ՈՒԽՏԻ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ, կամ կոլեկտիվ ներկայության պարադոքսները
Տեքստի համապատասխան հատվածները հուշում են, այնուամենայնիվ, որ միաբանության ուխտը հավատացյալների զուտ կրոնական համայնք չի եղել: Թոմսոնն այդ կապակցությամբ հետևյալ փաստարկներն է բերում. ա/ Ավարայրի ճակատամարտից առաջ զինյալներին ուղղված իր խոսքում Վարդանը չի վկայակոչում քրիստոնեական աշխարհը (այսինքն` քրիստոնյա հարևաններին, կամ քրիստոնեությունը որպես միավորող ամբողջություն), բ/ նա շեշտում է, դրան հակառակ, սեփական ինքնության պաշտպանության համար կռվի ելած հայերի միայնությունը, գ/ ընդ այդմ, Վարդանը խոսում է ի վերայ կարգացն նախնեաց և հայրենի օրինացն, որով ակնհայտորեն նկատի ունի ոչ միայն նոր ճանաչված քրիստոնեական օրենքները, այլև հայերի ավանդական կենսակերպը: Քրիստոնեությունը Հայաստանում հազիվ մեկուկես դար է, որ արմատավորվել էր և դժվար թե նույնացվեր հայրենի օրենքների հետ:32
Գիտնականի դիտարկումները ոչ լիովին են համապատասխանում պատմական իրականությանը: Որ Վարդանի համար խնդիրը նախ և առաջ քրիստոնեական հավատի պահպանումն է եղել, հավաստվում է ոչ միայն քրիստոնեական ուխտի վերականգնման վերը ներկայացված ողջ արարողությամբ, այլև Հայաստանը թողնելու և «յօտարութիւն» գաղթելու նրա պատրաստակամությամբ:33 Եղիշեն և Ղազար Փարպեցին տեղեկացրել են երեք հարևան քրիստոնյա ժողովուրդների հանդիպումների մասին` հայերը, վրացիները և աղվանները համատեղ խորհրդակցություններ են ունեցել պարսկական սպառնալիքին դիմակայելու վերաբերյալ: Հայտնի է Վարդան Մամիկոնյանի 450 թվի հաղթական արշավանքը պարսից զորքի դեմ Աղվանքում ի պաշտպանություն հյուսիսի քրիստոնյա հարևանների: Եվ վերջապես, գիտենք քրիստոնեական Արևելյան Հռոմեական կայսրությունից ռազմական օգնություն ստանալու հայերի հույսի մասին: Միայն այն բանից հետո, երբ Բյուզանդիոնը մերժում է հայերի խնդրանքը և համաձայնության գալիս իրանցիների հետ, հայերի մոտ աճում է լքվածության և մենակության զգացումը:34 Հիմնականում, սակայն, կրոնականի և ավանդական-ազգայինի սերտաճման մասին թեզը պահպանում է իր նշանակությունը: Եվ այդ սերտաճումն, իհարկե, ունի իր պատմական բացատրությունը: Սիրիական Եդեսայից և հունական Կապադովկիայից Հայաստան ներթափանցած քրիստոնեությունը հասցրել էր ամուր արմատներ գցել երկրում և հող նախապատրաստել գաղափարական կերպափոխության համար:35 Պակաս կարևոր չէր, որ հայերի արագ քրիստոնացումն սկսել է քրիստոնեության պետական ճանաչման վերաբերյալ քաղաքական որոշման ակտով, որին հետևել է կրոնական և քաղաքական մոբիլիզացման ուժգին ալիքը:
Այդ շրջադարձի պատճառներից մեկն եղել է, անշուշտ, իշխող հարստության փոփոխությունն Իրանում: Իրանյան Պարթևների ազգակից հայոց Արշակունիները ստիպված են լինում հարաբերություններ կառուցել Պարթևներին գահազուրկ արած Սասանյանների հետ: Արյան հարազատությունը, որ արքայական մակարդակով շաղախում-ամրապնդում էր Իրանի և Հայաստանի պետական հարաբերությունները, փոխարինվում է ակնհայտ թշնամությամբ, որով Սասանյանները ձգտում են դուրս մղել իրենց թշնամու ներկայությունը նաև հարևան երկրում: Հարստությունների պայքարը ձեռք է բերում Իրանի դեմ մղվող կրոնական պատերազմի դիմագիծ, իսկ նոր ընդունված քրիստոնեությունը վերածվում է գաղափարական զենքի, որով հայերը հաստատում էին իրենց ուրիշ լինելու իրավունքը:
Հին և նոր բարքերի փաստացի ձուլումը, հայերի ծայրահեղ կենտրոնացումն իրենց մենակ լինելու վրա քրիստոնեությունը Հայաստանում վերածում են բացառիկ ազգային կրոնի: Այստեղից էլ`ակնհայտ մոտիկությունը եբրայականությանը: Աստծո և ընտրյալ ժողովրդի միջև կնքված ուխտի վրա հիմնված հրեական մոդելի յուրահատկությունն ակնառու ձևով բացորոշված է Բենեդիկտ Սպինոզայի հետևյալ բնորոշման մեջ:
«Հրեական պետությունը, Ուխտի շնորհիվ, պետություն էր Աստծո իրավունքով: Հետևաբար, պետության թշնամիները Աստծո թշնամիներն էին: Կառավարության իրավունքները Աստծո իրավունքներն ու հրամաններն էին: Քաղաքացիական իրավունքը և կրոնը միևնուն բաներն էին: Կրոնի դոգմաները ոչ թե ուսմունքներ էին, այլ օրենքներ և հրամաններ: Ով հեռանում էր կրոնից, դադարում էր քաղաքացի լինելուց և, միայն այդ պատճառով, դիտվում էր որպես թշնամի:»
«Եբրայեցիների սերն առ Հայրենիք, սովորական սեր չէր, այլ բարեպաշտություն:»36
Նույն այդ բարեպաշտության հասցված սերն առ Հայրենիք, որ բոլոր կրոնական հերձվացողներին քաղաքական թշնամի էր դարձնում, բնութագրական է նաև Վարդանանց պատերազմի իրավիճակի համար: Բայց կրոնակերպ այդ զգացումն այստեղ առավել սրված է մի լրացուցիչ գործոնի ազդեցությամբ, որ բացակա է եբրայական հարացույցում: Դա մարտիրոսության քրիստոնեական ավանդույթն է: Վարդանանց պատմության իրական կիզակետը գիտակցված մահվան իդեալն է: Այդ խորհրդանիշի միջոցով տեղական հայրենասիրության աշխարհիկ շարժառիթներն այնպես են միաձուլվում քրիստոնեական նահատակության գաղափարի հետ, որ կրոնական բարեպաշտությունը նահատակության քաղաքական ակտի պահանջ է դնում:
Նահատակի գործելակերպն անխուսափելիորեն կապված է սեփական անձը զոհաբերելու պատրաստակամության հետ: Այն առկա է կամավոր հերոսական մահվան համարյա բոլոր դեպքերում, վաղ քրիստոնեության զանգվածային մարտիրոսությունից մինչ այսօրվա ահաբեկչությունը:37 Այն ակնհայտորեն առկա է նաև Վարդանանց պատմության մեջ: Բայց ուխտի միաբանության համար ինքնազոհողության անհատական պատրաստակամությունը բավարար չէր:
451-ի ճգնաժամային իրավիճակում մահը ոչ միայն հանձնարարելի է եղել, այլև միաբանության կողմից պարտադրված: Եղիշեից քաղված և սույն դրվագի համար բնաբան ծառայող հատվածում դա ի հայտ է գալիս առաձնահատուկ հստակությամբ: Կոչը, որ ՙՎարդանի պատմության՚ մեջ ներկայացվում է որպես միաբանության խորհրդի առաջին վճիռ, փաստորեն ընկալվում է որպես քաղաքական պահանջ` ուղղված բոլոր հայրենակիցներին:
«Հարազատ եղբոր ձեռքը թող բարձրանա այն մերձավորի դեմ, որ դուրս է եկել Աստծո պատվիրանի ուխտից. հայրը չխնայի որդուն, և որդինչակնածի հոր պատվից: Կինը կռվի իր ամուսնու դեմ, և ծառան դիմադրի իր տիրոջը: Աստվածային օրենքը թագավորի ամեն բանում, և նույնօրենքից հանցավորները ստանան իրենց դատապարտությունն ու պատիժը»:38
Սրանով պատկերն ամբողջանում է: Ուխտի միաբանությունն ամբողջ ժողովուրդը չէ, ամբողջն ակնհայտորեն երկատված է:39 Բայց ժողովրդի ընդվզած մասն ինքն իրեն որպես ամբողջ է պատկերացնում: Նա հանձն է առնում նախնիների կարգի և հայրենի օրենքի պատասխանատվությունը և պատրաստ է հանուն դրա մեռնել, բայց անում է դա նոր, քրիստոնեական, օրենքի անունից: Հատուցումը, այսինքն` դատապարտությունն ու պատիժը, որով ուխտի միաբանությունը սպառնում է հանցավորներին (ի դեպ, ոչ «մեղավորներին»), ոչ թե կրոնական, այլ քաղաքական բնույթի է, քանի որ խոսքը ոչ թե ապաշխարության, այլ ուրացողներին որպես թշնամիների ոչնչացման մասին է:40