ՈՒԽՏԻ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ, կամ կոլեկտիվ ներկայության պարադոքսները
Ստոիցիզմի և սկեպտիցիզմի այս քաոսային միասնությունը, որ հատուկ է եղել հայ հասարակությանը ձևավորվող քրիստոնեության պայմաններում, իր ողջ յուրահատկությամբ հանդերձ, անմիջական աղերսներ ունի երկճեղքված դժբախտ գիտակցության այն ֆենոմենի հետ, որի մասին խոսում է Հեգելը` նկարագրելով ուշ անտիկյան այդ երկու հոսանքներից առաջացած հոգևոր արդյունքը:
Տպավորությունն այն է, որ երկճեղքված գիտակցության այդ փուլը մեզանում անսահմանորեն երկար է տևել, եթե ընդհանրապես ավարտվել է: Բայց եթե այդպես է, ապա կասկածի տակ է դրվում հինավուրց առասպելի լեգիտիմացնող գործառույթը: Գիտենք, որ լեգիտիմացնող առասպելներն ազդեցիկ են ոչ թե իրենց «նախասկզբնական փաստականությամբ», որի հավաստիությունը հաճախ ապացուցելի չէ, այլ կրկնելիությամբ, այսինքն` նրանցում հաստատագրված սյուժեները նորից և նորից վերարտադրելու հնարավորությամբ, որի շնորհիվ դրանք վարքի օրինակելի մոդելների կարգավիճակ են ձեռք բերում: Հիշում ենք նաև, որ Վարդանանց պատմության կոլեկտիվ սուբյեկտի կարգախոսը գիտակցական և համատեղ մահ էր ենթադրում: Հարցն այն է, սակայն, թե ինչպես կարող է իր նայիվ` դիցաբանական, միասնականությունը վաղուց ի վեր կորցրած և սկեպտիկ անհատների տարասեռ հանրության վերածված «միաբանության ուխտը» նաև հետագայում ապահովել ժառանգված ուղենիշ մոդելի կրկնությունը:
Ուրեմն, հինավուրց սխեմայի արդի բովանդակությունը ճշտելու համար իմաստ ունի հարց տալ. արդյո՞ք imitatio Christi-ն, այսինքն` Քրիստոսին նմանակումը (որի վերջը, գիտենք, Խաչելությունն է), կիրառելի է որպես քաղաքական հարացույց ամբողջ ժողովրդի համար: Կամ, այլ կերպ հարցրած,
Կարո՞ղ է, և իրավունք ունի՞ արդյոք մի ողջ կոլեկտիվ համատեղ մեռնել:
Հարցն արդարացված է մեր երկասիրության հիմնական խնդրի համատեքստում. հեգելյան մտային էքսպերիմենտը միայն այն դեպքում կարող է կիրառվել կոլեկտիվ ներկայության նկատմամբ, եթե կոլեկտիվը հնարավոր լինի կանգնեցնել բացարձակ, այսինքն` անխուսափելի, մահվան հնարավորության առջև:
Մասն 2. ԿՈԼԵԿՏԻՎ ՄԱՀՎԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ
Դրվագ Ա. Ի՞նչ է «ժողովրդի բախտը»
Մահն անփոխանցելի է: Մ. Հայդեգեր
Որևէ գոյի էությունը նրա մահվան անխուսափելի հնարավորությունից հասկանալու խնդիրը համարյա նույնքան անխուսափելի է դարձնում անդրադարձը Մարտին Հայդեգերի փիլիսոփայական ժառանգությանը: Որ գերմանացի մտածողի գաղափարները զգալի չափով պայմանավորել են Եվրոպայի քսաներորդ դարի ինտելեկտուալ զարգացման ուղղությունը, հայտնի է նաև մեզանում: Բայց նախաձեռնած հետազոտությունն արդյունավետ շարունակելու համար այդքանը բավարար չէ: Անհրաժեշտ է գոնե մի քանի պարբերությամբ անդրադառնալ շվարցվալդյան մենակյացի փիլիսոփայական հղացքի որոշ թեզերին:
Հայդեգերի «Գոյություն և ժամանակ» հիմնարար երկում մարդը ներկայացվում է որպես յուրահատուկ մի գոյ, որ մյուս բոլոր գոյերից տարբերվում է իր սեփական գոյությանը հաղորդված լինելու շնորհիվ: Հայկական լեզվամտածողության ծիրում այս միտքն առավել ակնառու դարձնելու համար օգտակար է հիշել «առկա» և «ներկա» բառերի իմաստային տարբերությունը: Որևե գոյ` քարը, փայտը, կենդանին և նույնիսկ փոքրիկ երեխան, կարող է լինել առկա, բայց չլինել ներկա, որոշակի ներքին արթունության իմաստով: Ընդ որում, խոսքն այստեղ գիտակցությամբ օժտված լինելու մասին չէ, մարդ (նաև երեխան) կարող է գիտակցություն ունենալ, բայց «ներկա» չլինել: Սրա լավագույն օրինակն է ռուսերեն «присутствие при полном отсутствие» դարձվածքը, որ նկատի ունի ֆիզիկապես ներկա, բայց մտքերով այլուր դեգերող մեկին: Մարդն, ըստ Հայդեգերի, ներկա գոյ է, քանի որ ոչ թե պարզապես կա, այլ կա` իր լինելն իր համար խնդիր ունենալով: «Մարդկային գոյության բանն ի՞նչ է» հարցի ճիշտ պատասխանն, այսպիսով, հետևյալը կլիներ. «Մարդկային գոյության բանը գոյությունն ինքն է»:
Լինելու այդ յուրահատուկ կերպը մտածողն անվանել է Dasein, ներկայություն: Բայց Dasein բառը47 բազմանշանակ է: Ներկա լինելուց բացի, այն նշանակում է նաև պարզապես «այստեղ լինել». դրա համար էլ մեզանում երբեմն թարգմանվում է որպես «աստ-գոյություն»: Մարդու հենց-այստեղ-և-հիմա-աշխարհում-լինելու հանգամանքն Հայդեգերի համար կարևոր է այնքանով, որ Daseinը, ըստ մտածողի, չի կարող ըմբռնվել վերացականորեն: Այն միշտ փաստական է: Մարդն իր անցյալով և ապագայով «շպրտված է աշխարհ», այսինքն` միշտ գտնվում է կոնկրետ պատմական պայմաններում, իր առջև բացվող հնարավորություններին դեմ հանդիման: Աշխարհում լինելը այլ բան չէ, քան հնարավորություններից ընտրություն կատարելով` ապագային միտված ձեռնարկ իրականացնել: Հենց դրանով է, որ եղելության և գալիքի լարված դաշտում արտա-կայող մարդու գոյությունն ի սկզբանե ժամանակային է, հետևաբար, պատմական: Պատմականությունն, այսպիսով, իրադարձությունների սոսկական հաջորդականություն չէ, այլ գոյության այն որոշակի կերպը, որ հատուկ է մարդուն:48
Ներկայությունն ազատ է իր ընտրության մեջ, բայց պետք է հաշվի նստի այն հանգամանքի հետ, որ այս կամ այն առանձին հնարավորության ընտրությամբ մյուսները բացառվելու են: Այնուամենայնիվ, ընտրությունն անխուսափելի է, քանի որ չընտրելը նույնպես ընտրության ձև է: Հնարավորությունները կարելի է հանձն առնել, ձեռքից բաց թողնել, նրանցից կարելի է նաև խուսափել: Բայց կա մի բացարձակ հնարավորություն, որն անխուսափելի է և անշրջանցելի: Դա մահն է: Մահը նաև անփոխանցելի է: Մարդ կարող է, ինչ-որ վտանգավոր գործ ուրիշի փոխարեն ստանձնելով` զոհվել հանուն այդ գործի, – ասում է Հայդեգերը: Բայց հնարավոր չէ մեռնել ուրիշի փոխարեն: Որովհետև յուրաքանչյուրի մահը միայն իրենն է:
Մարդկային գոյության հայդեգերյան բնորոշումը որպես «անընդհատ ընթացք դեպի մահը» (Vorlaufen zum Tode) որևէ կապ չունի հոռետեսության կամ վախկոտության հետ: Վախկոտն, ըստ մտածողի, նա չէ, ով մտածում է մահվան մասին, այլ նրանք, ովքեր ամեն գնով խույս են տալիս մահվան անշրջանցելի հնարավարությունը որպես կյանքի հիմնարար իրողություն ընդունելուց: Բայց Հայդեգերի կեցվածքը հեռու է նաև ստոիկյան անտարբեր անդրդվելիությունից: Մահվան անխուսափելիության ընդունումն այն գործոնն է, որի շնորհիվ ի հայտ է գալիս ներկայության` Dasein-ի գոյության իմաստը: Մահն ամբողջացնում է մարդկային ներկայությունը, ի հայտ է բերում նրա վերջավորությունը և պատմականությունը և, դուրս բերելով մարդուն «բոլորի» կողմից պարտադրված անդեմ հարաբերությունների ոլորտից, ի բաց է դնում նրան սեփական գոյությանը դեմ հանդիման: Հենց այդ բաց լինելով է, որ ներ-կայության իսկական, բուն գոյությունը տարբերվում է անիսկականից, որը հատուկ է անդեմ «բոլորին» (Man):49
Կարևոր է, որ մարդկային ներ-կայության վերլուծությանը նվիրված «հիմնարար գոյաբանության» ստեղծումը Հայդեգերն իր հիմնական խնդիրը չի համարել: Վերջինս միայն միջոց էր, գոյության մարդկային կերպից` Dasein-ից ելնելով, մի լուսանցք բացել դեպի Sein-ը, այսինքն` գոյությունն ընդհանրապես: Հուսախաբ լինելով ընտրած ճանապարհից` նա անավարտ է թողել «Գոյությունը և ժամանակը» և դեպի գոյություն առաջնորդող այլ ուղիներ է փնտրել:50