Ռուբիկոն

Մարդն ըմբոստացած

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Եթե նույնիսկ ճշմարիտ լիներ այս դրույթը, ենթադրվող սոսկալի հուսահատությունը արժանի կլիներ այլ բանի, քան արհամարհանքն է: Իրականում այն չի ընդունում Կարամազովի ընդվզման պառակտված բնույթը: Իվանի դրաման, ընդհակառակը, ծնունդ է առնում այն բանից, որ կա չափից դուրս շատ անառարկայական սեր: Չբանեցված այդ սերը,– քանի որ մերժված է Աստված,– տարածվում է մարդ արարածի վրա հանուն մեծահոգի կարեկցության:

Ընդսմին, ըմբոստության մղման մեջ, ինչպիսին դիտարկեցինք այն մինչ այստեղ, վերացական ինչ-որ իդեալ չեն ընտրում հոգու աղքատությունից կամ անպտուղ բողոքի նպատակով: Պահանջվում է հաշվի առնել այն, ինչը մարդու մեջ չի կարող հանգել գաղափարի. հոգու այն ջերմությունը, որ մարդ-արարածից զատ այլ բանի չի կարող ծառայել: Արդյո՞ք սա նշանակում է, թե ըմբոստության մեջ թշնամանք չկա: Ոչ. դա մեզ շատ թե քիչ ծանոթ է մեր այս քինախնդիր դարից: Սակայն մենք չպետք է այդ հասկացությունն ընդունենք նրա ամենալայն իմաստով` ելնելով այն խեղաթյուրելու վախից, իսկ այս պարագայում ըմբոստությունը գերազանցում է թշնամանքը լիովին: Երբ «Փոթորկալից բարձունքներ» գործի մեջ Հիթկլիֆը սերը գերադասում է Աստծուց և խնդրում է իրեն դժոխք ուղարկել իր սիրեցյալին միանալու համար, ապա այստեղ խոսում է ոչ միայն նրա նվաստացած ջահելությունը, այլև ամբողջ կյանքի տառապալից փորձառությունը: Նույն մղումը Մայստեր Էքհարդտին ստիպում է հերետիկոսական անսպասելի պոռթկման մեջ ասել, թե նախընտրում է դժոխքը Հիսուսի հետ, քան երկինքը առանց նրա: Սա սիրո միևնույն մղումն է: Բայց, հակառակ Շելերի, մենք չենք կարող, ուրեմն, շեշտը չափից դուրս դնել կրքոտ պոռթկման վրա, ինչը ըմբոստության հիմքում է և տարբերում է այն թշնամանքից: Ակնհայտորեն լինելով բացասական, քանզի ոչինչ չի ստեղծում, ըմբոստությունը խորապես դրական է, քանի որ բացահայտում է այն, ինչը մարդու մեջ միշտ կարիք ունի պաշտպանության:

Սակայն, ի վերջո, մի՞թե հարաբերական չեն թե՛ ըմբոստությունը և թե՛ նրա ներկայացրած արժեքը:

Դարաշրջանների ու քաղաքակրթությունների հետ, հիրավի, ըմբոստության դրդապատճառները կարծես փոխվում են: Ակնհայտ է, որ հինդու պարիան, ինկերի պետության ռազմիկը, Կենտրոնական Աֆրիկայի տեղաբնիկը կամ քրիստոնեական առաջին համայնքների անդամը չունեին ըմբոստության միևնույն գաղափարը: Կարելի է նույնիսկ խիստ մեծ հավանականությամբ պնդել, որ ըմբոստության հասկացությունը վերոհիշյալ կոնկրետ դեպքերում չի ունեցել որևէ իմաստ: Այնինչ հույն ստրուկը, ճորտը, Վերածննդի շրջանի կոնդոտիերը, ռեգենտության ժամանակաշրջանի փարիզցի բուրժուան, 1900-ական թվականների ռուս մտավորականը և ժամանակակից բանվորը եթե կարող են իրարից տարբերվել ըմբոստության դրդապատճառների խնդրում, ապա, անտարակույս, համակարծիք են դրա օրինականության հարցում: Այլ կերպ ասած` ըմբոստության հիմնահարցը կարծես ձեռք է բերում իր իսկական իմաստը միայն արևմտյան մտածողության մեջ: Կարելի է ավելի պարզաբանել` Շելերի նման մատնանշելով, որ ըմբոստության ոգին դժվարությամբ է իր արտահայտությունը գտնում այն հասարակություններում, որտեղ անհավասարությունները չափազանց մեծ են (հինդուների կաստաների պայմաններում) կամ, ընդհակառակը, բացարձակ հավասարություն է (նախնադարյան որոշ համայնքներում): Հասարակության մեջ ըմբոստության ոգին կարող է ի հայտ գալ միայն այն խմբերում, որտեղ տեսական հավասարությունը սքողում է փաստական մեծ անհավասարությունները: Ըմբոստության խնդիրը, հետևաբար, իմաստավորվում է միայն մեր արևմտյան հասարակության մեջ:

Այս դեպքում մենք կարող ենք գայթակղությունն ունենալ պնդելու, թե այն աղերսվում է ինդիվիդուալիզմի զարգացման հետ, եթե նախորդ դիտողությունները մեզ չստիպեին վերապահությամբ մոտենալ նման եզրահանգմանը:

Հիրավի այն, ինչ կարելի է քաղել Շելերի դիտողությունից, ակնհայտորեն հետևյալն է. քաղաքական ազատության տեսության շնորհիվ մեր հասարակությունների ներսում մարդու մեջ նկատվում է մարդ հասկացության ըմբռնման աճ, իսկ այդ նույն ազատության գործնական կիրառության ոլորտում` դրան համապատասխան անբավարարություն: Փաստացի ազատությունը չի աճում մարդու` դրա ձեռք բերած գիտակցության հետ: Այս դիտողությունից կարելի է միայն եզրակացնել հետևյալը. ըմբոստությունը իր իրավունքների գիտակցությունն ունեցող, իրազեկ մարդու իրողություն է: Սակայն ոչինչ մեզ թույլ չի տալիս ասելու, թե խոսքը բացառապես անհատի իրավունքների մասին է: Ընդհակառակը, արդեն նշված համերաշխությունից պարզ երևում է, որ խոսքը վերաբերում է ավելի ու ավելի ընդլայնվող ինքնագիտակցությանը, որ մարդկային ցեղը ձեռք է բերում իր երկար ու ձիգ գոյության ընթացքում: Իրականում, ինկերի ներկայացուցիչը կամ պարիան իրենց առջև չեն դնում ընդվզման խնդիր, քանզի այն նրանց համար արդեն լուծված է ավանդույթի միջոցով, նախքան այդ հարցը իրենք իրենց առաջադրելը, և դրա պատասխանն արդեն առկա է սրբության հասկացության մեջ: Եթե սրբության աշխարհում չկա ըմբոստության խնդիր, ապա պատճառն այն է, որ իրականում այնտեղ չի կարելի գտնել իսկական որևէ խնդիր. բոլոր պատասխանները տրված են մեկընդմիշտ: Մետաֆիզիկան փոխարինված է առասպելով: Չկա որևէ հարցադրում, կան միայն պատասխաններ ու անփոփոխ մեկնություններ, որոնք կարող են, ընդսմին, լինել մետաֆիզիկական: Սակայն մարդը, նախքան սուրբ ոլորտ թափանցելը (և նույնքան լավ թափանցելու համար) կամ այնտեղից դուրս գալը (և նույնքան լավ դուրս գալու համար) հարցադրում է և ըմբոստություն: Ըմբոստացած մարդը սրբությունից առաջ և հետո հայտնված մարդն է և կոչված է պահանջելու մարդկային մի կարգ, որի դեպքում բոլոր պատասխանները կլինեն մարդկային, այսինքն` խելամտորեն ձևակերպված: Հենց այդ պահից ամեն հարցադրում, ամեն խոսք ըմբոստություն է, մինչդեռ սրբության աշխարհում ամեն խոսք գոհության դրսևորում է: Այսկերպ կարելի է ցույց տալ, թե մարդկային ոգու համար կարող է լինել միայն երկու հնարավոր ունիվերսում` սրբության (կամ քրիստոնեական լեզվով ասած շնորհապարտության5) և ըմբոստության: Մեկի անհետացումը հավասարազոր է մյուսի հայտնությանը, թեև այդ հայտնությունը կարող է երևան գալ շփոթեցնող ձևերով: Այստեղ դարձյալ գտնում ենք Ամեն ինչ կամ Ոչինչ բանաձևը: Ըմբոստության խնդրի արդիականությունը միայն պայմանավորված է նրանով, որ ամբողջական հասարակություններն այսօր կամենում են անջատվել սրբության ոլորտից: Մենք ապրում ենք ապասրբացված պատմության մեջ: Մարդն, անշուշտ, չի հանգում ապստամբության: Սակայն արդի պատմությունն իր հակասություններով մեզ հարկադրում է ընդունել, թե ըմբոստությունը մարդու գլխավոր չափորոշիչներից մեկն է: Այն մեր պատմական իրողությունն է: Եվ պետք է ոչ թե փախչել իրականությունից, այլ դրա մեջ գտնել մեր արժեքները: Սակայն կարելի՞ է արդյոք սրբության ոլորտից ու նրա բացարձակ արժեքներից հեռու լինել և ապրելակերպի կանոններ գտնել. այսպիսին է ըմբոստության առաջադրած հարցը:

Կարդալ նաև

Գրականություն Ֆրիդրիխ Հյոլդեռլինի երկու բանաստեղծությունները Վալտեր Բենյամին Վալտեր Բենյամինը (1892-1940) գերմանացի փիլիսոփա, գրականագետ և մշակույթի տեսաբան է: Փիլիսոփայություն է ուսումնասիրել Բեռլինի, Մյունխենի և Բեռնի համալսարաններում: 1933-ից ապրել և ստեղծագործել է Փարիզում: Սերտորեն համագործակցել է Հորքհայմերի… Գրականություն Մատիտագրեր գերմանական ծոցից. մայրցամաք 93-ի վերջին Արա Գուրզադյան Չվացուցակներ կազմողի օրագրից գիրք անհայտության Աքսորյալի ծոցատետրից Ապագա կենսաբանության դասագիրք և այլ մոռացված բաներ… Գերմանիա աշուն 1993 Այս ափերին գամված ծաղրածուի կրծքից Տառապանքի հմայքն է վարագույրի պես իջնում Ցրելով մթնշաղն անմահության… Գրականություն 1980-1983 Բառերի բույրը Օրագրեր Արա Գուրզադյան Մարդը մանկության ներսում Սուր մի ցավ. և փշրվող հայելիների աղմուկ: Այն փոքրիկ այգին իր մեջ պարփակեց քո սիրած բնապատկերի անհասանելի բույրը: մանկությունդ կոտրվեց քո գրկում: այսօր անարդարություն կա այնտեղ: Փշեր աճեցրու: արյուն, անձրև և քամիներ…