Ռուբիկոն

ՈՒԽՏԻ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ, կամ կոլեկտիվ ներկայության պարադոքսները

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Սակայն մենք, որ պատմական էակներ ենք, և ապրում ենք այստեղ և հիմա, պետք է կարողանանք դիմակայել «բնական» կաղապարներն իր համար զենք դարձրած դարի գնալով ուժեղացող ճնշմանը: Իսկ պաշտպանության ամենարդյունավետ ձևը, երևի, այդ կաղապարների ապամոգականացումն է, հավերժ բնական ազգայինի կեղևի տակ թաքնված պատմական-քաղաքական կորիզի բացահատումը:

Մասն 1. ՎԱՐԴԱՆԱՆՔ

Դրվագ Ա. Մահ և ճանաչում

Ճանաչումը երկու ինքնագիտակցությունների կրկնակի գործողություն է: Գ. Վ. Ֆ. Հեգել

Հայոց բազմադարյան ավանդությունը կերտող տեքստերի ամբողջության մեջ աչքի է զարնում մի եռամիասնություն, որի առանձնահատուկ դերն ազգային ինքնության ձևավորման գործում կարծես թե կասկած չի հարուցում: Դրանք այն փաստաթղթերն են, որ պատմում են հայերիս, քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու (Ագաթանգեղոս, Խորենացի), սեփական գիրը և գրական ավանդույթը ստեղծելու (Կորյուն, Խորենացի), ինչպես նաև այդ նոր ձևավորված արժեքները թշնամու դեմ ռազմի դաշտում կյանքի գնով պաշտպանելու պատրաստակամության մասին (Եղիշե, Փարպեցի):

Առաջարկվող երկասիրության ելակետն է լինելու Եղիշեի պատմությունը «Վարդանի և հայոց պատերազմի մասին» որպես սինթետիկ մի առասպել, որն ի մի է բերել և համադրել հայ ազգային ինքնության մեկուկեսդարյա զարգացման հոգևոր, մշակութային և քաղաքական տեսանկյունները: Մի քանի նախադասությամբ վերհիշենք դասական ավանդության կառուցվածքային ամբողջը:

387-ից Հայաստանը բաժանված է Բյուզանդական և Իրանական կայսրությունների միջև: Պարսից շահը` Հազկերտ Երկրորդը, հայերից պահանջում է հրաժարվել իրենց քրիստոնեական հավատից և զրադաշտություն ընդունել: Լարված խորհրդակցություններից և կշռադատումներից հետո ձևավորվում է միաբանության ուխտը, որն իրեն պատրաստ է հայտարարում մեռնել հանուն հավատի: Առաջնորդը հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանն է, որ սերում է Գրիգոր Լուսավորչի տոհմից: Շարժման նշանաբանն է «Մահ ոչ իմացյալ մահ է, մահ իմացյալ` անմահություն»: Մարզպան Վասակ Սյունին, որի երկու որդիները որպես պատանդ պահվում են Տիզբոնում, հակված է իրանցիների հետ պրագմատիկ փոխհամաձայնության: Երկուստեք բանակցությունների տապալումից հետո Վասակն իր զինյալների հետ միանում է պարսիկների զորքին: Վարդանը և նրա զինակիցների զգալի մասն ընկնում են հերոսի մահով Ավարայրի ճակատամարտում: Շատ աշխարհիկ և հոգևոր իշխաններ Ավարայրից հետո Տիզբոն են քշվում, ուր նահատակվում են հանուն հավատի և հայրենիքի: Ուրացող Վասակը, որին Հազկերտը, հայերի ցուցումների հիման վրա, կրկնակի խաղի մեջ է մեղադրում, զնդան է նետվում և մահանում գերության մեջ: Հայոց դիմադրությունը տևում է ևս մի քանի տասնամյակ, մինչ Իրանը, ազդվելով հայերի հավատի ուժից և վճռականությունից, հրաժարվում է բռնի հավատափոխության իր քաղաքականությունից:

Ավարայրի հերոսները դասվում են Հայոց եկեղեցու սրբերի շարքը և պատմության մեջ մնում են Վարդանանք հավաքական անվան տակ: Վարդանանց պատմության սահմանադիր հանգունակն ընդլայնվում և վերամեկնաբանվում է հետագա բազմաթիվ շարադրանքներում և վերաշարադրանքներում:

Հեշտ է համոզվել, որ Վարդանանաց պատմության սյուժեն, որպես այդպիսին, եզակի չէ: Այն պատկանում է պրոյեկտիվ պատմությունների տարածված ձևին և նկատելի զուգահեռներ ունի հայտնի պատմական-մշակութային նմուշների հետ: Նրա իրական անկրկնելիությունն ավելի շուտ ամբողջի կրոնական, մշակութային և քաղաքական բաղկացուցիչների նրբերանգված միաձուլման մեջ է, որին անդրադառնալու ենք ստորև: Մինչ այդ, սակայն, պետք է նշվի մեկ այլ կարևոր հանգամանք, որի շնորհիվ այս հռչակավոր պատմական մյութոսը ոչ միայն որակապես տարբերվել է վաղ շրջանի «հիմնադիր պատմություններից» (օրինակ, Հայկի և Բելի առասպելից), այլև չի կորցրել իր համոզչության ուժը նաև մեր ժամանակներում:

Եղիշեի «Պատմությունը» ցույց է տալիս ազգային ինքնագիտակցությունն իր կայացման ընթացքում: Այն պատմում է ինքնավար մի սուբյեկտի մասին, որը ճանաչում է պահանջում մեկ այլ սուբյեկտից` ինքն իրեն գտնելու համար: Քանի որ ողջ պատմությունն իրականանում է ՙգիտակցված մահվան՚ կարգախոսի ներքո, խոսքն այստեղ սեփական կյանքը վտանգելու գնով ճանաչման հասնելու մասին է: Մի իրավիճակ, որ կարող է հաջողությամբ նկարագրվել Հեգելի «Ոգու ֆենոմենոլոգիայի» մեջ մշակված «ճանաչման» հասկացության միջոցով:

Հայոց պատմության վաղուց արդեն խորհրդանշական իմաստ ստացած նշանավոր դրվագը գերմանական դասական փիլիսոփայության հասկացությունների միջոցով մեկնելու մտադրությունն, իհարկե, սովորական չէ: Ինչպես ակադեմիական փիլիսոփայության, այնպես էլ ավանդական հայագիտության մեջ նման տարօրինակ սիմբիոզներ հազվագյուտ են հանդիպում: Որպես ընտրված մոտեցման հիմնավորում ստիպված եմ վկայակոչել այն սկզբունքային, թեև ոչ միշտ նկատի ունեցվող տարբերակումը, որ Հեգելն անց էր կացնում հասկացությունների (Begriffe) և գիտակցության պատկերների (Gestalte des Bewusstseins) միջև: Առաջիններն, ըստ Հեգելի, պատկանում են զուտ գիտական, տեսական, նկարագրության զինանոցին: Մյուսներն առանձին մարդու վերջավոր գիտակցության մեջ իրականության ըմբռնման այնպիսի մի աստիճան են արտահայտում, որում մարդկային ցեղի պատմական զարգացման էական փուլերը խտացված են յուրահատուկ պլաստիկ պատկերների ձևով: Վերջիններս թեև հայտնի են գիտակցությանը (bekannt), բայց դեռևս մտածված, ճանաչված, չեն (erkannt) վերջինիս կողմից:

Դեռևս չըմբռնված կերպարների հայտնությունն ու հերթափոխն անհատական գիտակցության մեջ Հեգելը նկարագրել է իր «Ոգու ֆենոմենոլոգիայում», որով քայլ առ քայլ հետամուտ է եղել «սեփական կերպավորումների շարանը կտրող-անցնող հոգու ճանապարհին»:17  Երիտասարդ Հեգելի այդ գլուխգործոցում պատմությունը հանդես է գալիս ոչ թե որպես պատմագրություն, այլ որպես իրավիճակների հերթափոխ, որն անհատական գիտակցության հայելում արտահայտում է մարդկային սեռի փորձառությունը: Այդպիսով, ստեղծվում են իդալականացված մոդելներ, որոնցում փոխադարձաբար արտացոլվում են անհատի հոգեբանությունը և սեռի պատմությունը:

Հետագա շարադրանքում ես ելնում եմ նրանից, որ Եղիշեի` որպես արքետիպային կերպար ոճավորված «Վարդանանց պատերազմը» պատկանում է նույն իրավիճակային մոդելների շարքին և կարող է ուսումնասիրվել վերը նկարագրված եղանակով: Այդպես ես ցանկանում եմ ներքին շարժման մեջ դնել ազգային գիտակցության հայտնի, բայց ոչ լիովին ճանաչված կաղապարները և դրանով նպաստել հայոց պատմական գիտակցության անդրադարձ ինքնաճանաչմանը:

Հայտնի է, որ Հեգելն իր «Ոգու ֆենոմենոլոգիայում» ճանաչման զուտ հասկացությունը սահմանել է որպես «ինքնագիտակցությունների կրկնապատկում իր միասնության մեջ»:18 Ամեն մի ինքնագիտակցություն նախ և առաջ «պարզ իր-համար-գոյություն է, ինքն իրեն հավասար, ուրիշ ամեն ինչ իր բացառելու միջոցով» (նույն տեղում): Սակայն իր սեփական հավաստիությունն իր համար դեռևս չունի ճշմարտություն. վերջինս հնարավոր կլիներ միայն մեկ այլ ինքնագիտակցության կողմից ճանաչվելու շնորհիվ: Ճանաչման կարելի է հասնել կենաց և մահու պայքարի միջոցով, որում հնարավոր է դառնում զուտ ինքնագիտակցության վերացարկումը:

Կարդալ նաև

Պատմություն Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց»-ը և Պատմության գոյավորության առանձնահատկությունները1 Ռոմիկ Քոչարյան «Եւ հասարակաց յոյսն մի շահ է. զի առաջինքն ուրախ լինին ի վերջնոցն բարեգործութիւնս. եւ վերջինքս հաստատին յառաջնոցն կատարելութիւն յուսոյն: Եւ առաքինութիւնք առաջնոցն ժառանգութիւն առնի վերջնոցս. զի մնացուածք բարի գործոց առաջնոցն առնու լրումն՝ ի… Պատմություն Պատմության մեկնողականությունը եվ Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց» աշխատության իմաստասիրող առանձնահատկությունը1 Ռոմիկ Քոչարյան «Ճշմարտութիւն հաւատոյ լոյս է աչաց մտացն, շարժմանցն խորհրդոց, յիշատակացն զգացեալ զլոյսն գիտութեան եւ զիմաստութեան շնորհաց Հոգւոյն Սրբոյ»: /Ս. Գրիգոր Լուսավորիչ «Յաճախապատում»/ «Պատմական անցեալն իւրաքանչիւր ազգի վեհագոյն հարստութիւնն է, իսկ… Պատմություն Մեկ ժամ Ժակ Լը Գոֆֆի հետ Շուշան Մակարյան – Բարև Ձեզ, պարոն Լը Գոֆֆ: – Բարև ձեզ, տիկնայք: Համեցե՛ք: Եթե դեմ չեք, կզրուցենք իմ աշխատասենյակում: Գրքեր, ամենուր գրքեր. պատերին` հատակից մինչև առաստաղ, սեղանին, սեղանի տակ, պատուհանի գոգին, անկյուններում, անկանոն, խիտ շարքերով կամ իրար վրա…