբանություն Մուշի բանալի Արա Գուրզադյան …բանալի ու բանալիություն է փնտրում… Ի՞նչ ես փակել և ի՞նչ ես բացել դու, երբ Հայրենիքի մարմինը դեռ կաթվածահար չէր իր ոգեզարկերակը արձանագրող վանքերում: Երբ Երկինքը դեռ մուտք ուներ Երկիր մարդիրեղենության բոլոր մանրուքներում: Քեզ վստահված դռան…