Մարդն ըմբոստացած
Անկասկած, Նիցշեի փիլիսոփայությունը պտտվում է ըմբոստության խնդրի շուրջ: Ավելի ճիշտ` սկսվում է հենց դրանից: Սակայն զգացվում է Նիցշեի արած վերափոխությունը: Ըստ նրա` ըմբոստության ելակետը դառնում է «Աստված մեռած է» դրույթը, որը դիտվում է իբրև կայացած փաստ. այդ դեպքում ըմբոստությունն ուղղվում է այն ամենի դեմ, ինչը ձգտում է թյուր կեպով փոխարինել վերացած աստվածությանը և անարգում է, անշուշտ, կառավարումից զուրկ աշխարհը, որը, սակայն, մնում է աստվածների միակ դարբնոցը: Հակառակ իր որոշ քրիստոնյա քննադատների կարծիքի, Նիցշեն չի կազմել Աստծուն սպանելու ծրագիր: Նա Աստծուն գտել է մեռած իր ժամանակի հոգու մեջ: Նա առաջինն է ըմբռնել այդ իրադարձության վիթխարիությունը և եզրակացրել, որ մարդու ըմբոստությունը չի կարող հանգել վերածնության, եթե չի կառավարվում: Ըմբոստության նկատմամբ ցուցաբերված ցանկացած այլ վերաբերմունք, լինի զղջում թե հաճույք, պիտի որ տանի ապոկալիպսիսի: Հետևաբար, Նիցշեն չի տվել ըմբոստության փիլիսոփայությունը, այլ դրա վրա կառուցել է փիլիսոփայություն:
Եթե նա մասնավորապես հարձակում է գործում քրիստոնեության վրա, ապա այն պատճառով, որ դա դիտարկում է որպես բարոյախոսություն: Մի կողմից` նա երբեք չի շոշափում Հիսուսի անձը, մյուս կողմից` եկեղեցու ցինիկ կողմերը: Հայտնի է, որ նա գիտակի աչքով հիացել է ճիզվիտներով:
«Ըստ էության,– գրում է նա,– մերժելի է միայն բարոյական Աստված:»8 Քրիստոսը Նիցշեի, ինչպես և Տոլստոյի համար ըմբոստ չէ: Նրա ուսմունքի գլխավոր դրույթը հանգում է լիակատար հաշտվողականության, չարին չընդդիմանալուն: Հարկ չկա սպանել` նույնիսկ սպանությունը կանխելու համար: Պետք է աշխարհն ընդունել այնպես, ինչպես կա, ոչինչ չհավելել նրա դժբախտությանը, այլ համաձայնել անձնապես տառապել նրա բովանդակ չարիքից: Երկնքի արքայությունը հասանելի է մեզ անմիջականորեն: Դա զուտ ներքին տրամադրվածության խնդիր է, որը մեզ թույլ է տալիս մեր գործողությունները հարաբերակցել այդ սկզբունքների հետ և որը կարող է մեզ պարգևել անհապաղելի երանություն: Ոչ թե հավատք, այլ գործեր. ահա, ըստ Նիցշեի, Քրիստոսի պատգամը: Դրանից հետո քրիստոնեության պատմությունը սոսկ անվերջանալի դավաճանություն է այդ պատգամի նկատմամբ: Նոր Կտակարանն արդեն խեղաթյուրված է, և Պողոսից մինչև տիեզերաժողովներ հավատքի սպասավորությունը մոռացության է մատնել տալիս գործերը:
Ո՞րն է այն խոր աղճատումը, որ քրիստոնեությունը հավելում է տիրոջ պատգամին: Քրիստոսի ուսմունքին խորթ դատաստանի գաղափարը և պատժի ու հատուցման համապատասխան հասկացությունները: Այդ պահից բնությունը վերածվում է պատմության, նշանակալից պատմության. ծնունդ է առնում մարդկային ամբողջության գաղափարը:
Ավետիսից մինչև ահեղ դատաստան մարդկությունն այլ գործ չունի, քան հարմարվել նախապես գրված պատմության հատկապես բարոյական նպատակներին: Միակ տարբերությունն այն է, որ կերպարները վերջաբանում բաժանվում են բարիների և չարերի: Այն դեպքում, երբ Քրիստոսի միակ դատողությունը ամփոփված է այն խոսքում, թե բնածին մեղքը նշանակություն չունի, պատմական քրիստոնեությունը ողջ բնությունը դարձնում է մեղքի աղբյուր: «Ի՞նչն է մերժում Քրիստոսը: Այն ամենը, ինչ այսօր կրում է քրիստոնյա անունը:՚ Քրիստոնեությունը հավատում է, թե պայքարում է նիհիլիզմի դեմ, քանի որ ուղղություն է տալիս աշխարհին, այնինչ նիհիլիստական է հենց ինքը այն չափով, որքանով մտացածին իմաստ է պարտադրում կյանքին և արգելում նրա իսկական իմաստի բացահայտումը. «Ամեն եկեղեցի մարդ-աստծո գերեզմանի վրա գլորված քար է, այն փորձում է ուժով խանգարել նրա հարությանը»: Նիցշեի պարադոքսալ, բայց և նշանակալի եզրակացությունն այն է, որ Աստծո մահվան պատճառը քրիստոնեությունն է այնքանով, որքանով վերջինս աշխարհականացրել է սրբությունը: Այստեղ պետք է հասկանալ պատմական քրիստոնեությունը և «նրա խորարմատ ու քամահրելի երկակիությունը»:
Նույն դատողությունը Նիցշեն անում է սոցիալիզմի և մարդասիրական բոլոր ձևերի վերաբերյալ: Սոցիալիզմը այլասերված քրիստոնեությունն է: Իրականում նա պահպանում է հավատն առ պատմության վերջնանպատակը, որը դավաճանում է կյանքին և բնությանը, իրական նպատակները փոխարինում է իդեալական նպատակներով և նպաստում կամքի ու երևակայության թուլացմանը: Սոցիալիզմը նիհիլիստական է այդ բառին այդուհետ Նիցշեի տված ճշգրիտ իմաստով: Նիհիլիստը նա չէ, ով ոչնչի չի հավատում, այլ նա, ով չի հավատում այն բանին, ինչը կա: Այս իմաստով սոցիալիզմի բոլոր ձևերը քրիստոնեական անկման առավել հետադիմական դրսևորումներ են: Քրիստոնեության համար հատուցումն ու պատիժը ենթադրում են որևէ պատմություն: Սակայն անողոք տրամաբանության համաձայն ողջ պատմությունը, վերջին հաշվով, նշանակում է հատուցում և պատիժ. այս պահից ծնունդ է առնում հավաքական մեսսիականությունը: Ահա ինչու Աստծո առջև հոգիների հավասարությունը, երբ Աստված մեռած է, հանգում է պարզապես հավասարության: Այստեղ դարձյալ Նիցշեն պայքարում է սոցիալիստական, իբրև բարոյախոսական ուսմունքների դեմ: Նիհիլիզմը, որ ի հայտ է գալիս կրոնի և սոցիալիստական քարոզչության մեջ, մեր, այսպես կոչված, բարձրագույն արժեքների տրամաբանական ավարտն է: Ոգեպես ազատը կկործանի այդ արժեքները` ի չիք դարձնելով այն պատրանքները, որոնց վրա հիմնվում են դրանք, մերկացնելով դրանց տակ ենթադրելի առևտուրը, գործված հանցանքները, որոնք արգելում են, որ սթափ միտքն իրագործի իր առաքելությունը, այն է` պասսիվ նիհիլիզմը վերափոխի ակտիվ նիհիլիզմի:
Աստծուց և բարոյական գաղափարներից ձերբազատված այս աշխարհում մարդն այժմ մենակ է և առանց տիրոջ: Նիցշեն բոլորից քիչ է (և սրանով նա տարբերվում է ռոմանտիկներից) հավատալու տեղիք տվել, թե նման ազատությունը կարող է հեշտ լինել: Այս վայրի ազատությունը նրան դնում է այն մարդկանց շարքը, որոնց մասին հենց ինքն է ասել, թե նրանք տառապում են նոր վշտից ու նոր երջանկությունից: Իսկ առաջին հերթին միայն վիշտը կարող է աղաղակել. «Ավա¯ղ, շնորհեք ինձ խելահեղություն… Չլինելով օրենքից վեր` ես անարգվածներից ամենաանարգվածն եմ»: Նրա համար, ով չի կարող օրենքից վեր լինել, իրոք, պետք է գտնել մեկ այլ օրենք կամ խելագարություն: Այն պահից, երբ մարդն այլևս չի հավատում Աստծուն և հավիտենական կյանքին, դառնում է գոյություն ունեցող ամեն բանի պատասխանատուն, այն ամենի, ինչը ցավի մեջ ծնված` կոչված է տառապելու կյանքում»: Նրան, միմիայն նրան է վիճակված գտնել կարգ և օրենք: Այդժամ սկսվում են անարգվածների ժամանակները, արդարացումների տանջալից որոնումները, աննպատակ կարոտախտը, ՙհոգուց բխող ամենացավոտ, ամենակեղեքիչ հարցը` ես որտե՞ղ կկարողանամ ինձ զգալ ինչպես իմ տանը»:
Լինելով ազատ ոգու տեր` Նիցշեն գիտեր, որ ոգու ազատությունը հարմարավետություն չէ, այլ վեհություն, որին ձգտում են և հազվադեպ են հասնում տանջալից պայքարով: Նա գիտեր, որ նրա համար, ով ուզում է օրենքից վեր լինել, մեծ է այդ օրենքից ցած դասվելու վտանգը: Ահա ինչու նա հասկացավ, որ ոգին իր իսկական ազատագրումը գտնում է նորանոր պարտականություններ ստանձնելու մեջ: Նրա հայտնագործության էությունը հետևյալն է` եթե հավերժական օրենքը ազատություն չէ, առավել ևս ազատություն չէ օրենքի բացակայությունը: Եթե ոչինչ ճշմարիտ չէ, եթե աշխարհը կանոնակարգված չէ, ապա ոչինչ արգելված չէ. որևէ գործողություն արգելելու համար իրոք հարկավոր է, որ լինեն արժեքը և նպատակը: Բայց միաժամանակ ոչինչ թույլատրված չէ. դարձյալ արժեք և նպատակ է հարկավոր ունենալ` մեկ այլ գործողություն ընտրելու համար: Օրենքի բացարձակ գերիշխանությունը ազատություն չէ, բայց ազատություն չէ նաև բացարձակ անիշխանությունը: Լրացուցիչ բոլոր հնարավոր միջոցները ազատություն չեն ստեղծում, բայց ստրկություն է նաև դրանց բացակայությունը: Քաոսը նույնպես ստրկություն է: Ազատություն կա միայն այնպիսի աշխարհում, որտեղ միաժամանակ որոշված է թե՛ հնարավորը և թե՛ անհնարինը: Չկա օրենք, չկա և ազատություն: Եթե ճակատագիրը չի ուղղորդվում որևէ բարձրագույն արժեքով, եթե թագավոր է պատահականությունը, ուրեմն, դա ճանապարհ է խավարի մեջ, կույրի սարսափելի ազատություն: Հետևաբար, ամենամեծ ազատության վերջում Նիցշեն ընտրում է ամենամեծ կախյալությունը: «Եթե Աստծո մահը մենք չենք դարձնում վսեմ ինքնահրաժարում և ինքներս մեր դեմ տարած հավերժական հաղթանակ, ապա թանկ կվճարենք այդ կորստի համար: Այլ կերպ ասած` Նիցշեով ըմբոստությունը հանգում է խստամբերության: Այս դեպքում արդեն առավել հիմնավոր մի տրամաբանություն կարամազովյան «եթե ոչինչ ճշմարիտ չէ, ամեն ինչ կարելի է» դրույթը փոխարինում է «եթե ոչինչ ճշմարիտ չէ, ոչինչ չի կարելի» դրույթով: Մերժել, որ այս աշխարհում արգելվի թեկուզ մի բան, նույնն է, թե հրաժարվել ամենայն թույլատրելիից: