Ռուբիկոն

Թեոդոր Ադորնոյի նեգատիվ դիալեկտիկական և երաժշտության փիլիսոփայությունը

Հրապարակվել է
20 սեպտեմբերի 2021

Դատողականությունը, դառնալով մեր մտածելու, զգալու և ապրելու կերպը, «տրոհվող անհատականության և հետադիմական կոլեկտիվների» դարաշրջանում հանգեցրեց Օսվենցիմի դիակիզարանների ծխին, և «սեփական բանականությունից օգտվելու արիություն ունեցիր» լուսավորչական նշանաբանը, որը հասկացվեց որպես «երաժշտություն արարող ձայներանգ», զրկեց մեզ հենց երաժշտությունից: «Բանականությունը հիվանդ է. բանական կլինի նախ և առաջ բուժվել նրանից», առավել ևս, որ «ինքնաոչնչացման ոչ միայն իդեալական, այլ նաև պրակտիկ միտումը հատուկ է ռացիոնալությանը ի սկզբանե»:

Իսկ ինչպե՞ս է իր տիրապետությունը հասարակության մեջ իրականացնում «Գործիքային բանականությունը». «կեղծ գիտակցության»` գաղափարախոսության ձևով: Վերջինս Ադորնոյի մոտ սկզբնապես ի հայտ է գալիս որպես դասական կապիտալիզմի դարաշրջանին հատուկ քաղաքական գաղափարախոսություն. այդ շրջանում, դասակարգային շահերի իր հստակ տարբերություններով, գաղափարախոսությունը մի տեսություն էր, որի դերը «պաշտպանության ֆունկցիա կատարող կեղծ գիտակցության» մեջ էր: Սոցիալական ճանաչողության տեսության վերածված գաղափարախոսությունը կեղծ է. նրա մասնավոր դասակարգային ճշմարտությունը ձեռք է բերված հասարակության «ամբողջից» վերացարկվելու գնով: Հետագայում Ադորնոն ընդլայնեց գաղափարախոսության հասկացությունը. չէ՞ որ այն, ինչ նախկինում միայն կեղծ տեսություն էր, դարձավ կյանքի փաստ: Այժմ գաղափարախոսությունը նա նույնացնում է բուրժուական ռացիոնալության, այսինքն` բուրժուական ողջ մշակույթի հետ: Այն ընդգրկում է ամեն ինչ` գիտությունը, բարոյականությունը, տեխնիկան, արվեստը: Գաղափարախոսությունն այն է, ինչի միջոցով «գործիքային բանականությունը» կառավարում է աշխարհը, ինչի միջոցով «ռացիոնալությունը» բախում է մեզ աշխարհին, և ահավասիկ` «կեղծ գիտակցությունն» արդեն «ինքնավար ոգի» է, կուրացած սեփական հասարակական կիրառությունից, որ որոշում է «մեծ մասշտաբներով այսօր մարդկանց գիտակցությունը լցնող ողջ հոգևոր արտադրության տոտալությունը, սպառողների զանգվածներին իր մեջ ներքաշելու և նրանց գիտակցությունը հնարավորին չափ մոդելավորելու և ֆիքսելու համար»:

Եվ ամենասարսափելին այն է, որ եթե նախկինում գաղափարախոսական սիմվոլները քողարկում էին մեզնից իրականությունը, և մենք առարկաների փոխարեն հիմնականում զբաղված էինք, Բերգսոնի բառերով ասած` «նրանց վրա փակցված պիտակները կարդալով», ապա այժմ, երբ կյանքի բոլոր ոլորտները համակցված են «կեղծ գիտակցությամբ», մարդը զրկված է իրականությանը դեմ առ դեմ հանդիպելու հնարավորությունից: Զրկված է մի պարզ պատճառով. այն այլևս չկա:

Աշխարհի մասին գաղափարները, որ մշակել է մարդկությունը, ռացիոնալացվելով հանգեցրել են այն բանին, որ մենք պետք է հրաժարվենք ճշմարիտ ճանաչողությունից, որովհետև «աշխարհն ինչպես որ կա, դառնում է միակ գաղափարախոսությունը, իսկ մարդիկ` նրա բաղադրամասերը»:

Գաղափարախոսությունը սուտն է, պատրանքը, բայց դա այն աշխարհն է, որում մենք ապրում ենք. ճշմարիտ աշխարհը դառնում է կանտական տրանսցենդենտ «ինքնին իր»: Գաղափարախոսությունը այն երազն է, որն իրեն իբրև իրականություն է մատուցում: Դա ժամանակակից «կազմակերպված հասարակությունն» է, որում ճշմարիտ ոչինչ չկա և որի աշխարհըմբռնման շրջանակներում մնալով` անհնար է նույնիսկ գիտենալ ճշմարիտի, կամ ինչպես Ադորնոն է ասում այլ-ի մասին: Եվ հենց այդ նոր գաղափարախոսական աշխարհն է, որ կառուցվելով ընդհանրացնող որակական միաչափության սկզբունքներով «էմանացիայի» միջոցով ծնում է միաչափ քանակականության մարդուն: Այդ հասարակության «զանգվածային մարդը» տվյալ հասարակության արտացոլումն է մանրակերտի մեջ: Իր կեցության իրական ու բնական կապերից կտրելով` գաղափարախոսությունը մտցնում է մարդուն «տոտալ օտարացման» քվազիիրական աշխարհը, իսկ այդ մարդկանց բազմությունը, Օրտեգա-ի-Գասսետի բառերով ասած` «այսօր դառնում է ամբոխ, որը կար նաև անցյալում, բայց ոչ իբրև ամբոխ… Այժմ նրանք հանկարծ միավորվում են, և մեր հայացքը ամենուր տեսնում է միայն ամբոխին, որն անցյալում աննկատ էր մնում, քանզի գտնվում էր սոցիալական բեմահարթակի ետին պլանում: Այժմ գլխավոր դերում է: Հերոսներ այլևս չկան. կա միայն երգչախումբ»: Մշակույթը, որ միշտ եղել է հոգու և բարոյական առաջադիմության լարված դիմակայում, ուղղված անդունդի մեջ մարդու անկման դեմ, դարձել է գաղափարախոսություն:

