Վալտեր Օնգը և մեդիումի տեսությունը
Էլեկտրոնային մշակույթի մեջ հետաքրքրականորեն խաչաձևվում են տպագրության շարունակվող և բանավորության վերահայտնվող դրսևորումները: Էլեկտրոնային տեխնոլոգիան (հեռախոս, ռադիո, հեռուստացույց, ձայնագրության տարբեր միջոցներ) բերեց «երկրորդային բանավորության դարաշրջանը»: Վ. Օնգը բնութագրում է նոր բանավորությունը հին բանավորության հետ ունեցած ապշեցուցիչ նմանությամբ` «իր մասնակցային միստիկայով, համայնքային զգացողության օժանդակությամբ, ներկա պահի վրա կենտրոնացմամբ և անգամ բանաձևերի օգտագործմամբ: Բայց այն էապես ավելի կշռադատված և ինքնագիտակից բանավորություն է` մշտապես հիմնված գրության և տպագրության վրա, որոնք էական են սարքավոր- ման արտադրության և աշխատանքի, ինչպես նաև դրանց օգտագործման համար»: Ի տարբերություն բանավոր մշակույթի, լսարանն այստեղ բացակա է և անհամեմատ ավելի մեծ: Եթե վերագտնված են ընկալումի և արձագանքի համաժամանակությունը, հաղորդակցության մեջ զգայական փորձառության գերակշռությունը, ապա միևնույն ժամանակ հաղթահարված են ժամանակի և տարածության ֆիզիկական սահմանափակությունները:
Առաջնային և երկրորդային բանավորություն
Մի քիչ ավելի հանգամանորեն անդրադառնանք Օնգի առաջարկած հասկացություններից երկուսին` առաջնային բանավորությանը և երկրորդային բանավորությանը, ապա` գրության որպես տեխնոլոգիայի գաղափարին` փորձելով դրանք տեսնել ավելի ընդարձակ համատեքստի մեջ:
Ավանդական բանավոր հասարակությունները բնորոշելու համար Օնգը ներմուծում է «առաջնային բանավորություն» տերմինը, որը նշանակում է այնպիսի բանավորություն` բանավոր հասարակություն կամ մշակույթ, որը ոչ մի պատկերացում չունի ոչ միայն գրերի, այլև գրերի հնարավորության իսկ մասին: Նրա կողմից միայն հպանցիկորեն հիշատակված «երկրորդային բանավորությունը» ավելի ուշ վերահայտնվեց հաղորդակցության ցանցերում (Համաշխարհային ոստում, WWW) առաջ եկող խոսքի ձևերի և դիսկուրսային ձևավորումների նկարագրություններում: Թեև Ջեյ Դ. Բոլթերը հակված է էլեկտրոնային տեխնոլոգիաների զարգացման մեջ տեսնել միտում դեպի «հարաճուն կախվածություն տեսողականից» ավելի, քան ինչ-որ նոր բանավորության հաստատում [3], այդուհանդերձ, ուրիշ ուսումնասիրողներ շարունակում են արդյունավետ համարել Օնգի ներմուծած հասկացությունը նաև այս միջավայրի իրողությունները մեկնաբանելու համար: Հաղորդակցության այնպիսի թվանշային միջավայրերում, ինչպիսիք են էլեկտրոնային նամակը կամ զրուցարանը (chatroom), ավանդական գրավոր հաղորդակցության բազմաթիվ «ոճեր» և ձևականություններ վերանում են և գրավոր նամակագրությունը նմանվում է բանավոր զրույցի: Ինչպես պարզաբանվում է. «Հաղորդակցության այսպիսի միջավայրում փոխանցվում են անուղղակի սոցիալական ակնարկներ, և վիրտուալ ներկայությունը ստանում է իրական ներկայության հատկություններ» [9]: Սա երկրորդային բանավորության դրսևորում է` ի հայտ եկած հաղորդակցության ժամանակակից ցանցային միջավայրերում:
«Առաջնային բանավորությունը» անվանումն է նախնական բանավորության վիճակի, որով այն սկզբունքորեն տարբերվում է էլեկտրոնային տեխնոլոգիաների միջոցով հնարավոր դարձած «երկրորդային բանավորությունից»: Այս անունը նաև շրջագծում է և բաժանում անխառն բանավորությունը գրության գյուտով առաջ եկած գրաճանաչությունից կամ գրագիտությունից: Այս հակադրությունը զուգորդվում է մի շարք հարցերի, ընդհուպ մինչև գրության կարգավիճակի վերաբերյալ հարցի հետ. արդյոք իսկապես այդքան արմատական փոփոխությո՞ւն է կատարվել «ականջից աչք, լսողությունից տեսողություն անցմամբ», արդյոք գրությունն ունի՞ ինքնուրույն նշանակություն, թե՞ այն պարզապես բանավոր խոսքի գրանցումն է որոշակի նշանային համակարգի օգնությամբ: Շատերը բացահայտ գերադասություն են տալիս բանավոր խոսքին` ավելի բարձր դասելով գրությունից: Սա լեզվի նկատմամբ հնչյունակենտրոն մոտեցումն է (ֆոնոցենտրիզմ) ի հակադրություն գրակենտրոն մոտեցման (գրաֆոցենտրիզմ) (տե՛ս [8]): Այսպիսի կողմնորոշում ուներ Ֆերդինանդ դե Սոսյուրը` արդի լեզվաբանության հիմնադիրը, որը լեզուն նույնացնում էր բանավոր խոսքի հետ: Անշուշտ, այս մոտեցման հիմնական փաստարկը վերստին բանավոր խոսքի բնականությունն է, ընդդեմ գրության արհեստականության. խոսքը իրական է, իսկ գրությունը` տեխնոլոգիա: Ընդհանուր առմամբ` այս բաժանումը հիմնվում է մինչգրային մշակույթների` որպես ավելի նախնական և անխառն մի բանի, իդեալականացման վրա` հակադրելով քաղաքակրթության բերած կորուստներին:
Մինչգրային գոյության անխառն անմիջականությունը և բնականությունը ենթադրում է բուն գոյության մերձության, ասվող խոսքի մեջ էության և աշխարհի ամբողջականության անմիջական ապրումի տրվածությունը: Սակայն արդյոք չափազանցված չե՞ն աշխարհի ներկայությունը որսալու և հաղորդելու լեզվի կարողությունները, եթե իրականության մեր փորձառությունը միջնորդված է լեզվով (իր կատեգորիաներով, դասակարգումներով և այլնով հանդերձ), որի «կառուցվածքը տարբեր է աշխարհի կառուցվածքից»:
Դարձնելով աշխարհն ըմբռնելի` լեզուն (բանավոր թե գրավոր) արտահայտո՞ւմ է աշխարհի էությունը, թե՞ աղավաղում: Թե՞ ավելին, ինչպես կոնստրուկտիվիստը կասեր` լեզուն թույլ է տալիս կառուցել իրականությունը, ուստի ստիպված ենք առաջնորդվել համաձայն «ինչ ունենք` այն է, ինչ կառուցում ենք» սկզբունքով: Եվ եթե լեզուն գոյություն ունի մեզանից առաջ և մեզանից անկախ ավելի շատ որպես սոցիալական ունակություն, քան պարզապես անհատական շնորհ, ապա այդ ՙմե՞նք ենք խոսում լեզուն, թե՞ մենք ենք խոսվում կամ գրվում մեզնից դուրս գտնվող ուժերի կողմից» (Ռ. Բարտ):
Գրակենտրոնությունը, բնականաբար, ավելի ուշ շրջանի ձեռքբերում է և ավելի բնորոշ է գրագետ մշակույթներին, «զարգացած» հասարակություններին: Սակայն, հիմնված լինելով տեսողության` լսողության նկատմամբ նախապատվության ընդունման վրա, այն իրավամբ համարվում է մի բան, որը խորապես բնորոշ է արևմտյան քաղաքակրթությանը: Տեսողության նկատմամբ առանձնահատուկ հակվածության նշանները կարելի է գտնել արդեն արևմտյան քաղաքակրթության ակունքներում: Համընդհանուր կիրառելիություն ունեցող բազմաթիվ հասկացություններ ստուգաբանորեն վերաբերում են տեսողականի տիրույթին. «իդեա» (որ ունի նույն արմատը, ինչ վիդեո բառը), «տեսություն», «մեթոդ» (հին հունարեն բառը կարելի է թարգմանել` հետևել ճանապարհին), «սահմանում» և այլն:
Գրության գյուտը, որոշ տեսաբանների կարծիքով, հաղորդակցության միջոցներում տեղի ունեցած ամենաարմատական փոփոխությունն էր, իսկ տպագրությունն ու էլեկտրոնային միջոցները պարզապես կատարվածի շարունակությունը դարձան: Մի այլ տեսակետից` գրությունը միայն անցողիկ շրջան էր բանավորությունից տպագրություն տանող ճանապարհին, քանի որ իր իրական հասարակական նշանակությունը գրերը գտան միայն «տպագրության դարաշրջանում»: Ամեն պարագայի, գրությունը «բառի տեխնոլոգիականացման» ճանապարհի սկիզբն էր: Ճանապարհ, որի հետագա ընթացքի մասին այսօր տարբեր ենթադրություններ կարելի է լսել: