Ռուբիկոն

Երեք արքայությունները Աշխարհի ֆիզիոգնոմիկ (դիմագիտական) պատկերի փորձ

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Ռուդոլֆ Կասսներ

Նախևառաջ պետք է ֆիքսել, որ ֆիզիոգնոմիկան (դիմագիտությունը) մեր ըմբռնմամբ գիտություն չէ և այդպիսին չի էլ կարող լինել կամ չպետք է լինի: Բացատրել ցանկացող յուրաքանչյուր գիտություն գործում է հասկացություններով: Ֆիզիոգնոմիկան (դիմագիտությունը) ոչ թե բացատրում է, այլ` մեկնում: Ճշտի և սխալի փոխարեն այն ներմուծում է խորն ու տափակը, իսկ հասկացությունների փոխարեն` պատկերը:

Եվ որքան ավելի խորն է ֆիզիոգնոմիկան մխրճվում, այնքան ավելի է այն պատկեր, կերպար տեսնում: Դա է պատճառը, որ դիմագետին որպես այդպիսինի ոչինչ այդքան դժվար չի տրվում, որքան վճիռը կամ ընտրությունը: Ոչ այն բանի համար, թե նա Համլետն է, Համլետ առանց մոտիվի, այլ որովհետև բոլոր իրադրություններում և շերտավորումներում նա կերպար է տեսնում, այնպես որ, երբևէ վճիռ կայացնելիս իր այդ մեծ վճռին ևս կարող է լոկ հանգել տեսիլքի, նախագծի միջոցով, իբրև կառուցող:

Ոչ մի ոգեժեստ այդքան օտար չի դիմագետին, որքան սկեպտիկինը, ինչ տեսակի ու ծագումի էլ լինի: Սկեպտիկին մեր դարն ավելի քիչ է պատկանում, քան հավատացյալին: Եվ եթե մենք ինչ-որ տեղ պետք է հատկացնենք դիմագետին, ապա նրան պետք է փնտրել սկեպտիկից դեպի հավատացյալը տանող ճամփին. նա ողջ կերպավորված աշխարհի միստիկն է:

Սկեպտիկի համար երևակայությունը ցրում (Zerstreuung) է, դիմագետի համար` հավաքագրում (Sammlung): Դրա համար էլ նա մեկնում է (deutet) խորքում: Մեկնությունն ու խորությունը փոխհարաբերվում են ինչպես սուբյեկտն ու օբյեկտը: Խորությունը մեկնողի և մեկնելիի մի չափումն է: Հույներին, նույնիսկ ողջ անտիկ աշխարհին պակասում է, եթե ոչ խորությունն ինքնին, ապա թերևս խորության կատեգորիան: Պլատոնն էլ չգիտի այն, չնայած պլատոնյան Սոկրատը երևի թե առաջին հույնն էր, որ համապատասխանում է խորը, խորացող և խորքում փնտրող մարդու մեր պատկերացմանը այն բանով, որ նա ներքին աշխարհը առաջինը հակադրեց արտաքինին` այդպիսով պոկելով մարդուն մյութոսից (միֆից): Սոկրատը, ինչպես որ նա Ֆեդրոսին է ասում, հրեշներին ու քիմեռներին փնտրում է այլևս ոչ թե առակներում, այլ հենց իր ներսում: Դրանով արտահայտվում ու ֆիքսվում է խորության տենչը: Եվ դրանով էլ մարդը դադարում է լինել այն, ինչ մինչ այժմ էր` իրերի չափը: Քանզի մեկնողի իմաստով խորը չլինելու պատճառով հույն մարդը կարող էր լինել հենց այդ չափը: Այլ կերպ ասած, ողջ անտիկ աշխարհը ենթակա է վեհության կատեգորիային: Վեհությունը պարտավորություն էր, փառքը` պարտականություն: Եվ միայն խորը մարդն է կարող անփառունակությունը գերադասել փառքից: Սուրբ Ավգուստինուսի պաթոսը անտիկ աշխարհի անցման փուլում մեզ ներկայանում է «վեհության» և «խորության» միջև առկա պայքարով, ինչը թերևս ամփոփված է երևում եկեղեցու հոր զորեղ անձնավորության և ոչ թե նրա երկերի ոճում: Այդտեղից էլ նրա «Խոստովանության» կուրացուցիչը, նույնիսկ կեղծավորը, եթե ինձ ճիշտ հասկանան. միաժամանակ խորքայինը նշանակալին ու պերճախոսը, թերևս նաև չափազանց տափակը:

Ուրիշ առիթով մենք արդեն փորձել ենք մարդկային պատմությունը, ավելի ճիշտ` մարդկային ձևերի պատմությունը ներկայացնել որպես ուղի կամ զարգացում` տարածական աշխարհից ժամանակային աշխարհ տանող, ընդ որում այստեղ մենք ուզում ենք ավելացնել նաև, որ այդ ուղին տարածվում է ոչ միայն մարդու ողջ պատմության վրա, այլև իրար հաջորդող դարաշրջաններում միշտ նորից կրկնվում է: Տարածության աշխարհից ժամանակային աշխարհ տանող այդպիսի ուղի է այսպիսով ոչ միայն հունական ողբերգությունից դեպի Սոկրատը գնացող, այլև միջնադարի արիստոտելյան տրամաբանությունից Դեկարտի կամ Պասկալի տրամաբանությանը տանող ուղին: Չի անցնում արդյո՞ք առանձին մարդը ևս իր պատանեկության տարածական աշխարհից ծերության ժամանակային աշխարհին: Մենք ասել ենք նաև, որ տարածական աշխարհի փոխարեն կարող ենք դնել մոգությունը, ժամանակային աշխարհի փոխարեն` ազատությունը: Ուղին, այսպիսով, մոգությունից գնում է դեպի ազատություն: Բայց պատմությունը մենք բնավ չենք ըմբռնում որպես վերելքային առաջընթաց ազատագրման իմաստով կամ ազատությամբ, որպես ցանկալի արտաքին նպատակ, ավելի շուտ մոգությունն ու ազատությունը նախ իրարով են իրենց խորագույն իմաստը ստանում, փոխկապակցված են ինչպես շղթայի սկիզբն ու վերջը, և երկուսն էլ ասես ռիթմիկ իրողության, յուրաքանչյուր կերպավորման նախատարրերն են կազմում: Միայն տարածական աշխարհում, այսինքն` ստեղծագործական ճարտարապետության դարաշրջաններում է մարդը մնում իրերի չափը: Խորության տենչող մարդը մտնում է ժամանակային աշխարհ: Չափազանց կարևոր է մարդու խորության առջև, որպես այդպիսինի, չտրվել ոչ մի դեկլամացիայի (ճարտասանության), քանզի խորը մարդը հաճախ դրսևորվում է նաև որպես թախծող, հարևանցի, ինքն իր հետ վիճող, իրենից միշտ նորից խուսափող, ինքն իրեն խաբող, ոչ միշտ ձուլածո, որպես դերասան, որպես ներկայացումից վնասված մեկը: Մյուսը` տարածության մարդը, իրերի այդ չափը, ընդհակառակը, ավելի քիչ է վտանգվում հայելիով կամ բեմով, քան տրամաբանությամբ ու բառով, ինքնին խոսքով: Վատագույն դեպքում նա սոփեստ է: Ստելիս նա խաբում է ուրիշներին: Ժամանակային մարդը դավանանքների մարդն է և տվյալ դեպքում խաբում է ինքն իրեն: Վեհությունն այսպես է հարաբերվում խորությանը…

Գրքերում գրված է, և ոչ առանց պաթոսի կրկնվում է, որ Շեքսպիրն ավելի խորն է հունական ողբերգությունից: Դա անկասկած ճիշտ է, սակայն այդ պնդման պաթոսից մենք պետք է պաշտպանվենք և դրա համար էլ ասում ենք, որ հունական ողբերգության խորությունն ընկած է ոչ թե իրենում, բնավորություններում, այլ մյութոսում կամ ավելի շուտ` մյութոսն է խորությունը: Հունական հերոսը`Էդիպը և այլն, ներհյուսված է մյութոսին: Մենք պետք է պարադոքսալ արտահայտվենք` ասելով, որ խորությունն այստեղ դեռ վեհության մեջ է: Այդ իսկ պատճառով էլ հունական հերոսը ամենանշանակալից կերպով արքա է, երկրի մեծն է, քանզի թագավորությունը «Էդիպում», ավելի քան «Լիր արքայում» մյութոս է, մոգություն, կապ աստվածայինի հետ: Մեծ մարդը արքա էր: Այսինքն` դեռ չկար փոքրը, որ մեծ է կամ մեծը, որ փոքր է: Մյութոսը որպես այդպիսին բացառում է պարադոքսը, իսկ մյութոսի խորությունը միշտ ընկած է կեցության և ոչ թե փնտրումի մեջ:

Դրա հետ, դիցաբանական մոգական այդ կեցության հետ, մեկ այլ բան է կապված, այն, որ հունական ողբերգությունը դեռ կարող է իրեն թույլ տալ սոսկ ողբերգություն և ուրիշ ոչինչ, այսինքն` աշխարհի պատկերի մի կամ մյուս կողմը լինել, ինչպես Շեքսպիրի մոտ: Այսինքն` քանի դեռ մարդը խրված է մյութոսում կամ իր խորությունն ունի դրանում, կարող է միակողմանի լինել, դուրս ցցվել, արքա լինել, իր թագավորությունը իր մարդկանցից վեր դասել, ինչպես իր ցեղն է դրանից վեր դասում, կամ ինչպես իր տեսակը, կամ տեսակի ու դասի առաքինությունն է ոմն մեկից և նրա առաքինությունից վեր դնում: Դիմագիտորեն տեսնել նշանակում է այդ ամենը միասին տեսնել` ֆալլոսական ու մոգական կամ տարածության մարդուն, ցեղ և լեգիտիմություն, բնական տեսակ ու բանաստեղծական տեսակ:

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Մաքս Պիկարդ . Լռության աշխարհը (հատվածներ գրքից) Մաքս Պիկարդ Ներածություն Լռությունը սոսկ այն չէ, որ մարդը դադարում է խոսել: Լռությունն ավելին է, քան լոկ հրաժարում բառից, այն ավելին է, քան սոսկ վիճակ, որի մեջ մարդը կարող է տեղափոխվել, եթե դա իրեն հարմար է: Այնտեղ, որտեղ բառն ընդհատվում է, սկսվում է… Փիլիսոփայություն Պասկալ Մաքս Պիկարդ Մաքս Պիկարդը (Max Picard) XX դարի ամենազարմանալի ու գաղտնի մտածողներից մեկն է: Այսօր գրեթե մոռացության տրված նրա գրական ժառանգությունը Կենտրոնական Եվրոպայի ոգեղենության ամենանրբագույն գոյացություններից է: Ծնվել է 1888-ին Շոփֆհայմում (Բադեն), ապրել… Փիլիսոփայություն Մտքեր Պասկալ 1 Սաղմոսներ էր երգում արար աշխարհ: Ո՞վ է վկայություն տալիս Մուհամմեդի մասին. հենց ինքը: Հիսուս Քրիստոսն ուզում է, որ իր վկայությունը ոչինչ չնշանակի: Վկայությունների արժանիքն այն է, որ դրանք լինեն միշտ և ամենուր, իսկ նա` այս խեղճը, մենակ է: 10 Կարգ:…