Մարդն ըմբոստացած
ԲԱՑԱՐՁԱԿ ՀԱՍՏԱՏՈՒՄ
Այն պահից, երբ մարդն Աստծուն ենթարկում է բարոյական դատի, սպանում է նրան հենց իր մեջ: Այդ դեպքում ո՞րն է, սակայն, բարոյականության հիմքը: Աստծուն ժխտում են արդարության անունից, բայց արդարության գաղափարն արդյո՞ք հասկանալի է առանց Աստծո գաղափարի: Այս դեպքում մի՞թե մենք չենք հայտնվում աբսուրդ վիճակի մեջ:
Ահա այդ աբսուրդին է բախվում Նիցշեն: Այն ավելի լավ հաղթահարելու համար նա դա հասցնում է իր ծայրակետին. բարոյականությունը Աստծո վերջին դեմքն է, որ հարկավոր է կործանել վերակառուցելուց առաջ: Այդժամ Աստված այլևս գոյություն չունի և այլևս չի երաշխավորում մեր կեցությունը. գոյության համար մարդն ինքը պիտի գործելու վճիռ կայացնի:
ՄԻԱԿԸ
Շտիռներն արդեն կամեցել էր Աստծուց հետո մարդու մեջ սպանել Աստծո գաղափարը: Սակայն Նիցշեին հակառակ, նրա նիհիլիզմը ինքնաբավ է: Փակուղու մեջ Շտիռները ծիծաղում է, Նիցշեն` պատեպատ խփվում: 1845 թվականից, երբ հրատարակվեց «Միակը և նրա սեփականությունը» աշխատությունը, Շտիռներն սկսում է ուղի հարթել: Երիտասարդ ձախ հեգելականների հետ (որոնցից էր նաև Մարքսը) «Ազատախոհների միություն» հաճախող այդ մարդը ոչ միայն փակում է իր հաշիվները Աստծո հետ, այլև ֆոյերբախյան Մարդու, հեգելյան Ոգու և նրա պատմական մարմնավորման` Պետության հետ: Ըստ նրա` այդ բոլոր կուռքերը ծնվել են միևնույն «մոնղոլիզմից»` հավերժական գաղափարների հավատքից: Ահա ինչու նա կարողացել է գրել. «Ես իմ գործը հիմնեցի ոչնչի վրա»: Մեղքն, անշուշտ, «մոնղոլական պատուհաս» է, բայց իրավական օրենքները, որոնց ստրուկն ենք մենք, նույնպես: Աստված թշնամի է. իր աստվածանարգման մեջ Շտիռները գնում է հնարավորին չափ հեռու («մարսի՛ր նշխարը, և թողությունն արդեն տրված է քեզ»): Սակայն Աստված լոկ ես-ի ուծացումն է կամ ավելի ճիշտ այն բանի, ինչ եմ: Սոկրատեսը, Հիսուսը, Դեկարտը, Հեգելը, բոլոր մարգարեները և փիլիսոփաները այլ բան չեն արել, քան նորանոր ձևեր հորինել օտարելու այն, ինչ եմ, այն ես-ը, որ Շտիռները ձգտում է տարբերել Ֆիխտեի բացարձակ Ես-ից` այն հանգեցնելով նրա առավել մասնավոր ու վաղանցիկ կողմին:
«Անունները չեն անվանում նրան», նա Միակն է: Համաշխարհային պատմությունը մինչև Հիսուսը, ըստ Շտիռների, ընդամենը իրականությունն իդեալականացնելու երկարատև ճիգ է: Այդ ճիգը դրսևորվում է հներին բնորոշ մտքերի և մաքրագործման ծեսերի մեջ: Հիսուսի գալուստով նպատակն իրագործված է, երևան է գալիս մի նոր ճիգ, որի խնդիրն, ընդհակառակը, իդեալը իրականացնելն է: Մարմնավորման մոլուցքը հաջորդում է մաքրագործմանը և ավելի ու ավելի է ամայացնում աշխարհը այն չափով, որքանով որ սոցիալիզմը` Քրիստոսի ժառանգորդը, տարածում է իր իշխանությունը: Սակայն համաշխարհային պատմությունը լոկ երկարատև անարգանք է` հասցված միակի սկզբունքին, որ ես եմ, կենդանի, որոշակի սկզբունքին, հաղթանակի սկզբունքին, որ ուզում են դնել հերթական վերացարկումների` Աստծո, պետության, հասարակության, մարդկության լծի տակ: Շտիռների համար մարդասիրությունը խաբկանք է: Աթեիստական փիլիսոփայությունները, որոնց գագաթնակետը պետության և մարդու պաշտամունքն է, ինքնին «աստվածաբանական խռովություններ» են: «Մեր աթեիստները,– ասում է Շտիռները,– իսկապես բարեպաշտ մարդիկ են»: Ողջ պատմության ընթացքում եղել է միայն մեկ պաշտամունք` հավերժության պաշտամունքը: Այդ պաշտամունքը ստահոդ է: Ճշմարիտ է միայն Միակը` հավերժության և իրականում այն ամենի թշնամին, ինչը չի ծառայում իր իշխելու ձգտմանը: Շտիռներից սկսած` ըմբոստությունը բորբոքող ժխտողականության մղումը անդառնալիորեն թաղում է ամեն հաստատողականություն: Նա սրբումտանում է նաև աստվածայինի բոլոր փոխարինողներին, որոնցով խցանված է բարոյական գիտակցությունը: «Անդրկողմյան արտաքին մասը մաքրված է,– ասում է նա,– բայց անդրկողմյան ներքին մասը դարձել է մի նոր երկինք»: Նույնիսկ հեղափոխությունը, հատկապես հեղափոխությունը, խորշելի է այս ըմբոստին: Հեղափոխական լինելու համար դեռ պետք է հավատալ ինչ-որ բանի, այն դեպքում, երբ հավատալու ոչինչ էլ չկա: «(Ֆրանսիական) հեղափոխությունը վերածվեց ռեակցիայի, և սա ցույց է տալիս, թե ինչ էր իրականում Հեղափոխությունը»: Ստրուկի նման մարդկությանը ծառայելը ավելի շատ արժեք չունի, քան Աստծուն ծառայելը: Ի վերջո, եղբայրությունն այլ բան չէ, քան «կոմունիստների` միայն կիրակի օրերը իրար տեսնելու ձև»: Աշխատանքային օրերին եղբայրները դառնում են ստրուկներ: Արդ, Շտիռների համար կա միայն մեկ ազատություն` «իմ ուժը» և մեկ ճշմարտություն` «աստղերի ցոլարձակ եսականությունը»:
Այս անապատում ամեն ինչ ծաղկում է վերստին:
«Առանց մտածելու արձակված ուրախության ճիչի հսկայական նշանակությունը հասկանալի չի լինի, քանի դեռ կշարունակվի մտքի ու հավատի գիշերը»: Այդ գիշերը մոտ է իր վախճանին, շուտով կբացվի արշալույսը, ոչ թե հեղափոխությունների, այլ ապստամբության արշալույսը: Ապստամբությունն ինքնին խստամբերություն է, որը մերժում է ամեն հարմարավետություն: Ապստամբը համաձայնություն կգտնի մյուս մարդկանց հետ լոկ այն չափով և այնքան ժամանակ, քանի դեռ նրանց եսությունը համընկնում է իրենին: Նրա իսկական կյանքը մենության մեջ է, որտեղ նա անվերջ հագուրդ կտա իր լինելության ծարավին, ինչը նրա միակ էությունն է:
Ինդիվիդուալիզմն, այսպիսով, հասնում է իր գագաթնակետին: Նա անհատին ժխտող ամեն ինչի ժխտումն է և իրեն պանծացնող ու ծառայող ամեն բանի փառաբանությունը: Ի՞նչ է բարիքը ըստ Շտիռների: «Այն, ինչը կարող եմ գործածել»: Օրենքով ի՞նչ է թույլատրվում ինձ: «Այն ամենը, ինչին ընդունակ եմ ես»: Ըմբոստությունը դարձյալ հանգում է հանցանքի արդարացման: Շտիռներն արել է ոչ միայն այս արդարացման փորձը (այս առումով նրա անմիջական հետնորդները դառնում են անարխիայի ահաբեկչական ձևերի քարոզիչները), այլև ակնհայտորեն հարբել է այն հեռանկարներից, որ այսկերպ բացել է ինքը: «Կապերը խզել սրբության հետ կամ ավելի ճիշտ` ջախջախել սրբությունը,– սա կարող է դառնալ համընդհանուր երևույթ: Մոտենում է ոչ թե մի նոր հեղափոխություն, այլ հզոր, փառատենչ, հարգանքից, ամոթից զուրկ, առանց խճղմտանքի մի ոճրագործություն, և արդյո՞ք այն չի ուժգնանում հորիզոնում լսվող որոտի հետ: Եվ մի՞թե չես տեսնում, թե ինչպես է մթագնում ու համրանում նախազգացումներից ծանրացած երկինքը»: Այստեղ զգացվում է նրանց մռայլ հրճվանքը, ովքեր ապոկալիպսիսներ են պատրաստում խղճուկ կացարանում:
Այլևս ոչինչ չի կարող արգելակել այդ դառը և տիրական տրամաբանությունը, ոչինչ, ես-ից բացի, որ կանգնած է բոլոր վերացարկումների դեմ, ինքն էլ վերացարկված ու անանվանելի դարձած` մեկուսանալու և արմատներից կտրվելու պատճառով: Այլևս չկա ո՛չ հանցանք, ո՛չ մոլորություն, ըստ այդմ էլ` ո՛չ մի մեղավոր: Մենք բոլորս կատարյալ ենք: Քանզի ամեն «ես» ինքնին, ըստ էության հանցավոր է պետության և ժողովրդի հանդեպ, ուստի ընդունենք, որ ապրել նշանակում է խախտել: Առնվազն պետք է համաձայնես սպանել, որ դառնաս միակ: «Դուք նույնքան նշանավոր չեք, որքան հանցագործը, դուք, որ ոչինչ չեք պղծում»: Եվ Շտիռները դեռևս լրիվ խիղճը չկորցրած` ճշտում է. «Սպանել նրանց, ոչ թե խոշտանգել»: