Ռուբիկոն

Մաքս Պիկարդ . Լռության աշխարհը (հատվածներ գրքից)

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Մաքս Պիկարդ

Ներածություն

Լռությունը սոսկ այն չէ, որ մարդը դադարում է խոսել: Լռությունն ավելին է, քան լոկ հրաժարում բառից, այն ավելին է, քան սոսկ վիճակ, որի մեջ մարդը կարող է տեղափոխվել, եթե դա իրեն հարմար է: Այնտեղ, որտեղ բառն ընդհատվում է, սկսվում է լռությունը: Բայց այն սկսվում է ոչ այն պատճառով, որ բառն ընդհատվում է: Սա հասկանալի կդառնա հետագայում: Լռությունն ինքնին ֆենոմեն է:

Հետևաբար այն չի նույնանում բառի վերացման հետ, այն ռեդուցված չէ. մեկ ամբողջ է, մի բան, որ գոյություն ունի ինքն իր միջոցով, այն սերող է, ինչպես բառը, և ձևավորում է մարդուն, ինչպես բառը, միայն թե ոչ նույն չափով: Լռությունը պատկանում է մարդու հիմնակառուցվածքին:

Այս գրքի շնորհիվ ընթերցողը, սակայն, չի հանգի «լռության աշխարհայեցողության» և ոչ էլ բառին պակաս ուշադրություն դարձնելու: Մարդը մարդ է առաջին հերթին բառի շնորհիվ և ոչ լռության: Բառը գերակայություն (Suprematie) ունի լռության նկատմամբ:

Սակայն բառը տկարանում է, եթե կորցնում է լռության հետ իր կապը: Ահա ինչու լռության աշխարհը, որն այսօր քողարկված է, դարձյալ հասկանալի կդառնա ոչ թե հանուն լռության, այլ բառի:

Գուցե զարմանալի է, որ բառով կարելի է ինչ-որ բան ասել լռության մասին: Բայց դա զարմանալի է միայն, եթե լռությունն ըմբռնված է որպես գոյություն չունեցող մի բան, որպես ոչինչ: Մինչդեռ լռությունը գոյություն ունեցող բան է, իսկ բառ կարող է ասվել ցանկացած իրականության մասին:

Բառը և լռությունը պատկանում են միմյանց. բառը գիտի լռության մասին, ինչպես լռությունը` բառի: 

Լռության ասպեկտը

1

Լռությունը նեգատիվ ինչ-որ բան չէ, դա չխոսելը չէ, դա պոզիտիվ բան է, այն լրիվ ինքնին աշխարհ է: Լռությունը մեծություն ունի պարզապես այն բանի շնորհիվ, որ առկա է, այն կա և դրա շնորհիվ է մեծ, իր մեծությունը իր զուտ գոյության մեջ է:

Չկա լռության սկիզբ, ինչպես և չկա վերջ, այն կարծես ծագում է ժամանակներից, երբ ամեն բան դեռ խաղաղ կեցություն էր, այն նման է չարարված, մշտնջենական կեցության: Եթե լռությունը կա, ապա այնպես, ինչպես եթե երբեք ուրիշ ոչ մի բան տրված չէ, այլ միայն դա:

Այնտեղ, ուր լռություն է, մարդը հայվում է լռության կողմից. այն հայում է մարդուն ավելի, քան մարդը լռությանը: Նա չի քննում լռությունը, բայց լռությունը քննում է նրան:

Մենք չենք կարող պատկերացնել աշխարհ, որում չկա բառ, բայց կարող ենք պատկերացնել աշխարհ, որում կա միայն լռություն:

Լռությունն ամեն ինչ ունի իր մեջ, այն ոչինչի չի սպասում, այն առկա է միշտ ամբողջապես և միշտ լցնում է ողջ տարածությունը, որում հայտնվում է:

Այն չի զարգանում, այն չի աճում ժամանակի մեջ, բայց ժամանակը աճում է լռության մեջ: Ժամանակն ասես սուզվում է լռության մեջ, բացվում է նրանում, լռությունը նման է հատակի, որտեղ լիանում է ժամանակը:

Լռությունը տեսանելի չէ, և այդուհանդերձ այն հստակորեն առկա է, ձգվում է դեպի բոլոր հեռուները և, չնայած դրան, մոտ է, այնքան մոտ, որ մենք չենք զգում այն, ինչպես սեփական մարմինը: Մենք կարող ենք չբռնել այն, սակայն զգում ենք անմիջականորեն, ինչպես նյութ, ինչպես հյուսվածք: Այն չի սահմանվում բառով և այդուհանդերձ որոշակի է ու անփոխարինելի:

Ոչ մի այլ ֆենոմենի դեպքում հեռուն և մոտը, անցյալը և արդիականությունը, համապարփակը և առանձինը այնքան միասնական չեն միմյանց հետ, որքան լռության դեպքում:

2

Լռությունն այսօր միակ ֆենոմենն է, որ «անօգուտ» է: Այն չի սազում այսօրվա օգուտի աշխարհին, դա ոչ այլ ինչ է, քան առկայություն, այն կարծես չունի որևէ ուրիշ նպատակ, մենք չենք կարող շահագործել այն:

Բոլոր մյուս մեծ ֆենոմենները բռնազավթված են օգուտի աշխարհի կողմից: Անգամ երկնքի և երկրի միջև եղած տարածությունը ասես միայն հանքահոր է, որ ծառայում է օդանավերի թռիչքին: Ջուրը և կրակը, տարրերը ներգրավված են օգուտի աշխարհի մեջ, դրանք նկատվում են սոսկ այնքանով, որքանով այդ օգուտի աշխարհի մասերն են, ինքնին դրանք չունեն գոյություն:

Մինչդեռ լռությունը դուրս է օգուտի աշխարհից, նրանով ոչինչ հնարավոր չէ սկսել, լռությունից, բառիս բուն իմաստով, ոչինչ դուրս չի գալիս, այն «ոչ պրոդուկտիվ» է, ըստ այդմ էլ` ոչ նշանակալի:

Եվ այնուամենայնիվ լռությունից ավելի օգնող ու բուժիչ բան է դուրս գալիս, քան այն ամենից, ինչն օգտակար է: Լռությունը` այդ աննպատակ բանը, կանգնում է անչափ նպատակայինի կողքին, այն հանկարծ հայտնվում է դրա կողքին, սարսափեցնում է իր աննպատակայնությամբ, խախտում է անչափ նպատակայինի ընթացքը: Այն ուժգնացնում է իրերի մեջ եղած անշոշափելին, մեղմում է վնասը, որ դրանց է պատճառում շահագործումը, կրկին ամբողջացնում դրանք` մանրացնող օգուտի աշխարհից դրանք վերադարձնելով ամբողջական գոյության աշխարհ: Այն ինչ-որ բան է տալիս իրերին սրբազան անօգտակարությունից, քանզի ինքը լռությունը սրբազան անօգտակարություն է:

Լռության նախաֆենոմենը

Լռությունը նախաֆենոմեն է, դա նշանակում է, որ վերջինս նախնական տրվածություն է, որը ոչնչի չի վերհանգեցվում: Այն ոչնչով փոխարինելի չէ, ոչնչի հետ չի կարող փոխանակվել, նրա ետևում չկա ոչինչ, ինչին հնարավոր լիներ հարաբերել այն, բացի հենց Արարչից:

Լռությունը կա ի սկզբանե և ինքնաբերաբար, ինչպես մյուս նախաֆենոմենները, ինչպես սերը, ինչպես հավատարմությունը, ինչպես մահը, ինչպես ինքը կյանքը: Այն եղել է նախքան այդ բոլորը և նրանց բոլորի մեջ է: Սակայն լռությունը նախաֆենոմենների մեջ առաջին ծնունդն է: Նա պարուրում է մյուս բոլոր նախաֆենոմենները` սերը, հավատարմությունը, մահը: Նրանց մեջ ավելի շատ լռություն կա, քան արտահայտություն. սիրո, հավատարմության և մահվան մեջ լռությունը դառնում է ավելի տեսանելի, քան հենց սերը, հավատարմությունը և մահը: Մարդու մեջ ավելի շատ լռություն կա, քան նա կարող է ծախսել կյանքում: Դա խորհրդավոր է դարձնում մարդու յուրաքանչյուր դրսևորումը: Լռությունը մարդու մեջ դուրս է անցնում նրա կյանքի սահմաններից: Այս լռության մեջ է մարդը կապված անցյալի և ապագայի սերունդներին:

Նախաֆենոմենի առջև մենք դարձյալ հայտնվում ենք սկզբում, մենք լքում ենք «սոսկ ածանցյալ ֆենոմենները» (Գյոթե), որոնց հետ ապրում ենք. դա նման է մահվան, մենք մնացել ենք միայնակ, նոր սկզբին դեմ հանդիման, սկիզբ, որը չենք ճանաչում, ահա ինչու վախենում ենք: «Նախաֆենոմենների առջև մենք զգում ենք մի տեսակ երկյուղ, ընդհուպ մինչև սարսափ» (Գյոթե): Լռության մեջ մարդը դարձյալ կանգնում է նախնականի առջև, ամեն բան կարող է սկսվել սկզբից, ամեն բան կարող է ստեղծվել նորից: Լռության շնորհիվ յուրաքանչյուր ակնթարթ մարդը կարող է լինել նախնականի հետ: Լռության հետ կապված` մարդը մասնակից է ոչ միայն լռության նախնականին, այլ ամեն նախնականին: Լռությունը նախաֆենոմեն է, որը միշտ պատրաստ է մարդու համար: Ոչ մի այլ նախաֆենոմեն ամեն ակնթարթ այդքան ներկա չէ, որքան լռությունը:

Սեռականությունը մյուս նախաֆենոմենն է, որ ցանկացած ժամանակ մարդու տրամադրության տակ է: Քանի որ լռության նախաֆենոմենն այսօր ոչնչացված է, մարդը չափից շատ է կառչում սեռականության նախաֆենոմենից և չի նկատում, որ սեռականությունը կորցնում է ամեն չափ, այն կեղծ է դառնում, եթե դրված չէ մյուս նախաֆենոմենների շարքում և բերված չէ կարգի:

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Երեք արքայությունները Աշխարհի ֆիզիոգնոմիկ (դիմագիտական) պատկերի փորձ Ռուդոլֆ Կասսներ Նախևառաջ պետք է ֆիքսել, որ ֆիզիոգնոմիկան (դիմագիտությունը) մեր ըմբռնմամբ գիտություն չէ և այդպիսին չի էլ կարող լինել կամ չպետք է լինի: Բացատրել ցանկացող յուրաքանչյուր գիտություն գործում է հասկացություններով: Ֆիզիոգնոմիկան (դիմագիտությունը) ոչ… Փիլիսոփայություն Պասկալ Մաքս Պիկարդ Մաքս Պիկարդը (Max Picard) XX դարի ամենազարմանալի ու գաղտնի մտածողներից մեկն է: Այսօր գրեթե մոռացության տրված նրա գրական ժառանգությունը Կենտրոնական Եվրոպայի ոգեղենության ամենանրբագույն գոյացություններից է: Ծնվել է 1888-ին Շոփֆհայմում (Բադեն), ապրել… Փիլիսոփայություն Մտքեր Պասկալ 1 Սաղմոսներ էր երգում արար աշխարհ: Ո՞վ է վկայություն տալիս Մուհամմեդի մասին. հենց ինքը: Հիսուս Քրիստոսն ուզում է, որ իր վկայությունը ոչինչ չնշանակի: Վկայությունների արժանիքն այն է, որ դրանք լինեն միշտ և ամենուր, իսկ նա` այս խեղճը, մենակ է: 10 Կարգ:…