Ռուբիկոն

Մարդն ըմբոստացած

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Այնտեղ, ուր ոչ ոք այլևս չի կարող ասել, թե ինչն է սև և ինչը` սպիտակ, մարում է լույսը, և ազատությունը դառնում է կամավոր բանտ:

Այս փակուղու մեջ, դեպի ուր Նիցշեն հետևողականորեն մղում է իր նիհիլիզմը, կարելի է ասել, նա նետվել է մի տեսակ սոսկալի հրճվանքով: Նրա բացահայտ նպատակն է` իր ժամանակի մարդուն վերադարձնել անտանելի դրությունը: Նրա համար, թվում է, միակ հույսը հակասությունը ծայրահեղության հասցնելն է: Եթե մարդը չի ուզում կորչել իրեն խեղդող թնջուկների մեջ, ապա դրանք պիտի կտրի մի հարվածով և ստեղծի սեփական արժեքները: Աստծո մահը ոչինչ չի ավարտում և կարող է տեղի ունենալ միայն հարության նախապատրաստման պայմանով: «Եթե մեծություն չես գտնում Աստծո մեջ,– ասում է Նիցշեն,– ապա չես գտնի ոչ մի տեղ. կա՛մ դա պիտի ժխտես, կա՛մ ինքդ ստեղծես»: Մեծության ժխտումը նրան շրջապատող աշխարհի գործն էր, այն աշխարհի, որ, ինչպես տեսնում էր նա, վազում էր ինքնասպանության: Մեծություն ստեղծելը դարձավ գերմարդկային այն գործը, որի համար նա չխնայեց իր կյանքը: Նա իսկապես գիտեր, որ արարումը հնարավոր է սոսկ ծայր մենության մեջ և որ մարդը կդիմի այդ գլխապտույտ առաջացնող ճիգին միայն այն դեպքում, եթե ոգու ծայր աղքատության մեջ մնացել է միայն համաձայնել այդ քայլն անել, կամ մեռնել: 

Նիցշեն գոռում է մարդուն, թե աշխարհը նրա միակ ճշմարտությունն է, որին նա պետք է հավատարիմ լինի, որտեղ նա պիտի ապրի և իր փրկության գործը կատարի: Բայց նա միաժամանակ ուսուցանում է մարդուն, որ անհնարին է աշխարհում ապրել առանց օրենքի, քանզի ապրելը հենց ենթադրում է օրենք: Ինչպե՞ս ապրել ազատ և առանց օրենքի:

Այս առեղծվածին պիտի պատասխանի մարդը մահվան սպառնալիքի տակ:

Նիցշեն, համենայն դեպս, չի փորձում խուսափել այս հարցից. տալիս է պատասխանը, և նրա պատասխանն է` խիզախել: Դամոկլեսը երբեք ավելի լավ չի պարում, քան սրի տակ: Հարկավոր է ընդունել անընդունելին և տանել անտանելին: Այն պահից, երբ ընդունում են, թե աշխարհը որևէ նպատակ չի հետապնդում, Նիցշեն առաջարկում է ճանաչել նրա անմեղությունը, հաստատել, որ այն դատի ենթակա չէ, քանզի չի կարելի դատել որևէ մտադրության համար, հետևաբար և պետք է փոխարինել բոլոր արժևորող դատողությունները մեն-մի «այո»-ով, ընդունել աշխարհն ամբողջապես ու խանդավառությամբ: Այսպես բացարձակ հուսահատությունից կժայթքի անհուն բերկրանքը, կույր ստրկությունից` անողոք ազատությունը:

Ազատ լինել նշանակում է հենց նպատակները վերացնել: Կայացման անմեղությունը, դրան համաձայնելու դեպքում, ներկայացնում է մաքսիմալ ազատությունը: Ոգեպես ազատը սիրում է անհրաժեշտը: Նիցշեի խորաթափանց միտքը մատնանշում է, որ երևույթների անհրաժեշտությունը, եթե այդ անհրաժեշտությունը բացարձակ է, անթերի, չի ենթադրում որևէ հարկադրանք: Լիակատար հավանություն` լիակատար անհրաժեշտությանը,– այսպիսին է ազատության նրա պարադոքսալ սահմանումը: «Ազատ ինչի՞ց» հարցը փոխարինված է «ազատ` հանուն ինչի՞» հարցով: Ազատությունը դառնում է համարժեք հերոսությանը: Այն մեծ մարդու խստամբերություն է, «երբևէ եղած ամենապիրկ աղեղը»:

Առատությունից, լիությունից ծնունդ առած գերագույն հավանությունը ինքնին մոլորության ու տառապանքի, չարիքի ու սպանության, գոյության ամենից խնդրահարույց ու խորթ դրսևորման անվերապահ հաստատումն է: Այն ծնվում է հաստատուն կամքից` լինել այն, ինչ ես մի աշխարհում, ինչպիսին որ այն կա: «Ինքդ քեզ դիտել իբրև ճակատագիր, չկամենալ դառնալ մեկ ուրիշը, քան ինչ որ ես…» Խոսքն արդեն ասված է: Նիցշեյան խստամբերությունը, որ ճակատագրի ճանաչողության մասն է կազմում, հանգում է ճակատագրի աստվածացման: Եվ որքան անողոք է ճակատագիրը, այնքան դառնում է պաշտելի: Բարոյականության աստվածը, կարեկցանքը, սերը ճակատագրին թշնամի են նույնքան, որքան փորձում են փոխհատուցել նրան: Նիցշեն մերժում է փրկագինը: Կայացման բերկրանքը անէացման բերկրանք է: Սակայն ինքն իրենով մնացած անհատը խորտակվում է: Ըմբոստության մղումը, որով մարդը պահանջում էր սեփական լինելությունը, անհետանում է կայանալիք անհատի բացարձակ ենթակայության մեջ: L՛amor fati9-ն փոխարինում է այն բանին, ինչ եղել է odium fati10: «Ամեն անհատ համագործակից է տիեզերական ցանկացած կեցության, գիտենք դա, թե` ոչ, ուզում ենք դա, թե` ոչ»: Այսպիսով, անհատը տարրալուծվում է մարդկային ցեղի ճակատագրի և աշխարհների հավերժական շարժման մեջ: «Այն ամենը, ինչ եղել է, հավերժական է, և ծովը դա նետում է ափ»:

Նիցշեն սրանով վերադառնում է մտքի ակունքներին, նախասոկրատյաններին: Այս վերջինները անտեսում էին վերջնական նպատակը` իրենց պատկերացրած սկզբունքի հավերժականությունն անխախտ թողնելու համար: Հավերժական է միայն աննպատակ ուժը, հերակլիտյան «Խաղը»: Նիցշեն գործադրում է ամեն ջանք` ցույց տալու համար կայացման մեջ օրենքի առկայությունը և անհրաժեշտության մեջ` խաղի: «Մանուկը անմեղությունն է և մոռացումը, մի նոր սկիզբ, խաղ, ինքն իրեն գլորվող անիվ, նախասկզբնական մղում, «այո» ասելու սուրբ շնորհ»: Աշխարհը աստվածային է, քանզի պարգև է: Ահա ինչու միայն արվեստին է տրված, որ նույնպես պարգև է, ընկալելու այն: Ոչ մի դատողություն պատկերացում չի տալիս աշխարհի մասին, բայց արվեստը կարող է մեզ սովորեցնել` կրկնել այն, ինչպես աշխարհն է կրկնվում իր հավերժական վերադարձերի ընթացքում: Նախասկզբնական ծովը նույն ավազների վրա գրում է նույն խոսքերը և ափ նետում իրենց գոյությանը զարմանքով նայող նույն էակներին: Սակայն առնվազն նա, ով համաձայն է վերադառնալ և համաձայն է ամեն բանի վերադարձին, ով դառնում է արձագանք, ոգեշունչ արձագանք, մասն է աշխարհի աստվածության:

Այսօրինակ խոտոր ճանապարհով վերջապես ներմուծվում է մարդու աստվածությունը: Սկզբում Աստծուն ժխտող ըմբոստը հետո ձգտում է փոխարինել նրան: Սակայն Նիցշեի գաղափարի հիմքում ընկած է այն, որ ըմբոստը դառնում է Աստված` միայն հրաժարվելով ամեն ըմբոստությունից, նույնիսկ այն ըմբոստությունից, որ աստվածներ է ստեղծում այս աշխարհը շտկելու համար: «Եթե Աստված կա, ապա ինչպե՞ս հանդուրժես, որ ինքդ չես»: Արդարև, Աստված կա, և դա աշխարհն է: Նրա աստվածությանը մասնակից դառնալու համար բավական է ասել` այո: «Այլևս չաղոթել, այլ` օրհնել», և աշխարհը կլցվի մարդ-աստվածներով: Աշխարհին ասել ` այո, կրկնել այն, նշանակում է միաժամանակ վերստին ստեղծել աշխարհն ու ինքդ քեզ, դառնալ մեծ արվեստագետ, արարիչ: Նիցշեի պատգամն ամփոփված է արարում բառի մեջ` իր իսկ ձեռք բերած երկիմաստությամբ: Նիցշեն փառաբանել է միայն ամեն ստեղծագործողին բնորոշ եսականությունն ու դժվարահաճությունը: Արժեքների վերափոխությունը նշանակում է միայն դատավորի արժեքը փոխարինել ստեղծագործողի արժեքով, այն է` առկայի հանդեպ հարգանքով ու սիրով: Առանց անմահության աստվածությունը որոշարկում է ստեղծագործողի ազատությունը:

Դիոնիսոսը` աշխարհի աստվածը, բզկտված ոռնում է հավերժ: Սակայն նա միաժամանակ ներկայացնում է ցավին համարժեք խռովահույզ գեղեցկությունը: Նիցշեն կռահել է, որ այո ասել աշխարհին ու Դիոնիսոսին նշանակում է այո ասել և սեփական տառապանքներին: Ընդունել միաժամանակ ամենը` և՛ բարձրագույն հակասությունը, և՛ ցավը նշանակում է իշխել ամեն ինչի վրա: Նիցշեն համաձայն էր այս թագավորության համար թանկ վճարել: Ճշմարիտ է միայն «ծանր ու տառապալից» աշխարհը: Միմիայն նա է աստվածություն: Ճիշտ ինչպես Էմպեդոկլեսն է շտապում թափանցել Էթնայի խառնարանը` ճշմարտությունն այնտեղ,– ուր այն կա,– գտնելու համար, այդպես էլ Նիցշեն մարդուն առաջարկում է նետվել տիեզերքի անհունի մեջ` իր հավերժական աստվածությունը գտնելու և Դիոնիսոս դառնալու համար: Այսպիսով, «Կամք առ իշխանությունը» ավարտվում է ինչպես Պասկալի «Մտքերը», ինչի մասին հաճախ հիշեցնում է պարին11: Մարդը դեռևս չունի համոզվածություն, բայց ունի կամք առ համոզվածություն, ինչը միևնույն բանը չէ: Նիցշեն նույնպես երկբայում է այս ծայրակետում. «Ահա թե ինչն է աններելի քո մեջ: Դու ունես ամեն իշխանություն և մերժում ես ստորագրել դրա տակ»: Եվ սակայն, նա պիտի ստորագրեր: Բայց Դիոնիսոսի անունն անմահացրեց միայն Արիադնեին ուղղված գրությունները, որոնք նա գրեց խելագար վիճակում:

1 révolté բառի հիմքը volte-ն է, որ նշանակում է շրջադարձ. ծ. թ.

2 Lalande. Vocabulaire philosophique

3 Զոհերի համակեցությունը նույնն է, ինչ զոհին ու դահճին միավորող համակեցությունը: Սակայն դահճին հասու չէ դա:

4 L՛homme de ressentiment. N.R.F.

5 Հասկանալի է, որ քրիստոնեության սկզբում եղել է մետաֆիզիկական ըմբոստություն, սակայն Քրիստոսի հարությունը, նրա երկրորդ գալստյան և Աստծո արքայության ավետումն իբրև հավիտենական կյանքի խոստում, այն պատասխաններն են, որոնք ըմբոստությունը դարձնում են անօգուտ:

6 կրճատված ձևն է cogito ergo sum-ի (մտածում եմ, ուրեմն, կամ)

7 Այստեղ մեզ հետաքրքրողն, անշուշտ, Նիցշեի փիլիսոփայական վերջին շրջանն է. 1880 թվականից մինչև անկումը: Այս գլուխը կարելի է դիտարկել իբրև «Կամք առ իշխանություն» գործի մեկնաբանություն:

8 «Դուք ասում եք, թե դա Աստծո ինքաբուխ տարրալուծում է. սակայն դա ընդամենը մաշկափոխություն է, նա նետում է բարոյական կաշին: Եվ դուք կտեսնեք նրա վերահայտնությունը Բարուց և Չարուց անդին»:

9 Սեր առ ճակատագիր

10 Խորշանք առ ճակատագիր

11 Պասկալի փաստարկը Աստծո գոյության մասին:

Ֆրանսերենից թարգմանությունը`

Արուս Բոյաջյանի

Albert Camus “L՛homme révolté ”

Կարդալ նաև

Գրականություն Ֆրիդրիխ Հյոլդեռլինի երկու բանաստեղծությունները Վալտեր Բենյամին Վալտեր Բենյամինը (1892-1940) գերմանացի փիլիսոփա, գրականագետ և մշակույթի տեսաբան է: Փիլիսոփայություն է ուսումնասիրել Բեռլինի, Մյունխենի և Բեռնի համալսարաններում: 1933-ից ապրել և ստեղծագործել է Փարիզում: Սերտորեն համագործակցել է Հորքհայմերի… Գրականություն Մատիտագրեր գերմանական ծոցից. մայրցամաք 93-ի վերջին Արա Գուրզադյան Չվացուցակներ կազմողի օրագրից գիրք անհայտության Աքսորյալի ծոցատետրից Ապագա կենսաբանության դասագիրք և այլ մոռացված բաներ… Գերմանիա աշուն 1993 Այս ափերին գամված ծաղրածուի կրծքից Տառապանքի հմայքն է վարագույրի պես իջնում Ցրելով մթնշաղն անմահության… Գրականություն 1980-1983 Բառերի բույրը Օրագրեր Արա Գուրզադյան Մարդը մանկության ներսում Սուր մի ցավ. և փշրվող հայելիների աղմուկ: Այն փոքրիկ այգին իր մեջ պարփակեց քո սիրած բնապատկերի անհասանելի բույրը: մանկությունդ կոտրվեց քո գրկում: այսօր անարդարություն կա այնտեղ: Փշեր աճեցրու: արյուն, անձրև և քամիներ…