Վալտեր Օնգը և մեդիումի տեսությունը
Մեդիումի տեսությունը ձևավորվել է 20-րդ դարի 50-ական և 60-ական թվականներին Տորոնտոյի համալսարանում, մի խումբ գիտնականների ջանքերով (Հարոլդ Իննիս, Մարշալ ՄըքԼուհան, Էրիկ Հավելոք և այլք): Նրանք կազմում էին «Հաղորդակցությունների Տորոնտոյի դպրոց» կոչված ոչ պաշտոնական խումբը, որի հիմնադիր ընդունված է համարել տնտեսության պատմաբան Հարոլդ Իննիսին` «Կայսրություն և հաղորդակցություններ» գրքի հեղինակին:
Ինչպես կտեսնենք, հենց Վ. Օնգի գրքի ներկայացվող հատվածներում, մեդիումի տեսաբաններն իրենց մոտեցումների համար ծանրակշիռ հիմնավորումներ էին գտնում նաև հին հեղինակների մոտ, ինչպես, օրինակ, Պլատոնի «Ֆեդրոս» տրամախոսության և «Յոթերորդ նամակի» մեջ: Նմանօրինակ պնդումներ կարելի է գտնել նաև ավելի ուշ շրջանի բազմաթիվ հեղինակների, մասնավորապես, Ժ.-Ժ. Ռուսոյի, ստեղծագործություններում: Ընդհանուր առմամբ, նրանց բոլորին միավորող պնդումը կարելի է ամփոփել հետևյալ կերպ. հաղորդակցության միջոցը ոչ թե չեզոք փողորակ է, այլ հաղորդակցության ընթացքի գործուն մասնակից, որն իր ազդեցությունն է թողնում հաղորդակցության բնույթի և արդյունքների վրա: Այն սկզբից ևեթ իր մեջ պարունակում է մի որոշ «հաղորդում», մի բովանդակություն` ի հավելումն փոխանցվող բովանդակության: Հաղորդակցության և տեղեկատվության մատչելի դարձված եղանակներով իսկ մեդիումը (կամ մեդիան) կերտում է սոցիալական նոր միջավայրեր, հարաբերության և վարքի նոր ձևեր [1]:
Քաղաքակրթության պատմության չորս փուլեր
Համաձայն մեդիումի տեսության, մարդկության պատմությունը կարելի է բաժանել չորս մեծ դարաշրջանների` ըստ տվյալ դարաշրջանին բնորոշ հաղորդակցության գերիշխող եղանակի. բանավորության, գրության, տպագրության և էլեկտրոնային դարաշրջանների: Վալտեր Օնգի գիրքը նույնպես կառուցված է այս բաժանման հիման վրա: Բայց ինչպես վերնագիրն է վկայում, ավելի մեծ ուշադրություն է դարձվում բանավորության բնութագրմանը, ինչպես նաև բանավորությունից գրագիտության անցմանը:
Գրքի հիմնական նպատակներից մեկը վերականգնելն է ավանդական բանավոր հասարակության առավել բնութագրական մի շարք առանձնահատկությունները (որքան դա հնարավոր է մեր օրերում, էլեկտրոնային դարաշրջանի մարդու մտածողությամբ և անխուսափելի նախապաշարումներով):
Բանավոր հաղորդակցությունը սահմանափակված է ժամանակի տվյալ պահով և ֆիզիկական ներկայության նեղ շրջանակով, իսկ գիտելիքի պահպանումը և վերստացումը կատարվում է բացառապես մարդկանց կենդանի հիշողության շնորհիվ: Բանավոր հասարակության մեջ մարդու մտածելակերպը և արտահայտությունը խորապես փոխկապակցված են մտապահման մեխանիզմների հետ: Անհատական և հասարակական պահպանողականությունը, նոր գաղափարների նկատմամբ զգուշավորությունը կապված են հենց մտածելու, հիշելու (պահպանելու) և փոխանցելու համեմատաբար սահմանափակ հնարավորությունների հետ: Ինչպես Ջ. Մեյրովիցն է ամփոփում. «Նման հասարակությունները «ավանդական» են ոչ միայն ավելի ուշ շրջանի հասարակությունների համեմատությամբ, այլև ներքուստ: Այն է` նրանք պետք է ծանր աշխատանք թափեն` պահելու համար այն, ինչ արդեն ունեն և ե՛ն: Փոփոխությունը դանդաղ է, քանի որ մշակութային և անհատական գոյատևումը այդքան խստորեն է կախված այն բանի մտապահումից, ինչ արդեն իմացվել է և ինչ արդեն արվել և ասվել է: Ստեղծագործականությունը և նորությունը չէին քաջալերվում որպես հնարավոր կազմալուծող ուժեր» [7]:
Գրության մուտքն աստիճանաբար փոխում է ավանդական համայնքը: Պատշաճորեն «ներքնացված» գրությունը փոխում է մարդու գիտակցությունը, նրա մտածողական և ճանաչողական կարողությունները… Այդուհանդերձ, վաղ շրջանի հունական գրության հիմնական գործառույթը մտապահմանը և բանավոր վերարտադրությանը ծառայելն էր: Ըստ Է. Հավելոքի, վաղ շրջանի գրությունն ուներ մեծապես հռետորական բնույթ, և այբբենական գիրն ավելի շատ «արտասանական գրագիտության» մարմնացումն էր. ընթերցանությունը բարձրաձայն էր, բանավոր խոսքը, հիշողությամբ արտասանությունը և հրապարակային կատարումը շարունակում էին մնալ որպես սոցիալական և գեղագիտական անփոխարինելի գործառույթներ:
Գրությունն սկսում է թուլացնել ավանդական համայնքի ներքին կապերը: Սակայն մյուս կողմից` «Գրությամբ` խորհրդանշանային համայնքները (symbolic communities) սկսում են մրցել գործնական համայնքների (practical communities) հետ…
Գրությունը թույլ է տալիս գրագետ մարդկանց, որոնք ապրում են իրար մոտ, նույն ֆիզիկական տարածության մեջ, իմանալ և փորձառել տարբեր բաներ, ունենալ տարբեր աշխարհայացքներ: Միևնույն ժամանակ գրությունը թույլ է տալիս մարդկանց, որոնք կարդում են նույն նյութը, զգալ միմյանց կապակցված` հակառակ նրանց միջև առկա ֆիզիկական տարածության: Այսպիսով գրությունը թե՛ բաժանում, թե՛ միավորում է մարդկանց նոր ձևերով» [7]:
Գրությունը հնարավոր դարձրեց այն, ինչ մենք անվանում ենք «գրականություն», «գիտություն» և «փիլիսոփայություն» (այդ թվում` հռետորությունը` բանավոր խոսքի մասին գիտությունը), բայց մինչև տպագրության առաջ գալը և գրագիտության տարածումը գրության ազդեցությունը սահմանափակ էր և անհավասար:
Իր գրքի` տպագրությանը նվիրված գլխում Վ. Օնգը հաստատում է, որ տպագրությունը թե՛ ուժեղացնում և թե՛ փոխակերպում է մտածողության և արտահայտության վրա գրության ազդեցությունը: Գրության բերած հիմնական փոփոխությունը` բառի` լսողական տարածությունից տեսողական տարածություն տեղաշարժն էր, և տպագրության հիմնական ազդեցությունը կապվում է տեսողական տարածության ավելի հետևողական և նրբամշակ օգտագործման հետ:
Է. Էյզենսթեյնի հայտնի գրքում ուսումնասիրված են արդի տպագրական մշակույթի առաջացման ընթացքը և տպագրության տարածման բազմաթիվ հետևանքները. բողոքականության ձևավորումը, արդի կապիտալիզմի զարգացումը, հեղինակային իրավունքի և գրաքննության առաջացումը, բազ- մաթիվ ինքնուրույն գիտական բնագավառների առաջացումը, առաջընթացի և պատմության ժամանակակից գաղափարի ի հայտ գալը, ազգային մշակույթների զարգացումը` ազգային (գրական) լեզվի մշակման և գրագիտության տարածմանը զուգընթաց և այլն [6]:
Այս շարքում վերջին` էլեկտրոնային հաղորդակցության դարաշրջանի սկիզբը համարվում է տասնիններորդ դարի առաջին կեսը: Մեյրովիցն ընդգծում է այն հեգնական հանգամանքը, որ «տպագրական մշակույթը իր լիակատար իշխանության հասնում է հենց այն ժամանակ, երբ ցանվում են իր քայքայման սերմերը: Տասնիններորդ դարի վերջը դեպի համընդհանուր գրագիտություն ձգտման ականատեսն եղավ, բայց միևնույն տարիներին սկսեցին լայնորեն օգտագործվել առաջին էլեկտրոնային տեղեկատվամիջոցները. հեռագիրը և հեռախոսը ավետեցին ռադիոյի, հեռուստացույցի և այլ բաների դարաշրջանի գալուստը» [7]:
Օնգի գիրքը տպագրվել է նախորդ դարի ութսունականների առաջին կեսին, երբ արդեն հայտնի էին համակարգչային տեխնոլոգիաների կիրառության շատ հետևանքներ նույնպես: Շարունակվում էր «բառի տեխնոլոգիականացման» ընթացքը. «բառի հաջորդական մշակումը և տարածականացումը` նախաձեռնված գրությամբ և ուժգնության նոր մակարդակի հասցված տպագրությամբ, հետագա աճն է ստանում համակարգչի մեջ»: