Մաքս Պիկարդ . Լռության աշխարհը (հատվածներ գրքից)
Սոսկ լեզվի ասպեկտի վերաբերյալ. բառը, որ դուրս է ցատկում լռությունից, առկա է միանգամից, գոյանալը և առկա լինելը մեկ միասնություն են: Սոսկ լեզվի ասպեկտից արդեն երևում է. լեզուն չի կայացել, այն ստեղծվել է մեկ ակտով, միանգամից, այն դանդաղորեն ձեռք բերված չէ մարդու կողմից, այլ տրված է նրան պատրաստի:
Ինչպես կույրի դեպքում, որին հանկարծ տեսողություն է տրվում, իր մթության բոլոր պատկերները ներծծված են թվում մեկ պատկերի մեջ, որն այժմ նրա առջև է, այնպես էլ բառի պարագայում, որ մարդը բերում է լռությունից, նախքան բառը գենետիկական եղած ամեն ինչ անհետացած է:
Կարծիք կա, թե լեզուն զարգացել է կենդանիների ձայներից: Սակայն ճիչը կենդանու դեպքում ոչ թե ակտ է, որի միջոցով, ինչպես մարդու բառի դեպքում, ինչ-որ նոր բան է գոյանում: Ճիչն ի սկզբանե պատկանում է կենդանուն, ինչպես նրա մարմինը, ինչպես նրա շարժումը: Կենդանին ամբողջությամբ ճիչ է, նա ճեղքվում է այդ ճիչի միջոցով, ճիչը բարձրաձայն ճեղքվածքն է կենդանու միջով: Վագրի դեպքում ճիչի է նման մաշկից ելնող բծավոր մորթին: Կենդանու դեպքում տեսքը, գործողությունը և ճիչը մեկ միասնություն են, կենդանու մոտ ամեն բան պատրաստ է, դա ներպարփակված է նրա էության մեջ և չի կարող նրանից վեր բարձրանալ բառի միջոցով: Շատ հաճախ թվում է, թե կենդանին իրեն պատռելով փնտրում է բառը և, չգտնելով, շարունակում է պատռել իրեն:
Պատմում են, թե կարդինալ Պոլինյակը ասել է օրանգուտանին. «Խոսի՛ր, և ես կօրհնեմ քեզ»: Կարդինալի այս խոսքը ցույց է տալիս մարդուն կենդանու ոչ թե մոտ, այլ նրանից հեռու լինելը:
«Լեզուն անվերջության ամենանուրբ գծաբաժանն է, քաոսի ազոտական թթուն… համր կենդանու համար աշխարհը մի տպավորություն է» (Ժան Պոլ): Մարդը լեզու ունի ոչ միայն իր, այլև կենդանիների համար, մարդը պահպանում է կենդանիներին նաև լեզվի մեջ:
3
Ասվեց նաև, որ մարդը ընդօրինակել է բնության և կենդանիների հնչյունները, և այդպես գոյացել է լեզուն: Սակայն բնության ձայները մեկնելիս մարդն արդեն ունի լեզու:
Մարդկային լեզվի հնչյունները գալիս են ոչ թե բնության և կենդանիների հնչյուններից, այլ վերջիններս ձգտում են մոտենալ մարդուն: Ստորին արարածները ձգտում են դեպի բարձրը, դեպի մարդը: Թռչունը երգում է ոչ թե այն պատճառով, որ չգիտի խոսել, երգը պատկանում է նրան սկզբնապես, սակայն նա երգում է մարդու բառի շուրջ (umsingt):
Առուն. արդյո՞ք նրա մեջ, նրա կարկաչյունի համաչափության մեջ չկա մարդկային բառի մոտակայքում գտնվելու երկար սպասում: Ի վերջո առուն սփոփում է իրեն իր կարկաչի միջոցով, որ պետք է միայնակ մնա, առանց բառի:
Ամպրոպի որոտ. բնության բոլոր ձայները կարծես փշրվում են, քանի որ ոչ մի բառի միանալ չեն կարողանում: Լռություն ապրոպից հետո. մի ակնթարթ թվում է, թե լռությունից բառ կգոյանա, սակայն թռչունը հանկարծ լռության միջով հղում է իր երգը և միանգամից լսվում է մի «ախ»` մարդկային բառ, որ ազատվում է թռչնի երգի միջոցով:
Բառը և լույսը
Այնտեղ, ուր ասվում է բառը, լուսավոր է դառնում:
Բառի առկայությամբ է լուսավոր դառնում: Դեռ նախքան բառի հասկացվելն է լուսավոր դառնում, արձակվում է աղոտ լույս, ինչ-որ բան է բարձրանում, լույսի շող է թափանցում: Ասվել է, որ միտքը առաջ է ընկնում բառից, սակայն միտքը չէ, որ առաջ է ընկնում, դա լույսն է, որ նախորդում է բառին:
