Ռուբիկոն

Թեոդոր Ադորնոյի նեգատիվ դիալեկտիկական և երաժշտության փիլիսոփայությունը

Հրապարակվել է
20 սեպտեմբերի 2021

Եթե ճշմարիտ երաժշտությունը, լինելով «առանձին մարդու ճակատագրի ու նրա մարդկային կոչումի միջև անհաշտելի հակասությունների մի ծածկագիր», կարողանա «տոգորվել ոչնչով չսահմանափակվող ազատության գաղափարով», ապա հենց դրանով էլ այն համընդհանուր բացասականություն կզարգացնի: Երաժշտությունը մոռացել է իր հիմնական առաքելությունը` միշտ լինել ծայրաստիճան վտանգավոր գոտում. այն պետք է պատրաստ լինի ինքնասպանության ակտի իրագործմանը, պետք է հենց իր հոգեվարքի փաստով ցուցադրի ճակատագրի ու երաժշտության կոչման և, ամենակարևորը, ճակատագրի ու մարդու կոչման միջև գոյացած անդունդը: Մի կողմ նետելով երաժշտական ավանգարդի կոնֆորմիզմի կանոնները` «շինծու, դիտմամբ նյութված օբյեկտիվացման առկայությունը», երաժշտությունը պետք է նորից վերադառնա այն պրոցեսին, որի ընթացքն արգելակել էր Շյոնբերգը: Շոշափելով սեփական գաղափարաբանական ասպեկտով երաժշտության սեղմվածության և նրա անվերջ զարգացող ռացիոնալության միջև ստեղծված ճեղքվածքը, Ադորնոն իր դատողություններով փորձում է ուրվագծել ապագայի երաժշտության պատկերը:

Գտնվելով այնպիսի վիճակում, երբ գրանցվում են հասարակության հակասությունները, երաժշտությունն արդյոք կարո՞ղ է մարդուն ինչ-որ այլ մի բան ասել: Հնարավո՞ր է արդյոք, որ համընդհանուր ապրանքային գործառության պայմաններում նրա էության մեջ երևան գա անփոխարինելին, որովհետև հայտնի է, որ այն ամենը, ինչ գործում է, փոխարինելի է: «Անփոխարինելի է միայն այն, որը ոչ մի ֆունկցիա չունի, ոչ մի բանի պիտանի չէ»: Դա արվեստի այն ընդունակությունն է, որ մի փոքր հպվելով էմպիրիկ կյանքին` «միտվում է դեպի այն ոլորտի ձևավորմանը, որը որակապես հակադիր է այդ էմպիրիկ ռեալությանը»: Այստեղ Ադորնոյի մոտ ուրվագծվում է նոր, ինչպես ինքն է ասում «ինֆորմալ» երաժշտության գաղափարը: Ինֆորմալ երաժշտությունը պետք է իր բոլոր ջանքերն ուղղի երաժշտական ազատ լուծումների բացահայտմանը, լուծումներ, որոնք ճնշվում և համահարթվում էին ապրիորի սխեմաներով ու կլիշեներով: Նրա ազատությունը պետք է կառուցվի այլ հիմքերի վրա, քան նախկինում էր. պետք է մի կողմ նետել 19-րդ դարի ռոմանտիզմի իռացիոնալիզմը` անձնականը գերանձնականի վերափոխելու նրա ձգտման հետ միասին, բայց պետք է հրաժարվել նաև սերիական տեխնիկայի անանձնական դատողականության գայթակղությունից: Ավանդական ամեն ինչի նկատմամբ երաժշտությունը պետք է նրբին զգայնություն զարգացնի` այդ ամենին զրկելով նոր կոմպոզիցիաների մեջ մաքսանենգորեն թափանցելու հնարավորությունից. «ոչ մի տեղ չի ասված, որ երաժշտությունը այդ ավանդական տարրերը պետք է պահպանի ապրիորի»: Նախադրյալների ոլորտի տարրերը շերտ առ շերտ բացելով` ինֆորմալ երաժշտությունը պետք է հասնի այն շերտերին, որտեղ, ըստ Ադորնոյի, առկա է անտարակուսելի ազատությունն իր կործանիչ բացասականությամբ: Այդ երաժշտության կաշկանդող արտաքին շրջանակներն արդեն ակնբախորեն բանի պետք չեն լինի, քանի որ ազատությունը «պետք է ինքն իրեն այնպես կարգավորի, որ այլևս չզիջի և ոչ մի չափի, որը այլանդակում է այն ամենը, ինչ իր նկատմամբ տարասեռ է, ինչ ձգտում է ազատորեն զարգանալ»: Այն պետք է ստեղծի մի այնպիսի լեզու, որը զուրկ է բովանդակության երկիմաստ ընթերցման ամեն մի հնարավորությունից: Հասարակության հակասություններն այնպես պետք է դրոշմված լինեն նրա տեխնիկայի մեջ, որպեսզի մոռացվի հակասությունները ներդաշնակորեն հավասարակշռելու հին արվեստից եկող ընդունակությունը. դրանով այն կկարողանա հեշտությամբ շրջանցել իր ազատ բողոքի նկատմամբ դրսևորված գաղափարաբանական ամեն մի հավակնություն:

«Ինֆորմալ երաժշտությունը» հասարակության մեջ անխուսափելիորեն կգրավի մեկուսացման դիրք. անցել է այն ժամանակը, երբ արվեստը կարող էր առանց հասարակության հետ կապը կտրելու իրագործել իր ճանաչողական առաքելությունը: Երաժշտությունն այլևս չի կարող դիմել այսօրվա հասարակության գիտակցությանը. դա կեղծ գիտակցություն է, իսկ նրա համար «կարևոր է, որ չհարմարվի կեղծ գիտակցությանը, կարևոր է երաժշտության մեջ արտահայտված ճշմարիտ բովանդակությունը և ճիշտ գիտակցությունը»: Այդ երաժշտության ողջ բացասական ուժը պետք է գտնվի դրական գիտակցությունից այն կողմ զետեղված ոլորտներում և իր կործանարար հզորությամբ պետք է ուղղվի եղածի վրա գրոհելուն: Այն երաժշտությունը, որ գոյություն ունեցողի հետ ոչ մի գործարքի մեջ չի մտնում, իր ամենակարևոր` սոցիալա- կան հաղորդակցության օղակում ողբերգականորեն երկատված է. առաջարկվող «ազատության կերպարը», որ ելնում է մարդու նկատմամբ սիրո զգացումից, կարող է արտահայտվել միայն սոցիալական «թշնամության տեսքով»: «Երաժշտությունը, – ասում է Ադորնոն, – պետք է կտրուկ ընդհատի ամեն մի հաղորդակցություն, պետք է շուռ տա նրա աստառը, ոչ թե ընդունի նրա պայմանները»:

Ի՞նչ կարելի է ասել այդպիսի երաժշտության հնչողության մասին: Մեկուսացման ճանապարհին կանգնած ինֆորմալ երաժշտությունը պետք է հիմնավորապես ջանա ազատվել հնչողության գեղեցկության վերջին մնացուկներից. լսողությունը պետք է հրաժարվի այն ամենից, ինչ սովորական է, կաղապարային ու կանխագուշակելի: Փնտրելով նոր հնչողություններ` կոմպոզիտորը պետք է իջնի մինչև մարդկային ապրումների այն շերտերը, ուր դեռևս սոցիալական ոչինչ չկա: Հաստատուն մնացած ամեն ինչ պետք է պայթեցվի:

Անհրաժեշտ է, «որ այս հանգամանքը դառնա ստեղծագործական փորձ, որ ինքնակամ ու ինքն իրեն ճանաչող լսողությունը հակադրվի ոչ միայն տոնային համաչափություններին, այլև նրանց ամենանուրբ ածանցյալներին, վերացական կայուն չափի գերակշռությանը, տակտի ուժգին մասին ու սինկոպաների մեջ նրա նեգատիվ պահպանմանը: Ինֆորմալ երաժշտությունն ի վիճակի է հասնել ռիթմի այնպիսի ճկունության, որը ոչ մեկը նույնիսկ երազում չի տեսել»:

Արտաքսման ճանապարհը պետք է լինի դաժան ու առանց փոխզիջման. «հմայքներ կործանողի» դիրքորոշումը կարող է ճշմարիտ լինել միայն ամենօրյա ճգնանքի պայմանով: Նոր երաժշտության մենությունը, որ ձեռք է բերվել Շտիրների ռոմանտիկորեն «միակից» դեպի Կիերկեգորի «Ամենադժբախտի» հուսալքման ողբերգությունն ուղղված էվոլյուցիայի ընթացքում, պետք է լինի բացարձակ, որպեսզի արվեստը դառնա կատարելապես ճշգրիտ, առավել ևս, որ «արվեստի մեջ բացարձակ մոնադի գրաված դիրքը երկակի է. դա վատի դեմ ապստամբությունն է… առավել վատի պատրաստակամությամբ: Այդ բացարձակ մոնադի նման ինքնամփոփ, առանց դուռ ու լուսամուտ անհատի մոնադին դաժանորեն հակադրված է կոլեկտիվ մոնադը` կրնկի վրա բացված դռներով ու լուսամուտներով:

Մի դարաշրջանում, երբ կորսված է ամեն մի իմաստ, ինֆորմալ երաժշտության իմաստը կլինի միայն այն, որ «կազմակերպված իմաստազրկության միջոցով» մերժվեն «կազմակերպված հասարակության» անմարդկային հիմքերը: Այդպիսի երաժշտությունը, տալով բացասականության ու ազատ լուծումների նմուշներ, պետք է, ըստ Ադորնոյի, օգնի մարդուն գտնելու «ազատության» սոցիալական կերպարը: Քանի որ մարդ զուրկ է կյանքը խելամիտ հիմքերի վրա կառուցելու հնարավորությունից, ապա այս աշխարհում երաժշտության ողբերգական խորթացումը հոգևոր երանության հնարավոր վերջին ձևն է: Ինֆորմալ երաժշտությունը, որը պիտի «ստեղծի այնպիսի առարկաներ, որոնց մասին մենք չգիտենք, թե դրանք ինչ են», պետք է մարդուն իմաստազուրկ աշխարհում ու «հիվանդ» հասարակության մեջ վարժեցնի նոր կենսաձևին:

Այսպիսին է, ըստ Ադորնոյի, երաժշտության ճակատագիրը` ամեն ինչից հրաժարվելու իր լարվածությամբ, աստառը շուռ տալու անխուսափելի վախճանով: Իրոք, որ դա «շարժումների, ջղաձգումների ու սարսափի շոկի ներգործությամբ կարծես ընդարմացած ապակյա պաուզաների»` երաժշտության լեզվի այդպիսի «նմանակումով» զոհ մատուցելու ազատության ճակատագիրն է: Նա այնքանով ավելի լավ կկարողանա կատարել իր «թերապևտիկ» դերը, որքանով իր զոհաբերական նվաստացման մեջ ավելի շուտ կհասկանա, որ «իր ողջ երջանկությունը դժբախտությունը ճանաչելն է. իր ողջ գեղեցկությունը` գեղեցիկի երևութականությունից հրաժարվելը: Ոչ ոք նրա հետ ոչ մի ընդհանուր բան չունի… Չլսված ոչ մեկի կողմից` նա լռում է առանց արձագանքի…»:

Ռուսերենից թարգմանությունը` Արա Գուրզադյանի

Կարդալ նաև

Երաժշտություն Հանդիպումներ Պիեռ Բուլեզին (fragments pour un portrait) Արթուր Ավանեսով Բուլեզի մասին դժվար է գրել: Ինձ համար‚ դժվար է երիցս, քանի որ երեք անգամ առիթ եմ ունեցել աշխատելու նրա ղեկավարությամբ, ուստի նաև‚ երեք անգամ հոգուս խորքում հերքելու այն ամենը, ինչ սովորել էի նրա մասին դասախոսություններից ու գրքերից: Ընդ որում,… Երաժշտություն Ձեն բուդդիզմի փիլիսոփայությունը ժամանակակից երաժշտության մեջ Արթուր Ավանեսով Ձեն ասելիս հաճախ հասկանում ե փակ աչքերով մեդիտացիա, այնինչ ինձ համար ձենը կիրք է, թեպետ առանց տառապանքի: Կունսու Շիմ Մասն առաջին. Ձեն բուդդիզմը և Արևմուտքի երաժշտությունը Ձեն բուդդիզմի փիլիսոփայությունը հսկայական նշանակություն ունեցավ XX դարի… Երաժշտություն Նամակներ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ [Քրոջը]1 [Միլան, 26 հունվարի 1770թ.] Իսկապես, սրտանց ուրախ եմ, որ սահնակով ուղևորությանդ ժամանակ դու այդքան շատ ես զվարճացել, և ուզում եմ, որ զվարճանալու հազար հնարավորություն ունենաս, որպեսզի կարողանաս իրոք կյանքդ ուրախ անցկացնել:…