Մարդն ըմբոստացած
Արդեն անդրադարձել ենք այն անորոշ արժեքին, որ ծնունդ է առնում սահմանին, որից անդին սկսվում է ըմբոստությունը: Այժմ մնում է, որ ինքներս մեզ հարց տանք, թե այդ արժեքն արդյոք իր տեղն ունի մտածողության ու ըմբոստության դրսևորման ժամանակակից ձևերի մեջ, և եթե իրոք ունի, ապա ճշտենք նրա բովանդակությունը: Սակայն նախքան մեր խոսքը շարունակելը, նշենք, որ այդ արժեքի հիմքում ընկած է ըմբոստությունը որպես այդպիսին: Մարդկանց համերաշխությունը հիմնվում է ըմբոստության մղման վրա, իսկ այս վերջինն իր հերթին իր արդարացումն է գտնում նրանց այդ համագործակցության մեջ: Ուրեմն, իրավունք ունենք ասելու, թե ամեն ըմբոստություն, որ իրեն թույլ է տալիս ժխտել կամ ոչնչացնել այդ համերաշխությունը, միաժամանակ կորցնում է ըմբոստության իր նշանակությունը և իրականում համապատասխանում է կործանարար համաձայնությանը: Ճիշտ այդպես էլ սրբությունից դուրս համերաշխությունը կյանք է առնում միայն ըմբոստության մակարդակում: Դրանով իսկ երևան է գալիս ըմբոստացած մտքի իսկական դրաման: Ապրելու համար մարդը պետք է ըմբոստանա, բայց նրա ըմբոստությունը պիտի հարգի իր իսկ մեջ բացահայտած սահմանը, որից անդին մարդիկ, միավորվելով, սկսում են ապրել: Ըմբոստացած միտքը չի կարող շրջանցել հիշողությունը. այն մշտապես լարված վիճակում է: Իր գործերի ու գործողությունների մեջ դրսևորվող այդ մտքին հետևելիս մենք ամեն անգամ պիտի հարց տանք ինքներս մեզ, թե արդյոք նա հավատարիմ է մնացել իր նախնական ազնվությանը, թե՞, ընդհակառակը, հոգնությունից ու խելահեղությունից այն մատնել է մոռացության բռնակալության կամ ստրկասիրության մոլուցքի մեջ:
Իսկ մինչ այդ, ահա այն առաջին արդյունքը, ինչին հասել է ըմբոստության ոգին աշխարհի մասին սկզբում աբսուրդով ու ակնհայտ ամլությամբ ներծծված խորհրդածության միջոցով: Աբսուրդի փորձառության մեջ տառապանքն անհատական է: Ըմբոստության մղումից սկսած` այն ձեռք է բերում հավաքական դառնալու բնույթ, դառնում է բոլորի գործը: Օտարվածությամբ համակված մարդու առաջին միտքն այն է, որ ինքն այդ օտարվածությունը կիսում է բոլոր մարդկանց հետ և որ մարդկային իրականությունն իր ամբողջության մեջ տառապում է իր իսկ հանդեպ, աշխարհի հանդեպ եղած ուծացումից: Մեկ մարդու զգացած ցավը դառնում է հավաքական ժանտախտ: Առօրյա փորձի մեջ, ինչպիսին մերն է, ըմբոստությունը խաղում է նույն դերը, ինչ “cogito”6-ն մտածողության կարգի մեջ. այն առաջին ակնհայտ բանն է: Իսկ այդ ակնհայտությունը անհատին հանում է իր մենությունից: Դա այն ընդհանուր բանն է, որ բոլոր մարդկանց համար ընկած է առաջնային արժեքի հիմքում: Ըմբոստանում եմ, ուրեմն, կանք:
II ՄԵՏԱՖԻԶԻԿԱԿԱՆ ԸՄԲՈՍՏՈՒԹՅՈՒՆ
Մետաֆիզիկական ըմբոստությունը այն մղումն է, որով մարդը ծառանում է իր վիճակի և ողջ արարչության դեմ: Այն մետաֆիզիկական է, քանզի վիճարկում է մարդու և արարչության վերջնանպատակները: Ստրուկը բողոքում է իր ճակատագրի դեմ, որ իր համար ստեղծվել է իր գոյավիճակի ներսում, մետաֆիզիկական ըմբոստը` իր` իբրև մարդու համար ստեղծված վիճակի դեմ: Ընդվզող ստրուկը հաստատում է, թե իր մեջ կա մի բան, որը չի հաշտվում իր նկատմամբ դրսևորվող տիրոջ վարվելակերպի հետ, մետաֆիզիկական ըմբոստն իրեն համարում է խաբված հենց արարչության կողմից: Թե՛ մեկի և թե՛ մյուսի դեպքում խոսքը չի վերաբերում լոկ զուտ ու պարզ ժխտմանը: Հիրավի, երկու դեպքում էլ մենք գործ ունենք արժևորող դատողության հետ, հանուն որի ըմբոստը մերժում է ընդունել իր առկա վիճակը:
