Ռուբիկոն

Մարդն ըմբոստացած

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Ալբեր Կամյու

I ՄԱՐԴՆ ԸՄԲՈՍՏԱՑԱԾ

Ի՞նչ է ըմբոստացած մարդը: Մարդ, որ ասում է` ոչ:

Բայց եթե նա մերժում է, ապա չի հրաժարվում. սա նաև այն մարդն է, որ իր այդ առաջին մղումով ասում է` «այո»: Ողջ կյանքում կարգադրություններ ստացած ստրուկը հանկարծ անընդունելի է համարում նոր հրամանը: Ո՞րն է այդ «ոչ»-ի բովանդակությունը:

Օրինակ, այն նշանակում է. «Այս ամենը չափից դուրս երկար տևեց», «Մինչև հիմա համբերել եմ, բայց սրանից հետո` էլ չեմ կարող», «Դուք չափազանց հեռու եք գնում», նաև` «Կա մի սահման, որ չպետք է անցնեք»: Ի վերջո, այդ «ոչ»-ը հաստատում է ինչ-որ սահմանի գոյությունը: Սահմանագծի այդ նույն գաղափարն է ընկած ըմբոստացողի այն զգացողության հիմքում, թե մյուս մարդը «չափն անցնում է», թե նա իր իրավունքը տարածում է սահմանից այն կողմ, որից սկսած նրա դեմ կանգնած է մեկ այլ իրավունք և սահմանափակում է նրան: Այսպիսով, ըմբոստության մղումը հիմնվում է միաժամանակ անհանդուրժելի համարված ոտնձգությունը կտրուկ մերժելու և անվիճելի իրավունքի աղոտ համոզվածության, ավելի ճիշտ` ըմբոստացողի` «այս կամ այն բանն անելու իրավունքն» ունենալու զգացողության վրա: Ըմբոստությունն ուղեկցվում է ինչ-որ ձևով և ինչ-որ տեղ սեփական իրավացիության զգացողությամբ: Սրանից ելնելով է ըմբոստացած ստրուկը միաժամանակ ասում` այո և ոչ: Սահմանի հետ նա նաև հաստատում է այն ամենը, որ ենթադրում է և կամենում է պահպանել սահմանից այն կողմ: Նա համառորեն ապացուցում է, թե իր մեջ կա ինչ-որ բան, որի համար «արժե…», որը պահանջում է ուշադրություն: Ինչ-որ ձևով նա իր վրա բռնացող կարգին հակադրում է իր ընդունած եզրագծից այն կողմ բռնությանը չենթարկվելու մի տեսակ իր իրավունքը:

Ամեն ըմբոստության մեջ ոտնձգողի նկատմամբ ունեցած խորշանքի հետ դրսևորվում է նաև մարդու ամբողջովին ու վայրկենական միավորումը իր էության որոշակի մասի հետ: Արդ, նա թաքուն և գրեթե չգիտակցելով գործողության մեջ է դնում արժևորող մի դատողություն, որը նա պահպանում է աղետի ու պատուհասի մեջ: Մինչ այդ, նա առնվազն լռել է` հուսահատությանն անձնատուր, ընդունելով նույնիսկ անարդար համարվող իրավիճակը: Իսկ քանի որ նա լռել է, ապա ստեղծվել է կարծիք, թե չի դատում և չի կամենում ոչինչ, իսկ առանձին դեպքերում` թե իրոք չի կամենում ոչինչ:

Բայց հուսահատությունը, ինչպես և աբսուրդը, դատում ու կամենում է ամեն ինչ ընդհանրապես և ոչինչ` մասնավորապես: Լռությունը նրա հրաշալի թարգմանն է: Սակայն խոսելու պահից սկսած, նույնիսկ երբ ասում է` ոչ, նա կամենում է և դատում: Ըմբոստը, բառի ստուգաբանական իմաստով1, անում է կտրուկ շրջադարձ: Նա քայլել է տիրոջ մտրակի տակ: Եվ, ահա, կանգնում է նրա դիմաց: Նա հակադրում է նախընտրելին անընդունելիին:

Ամեն արժեք առաջ չի բերում ըմբոստություն, բայց ըմբոստության ամեն մղում լռելյայն հիշեցնում է ինչ-որ արժեք:

Իսկ արդյո՞ք այստեղ արժեքի մասին է խոսքը: Ըմբոստության մղումից, – որքան էլ անորոշ, – ծնվում է գիտակցությունը, հանկարծական, պայծառ այն ըմբռնումը, թե մարդու մեջ կա ինչ-որ բան, որի հետ նա կարող է նույնանալ թեկուզ և շատ կարճ ժամանակով: Այդ նույնացումը մինչ այդ իրապես չէր զգացել ստրուկը: Մինչ այդ ընդվզումը, նա տարել է ամեն անիրավություն ու կեղեքում: Հաճախ, նույնիսկ անմռունչ կատարել է առավել ստորացուցիչ կարգադրություններ, քան եղել է այս մեկը, որ առաջ է բերել իր ընդվզումը:

Դրանք կատարել է համբերությամբ, գուցե և ամբարելով հոգում, բայց լռելյայն, առավել տարված անմիջական հոգսերով, քան գիտակցելով իր իրավունքը: Համբերության հատնումից հետո, անհամբերության հետ, ընդհակառակը, ծայր է առնում մի ալիք, որ կարող է տարածվել մի ժամանակ ընդունելի ամեն ինչի վրա: Այդ պոռթկումը գրեթե միշտ ունենում է հետադարձ ազդեցություն: Այն պահին, երբ ստրուկը ծառանում է տիրոջ նվաստացուցիչ կարգադրության դեմ, միաժամանակ ծառանում է իր ստրկական վիճակի դեմ: Ըմբոստության մղումը նրան տանում է ավելի հեռու, քան նա կարող էր հայտնվել սովորական մերժման ժամանակ: Նա անցնում է նաև իր հակառակորդի համար նախանշած սահմանը` հիմա պահանջելով արդեն, որ իր հետ վարվեն հավասարի պես: Այն, ինչ սկզբում եղել է մարդու անկասելի դիմադրություն, վերածվում է ամբողջական մարդու, որը նույնանում է դրա հետ, հանգում դրան: Իր էության այն մասը, որ նա ուզում էր հարգել տալ, այժմ նա դասում է մնացած ամեն ինչից վեր, հայտարարում ամեն բանից, նույնիսկ կյանքից ավելի թանկ: Նրա համար դա դառնում է գերագույն բարիք: Մի ժամանակ անարգվածությունն ընդունող ստրուկը միանգամից («քանի որ այդպես է…») նետվում է անհանդուրժողության մեջ` «Ամեն ինչ կամ Ոչինչ»: Ըմբոստության հետ լույս աշխարհ է գալիս գիտակցությունը:

Սակայն պարզ երևում է, որ այդ գիտակցության մեջ միաժամանակ գործում են դեռևս բավականաչափ մութ «ամեն ինչը» և «ոչինչը», որը ենթադրում է մարդու զոհաբերության հնարավորություն հանուն այդ ամենի: Ըմբոստն ուզում է լինել ամենը, լիովին նույնանալ այն բարիքի հետ, որին հասու է դարձել հանկարծակի, և ուզում է հանձին իրեն դա ընդունեն ու ողջունեն ուրիշները, կամ ուզում է լինել ոչինչ, այսինքն` վերջնականապես ջախջախվել իր վրա իշխող ուժի կողմից: Ծայրահեղ դեպքում նա ընդունում է վերջնական պարտությունը` մահը, եթե զրկվելու է այն բացառիկ պարգևից, ինչը նա կկոչի, օրինակ, ազատություն: Ավելի լավ է մեռնել կանգնած, քան ապրել ծնկաչոք:

Արժեքը, ըստ խորագիտակ հեղինակների, «ամենից հաճախ անցում է գործողությունից իրավունքի, ցանկացածից բաղձալիի (սովորաբար` այն միշտ միջնորդավորված է ցանկությամբ2)»: Անցումը իրավունքի, ինչպես տեսանք, դրսևորվում է ըմբոստությամբ: Նույնը և` «սա պետք է լիներ»-ից «ես ուզում եմ, որ սա լինի»-ի անցման դեպքում:

Բայց գուցե թե և առավել ևս այն դեպքում, երբ դա վերաբերում է անհատից այդուհետ ընդհանուր դարձած բարիքի անցմանը: Ամեն ինչի կամ Ոչնչի երևան գալը մատնանշում է, որ ըմբոստությունը, հակառակ եղած կարծիքի, ու նույնիսկ եթե ծնունդ է առնում մարդու խիստ անհատական էությունից, հարցականի տակ է առնում հենց անհատ հասկացությունը: Եթե անհատն իրոք ընդունում է մահը և, հարկ եղած դեպքում, իր ըմբոստության պոռթկման մեջ մահանում է, ապա դրանով նա ցույց է տալիս, որ զոհաբերում է իրեն ի շահ այն բարիքի, որ ինքը համարում է գերակա սեփական ճակատագրի համեմատ: Եթե նա գերադասում է մեռնել, իր պաշտապանած իրավունքից չզրկվելու համար, ապա այն պատճառով, որ դա դասում է իրենից վեր: Հետևաբար, նա գործում է հանուն մի արժեքի, որը դեռևս անորոշ է, բայց իր զգացածի համաձայն ընդհանուր է ինչպես իր, այնպես էլ բոլոր մարդկանց համար: Ինչպես տեսնում ենք, ըմբոստության ամեն դրսևորման հաստատումը տարածվում է ինչ-որ բանի վրա, որը գերազանցում է անհատին այնքանով, որքանով ձերբազատում է նրան իր ենթադրյալ մենությունից և գործելու հիմք տալիս:

Կարդալ նաև

Գրականություն Ֆրիդրիխ Հյոլդեռլինի երկու բանաստեղծությունները Վալտեր Բենյամին Վալտեր Բենյամինը (1892-1940) գերմանացի փիլիսոփա, գրականագետ և մշակույթի տեսաբան է: Փիլիսոփայություն է ուսումնասիրել Բեռլինի, Մյունխենի և Բեռնի համալսարաններում: 1933-ից ապրել և ստեղծագործել է Փարիզում: Սերտորեն համագործակցել է Հորքհայմերի… Գրականություն Մատիտագրեր գերմանական ծոցից. մայրցամաք 93-ի վերջին Արա Գուրզադյան Չվացուցակներ կազմողի օրագրից գիրք անհայտության Աքսորյալի ծոցատետրից Ապագա կենսաբանության դասագիրք և այլ մոռացված բաներ… Գերմանիա աշուն 1993 Այս ափերին գամված ծաղրածուի կրծքից Տառապանքի հմայքն է վարագույրի պես իջնում Ցրելով մթնշաղն անմահության… Գրականություն 1980-1983 Բառերի բույրը Օրագրեր Արա Գուրզադյան Մարդը մանկության ներսում Սուր մի ցավ. և փշրվող հայելիների աղմուկ: Այն փոքրիկ այգին իր մեջ պարփակեց քո սիրած բնապատկերի անհասանելի բույրը: մանկությունդ կոտրվեց քո գրկում: այսօր անարդարություն կա այնտեղ: Փշեր աճեցրու: արյուն, անձրև և քամիներ…