Ռուբիկոն

Մարդն ըմբոստացած

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Բայց սպանության օրինականությունը հաստատել նշանակում է հաստատել Միակների զորակոչն ու պատերազմը: Այսպիսով, սպանությունը համընկնում է մի տեսակ հավաքական ինքնասպանության հետ: Շտիռները, որ չի խոստովանում սա կամ չի տեսնում ոչինչ, չի ընկրկում, սակայն, ոչ մի կործանման առաջ: Ըմբոստության ոգին վերջապես իր ամենադառը բավարարումներից մեկը գտնում է քաոսի մեջ: «Քեզ (գերմանացի ազգ) գերեզման կիջեցնեն: Շուտով քեզ կհետևեն քո քույրերը` մյուս ազգերը. երբ բոլորը կհեռանան քո ետևից և մարդկությունը կդամբանվի, Ես` միակ տերս, Ես` նրա ժառանգորդը, վերջապես կծիծաղեմ նրա գերեզմանի վրա»: Այսպիսով, աշխարհի ավերակների վրա անհատ-թագավորի դառը ծիծաղը փառավորում է ըմբոստության ոգու վերջին հաղթանակը: Սակայն այս ծայրահեղության մեջ հնարավոր է միայն մահը կամ հարությունը: Շտիռները և նրա հետ բոլոր նիհիլիստ ըմբոստները, կործանումից արբած, ձգտում են հասնել սահմանագծին: Բայց այն բանից հետո, երբ անապատը հայտնաբերված է, հարկ է սովորել այնտեղ գոյատևել: Սկսվում են Նիցշեի տանջալից որոնումները:

ՆԻՑՇԵՆ ԵՎ ՆԻՀԻԼԻԶՄԸ

«Մենք ժխտում ենք Աստծուն, ժխտում ենք Աստծո պատասխանատվությունը. միայն այսպես մենք կազատագրենք աշխարհը»: Նիցշեով նիհիլիզմը կարծես դառնում է մարգարեական: Սակայն Նիցշեից ոչինչ չի կարելի վերցնել իր իսկ ատած նողկալի ու հասարակ դաժանությունից բացի, եթե մարգարեից առաջ նրա ստեղծագործության մեջ առաջին պլան չմղենք կլինիցիստին: Նրա մտածողության կանխատեսող, հետևողական, մի խոսքով` ստրատեգիական բնույթը կասկածի ենթակա չէ: Նիհիլիզմը հանձին նրա առաջին անգամ դառնում է գիտակցված: Վիրաբույժների ու մարգարեների ընդհանրությունն այն է, որ նրանք մտածում և գործում են ապագայի տեսանկյունից: Նիցշեն մտածել է միայն գալիք ապոկալիպսիսի մասին ոչ թե այն փառաբանելու համար, քանզի կռահում էր դրա ի վերջո ձեռք բերելիք նողկալի ու հաշվարկող դեմքը, այլ որպեսզի խուսանավի դրանից և վերափոխի վերազարթոնքի: Նա ընդունել է նիհիլիզմը և քննության առել այն կլինիկական դեպքի նման: Ինքն իրեն համարել է Եվրոպայի առաջին կատարյալ նիհիլիստը: Ոչ իր հակումով, այլ վիճակով ու նաև այն պատճառով, որ եղել է չափազանց մեծ` իր դարաշրջանի ժառանգությունը մերժելու համար: Նա տվել է իր, ինչպես և ուրիշների ախտորոշումը. հավատալու անկարողություն և ցանկացած հավատի նախասկզբնական հիմքերի բացակայություն, այսինքն` կյանքի հավատի կորուստ: «Կարելի՞ է ըմբոստացած ապրել»-ը նրա համար դառնում է «կարելի՞ է ապրել առանց որևէ բանի հավատալու» հարցադրում: Նրա պատասխանը դրական է: Այո, կարելի է, եթե հավատի բացակայությունը վերածվում է մեթոդի, եթե նիհիլիզմը հանգեցվում է իր ծայրագույն հետևանքներին և եթե անապատի մեջ ուղի հարթելով և հավատ ընծայելով գալիքին, նախասկզբնական նույն մղումով մարդ միաժամանակ ունենում է ցավի և բերկրանքի զգացում: 

Մեթոդաբանական կասկածի փոխարեն նա գործի է դնում մեթոդաբանական ժխտումը. կործանել այն ամենը, ինչը դեռևս քողարկում է նիհիլիզմն իբրև այդպիսին, տապալել Աստծո մահը թաքցնող կուռքերը: «Նոր սրբատեղի հիմնելու համար հարկավոր է քանդել մի սրբատեղի. այսպիսին է օրենքը»: Ով ուզում է լինել ստեղծարար բարու և չարի մեջ, ըստ նրա, նախ պիտի լինի կործանող և վերացնի նախկին արժեքները: «Այսպիսով, գերագույն չարիքը կազմում է գերագույն բարիքի մի մասը, սակայն գերագույն բարիքը արարիչ է»: Նա յուրովի է գրել իր ժամանակի «Քննախոսություն մեթոդի մասին» երկը` չունենալով ֆրանսիական XVII դարի ազատությունն ու ճշգրտությունը, դար, որով նա հիացել է անչափ, բայց գրել է այն խելահեղ խորաթափանցութամբ, որ հատուկ է XX դարին, նրա կարծիքով` հանճարի դարին: Ըմբոստության այս մեթոդը մենք դեռ պետք է ուսումնասիրենք:7

Նիցշեի առաջին քայլն, այսպիսով, իր իմացածին համաձայնելն է: Նրա կարծիքով աթեիզմն ինքնին հասկանալի է, այն «կառուցողական ու արմատական» է: Նիցշեի բարձրագույն կոչումը, եթե հավատանք նրան, աթեիզմի հիմնախնդրի մեջ մի տեսակ ճգնաժամ առաջացնելն ու վճռորոշ լուծում տալն է: Աշխարհը շարժվում է բախտապավեն և չունի վերջնանպատակ: Ուրեմն, Աստված ավելորդ է, քանզի ոչինչ չի կամենում: Եթե նա կամենար որևէ բան (այստեղ տեսնում ենք չարիքի հիմնախնդրի ավանդական ձևակերպումը), ապա պիտի ստանձներ «ցավի և անտրամաբանության այն հանրագումարը, որը իջեցնում է կայացման ողջ արժեքը»: Հայտնի է, որ Նիցշեն չէր թաքցնում իր նախանձը Ստենդալի հանդեպ` վերջինիս բանաձևի համար. «Աստծո միակ արդարացումը նրա անգոյության մեջ է»: Աստվածային կամքից զրկված` աշխարհը հավասարապես զրկված է միասնականությունից և վերջնանպատակից:

Ահա ինչու աշխարհը չի կարող դատի ենթակա լինել: Նրան ուղղված ամեն արժևորող դատողություն, ի վերջո, հանգում է կյանքի զրպարտության:

Այս դեպքում եղածի մասին դատում են լինելիքի, այն է` երկնային արքայության, հավերժական գաղափարների կամ բարոյական հրամայականի համեմատ: Սակայն լինելիքը գոյություն չունի. այս աշխարհը դատի ենթակա չի կարող լինել ոչնչի անունից: «Մեր ժամանակաշրջանի առավելություններն են` ճշմարիտ չկա ոչինչ. ամեն ինչ կարելի է»: Փայլուն կամ հեգնական այս բանաձևերը, որ արտացոլվում են հազարավոր այլ ձևակերպումներում, ամեն դեպքում բավական են մատնանշելու, որ Նիցշեն ընդունում է նիհիլիզմի և ըմբոստության բեռն ամբողջությամբ: «Վարժեցման և ընտրության», ընդսմին, մանկամիտ իր նկատառումների մեջ նա նույնիսկ բանաձևել է նիհիլիստական եզրահանգման ծայրահեղ տրամաբանությունը. «Հիմնախնդիր. ի՞նչ միջոցներով է ձեռք բերվում փառահեղ ու վարակիչ նիհիլիզմի խստագույն ձևը, որը միանգամայն գիտական բարեխղճությամբ կուսուցաներ ու կկիրառեր կամովի մահը»:

Սակայն Նիցշեն ի շահ նիհիլիզմի փոխառում է այն արժեքները, որոնք ավանդաբար դիտվել են իբրև նիհիլիզմի արգելակներ: Գլխավորապես` բարոյականությունը: Բարոյական վարքը, ինչպիսին փայլուն հանդես է բերել Սոկրատեսը, կամ այն բարոյականությունը, որ պատվիրում է քրիստոնեությունը, ինքնին անկման նախանշան է: Այն ուզում է միս ու արյուն ունեցող մարդուն փոխարինել մարդու արտացոլքով: Դատապարտում է կրքերի ու տանջանքների աշխարհը հանուն ներդաշնակ ու միանգամայն երևակայական աշխարհի: Եթե նիհիլիզմը հավատալու անկարողությունն է, ապա նրա ամենալուրջ նախանշանը ոչ թե աթեիզմի, այլ առկային հավատալու, իրողությունը տեսնելու և տրվածով ապրելու անկարողության մեջ է: Այս անկարողությունն ընկած է ցանկացած իդեալիզմի հիմքում: Բարոյականությունը հավատ չունի աշխարհի հանդեպ: Ճշմարիտ բարոյականությունը Նիցշեի համար չի տարանջատվում պայծառ մտքից: Նա անզիջում է «աշխարհի զրպարտիչների» նկատմամբ, քանզի այդ զրպարտության մեջ տեսնում է փախուստի ամոթալի հակում: Ավանդական բարոյականությունը նրա համար սոսկ անբարոյականության առանձնահատուկ դեպք է:

«Հենց բարին կարիք ունի արդարացման»,– ասում է նա: Եվ ավելացնում է. «Հենց բարոյական նկատառումներից ելնելով մի օր կդադարեն բարիք գործելուց»:

Կարդալ նաև

Գրականություն Ֆրիդրիխ Հյոլդեռլինի երկու բանաստեղծությունները Վալտեր Բենյամին Վալտեր Բենյամինը (1892-1940) գերմանացի փիլիսոփա, գրականագետ և մշակույթի տեսաբան է: Փիլիսոփայություն է ուսումնասիրել Բեռլինի, Մյունխենի և Բեռնի համալսարաններում: 1933-ից ապրել և ստեղծագործել է Փարիզում: Սերտորեն համագործակցել է Հորքհայմերի… Գրականություն Մատիտագրեր գերմանական ծոցից. մայրցամաք 93-ի վերջին Արա Գուրզադյան Չվացուցակներ կազմողի օրագրից գիրք անհայտության Աքսորյալի ծոցատետրից Ապագա կենսաբանության դասագիրք և այլ մոռացված բաներ… Գերմանիա աշուն 1993 Այս ափերին գամված ծաղրածուի կրծքից Տառապանքի հմայքն է վարագույրի պես իջնում Ցրելով մթնշաղն անմահության… Գրականություն 1980-1983 Բառերի բույրը Օրագրեր Արա Գուրզադյան Մարդը մանկության ներսում Սուր մի ցավ. և փշրվող հայելիների աղմուկ: Այն փոքրիկ այգին իր մեջ պարփակեց քո սիրած բնապատկերի անհասանելի բույրը: մանկությունդ կոտրվեց քո գրկում: այսօր անարդարություն կա այնտեղ: Փշեր աճեցրու: արյուն, անձրև և քամիներ…