Մարդն ըմբոստացած
Բայց արդեն կարևոր է նշել, որ ամեն գործողությանը նախորդող այդ արժեքը հակասում է զուտ պատմական փիլիսոփայություններին, որոնց համաձայն արժեքը ձեռք է բերվում (եթե այն կարելի է ձեռք բերել) որպես գործողության արդյունք: Ըմբոստության վերլուծությունը առնվազն տեղիք է տալիս այն կասկածին, թե կա մարդկային բնություն, ինչպես կարծում էին հույները, իսկ դա հակառակ է ժամանակակից մտքի կանխադրույթներին: Ինչո՞ւ ըմբոստանալ, եթե քո մեջ մշտապես կայուն և պահպանման արժանի ոչինչ չկա: Ստրուկը միաժամանակ ծառանում է հանուն բոլոր ապրողների, երբ կարծում է, թե իրերի նման կարգի դեպքում իր մեջ մերժվել է մի բան, որը միայն իրենը չէ, ընդհանուր է և որի պարագայում բոլոր մարդիկ ու նույնիսկ նա, ով հայհոյում ու կեղեքում է իրեն, ունեն նախասահմանված համակեցություն:3
Այս դատողությունը կարելի է հիմնավորել երկու դիտարկումով: Նախ նշենք, որ ըմբոստության մղումն իր բնույթով եսասիրական մղում չէ: Անտարակույս, այն կարող է ունենալ եսասիրական պատճառներ: Բայց կարելի է նույնքան ըմբոստանալ կեղծիքի, որքան ճնշումների դեմ: Բացի այդ, ելնելով այդ պատճառներից` իր ամենաբուռն մղման մեջ անգամ ըմբոստը չի խնայում ոչինչ, քանզի բախտախաղի է դնում ամեն ինչ: Անշուշտ, նա իր նկատմամբ պահանջում է հարգանք, բայց այն չափով, որքանով նույնացնում է իրեն բնական համակեցության հետ:
Նշենք նաև, որ ըմբոստությունը չի ծնվում միայն ու անպայման ճնշվածի մեջ, դրան կարող է մղել նաև նա, ով ականատեսն է ճնշմանը, որի զոհն է մեկ ուրիշը: Հետևաբար այս դեպքում տեղի է ունենում նույնացում զոհի հետ: Այստեղ ևս ճշտենք, որ խոսքը չի վերաբերում հոգեբանական նույնացմանը, հնարք, որով անհատը երևակայությամբ պատկերացնում է, թե վիրավորանքն ուղղված է իրեն: Ընդհակառակը, հնարավոր է, որ չկարողանանք հանդուրժել ուրիշներին հասցված այն վիրավորանքները, որոնք ինքներս տանում ենք անտրտունջ: Տաժանավայրում ի նշան բողոքի ռուս ահաբեկիչների ինքնասպանությունները, երբ նրանք տեսնում էին, թե իրենց ընկերներին ինչպես են տանջում, մարդկային հոգու մեծագույն մղման փայլուն արտահայտություններ են: Խոսքը նաև շահերի ընդհանրության մասին չէ: Մենք կարող ենք իրոք վրդովեցուցիչ համարել այն մարդկանց նկատմամբ կիրառված անարդարությունը, որոնց համարում ենք մեր հակառակորդները: Կա միայն ճակատագրերի և կայացրած վճռի նույնացում: Ուստի իր իսկ համար անհատը չունի այն արժեքը, որ ինքն ուզում է պաշտպանել: Դրա ձևավորման համար առնվազն հարկավոր են բոլոր մարդիկ: Ըմբոստության մեջ մարդը գերազանցում է իրեն` դառնալով մեկ ուրիշը, և այս տեսանկյունից մարդկային համերաշխությունը մետաֆիզիկական է: Պարզապես խոսքն այժմ լոկ այն տեսակ համերաշխության մասին է, որը ծնվում է շղթաների մեջ:
Կարելի է դարձյալ ճշտել ցանկացած ըմբոստության առաջադրած արժեքի դրական կողմը` համեմատելով այն խիստ բացասական այնպիսի հասկացության հետ, ինչպիսին է թշնամանքը, որի բնորոշումը տալիս է Շելերը4: Հիրավի, ըմբոստության մղումն ավելին է, քան բողոքի արտահայտությունը` բառիս խստագույն իմաստով: Թշնամանքի սահմանումը լավագույնս տվել է Շելերը` դիտելով այն որպես ինքնաթունավորում, երկարատև անզորության մահաբեր արտազատում փակ անոթի մեջ: Ըմբոստությունն, ընդհակառակը, ճեղք է բացում կեցության մեջ, օգնում դուրս գալ սահմաններից: Այն ազատ է արձակում մինչ այդ լճացած և այժմ արդեն մոլեգնող ալիքները: Ինքը` Շելերը, շեշտը դնում է թշնամանքի պասսիվ կողմի վրա` մատնանշելով այն մեծ տեղը, որ դա գրավում է կանանց հոգեբանության մեջ, որոնք ցանկության ու տիրանալու առարկա են: Ըմբոստության նախահիմքում, ընդհակառակը, ընկած է բուռն գործունեության ու եռանդի սկզբունքը: Շելերը իրավացի է նաև, երբ ասում է, թե թշնամանքը փայլուն կերպով գունազարդված է նախանձով: Բայց նախանձ են տածում չունեցածի հանդեպ, մինչդեռ ըմբոստացողը պաշտպանում է այն, ինչ կա: Նա նույնիսկ չի պահանջում մի հարստություն, որ չի ունեցել ինքը կամ որը կարող էին իրենից խլած լինել: Նա ձգտում է ճանաչել տալ այն, ինչ կա իր մեջ և գրեթե բոլոր դեպքերում իր կողմից արդեն ճանաչել է որպես առավել կարևոր մի բան, քան կարող էր լինել իր նախանձի առարկան: Ըմբոստությունը ռեալիստական չէ: Դարձյալ ըստ Շելերի` ուժեղ կամ թույլ հոգում աճող թշնամանքը ըստ այդմ վերածվում է կարիերիզմի կամ դառնության: Սակայն երկու դեպքում էլ մարդը կամենում է լինել ուրիշ, քան է: Թշնամանքը միշտ թշնամանք է ինքն իր հանդեպ: Ըմբոստն, ընդհակառակը, իր առաջին իսկ մղումով ծառանում է իր ինքնությանն ուղղված ոտնձգության դեմ: Նա պայքարում է իր էության մասը ամբողջացնելու համար: Սկզբում նա ջանում է ոչ այնքան հաղթանակ տանել, որքան իրեն հարգել տալ:
Եվ վերջապես, թշնամանքը կարծես նախապես ըմբոշխնում է այն տառապանքը, որի ճիրաններում կուզենար տեսնել իր քինախնդրության օբյեկտին: Իրավացի են Նիցշեն և Շելերը, երբ նման զգացմունքի փայլուն օրինակ են տեսնում այն դրվագում, որտեղ Տերտուլլիանուսը տեղյակ է պահում իր ընթերցողներին, թե երկնքում երանելիների համար երջանկության գերագույն վայելքը կլինի այն պահը, երբ նրանք կտեսնեն հռոմեացի կայսրերի անլուր չարչարանքները դժոխքում: Նման երջանկություն էին ապրում նաև այն ազնիվ մարդիկ, որոնք ներկա էին գտնվում մեծ մահապատիժներին: Ըմբոստությունը, ընդհակառակը, սկզբունքորեն սահմանափակվում է նվաստացման մերժումով, դա չի պահանջում մեկ ուրիշի համար: Այն նույնիսկ ընդունում է ինքնին տառապանքը, միայն թե հարգվի իր ամբողջությունը: Հասկանալի չէ, թե Շելերն ինչու է բացարձակապես նույնացնում ըմբոստության ոգին թշնամանքի հետ: Մարդասիրության մեջ թշնամանքի նրա քննադատությունը (մարդասիրություն, որ նա դիտում է իբրև մարդկանց նկատմամբ դրսևորվող սիրո ոչ քրիստոնեական ձև) թերևս կարելի է կիրառել մարդասիրական իդեալիզմի ինչ-ինչ անորոշ ձևերի կամ ահաբեկչության եղանակների նկատմամբ: Սակայն այդ քննադատությունը անհաջողության է մատնվում, երբ խոսքը վերաբերում է իր վիճակի դեմ ծառացող մարդու ընդվզմանը, պոռթկում, որ մղում է անհատին պաշտպանելու բոլոր մարդկանց բնորոշ արժանապատվությունը: Շելերն ուզում է ապացուցել, որ մարդասիրությունը ուղեկցվում է աշխարհի նկատմամբ եղած ատելությամբ: Մարդկությանը սիրում են ընդհանրապես` ոչ ոքի չսիրելու համար մասնավորապես: Սա ճշմարիտ է որոշ դեպքերում, և միանգամայն հասկանալի է դառնում Շելերը, երբ տեսնում ենք, որ մարդասիրությունը նրան ներկայանում է Բենթամի և Ռուսսոյի միջոցով: Սակայն առ մարդը տածած մարդու սերը կարող է ծնվել այլ բանից, քան շահերի թվաբանական հաշվարկն է կամ մարդկային բնության նկատմամբ, ընդսմին տեսական, վստահությունը: Ուտիլիտարիստներին և Էմիլի դաստիարակներին զուգահեռ կա, օրինակ, Դոստոևսկու միջոցով Իվան Կարամազովի մեջ իր մարմնավորումը գտած մի տրամաբանություն, որն ըմբոստության մղումից գնում է մետաֆիզիկական ապստամբության: Շելերը, որին հայտնի էր դա, այսպես է ամփոփում այդ գաղափարը. «Աշխարհում բավականաչափ սեր չկա, որ վատնվի այլ բանի վրա, մարդ արարածից բացի»: