Թեոդոր Ադորնոյի նեգատիվ դիալեկտիկական և երաժշտության փիլիսոփայությունը
Իվան Մելիքսեթյան
20-րդ դարի հոգևոր մթնոլորտում Ֆրանկֆուրտյան փիլիսոփայական-սոցիոլոգիական դպրոցի գրաված տեղը, թերևս, չի կարելի առանցքային համարել, չնայած որ դրա քաղաքական, սոցիալական և մշակութաբանական գաղափարների ազդեցությունը առայսօր բավականին մեծ է: Լինելով հոգեհարազատ ժամանակակից էլիտար շատ ուսմունքների ճանաչողական մեթոդաբանության հիմնական ներվին` ֆրանկֆուրտյան դպրոցի «քննադատական տեսության» մեթոդներն, այնուհանդերձ, զիջում են թե՛ անձի «ճակատագրայնության» նուրբ տեխնիկային` էկզիստենցիալիզմում, թե՛ «իրադրությունը մաքրելու» գործողություններին` ֆենոմենոլոգիայում և թե՛ արվեստագետին, որպես մարգարեական տեսիլքներ արտաբերող մեկնաբանելու փորձերին յունգականության և Մաքս Շելերի փիլիսոփայական մարդաբանության մեջ: Երբ 60-ականներին սոցիալական կոնֆլիկտների ամպլիտուդան արևմուտքում մեծ չափերի հասավ և նոր ձևերի որոնումները դրանց լուծումը հանգեցրին «նոր ձախերի» շարժմանը, բացահայտվեց «քննադատական դպրոցի» աշխարհայեցողության ակտուալությունը: «Մեծ հրաժարումի» պաթոսով քաղաքական բռնկումների տարերքն ու քաոսը իր վառ արտացոլումը գտավ 1968թ. Ֆրանսիայում մայիս-հունիսյան իրադարձությունների ուսանողական և ինտելեկտուալ ձախ ռադիկալիզմում: Խռովարարների սպասելիքները հիմնվեցին տեսաբանների հուսահատության վրա: Այստեղ է, որ բացահայտվեց «քննադատական տեսության» քաղաքական ներվը: Հերբերթ Մարկուզեի անարխիզմն այստեղ պարարտացավ Թեոդոր Ադորնոյի ՙհամատա- րած ժխտման՚ հայեցողական հոռետեսությամբ:
Ֆրանկֆուրտյան դպրոցի ձևավորումը կապված է 1930 թ. Մայնի Ֆրանկֆուրտում սոցիոլոգիական հետազոտությունների ինստիտուտի ստեղծման հետ: Ինստիտուտի ղեկավարությունը ստանձնեց Մ. Հորկհայմերը, որն իր շուրջը համախմբեց այնպիսի մտավորականների, ինչպիսիք էին Թ. Ադորնոն, Ֆ. Պոլլոկը, Հ. Մարկուզեն և Է. Ֆրոմմը: Փիլիսոփաների և հրապարակախոսների այդ խումբը փնտրում էր կապիտալիզմի և սոցիալիզմի միջև ընկած այսպես կոչված «երրորդ ուղին» և փորձում մարքսիզմը համատեղել այլ ուսմունքների հետ` հուսալով գտնել աշխարհի վերափոխման նոր մեթոդներ: Այդ շրջանում դպրոցի տեսաբանները, որոնք ձգտում էին մշակել և ամրապնդել ժամանակակից հասարակության ժխտման մի ուրույն համակարգ, համակրում էին իրականության սոցիոլոգիական վերլուծության այն մեթոդին, որ առաջարկել էր Մարքսը: Մարքսիզմը գրավիչ էր իբրև սոցիոլոգիական տեսություն քաղաքական պայքարի ռիթմերի գերազանց զգացողությամբ, չնայած նրանք այդպես էլ չկարողացան ընդունել նրա հիմնական դրույթները: «Հասարակության քննադատական տեսության» կատարած էվոլյուցիան «արևմտյան մարքսիզմի» ստեղծման ճանապարհին հետագայում ըստ էության չակերտներից դուրս բերեց մարքսիզմի գործնական նկատառումները: Մարքսիզմի հանդեպ յուրահատուկ համակրանքը զուգորդվում էր Հորկհայ- մերի, Ադորնոյի և Մարկուզեի կողմից ծնունդ առնող ֆաշիզմի գաղափարախոսության քննադատությամբ` իբրև բուրժուական լիբերալիզմի այլասերման ձևի: Այդ աշխատանքն հետագայում շարունակվեց ԱՄՆ-ում, ուր պատերազմի տարիներին ստիպված էին ապաստանել Հորկհայմերն ու նրա աշխատակիցները` նացիոնալ-սոցիալիզմի ռասսայական հետապնդումներից խուսափելու համար: Հենց այստեղ էլ մշակվեցին այդ դպրոցի հիմնական հասկացությունները` օտարացումը, ապրանքային ֆետիշիզմը, առարկայացումը, որոնք «քննադատական տեսությունը» հանգեցրին իր մշտական թեմաներին` «ղեկավարվող հասարակության» և «կեղծ գիտակցության» ֆենոմեններին: Հետագայում ինչ երանգներով էլ որ հանդես գալու լիներ «արևմտյան մարքսիզմը»` համադրվելով էկզիստենցիալիզմի հետ (Մարկուզեի մոտ), Ֆրոյդի հոգեվերլուծությամբ (Ֆրոմմի, Մարկուզեի և մասամբ Ադորնոյի մոտ), այն միշտ հավատարիմ էր լինելու այդ թեմաներին:
Իսկ երբ Հորկհայմերի և Ադորնոյի «Լուսավորության դիալեկտիկայում», Մարկուզեի «Միաչափ մարդը» և Ադորնոյի «Նեգատիվ դիալեկտիկա» աշխատություններում Ֆրանկֆուրտյան դպրոցի գաղափարները որոշակի էվոլյուցիա անցնելով վերջնական արտահայտության հասան, սոցիալական համակեցության թեմաներն ըստ էության վերածվեցին աշխարհայացքի. ծագեց «ի՞նչ է աշխարհը» հարցը:
* *
…Ճգնաժամ, ճգնաժամ: Գիտակցության, կյանքի, մշակույթի ճգնաժամ: Նիցշեի, Կիերկեգորի, Վագների և շատ ու շատ ուրիշների կյանքով և ստեղծագործությամբ ազդարարված ճգնաժամը հառնել էր ողջ հասակով: Նիցշեի «Աստված մահացել է» դրույթը իրավիճակը բնութագրում էր որպես մարդկային գոյության արտաքսում պատմության ոլորտից, սովորական դարձած կապերից (կազմալուծվել էր հոգու ամբողջականությունը) և շարժման շարունակությունն այժմ ավելի շատ ընկալվում էր որպես անցյալում տեղի ունեցած «հրման» իներցիայի, քան ապագայի «ձգողականության» արդյունք: Պատմականությունը, որը դեռևս ոչ վաղ անցյալում Հերդերի և Հեգելի կողմից հաստատվել էր որպես լինելիություն և իմաստ, դուրս գալով ժամանակի ակոսներից, դղրդյունով փլվում էր` մարդուն դնելով երկընտրանքի առջև. կամ այլ հիմքերի վրա կառուցված ազատության երկինք, կամ «մարդկայինի, չափազանց մարդկայինի» խելահեղության մեջ անկման երկիր:
«Մեր դարաշրջանի ճակատագիրը, – վկայում է գերմանացի խոշոր պատմաբան և սոցիոլոգ Մաքս Վեբերը, – այն է, որ հենց վերջին և ամենանրբին արժեքները հեռացել են հասարակական ոլորտից` կա՛մ դեպի միստիկական կյանքի անդրկողմյան արքայությունը, կա՛մ դեպի անհատների անմիջական հարաբերությունների փոխադարձ եղբայրական մտերմությունը: Պատահական չէ ո՛չ այն փաստը, որ մեր առավել բարձր արվեստը ինտիմ է և ոչ թե մոնումենտալ, ո՛չ էլ այն, որ այսօր միայն հասարակական նեղ շրջաններում, անձնական փոխհարաբերություններում է պիանիսսիմո բաբախում այն, ինչն անցյալում մարգարեական պնևմայի ձևով մոլեգին հրդեհով անցնում էր մեծ համայնքներով ու համախմբում դրանք»:
Եվ հենց այդ իրադրության մեջ է գտնում Ադորնոն սոցիալական իրականությունը և դեպի այդ ոլորտն է «պիանիսսիմո» ուղղում քննադատական վերլուծությունը` հուսալով հասցնել այն ֆորտիսսիմոյի:
Ադորնոյի կոնցեպցիայի շարադրանքը որոշակի դժվարություն է ներկայացնում: Մաքսիմալ կոնցենտրացիայի ձգտումով և աֆորիզմային ոճով արտահայտված նրա գաղափարները շարադրված են գիտակցաբար որդեգրած «հակահամակարգայնությամբ»: Վերացական համակարգերի կառուցման հնարավորությունն ինքնին, որոնցում առանձնակիի, մասնավորի անհատականությունը անհետանում է անսահման ընդհանուրի մեջ, անընդունելի է ներկայանում նրան, և նա փորձում է զարգացնել աննախադրյալ բացասական դիալեկտիկայի «մոդելը»:
Բուրժուական հասարակության «քննադատական տեսության» միջավայրում Ադորնոյի գրաված դիրքն ինքնատիպ էր. նրա` հասարակության և մշակույթի քննադատության տեսության զարգացումը տեղի էր ունենում «եռաձայն» տարբերակով` սոցիոլոգիայի, փիլիսոփայության ու երաժշտագիտության միահյուսմամբ: Ֆունդամենտալ պրոբլեմների հետ կապը նրա սոցիոլոգիան դարձնում էր առավել հիմնարար, հակառակ նրա համար այդքան անտանելի էմպերիկ սոցիոլոգիայի, մյուս կողմից` լինելով բարձր պրոֆեսիոնալ կրթության տեր երաժիշտ (Ադորնոն ավարտել է Վիեննայի Համալսարանի երաժշտագիտության ֆակուլտետը և զբաղվել է կոմպոզիցիայով Ա. Բերգի մոտ), նա ազատ էր զգում իրեն այն ոլորտում, որում ուրիշները խարխափելով էին առաջանում: