Ռուբիկոն

ՈՒԽՏԻ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ, կամ կոլեկտիվ ներկայության պարադոքսները

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Հասկանալի է, որ սահմանադիր այդ պատմությունները կրկնօրինակելու, դրանց նորից և նորից բեմականացնելով արդիականացնելու հնարավորությունը մեծապես աճում է, եթե նրանք արձանագրված են կոլեկտիվ կենսաշխարհի շտեմարանում որպես սրբազան (սակրալ) տեքստեր: Հարցն այն մասին, թե արդյո՞ք նման տեքստերում գրի առնված անցքերը երբևէ տեղի են ունեցել իրականության մեջ, ռելեվանտ չէ, այն պարզապես սխալ է դրված, քանի որ նկարագրված դեպքերի «պատահած» կամ ՙչպատահած՚ լինելը որևէ ֆունկցիոնալ դեր չի կատարում ավանդույթի գոյության համար: Վերը շարադրվածից պետք է որ հասկանալի լինի. սակրալ տեքստերն իրական են ո՛չ թե դրանց բովանդակության փաստացի ապացուցելիության, այլ այդ բովանդակության հիմքում ընկած սխեմաների հավերժ վերարտադրելիության շնորհիվ:

Հայտնի է, որ որոշ հանրությունների կյանքում սրբազան տեքստերի առկայությունն առանձնահատուկ դեր է խաղացել: Այս առումով առավել հատկանշական են «գրքի ժողովրդի»` հրեաների, ինչպես նաև մահմեդական համայնքների օրինակները: Մի դեպքում ավանդույթի ակունքը Թորան է, հինկտակարանյան Հնգամատյանը, մյուսում իսլամի սուրբ գիրքը` Ղուրանը, երկուսն էլ իրենց բազմաթիվ մեկնաբանություններով և վերամեկնաբանություններով:

Բոլոր հիմքերը կան նաև հայերին որպես «տեքստային հանրություն» բնութագրելու` համաձայնելով Խաչիկ Թոլոլյանի կարծիքին, որ հայոց պարագայում խոսքը ոչ թե մեկ կենտրոնական տեքստի, այլ տարբեր, ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր, տեքստերի «փնջի» մասին է:13Թոլոլյանի այս թեզի հիմքում ընկած է Յ. Քրիստևայի, Ց. Թոդորովի, Ռ. Բարթի և Ժ. Դերիդայի ամերիկյան աշակերտների կողմից մշակված «ինտերտեքստուալության» հասկացությունը, որով ընդունված է նշանակել «հարաբերականորեն կայուն, բայց երբեք վերջնականորեն չսևեռված դիսկուրսների կապվածությունն ու կարգավորվածությունը»:14

Հայոց ուղենիշ տեքստերի Թոլոլյանի ուրվագծած շրջանակն ավելի քան լայն է. այն ընդգրկում է վերջին հազար հինգ հարյուր տարիների բազմաթիվ հուշարձաններ, Եղիշեից մինչև Րաֆֆին (sic!) և Մեծ Եղեռնի վերհուշն իրենց մեջ խտացրած բանավոր պատմությունները: Մեկ այլ ամերիկացի հետազոտող` Ռոբերտ Թոմսոնը, որն առնվազն յոթանասնականներից մոտավորապես նույն դիրքն է պաշտպանում, խոսում է երեք հիմնարար, Ագաթանգեղոսի, Եղիշեի և Խորենացու, «Պատմությունների» մասին, որպես հիմքի, որից հառնում է հայոց կենսաշխարհի կենդանի ավանդույթը (living tradition):15 Ընդ որում, Թոմսոնի մոտ, ազգային հիշողության մեջ հարատևող կենդանի ավանդույթի մասին խոսքը ոչ թե պարզ հռետորական ֆիգուր է, այլ ճշգրիտ գիտական եզր, որով նա նշանակում է հայոց միջնադարյան պատմագրության արդի հետազոտողին հետաքրքրող երեք հիմնական տեսանկյուններից մեկը:16 Այդ սահմանադիր պատմությունները ժողովրդական կյանքի համար պարբերաբար ակտուալացնող երկերի շղթան Թոմսոնը տարածում է Սեբեոսից մինչև Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանքը», իր հերթին չմոռանալով հիշատակել Րաֆֆուն:

Դիցուք, մենք ընդունում ենք այդ մոդելը: Եթե նշյալ սահմանադիր տեքստերը, պատմություններն իսկապես դիտվում են որպես կենդանի ավանդույթ, այսինքն հիմնարկությունների, սոցիալական և քաղաքական ընդունված գործելակերպերի, իրավական և բարոյական համակարգերի, մտածելակերպերի գոյության արդարացման, լեգիտիմացման, միջոցներ, ապա առաջանում են հետևյալ միանգամայն օրինական հարցերը.

ա. Ինչպե՞ս է ստացվել, որ հարյուրամյակների, իսկ գուցե և հազարամյակների ընթացքում լեգիտիմացման այդ ձևերը նկատելիորեն չեն փոխվել; բ. Արդյո՞ք այսօրվա հետարդիական իրավիճակում ապրող մարդն իսկապես հակված է վստահելու լեգիտիմության այն մոդելներին, որ մեզ առաջարկում է հնադարյան ազգային ավանդույթը:

Այս հարցադրումներն ուղղորդում են մեզ դեպի «պատմությունների» (recite) մասին բանավեճը սկզբնավորած Ժ. Ֆ. Լիոտարը, որի համաձայն լեգիտիմացնող դիսկուրսի ձևերի փոփոխություն այնուամենայնիվ տեղի է ունեցել, իսկ դրանց վստահելիության աստիճանը մեր ժամանակներում կտրուկ նվազել է: «Հետարդիականության» կնքահայրը լեգիտիմացնող պատմությունների երկու հիմնական տիպեր է տարբերակում. առասպելները և արդիականության «մեծ մետապատմությունները», որոնք այլևս մյութոսներ չեն, այլ արտագիտական դիսկուրսի այլ ձևեր, գաղափարախոսություններ:

Առասպելները կոլեկտիվ գործելակերպի լեգիտիմությունը փնտրում են անցյալում, ուր տեղի է ունեցել տվյալ հանրության ծագման կամ նրա կենսակերպը պայմանավորող հիմնարար կարգավորիչների ընդունման նախասկզբնական ակտը:

Այդպիսի հիմնադիր իրադարձությունների թվին կարող են դասվել, օրինակ, հրեա ժողովրդի դաշինքն Աստծո հետ, Հայկի և Բելի մենամարտը, Վարդանանց պատերազմը և այլ նմանօրինակ անցքեր, անկախ սրանց փաստական հավաստիության աստիճանից:

Մեծ մետապատմությունները, այսինքն` գաղափարախոսությունները միտված են ապագային. սրանք առաջադրում են այն հիմնարար նպատակը, հանուն որի ապրում և գործում է տվյալ հանրությունը: Այդ դեռևս իրագործվելիք գաղափարը նույնպես բազմազան կերպարանքներով է ներկայանում. հասարակությունը որպես ապագա նպատակ կարող է ընկալել ազատությունը, լուսավորությունը, նաև արդարությունը իր ազգային կամ սոցիալական կերպարանքներով:

Առասպելների և մետապատմությունների հարաբերությունը միանշանակ չէ. նրանք կարող են ինչպես փոխադարձաբար լրացնել, այնպես էլ սկզբունքորեն հակադրվել միմյանց: Այսպես, ազգային ազատագրական պայքարի գաղափարախոսությունը կարող է վկայակոչել անցյալում տեղի ունեցած որևէ «կենդանի պատմություն», ազգի հիմնադրման վերաբերյալ կամ ժողովրդին մեծ աղետի հասցրած տրավմայի մասին, որի բացասական հետևանքներն անհրաժեշտ է հաղթահարել ապագայում: Դրա հակապատկերն է լուսավորականության գաղափարախոսությունը, որը գալիս է մերժելու և իրենով փոխարինելու մյութոսը, քանի որ նրա նպատակն է վերջինիս ռացիոնալ ապամոգականացումը բանականության միջոցներով:

Հատկանշական է, որ արդի հասարակության անվստահությունը «պատմությունների» նկատմամբ տարածվում է դրանց բոլոր ձևերի վրա առանց բացառության և նույնիսկ առավել ակտուալ է հենց գաղափարախոսությունների պարագայում, առնվազն այն պատճառով, որ առասպելների կասկածահարույց լինելն ինքնին նորություն չէ և վաղուց է ազդարարված եղել նորօրյա կասկածյալների, գաղափարախոսությունների կողմից:

Այս երկու պատմողական ձևերի ներքին նմանությունից ելնելով, Լիոտարը գնահատում է հետարդիականությունը որպես մի դարաշրջան, որում ուժեղանում են ապալեգիտիմացման գործընթացները: Վերանում է հավատը մեծ պատմությունների հանդեպ և գիտելիքի գնահատման միակ չափանիշը դառնում է նրա հիման վրա իրականացվող գործողության հաջողությունը, արդյունավետությունը:

Բայց այս դրույթը ճշմարտության միայն մեկ կողմն է արձանագրում: Մյուսն այն է, որ ոչ մի դարաշրջան այդքան սերտորեն կապված չի եղել մեծ պատմությունների, առասպելների և գաղափարախոսությունների հետ, այնքան չի բանեցրել դրանք իր նպատակներին հասնելու համար, որքան դա անում է հետարդիականությունն այսօր: Եվ դա ոչ միայն չի հակասում այդ դարաշրջանի, զուտ հաջողությանն ուղղված լինելու մասին թեզին, այլ նաև վերահաստատում է այն: Հետարդիականության արդյունավետությունը շատ դեպքերում զանգվածների կամքն ուղղորդելու արդյունավետություն է: Այն միշտ կապված է զանգվածային գիտակցության հետ կատարվող մանիպուլյացիայի հետ, և այստեղ է, որ բարու և չարի «բնական», ասել կուզի, հավերժ-անփոփոխ, ուրեմն, ոչ պատմական, պայքարի մասին «մեծ պատմություններն» անփոխարինելի են դառնում, անկախ նրանից, թե ինչ նյութի մեջ են մարմնավորված, «ազատատենչ Արևմուտքի և դավադիր Ալ Քաիդայի» մասին արդիական առասպելի՞, թե՞ «Կարմիր Վարդանի և դավաճան Վասակի հարատև կռվի» մասին պատմող ավանդական դիցույթի:

Կարդալ նաև

Պատմություն Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց»-ը և Պատմության գոյավորության առանձնահատկությունները1 Ռոմիկ Քոչարյան «Եւ հասարակաց յոյսն մի շահ է. զի առաջինքն ուրախ լինին ի վերջնոցն բարեգործութիւնս. եւ վերջինքս հաստատին յառաջնոցն կատարելութիւն յուսոյն: Եւ առաքինութիւնք առաջնոցն ժառանգութիւն առնի վերջնոցս. զի մնացուածք բարի գործոց առաջնոցն առնու լրումն՝ ի… Պատմություն Պատմության մեկնողականությունը եվ Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց» աշխատության իմաստասիրող առանձնահատկությունը1 Ռոմիկ Քոչարյան «Ճշմարտութիւն հաւատոյ լոյս է աչաց մտացն, շարժմանցն խորհրդոց, յիշատակացն զգացեալ զլոյսն գիտութեան եւ զիմաստութեան շնորհաց Հոգւոյն Սրբոյ»: /Ս. Գրիգոր Լուսավորիչ «Յաճախապատում»/ «Պատմական անցեալն իւրաքանչիւր ազգի վեհագոյն հարստութիւնն է, իսկ… Պատմություն Մեկ ժամ Ժակ Լը Գոֆֆի հետ Շուշան Մակարյան – Բարև Ձեզ, պարոն Լը Գոֆֆ: – Բարև ձեզ, տիկնայք: Համեցե՛ք: Եթե դեմ չեք, կզրուցենք իմ աշխատասենյակում: Գրքեր, ամենուր գրքեր. պատերին` հատակից մինչև առաստաղ, սեղանին, սեղանի տակ, պատուհանի գոգին, անկյուններում, անկանոն, խիտ շարքերով կամ իրար վրա…