Այսպիսին է Ադորնոյի կողմից հասարակության վերլուծության արդյունքը. անթիվ ու անլուծելի հակասությունները փակ շրջան են կազմել, որից դուրս պրծնելու և հակասությունները լուծելու յուրաքանչյուր փորձ մեզ հնարավորություն է ընձեռում անցնելու «հավերժական վերադարձի» տառապանքների միջով: «Բուրժուական հասարակությունը, – գրում է Ադորնոն, – հակամարտական ամբողջություն է: Այն իր գոյությունը պահպանում է միայն իր հակամարտիկների միջոցով և ի վիճակի չէ նրանց հաշտեցնել… ինքնաշարժման ճանապարհով»: Շարժումըհասարակության մեջ, որը մենք ընկալում ենք իբրև զարգացում, պատրանք է. ամբողջ հարցն այն է, որ մեր գիտակցության մոդելները «կեղծ գիտակցության» ոգով կառուցող գաղափարախոսությունը մեզ ներկայացնում է հասարակությունը որպես «ամբողջական» «համակարգված» հակասություններից զուրկ մի բան, որն այդպիսին է միայն երևութապես: Դա դժվար է բացահայտել, քանի որ «կազմակերպված հասարակությունը» իր հայելային արտացոլումը ստանալով «իներտ մասսայի» մեջ, հակասությունները գիտակցության մակերեսից փոխադրում է այն ենթագիտակցական շերտերը, որտեղ, ըստ Ադորնոյի, այժմ բաբախում է գիտակցության համար կորուսյալ մարդկային կեցության իմաստը: «Կազմակերպված հասարակության» կուռքը իր «միջնորդավորության» հմուտ տեխնիկայով, որն ընդունակ է ամեն ինչ ներկայացնել որպես անմիջականություն, գերադասում է ապրել «դիցաբանական աստվածների նման` խժռելով սեփական զավակներին»: Բայց նա իր կարգ ու կանոնի, համաչափության ու հարաշարժության երևութականությամբ կլանում է իր իսկ ծնած ամեն մի բողոք` այն վերածելով գոյություն ունեցող ամեն ինչի հաստատման:

Ամեն ոք, ով քննադատության մեջ կառաջնորդվի «գործիքային ռացիոնալության» ոգով, կվերջացնի նրա «մարմնի» ջատագովությամբ, քանզի «ամեն մեկին» մեկընդմիշտ կապացուցվի, որ անհամար միջնորդավորումների, առաջին հերթին` տնտեսական շահերի միջոցով այսուհետ ամեն ինչ կմնա այնպես, ինչպես հնում… Ով ուզում է իր սեփական զգայարանների ապարատի օգնությամբ համոզվել, թե ինչ է հասարակությունը, կարող է երաժշտության օրինակով սովորել, թե ինչպես, – անհայտ է` ինչ միջնորդավորող մեխանիզմների օգնությամբ և հաճախ էլ առանց որևէ մեկի չար կամքի, – վատը հարթում է իր ճանապարհն այնտեղ, որտեղ նրան հակադրված է լավագույնի կոնկրետ գիտելիքը, և թե որքան անկարող է լավագույնի ընդհանրապես ամեն մի գիտակցում, և որքան անկարող է ընդհանրապես որևէ գիտակցություն, եթե նրան սատարում են միայն բանականության փաստարկները»:

Կարդալ նաև

Երաժշտություն Հանդիպումներ Պիեռ Բուլեզին (fragments pour un portrait) Արթուր Ավանեսով Բուլեզի մասին դժվար է գրել: Ինձ համար‚ դժվար է երիցս, քանի որ երեք անգամ առիթ եմ ունեցել աշխատելու նրա ղեկավարությամբ, ուստի նաև‚ երեք անգամ հոգուս խորքում հերքելու այն ամենը, ինչ սովորել էի նրա մասին դասախոսություններից ու գրքերից: Ընդ որում,… Երաժշտություն Ձեն բուդդիզմի փիլիսոփայությունը ժամանակակից երաժշտության մեջ Արթուր Ավանեսով Ձեն ասելիս հաճախ հասկանում ե փակ աչքերով մեդիտացիա, այնինչ ինձ համար ձենը կիրք է, թեպետ առանց տառապանքի: Կունսու Շիմ Մասն առաջին. Ձեն բուդդիզմը և Արևմուտքի երաժշտությունը Ձեն բուդդիզմի փիլիսոփայությունը հսկայական նշանակություն ունեցավ XX դարի… Երաժշտություն Նամակներ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ [Քրոջը]1 [Միլան, 26 հունվարի 1770թ.] Իսկապես, սրտանց ուրախ եմ, որ սահնակով ուղևորությանդ ժամանակ դու այդքան շատ ես զվարճացել, և ուզում եմ, որ զվարճանալու հազար հնարավորություն ունենաս, որպեսզի կարողանաս իրոք կյանքդ ուրախ անցկացնել:…