Ռուբիկոն

ՈՒԽՏԻ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ, կամ կոլեկտիվ ներկայության պարադոքսները

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Բայց ուշադիր զննությունը ցույց է տալիս, որ նման երկիմաստություն առկա է նաև Հեգելի մոտ, որը «Ոգու ֆենոմենոլոգիայի» նախաբանի հայտնի հատվածում հետևյալ կերպ է լուսաբանել համընդհանուր անհատի` համաշխարհային ոգու, և առանձնահատուկ անհատի` անկատար ոգու միջև եղած հարաբերությունը.

«Ոգու մեջ, որն ավելի բարձր է կանգնած, քան մյուսը, ավելի ցածր կոնկրետ գոյակերպն իջեցված-հասցված է աննկատելի մոմենտի, այն, ինչ մինչ այդ բանն ինքն էր, այժմ միայն հետք է. նրա դիմագիծը քողարկվել է և դարձել մի պարզ երանգավորում:» (ՈՖ, 32)

Բայց դա նշանակում է, որ կենաց և մահու պայքարն էլ, երբ այն թափանցում է ցեղի գիտակցության մեջ և վերածվում է ամբողջի վերառնված մոմենտի` պարզ երանգավորման, կորցնում է իր էքզիստենցիալ բացարձակությունը և մնում կոլեկտիվ հիշողության մեջ որպես ժամանակին ապրած մահացու վտանգի վերհուշ:

Երկու դեպքերում էլ գործ ունենք մահվան նկատմամբ հակասական վերաբերմունքի հետ. նախ ողջ պատմությունը կառուցվում է մահվան անխուսափելիության բացարձակ գիտակցման վրա, հետո դրա նշանակութունը հարաբերականացվում է և իջեցվում գիտակցության զուտ առարկայի մակարդակի:

Քանի պատմական «պատկերների» հերթափոխն իրականանում է դիցաբանական կամ մենտալիստական հարացույցների շրջանակում, այդ իրողությունը, եթե ընդունելի էլ չէ, առնվազն հասկանալի է. անհատի և «ցեղի» գիտակցությունների միջև եղած սահմանը հավասարապես թափանցիկ է ինչպես դիցաբանական մտածողության մեջ, այնպես էլ դասական իդեալիզմում:24 Բայց իրական կյանքում կարևորը հենց այն մեխանիզմներն են, որոնք երկուստեք անցում են ապահովում անհատի իրական մահվանից դեպի դրա խորհրդանշական մարմնավորումը սեռի գիտակցության մեջ, բայց նաև հակառակը:

Այս շփոթեցնող փոխկապվածությունն աչքի առաջ ունենալով է, որ ես ցանկանում եմ շարունակել կոլեկտիվ մահվան մյութոսիկազմաքանդման իմ աշխատանքը:

Դրվագ Բ. Ուխտի միաբանությունը

Ձեռն եղբօր հարազատի ի մերձաւոր իւր լիցի, որ անցեալ իցէ ըստ ուխտ պատուիրանին Աստուծոյ. և մի՛ խնայեսցէ հայր յորդի, և մի՛ ակն առնուցու որդի հօր պատուոյն: Կին կռուեսցի ընդ առն ամուսնոյ, և ծառայ դարձցի ընդդէմ տեառն իւրոյ: Օրէնք աստուածայինք կացցեն թագաւոր ի վերայ ամենայնի, և ի նմին օրինաց ընկալցին հանցաւորք զպատիժս դատապարտութեան: Եղիշէ

Վարդանանց պատերազմի իրական սուբյեկտը ուխտի միաբանությունն է: Մինչ այժմ այդ արտահայտությունն օգտագործել ենք որպես ինքնին հասկանալի և համասեռ մի հասկացություն: Երևի այդ են պարտադրում դիցաբանական մտածողության խաղի կանոնները, որ շարունակական հակում ունեն պատմական ֆենոմենները բնականի տեղ անցկացնելու: Միայն իր «երբևէ ստեղծված լինելը» մատնող պատմական և սոցիալ-քաղաքական կապերը թոթափելով է առասպելը կարողանում նվաճել այն ունիվերսալությունը, որն ապահովում է այդ սրբագործված վարքի մոդելի հավերժական վերադարձը: Այդ դիցաբանական սուբյեկտի էության բացահայտումն առանց նրա պատմական, կրոնական և քաղաքական բաղկացուցիչների մանրամասն քննության անհնար է: Ուրեմն, բնական է սկսել պարզագույն հարցից. ի՞նչ կազմություն ունի Վարդանանց պատմության սուբյեկտը:

Կոլեկտիվն ելել է ընդդեմ թշնամու: Խումբը շեշտում է իր կուռ միասնականությունը և ներկայանում է որպես ուխտի միաբանություն: Անունը միանշանակ չէ և բազմաթիվ, այդ թվում աստվածաշնչյան, զուգորդություններ է առաջ բերում: Ռոբերտ Թոմսոնը, Եղիշեի անգլերեն թարգմանության համար գրված իր նախաբանում առանձնացրել է հնարավոր մեկնաբանություններից կարևորագույնները: Նա մատնանշել է, որ Եղիշեն սրբազան ուխտը որպես հանրային մարմին է պատկերացնում և որ այդ ըմբռնումն ավետարանական չէ: Ավետարանի Նոր ուխտը թեև տարբերվում է իր հինկտակարանային նախորդից, բայց երկու դեպքերում էլ ուխտը կնքված է Աստծո և մարդու, ոչ մարդկանց միջև: Ուխտի, որպես հանրային մարմնի նախակարապետը Թոմսոնը գտնում է հինկտակարանյան Մակաբեցվոց գրքերում, ուր նկարագրված է հրեաների մ.թ.ա. երկրորդ դարում տեղի ունեցած ապստամբությունն ընդդեմ Անտիոքյան Սիրիայի տիրապետության:

Թեև դիտարկումը դիպուկ է, այն չի բացառում նաև «Նոր ուխտի» մասին ավետարանական պատկերացման առկայությունը «Վարդանանց պատերազմում»: Տեքստի բազմիմաստությունն առավել նկատելի է, երբ ուշադրություն ենք դարձնում «ուխտ» և «ուխտի միաբանություն» արտահայտությոնների տարբերության վրա: «Ուխտը» (օրինակ, «սուրբ եկեղեցու ուխտը» արտահայտության մեջ) կարող է զուտ կրոնական մեկնաբանություն ունենալ: «Միաբանության» մեջ կրոնական և քաղաքական կողմերն ակնհայտորեն միաձուլված են: Ընդ որում, որպես ուխտի միաբանություն ներկայացող կոլեկտիվի կազմն անորոշ է մնում: Եղիշեի բազմաշերտ պատմության մեջ այդ հասկացությունը տարբեր նշանակություններով է հանդես գալիս: Թոմսոնի թվարկումը երևան է բերում հետևյալ պատկերը: Միաբանության ուխտը. ա/ քրիստոնեական եկեղեցին է որպես այդպիսին, առանց ազգային, հայկական, շեշտադրության, բ/ հոգևորականների մի խումբ է կամ շերտ, հայերի եկեղեցական ժողովը, կամ նաև հունական հոգևորականությունը (կլերոս), որին հայերը օգնության խնդրանքով նամակ են հղում, գ/ հավասարապես հոգևորականներից և ազնվականներից կազմված խումբ է, որ միավորվել է պարսիկների դեմ պայքարելու նպատակով, դ/ բոլոր այն նվիրյալ հայերն են` աշխարհիկ թե հոգևոր, ազնվական թե ռամիկ, որոնք վճռական են պաշտպանելու իրենց ազգային կրոնական ավանդույթը:25

Գիտենք նաև, որ հայրենական մասնագիտական գրականության մեջ հիմնականում նկատի է առնվում վերջին մեկնաբանությունը:26 Եղիշեն դա հաստատում է հետևյալ խոսքերով. «Դրդեցին, հավաքեցին մեծ բազմությամբ այր ու կին, շինական և ազատ, քահանա և միայնակյաց. խրատեցին, ամրապնդեցին և բոլորին Քրիստոսի զինվոր դարձրեցին»:27

Խնդրի մեջ պարզություն է մտցնում Ղազար Փարպեցին` բացորոշ ներկայացնելով այն յուրահատուկ, իր որակի մեջ եզակի, կրոնա-իրավական մեխանիզմը, որի միջոցով կազմավորվել է ուխտի միաբանությունը որպես Վարդանանց պատմության միասնական սուբյեկտ: Այն, ինչ ներկայացնում է պատմիչը, փաստորեն այլ բան չէ, քան ավետարանական ուխտի ծիսական վերականգնում, որն անհրաժեշտ էր դարձել պարսկական արքունիքում նախարարների ձևական ուրացության պատճառով: Այդ ուրացող նախարարներից էլ բաղկացած է ուխտի միաբանության սահմանադիր կորիզը.

«Եվ մենք վկայում ու խոստովանում ենք քեզ… Մենք, ուրացած-զղջացածներս, մեղանչած և քո ողորմությանն ապավինածներս, գլորված-կանգնածներս: Ընդունի՛ր մեզ, որպես ուրացող որդուն, որ ծախվելով աղտոտեցինք սուրբ մկրտության այն հանդերձը, որ դու էիր հագցրել ավազանի լվացմամբ…:»28

Մեջբերումն ակնհայտ է դարձնում, որ ուխտն աստծուն է ուղղված: Խոստովանության բովանդակությունը կրոնական է և հավատո հանգանակի ձև ունի: Կարևոր է, սակայն, որ աստծո հետ ուխտի վերականգնումն իրականացվում է որպես ժողովականների համատեղ գործողություն. փաստաթուղթը կնքվում է «նախ Սյունյաց իշխան Վասակի մատանիով, ապա հայոց բոլոր տանուտերերի և սեպուհների մատանիներով»:29 Այս աշխարհիկ իրավաբանական ակտի շնորհիվ կրոնական պարտավորությունը փոխադարձ հանձնառության, փաստորեն, հասարարական դաշինքի որակ է ստանում: Վերջինս նորից վերադարձվում է կրոնականի ոլորտը, քանի որ փաստաթուղթը դրվում է «երդման սուրբ Ավետարանի» մեջ և տրվում հոգևորականներին30` դրանով իսկ ընդունվելով որպես ավետարանական տեքստի լրացում: Այն, որ աղոթքն ավարտած            զորքերի բազմությունը «առանց սպասելու ավագների հրամանին»31 միահամուռ մղումով նետվում է հանգցնելու զրադաշտական ատրուշանի կրակը, վկայում է ռամիկ զանգվածի միաբանության ուխտին միանալու մասին:

Կարդալ նաև

Պատմություն Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց»-ը և Պատմության գոյավորության առանձնահատկությունները1 Ռոմիկ Քոչարյան «Եւ հասարակաց յոյսն մի շահ է. զի առաջինքն ուրախ լինին ի վերջնոցն բարեգործութիւնս. եւ վերջինքս հաստատին յառաջնոցն կատարելութիւն յուսոյն: Եւ առաքինութիւնք առաջնոցն ժառանգութիւն առնի վերջնոցս. զի մնացուածք բարի գործոց առաջնոցն առնու լրումն՝ ի… Պատմություն Պատմության մեկնողականությունը եվ Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց» աշխատության իմաստասիրող առանձնահատկությունը1 Ռոմիկ Քոչարյան «Ճշմարտութիւն հաւատոյ լոյս է աչաց մտացն, շարժմանցն խորհրդոց, յիշատակացն զգացեալ զլոյսն գիտութեան եւ զիմաստութեան շնորհաց Հոգւոյն Սրբոյ»: /Ս. Գրիգոր Լուսավորիչ «Յաճախապատում»/ «Պատմական անցեալն իւրաքանչիւր ազգի վեհագոյն հարստութիւնն է, իսկ… Պատմություն Մեկ ժամ Ժակ Լը Գոֆֆի հետ Շուշան Մակարյան – Բարև Ձեզ, պարոն Լը Գոֆֆ: – Բարև ձեզ, տիկնայք: Համեցե՛ք: Եթե դեմ չեք, կզրուցենք իմ աշխատասենյակում: Գրքեր, ամենուր գրքեր. պատերին` հատակից մինչև առաստաղ, սեղանին, սեղանի տակ, պատուհանի գոգին, անկյուններում, անկանոն, խիտ շարքերով կամ իրար վրա…