Բառը ասվում է իր սեփական լույսի մեջ, որում սպասվում է: Մարդը խոսում է լույսի մեջ: «Loquere ut te videam», խոսի՛ր, որ տեսնեմ քեզ: Խոսի՛ր, որ բառի միջոցով լույսի մեջ մտնես, և ես տեսնեմ քեզ:
Բառի լույսը մատնանշում է իմացություն նախքան բառը և իմացություն բառից հետո: Մեջտեղում մարդը ճանաչում է, նա ներկա է դառնում շնորհիվ ճանաչողության: Բառի մեջ եղած լույսը թույլ չի տալիս օգտագործել իրեն, այն վեր է հանում բառը սոսկ նպատակայինից: Բառը մնում է լույսի մեջ և շարժվում է միայն լույսի հետ, այն դինամիկ չէ, այն միայն լուսարձակում է:
2
Առանց բառի կլիներ միայն խավարին հակադրված լուսավորություն: Բառի շնորհիվ լուսավորությունը դառնում է լույս: Նախ բառը լույսի է վերածում արտաքին լուսավորությունը: Այն դառնում է մարդու օրը նախ բառի լույսի շնորհիվ: Կենդանու համար օրը սոսկ լուսավոր է, մարդու համար այն լույս է: Լույսը, իհարկե, հակադրված է խավարին, սակայն այն չի ապրում այդ հակադրությունից դուրս: Լույսը լույս է այնպես, ասես չկա ոչ մի խավար: Խավարն առկա է նաև բառի մեջ, լույսը բառի մեջ փոխարինում է ամեն խավարի, ոչ մի տեղ խավարը չի կարող այնքան մոտ լինել լույսին, որքան բառի մեջ:
Բառի մեջ խավարը մի խավար է, որն ուզում է իրեն հանել լույսի: Առանց բառի խավարը կլիներ ինքն իրեն տրամադրված և ամեն ինչ իրեն տրամադրած: Լռությունը պատկանում է բառին, ահա ինչու այն հակադրված չէ լույսին, այն խավար չէ: Լռությունը ցրված լույս է, որ սպասում է լույսի մեջ բառի հավաքվելուն:
Տխուր բառը պակաս լույս չէ, այն խավար լույս է, մխիթարող նրանով, որ խավարն էլ կարող է լուսավորվել լույսից:
Ստի մեջ լույսը վառվում է ինքն իր մեջ, այն վառում է տարածությունը, որում գտնվում է, ոչնչացնում այդ տարածությունը:
Մարդը բառի շնորհիվ ծննդյան և մահվան խավարի մեջտեղում կանգնած է լուսավոր: Բառի լուսեղե- նությունը ետ է հասնում ծննդյան խավարին և ետ է մղում այդ խավարը դեպի անցյալ, իսկ մահվան խավարը` ավելի շուտ դեպի ապագա: Բառի լույսի շնորհիվ ծնունդը և մահը մղվում են դուրս, դեպի մարդու եզրագիծը: Ծնունդը և մահը սև եզրագիծ են բառի լույսի շուրջ: Կենդանու դեպքում, որը չունի բառի լույսը, ծնունդն ու մահը ավելի մոտ են միմյանց:
3
Լույսը Ռեմբրանդտի դեպքում գալիս է ոչ թե առարկայից, այլ լույս է բերում առարկային, դա լույս է, որից գոյանում է առարկան: Ռեմբրանդտյան լույսը ինքը գալիս է լույսից, դա լույս է, որ ինքն է իրեն ծնում: Ռեմբրանդտի «Հարության» մեջ բառին նախորդող լույսը և ինքը բառի լույսը երկուսն էլ մեկ են: Բառը ներծծել է լույսը: Մի հրեշտակ է կանգնած դրա մեջ, նա սոսկ ավելի խիտ լույս է: Լույսը, հրեշտակը և բառը մեկ են: Այստեղ կարելի է տեսնել և ասել անպատկերացնելին. ամեն բան սոսկ լույս է:
Դա այն լույսն է, որում Աստված վճռեց հօգուտ մարդու, այստեղ նկարված է լույսը, որն Աստված ստեղծեց մարդու համար, որպեսզի անկումից հետո նա գտնի այն իր մեջ: Հերկուլես Սեգերսի դեպքում իրերն ասես հրաժարվում են բառից լույս վերցնել:
Դրանք կանգնած են պաշտպանված, ամուր, սակայն գուցե լույսը հեռացված է նրանցից: Դրանք տրտմության աղոտ լույսի մեջ են և տրտմության քողի տակ էլ մարդը համերաշխեցնում է դրանք: Հին Կտակարանում բառն ի լույս է հանվում, նրա մեջ դեռ կա առաջին խավարը, նա լռում է լույսի տակ: Լռությունը նրանից է, որ բառը դեռևս լիովին ուղղված է ինքն իրեն, ներառում է իրեն և կուրացած է սեփական լույսից: Նոր Կտակարանում բառերը դուրս են ընկնում լույսից, աստիճանաբար, անգամ եթե չեն ասվում, բառերն ասես լույսի շաղ լինեն: