Ռուբիկոն

Թեոդոր Ադորնոյի նեգատիվ դիալեկտիկական և երաժշտության փիլիսոփայությունը

Հրապարակվել է
20 սեպտեմբերի 2021

Վերոնշյալ «հակահամակարգայնությունը» նրան հնարավորություն էր ընձեռում թեմաները ազատ մի «ձայնից» մյուսը տեղափոխելու: Եվ պատահական չէ, որ նրա շրջապատին մոտ կանգնած Թոմաս Մանը նրա մասին գրում է. «Այդ հրաշալի մարդն իր ողջ կյանքի ընթացքում հրաժարվում էր վերջնական ընտրություն կատարելուց փիլիսոփայի և երաժշտի մասնագիտությունների միջև: Նա չափազանց հստակ էր գիտակցում, որ միմյանցից այդքան տարբեր այդ երկու ասպարեզներում էլ ըստ էության հետապնդում է միևնույն նպատակը»:

Հիմնական հասկացությունը, որից ելնում էր Ադորնոն սոցիումի իր քննադատության մեջ, «կազմակերպված հասարակությունն» է: Պատմական զարգացման ընթացքում մարդկությունը հանգում է համակեցության այնպիսի ձևի, ինչպիսին «ժամանակակից արդյունաբերական հասարակության» կառուցվածքն է, որին Ադորնոն, ինչպես և Ֆրանկֆուրտյան դպրոցի մյուս սոցիոլոգները, վերագրում է թե՛ հետկապիտալիստական, թե՛ սոցիալիստական հասարակությունները: Հասարակության այդ տարատեսակը սոցիալական հարաբե- րությունների նեղ օգտապաշտական սկզբունքի վերափոխումն է համընդհանուրի: «Կազմակերպված հասարակությունը» մարդկանց ատոմականացնելով մեկուսացնում է` մարդկային հոգևոր խաթարված կապերի փոխարեն առաջադրելով օտարացում և իրայնացում:

ԱՄՆ-ում ապրելու տարիներին դիտարկելով ամերիկյան հասարակության գաղափարախոսական և մշակութային կյանքը, նա գալիս է այն հետևության, որ ամբողջատիրական պետության մեջ հասարակական զարգացման միտումները բերում են անձի ճգնաժամի, մարդու գիտակցության մանիպուլյացիայի: «Մենք, – գրում է Ադորնոն Հորկհայմերի և իր մասին` վերհիշելով «Լուսավորության դիալեկտիկան» գրելու շրջանը ԱՄՆ-ում, – անում էինք ըստ իս այն համոզիչ հետևությունը, որ օբյեկտիվ հաստատություններն ու զարգացման միտումները ժամանակակից հասարակության մեջ իշխանության այնպիսի ամբողջականություն են ձեռք բերել առանձին անձերի վրա, որ վերջիններս ակներևաբար ավելի ու ավելի շատ են դառնում իրենց միջոցով իրագործվող միտումների ֆունկցիոներներ»: «Կազմակերպված հասարակության» զարգացման հետ մեկտեղ, ինչը Օրտեգա-ի-Գասսետի խոսքերով նշանակում է «ուժը վերջին բանականություն դարձնելու… իսկ բռնությունը առաջին բանականություն հռչակելու փորձ», ի հայտ է գալիս մարդու փսիխիկ տեսակը, որի հիվանդության ախտորոշումը տրվել էր դեռ 19-րդ դարում Կիերկեգորի կողմից որպես ներքին աշխարհի բացակայություն. «Դժվար է համարձակվել հայացք նետել նրա վրա այն բանի հայտնաբերման ահից, որ նրա աչքերը ոչ թե իսկական են, այլ ապակյա, իսկ մազերի փոխարեն ճիլոպ է. կարճ ասած` որ նա ամբողջովին արհեստական է: Եթե պատահաբար հանդիպես այդպիսի հոգեկան հիվանդի, որի հիվանդությունը հենց հոգի չունենալն է, ապա նրան լսում ես սառը զարհուրանքով. չգիտես` արդյոք կարելի է հավատալ, որ նա, ում հետ խոսում ես մա՞րդ է, թե՞ պարզապես ձեռնափայտ… խելամիտ ու հայեցողաբար զրույցի բռնվել ձեռնափայտի հետ` իրոք որ կնշանակեր ընդունել, որ ինքդ էլ գրեթե խելագար ես»:

Էմիգրացիայից հետո Հորկհայմերի առաջին հրապարակումներից մեկում` «Հեղինակություն և ընտանիք»-ում, հայտնվում է այն թեզիսը, որ ամեն մի սոցիալական կառույցում, սկսած ընտանիքից և վերջացրած հասարակությամբ որպես ամբողջություն, դրա ամբողջականության պահպանման և ապահովման համար այդ հասարակության անդամների գիտակցության մեջ անհրաժեշտ է «հեղինակության հանդեպ հավատի» գերակայությունը. սակայն այդ պարագայում կատարվում է այն, որ ընտանիքի գլուխ կանգնած անձի, պետության և առաջնորդի հեղինակությունը, զրկվելով օբյեկտիվ հիմքից, վեր է ածվում «կեղծ գիտակցության» ինքնաբավ փսիխիկ երևույթի, ինչը որոշիչ է դառնում տվյալ դեպքում մարդու ոչ ինքնուրույն վարքի հարցում: Հորկհայմերի գաղափարը հետագայում օգտագործվեց Ադորնոյի կողմից «մասսայական հասարակության» մարդու հոգեբանական տեսակի հետ հասարակության  կառուցվածքի համապատասխանության առումով. հասարակությունն իր քանակական չափանիշներով ստեղծում է «միջակ մարդուն» ստանդարտ «շմարտությունների» իր համակարգով:

Երբ Ադորնոն 50-ական թվականներին ԱՄՆ-ում գլխավորում էր «Հավակնոտ անհատ» կոլեկտիվ աշխատանքը, որը Ֆյուրերի անհատի պաշտամունքի քննադատությունն էր պարունակում, «կեղծ գիտակցության» կրողի մարդկային այդ տիպարը հանդես եկավ որպես ավարտուն կոնֆորմիզմի, ինքնուրույնության կորուստի, մարդկային կեցության էութենական միջուկի բացակայության արտահայտություն: «Մասնավորիմեջ ընդհանուրը ներդաշնակորեն բովանդակելու գաղափարի սնանկացմանը» հանգեցնող օտարացումը հասարակության մեջ հաստատեց հակասություններ, որոնք եթե անգամ նախկինում հաղթահարելի էին, ապա այժմ ամրապնդվել էին հասարակական հարաբերությունների այնպիսի էական շերտում, որտեղ (բողոքելու հետ մեկտեղ) բացառվում էր նաև իրական վերափոխությունների հնարավորությունը: Իրական պատմական դասերի` «ամուր», «կոնստրուկտիվ» ֆաշիստական աշխարհըմբռնման վերապրումը հարուստ նյութ էր Ադորնոյի քննադատության համար. հասարակության ներկայիս վիճակը անլուծելի հակասությունների շրջան է: Բնորոշ են պատերազմի տարիներին գրված «Minima moralia»-ում նրա հետևյալ բառերը. «Չկա ելք այս խառնաշփոթից: Միակ բանը, որ մնում է, սեփական էկզիստենցիան չարաշահելուց հրաժարվելն է, իսկ մնացյալում անհատը պետք է այնպես համեստ, աննկատ ու անհավակնոտ պահի իրեն, ինչպես որ վաղուց ի վեր պահանջում է մեզնից ոչ թե դաստիարակվածությունը, այլ ամոթը այն բանի համար, որ ոմանք առհասարակ դեռ կարող են շունչ քաշել այս մղձա- վանջում»: «Կազմակերպված հասարակության» կառուցվածքը ի վիճակի է ամեն մի խռովություն շուռ տալ հենց իր` խռովարարի դեմ: Նրանում ստեղծված իրավիճակը Ադորնոն համարում է անսասան ու անհաղթահարելի: Համատարած օտարացումն ու կոնֆորմիզմը թափանցում է հասարակական կյանքի բոլոր ոլորտները, իսկ հակասությունները պահպանվում են և չեն լուծվում: Հորկհայմերի հետ համատեղ գրած «Լուսավորության դիալեկտիկայում» պատմական լինելության ձևավորման ընթացքը նա դիտում է որպես «լուսա- վորության ինքնակործանման» ձևերի հերթագայության պատմություն: Լուսավորությունը Ադորնոն հասկանում է ոչ թե ավանդական պատմափիլիսոփայական իմաստով, այլ իբրև հավատ բանականության նկատմամբ, որպես բուրժուական «ռացիոնալության» և տիրապետման խորհրդանիշ: Բնության ուժերին տիրապետելու պրոցեսում, ասում է փիլիսոփան, մարդը ռացիոնալությունը օգտագործում է որպես «գործիք», բայց ռացիոնալության սկզբունքների օգտագործման և մարդու` բնության նկատմամբ ունեցած տիրապետության ընդլայնման հետ մեկտեղ աճում է նաև մարդու իշխանությունը մարդու նկատմամբ, իսկ դա հանգեցնում է ազատության և «ինքնության» կորուստի: «Գործիքային բանականությունը» որպես մերկ տեխնիկական ընդունակություն զերծ է «ինքնագիտակցումից», «ինքնառեֆլեքսիայից»: «Գիտությունը, – գրում է նա, – իր մասին ոչ մի գիտակցություն չունի, այն միայն գործիք է: Քանզի գիտությունը տեխնիկական պրակտիկա է, նրա սեփական նպատակը հեռացված է ռեֆլեքսիայից»: Ողջ պատմությունը Ադորնոն դիտում է որպես բանականության ամեն բանի տիրելու և ենթարկեցնելու կործանարար կիրք: Եվ եթե զարգացման նախակապիտալիստական փուլում, որը նրա կողմից բնորոշվում է իբրև «դիցաբանական» ձև, «գործիքային բանականության» ուժերը դեռևս կապանքված էին, ապա բուրժուական հասարակության պատմությունը մարդու մեջ բնականի անընդհատ անկումն է, որն ենթարկել էր իրեն «լուսավորության» կործանարար ուժերի տիրապետությանը»: «Աշխարհը անցնում է լուսավորության, իսկ բնությունը` մերկ օբյեկտիվության: Լուսավորությունը իրերին վերաբերվում է այնպես, ինչպես բռնապետը մարդկանց»: Աշխարհն «ըմբռնելու» մարդու ձգտումը Ադորնոն հասկանում է Մ. Հայդեգերի և Կ. Յասպերսի «գոյության փիլիսոփայության» մեջ մշակված «օբյեկտների հաշվարկի» տեսության ոգով, որի հիմքում ընկած է կեցության անորոշության, «անհաշվարկելիության» վախը: Ժամանակակից «կազմակերպված հասարակության» մեջ գիտության և տեխնիկայի զարգացումը ոչ միայն բարիք, այլև չարիք, տառապանք ու հիասթափություն է բերում մարդկանց: Ճշգրիտ հաշվառման և հաշվարկման վրա հիմնված «ռացիոնալությունը իր քանակական չափարկումներով երբեք չի կարող արտահայտել այն, ինչ մնալով անհաշվարկելի` հանդիսանում է մարդկային էության` որակական ոգեղենության ճշմարտությունը»:

Կարդալ նաև

Երաժշտություն Հանդիպումներ Պիեռ Բուլեզին (fragments pour un portrait) Արթուր Ավանեսով Բուլեզի մասին դժվար է գրել: Ինձ համար‚ դժվար է երիցս, քանի որ երեք անգամ առիթ եմ ունեցել աշխատելու նրա ղեկավարությամբ, ուստի նաև‚ երեք անգամ հոգուս խորքում հերքելու այն ամենը, ինչ սովորել էի նրա մասին դասախոսություններից ու գրքերից: Ընդ որում,… Երաժշտություն Ձեն բուդդիզմի փիլիսոփայությունը ժամանակակից երաժշտության մեջ Արթուր Ավանեսով Ձեն ասելիս հաճախ հասկանում ե փակ աչքերով մեդիտացիա, այնինչ ինձ համար ձենը կիրք է, թեպետ առանց տառապանքի: Կունսու Շիմ Մասն առաջին. Ձեն բուդդիզմը և Արևմուտքի երաժշտությունը Ձեն բուդդիզմի փիլիսոփայությունը հսկայական նշանակություն ունեցավ XX դարի… Երաժշտություն Նամակներ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ [Քրոջը]1 [Միլան, 26 հունվարի 1770թ.] Իսկապես, սրտանց ուրախ եմ, որ սահնակով ուղևորությանդ ժամանակ դու այդքան շատ ես զվարճացել, և ուզում եմ, որ զվարճանալու հազար հնարավորություն ունենաս, որպեսզի կարողանաս իրոք կյանքդ ուրախ անցկացնել:…