Տիրոջ դեմ ծառացած ստրուկը,– նկատենք սա,– չունի տիրոջն իբրև մարդու ժխտելու միտում: Նա չի ընդունում նրան որպես տիրոջ: Իբրև պահանջ` նա մերժում է իրեն` ստրուկին, բացառելու նրա իրավունքը: Տերը զրկվում է իշխանությունից իր իսկ անտեսած այդ պահանջը չբավարարելու չափով: Եթե մարդիկ չեն կարող հիմնվել որևէ ընդհանուր արժեքի վրա, որը ճանաչվում է բոլորի կողմից որպես յուրաքանչյուրին տրված, ուրեմն մարդը չի կարող հասկանալ մարդուն: Ընդվզողը պահանջում է, որ այդ արժեքը պարզ ու հստակ ընդունվի նրա իսկ մեջ, քանզի ենթադրում է կամ գիտի, որ առանց այդ սկզբունքի աշխարհում կիշխեն անկարգությունն ու ոճիրը: Ըմբոստության մղումը ստրուկի մեջ ի հայտ է գալիս իբրև պարզության և միասնության պահանջ: Ամենատարրական ընդվզումը պարադոքսալ ձևով արտահայտում է ձգտումն առ կարգ ու կանոն:
Այս նկարագրությունը տող առ տող մոտենում է մետաֆիզիկական ըմբոստին, որը վեր է բարձրանում խորտակված աշխարհի վրա` նրա միասնությունը պահանջելու համար: Նա հակադրում է իրեն բնորոշ արդարության սկզբունքը աշխարհում գործադրվող անարդարության սկզբունքին: Նա պարզապես այլ բան չի ուզում, քան լուծել այդ հակասությունը, հաստատել, եթե կարող է, արդարության կամ իրեն ծայրահեղության հասցնելու դեպքում` անարդարության միասնական տիրապետություն: Մինչ այդ, նա երևան է հանում հակասությունը: Դեմ դուրս գալով իրավիճակին, ուր կարող է ամեն ինչ ընդհատվել մահով կամ քարուքանդ լինել չարիքի պատճառով, մետաֆիզիկական ըմբոստությունը երջանիկ միասնությամբ հիմնավորված պահանջ է` ընդդեմ կյանքի ու մահվան տառապանքի: Եթե համընդհանուր մահապատիժը որոշում է մարդկանց կեցությունը, ապա ըմբոստությունը որոշ իմաստով ժամանակահունչ է նրան: Իր ծանր վիճակը մերժելու հետ մեկտեղ ըմբոստացողը մերժում է ճանաչել այն իշխանությունը, որը ստիպում է նրան ապրել այդ վիճակում: Մետաֆիզիկական ըմբոստը հաստատապես աթեիստ չէ, ինչպես կարելի է կարծել, բայց անպայման աստվածանարգ է: Պարզապես նա սկզբում անարգում է հանուն կարգուկանոնի` ի դեմս Աստծո տեսնելով մահասփյուռ հոր և ծայրագույն գայթակղություն:
Այս կետը պարզաբանելու համար դառնանք ըմբոստացած ստրուկին: Վերջինս իր իսկ ընդդիմությամբ հաստատում է տիրոջ գոյությունը, որի դեմ ծառանում է ինքը: Սակայն միաժամանակ նա ցույց է տալիս, թե իրենով է պայմանավորված այս վերջինի իշխանությունը և հաստատում է սեփական իշխանությունը, որով անվերջ հարցականի տակ է առնում մինչ այդ իր վրա իշխող գերակա ուժը: Այս առումով թե՛ տերը, թե՛ ստրուկը իսկապես միևնույն հարթության մեջ են. մեկի ժամանակավոր իշխանությունը նույնքան հարաբերական է, որքան մյուսի հնազանդությունը: Խռովության պահին երկու ուժերն էլ հաստատվում են փոխնիփոխ, մինչև այն ժամը, երբ կենաց մահու առճակատման մեջ երկուսից մեկը կվերանա ժամանակավորապես:
Համանման ձևով, երբ մետաֆիզիկական ըմբոստը ծառանում է որևէ ուժի դեմ, որի գոյությունը հաստատում է միաժամանակ, ապա իրական է համարում այդ գոյությունը հենց այն պահին, երբ ընդդիմանում է դրան: Ընդ որում, նա ներքաշում է այդ բարձրագույն էակին միևնույն նվաստացուցիչ իրադրության մեջ, որում սովորական մարդն է` նրա ունայն իշխանությունը դարձնելով համարժեք մեր ունայն կեցությանը: Այդ ըմբոստը նրան ենթարկում է մեր մերժման ուժին, ստիպում նրան իր հերթին խոնարհվել մարդկային էության չհպատակվող մասի առջև, բռնի ներառում մեր աբսուրդ գոյության մեջ, վերջապես հանում նրան իր հավերժական ապաստանից` ներքաշելու համար մի պատմության մեջ, որը խիստ հեռու է հավերժական կայունությունից, ինչը հնարավոր կլիներ միայն գտնել մարդկանց միասնական համաձայնության մեջ: Այսպիսով, ըմբոստությունը հաստատում է, թե իր մակարդակում ամենայն բարձրագույն գոյություն առնվազն վիճարկելի է: Մետաֆիզիկական ըմբոստության պատմությունը չի կարող շփոթվել աթեիզմի պատմության հետ: Որոշ տեսանկյունից այն շփոթում են կրոնական զգացման արդի պատմության հետ: Ըմբոստացողն ավելի շատ մարտահրավեր է նետում, քան ժխտում: Գոնե սկզբում նա չի բացառում Աստծուն, պարզապես խոսում է նրա հետ, ինչպես հավասարը` հավասարի: Սակայն խոսքը բնավ բարեկիրթ երկխոսության մասին չէ: Այլ` բանավեճի, որ բորբոքվում է հաղթելու ձգտումից: Ստրուկը սկսում է արդարության պահանջից և վերջացնում իշխանության ցանկությամբ: Նա ուզում է իշխել իր հերթին: Իր վիճակի դեմ ընդվզումը զուգակցվում է առ երկինք ուղղվող անվերջանալի հարձակումներով` այնտեղից ցած բերելու համար երկնային գերյալ թագավորին և ազդարարելու նախ նրա գահընկեցության, հետո մահվան դատապարտվելու մասին: Մարդկային խռովությունն ավարտվում է մետաֆիզիկական հեղափոխությամբ: Երևութականից այն վերածվում է գործողության. դենդին դառնում է հեղափոխական: Աստծո գահը տապալելուց հետո ըմբոստը կհասկանա, որ իր վիճակում զուր որոնած այդ արդարությունը, կարգուկանոնը, միասնությունը այժմ պիտի ստեղծի ինքը սեփական ձեռքերով և դրանով իսկ արդարացնի Բարձրյալի տապալումը: Այնժամ և ծայր կառնի մարդկանց տիրապետությունը, թեկուզ և ոճրագործության գնով, հիմնելու հուսահատ ճիգը: Դա չի ընթանա առանց սոսկալի հետևանքների, որոնցից միայն մի քանիսն են մեզ ծանոթ: Սակայն այդ հետևանքները ամենևին ըմբոստության արգասիք չեն կամ գոնե ի հայտ են գալիս միայն այնքանով, որքանով ըմբոստը մոռանում է իր ծագումը, հոգնում ՙայո՚-ի և ՙոչ՚-ի միջև առաջացած ահավոր լարումից և, վերջապես, տրվում է ամեն բանի ժխտման կամ կատարյալ հնազանդության: Մետաֆիզիկական ապստամբությունը իր նախասկզբնական մղման մեջ մեզ հրամցնում է նույն դրական բովանդակությունը, ինչ ստրուկի ըմբոստությունը: Մեր խնդիրը կլինի քննության առնել, թե ինչի է վերածվում ըմբոստության բովանդակությունը դա պահանջող գործերում և ցույց տալ, թե ինչի է հանգում ըմբոստի անհավատարմությունը կամ հավատարմությունը իր ծագմանը: