Ռուբիկոն

Մաքս Պիկարդ . Լռության աշխարհը (հատվածներ գրքից)

Հրապարակվել է
21 սեպտեմբերի 2021

Այսօր բառը ընդհանուր առմամբ չունի լույս, այն լուսավորվում այլ բառով, որը վերստին լուսավորվում է ուրիշով, – բառն ունի միայն անուղղակի լույս:

4

Հեգելը լույսը կոչում է «բնության սուբյեկտ, դա նշանակում է ինքն իր մոտ եկող, իր արգասիքի (արեգակ) միջոցով ինքն իր հետ շաղկապվող, ինքն իր լիության մեջ տիրող և ըմբռնող բնություն»: Սակայն բառն առաջին հերթին ընդհանրապես արտաքին լուսավորությունը վերածում է լույսի, բառը մարդու ներքին լույսը տեղափոխում է դուրս, արտաքին տարածություն: Պասկալը վախենում էր արտաքին տարածության անվերջությունից: Նա վախենում էր իրավացիորեն: Արտաքին անվերջությունը հեռացված է ներքին տարածությունից, լույսից, բառից: Արտաքին տարածությունն անվերջ է նախ այն բանի շնորհիվ, որ նրանում չկա բառ. այն սպառնում է կուլ տալ լույսի տարածությունը` բառը:

Այնտեղ, ուր բառի ներքին լույսն է, մարդն իր տարերքի մեջ է, բայց լուսավորությունը արտաքին տարածության մեջ ձգտում է դեպի բառի բերած ներքին լույսը, տարածությունը նաև ցանկանում է թափանցիկ դառնալ:

Լուսավորությունը տարածության մեջ և լույսը բառի մեջ ձգտում են միմյանց: Մարդը բարձրանում է իր սեփական լույսի մեջ, նա ուղղաձիգ է տարածության մեջ շնորհիվ իր բառի լույսի: Կենդանին, որ չունի բառ, մնում է պառկած, տարածության լուսավորությունը սահում է նրա վրայով: Մարդն աճում է լույսի մեջ ուղղահայաց դեպի վեր, կենդանին ձգվում է երկրի մակերևույթի երկայնքով, առ երկրի խավարը:

5

Երեկոյան վերադառնալ դաշտից գյուղ և տեսնել որևէ տան մեջ վառվող լույսը, – սա նման է արդեն սկսվող զրույցի, լույսը նման է նախազրույցի, նախատարածության, որ բառը ստեղծել է նախապես:

Զրույցի ջերմությունն արդեն նախաբորբոքված է լույսի մեջ: Միայնակ շրջող մարդու լռության մեջ բառը միանգամից իր տարերքի մեջ է, ասես արդեն ասվում է ձայնով, թեպետ միայնակ մարդը դեռ լռում է: Գուցե նա անցնում է տան կողքով, լույսի կողքով, սակայն նրա մութ լռությունը լուսավոր է դառնում լույսի մեջ: Նա արդեն լսում է իր բառը և ուրիշների բառը այդ լույսի մեջ:

«– Ի՞նչն է ավելի սքանչելի, քան ոսկին, – հարցրեց թագավորը:

–          Լույսը, – պատասխանեց օձը:

–          Ի՞նչն է ավելի կազդուրիչ, քան լույսը, – հարցրեց թագավորը:

–          Զրույցը, – պատասխանեց օձը»: (Գյոթե)

6

Այսօր գրեթե միշտ լեզուն այլևս լույս չէ, այն սոսկ լուսավորում է: Այն թաղվում է լույսի տակ և չգիտի, թե ուր: Լույսի փոխարեն, առկա է միայն հնչյունը, բառերը զարկվում են իրար. հնչյունը փոխարինել է լույսին: Ավերված բառը, բառային աղմուկը առկայծում է, ինչպես լուցիչը, առանց լույսի, ինչպես խոնավ խոտի այրումը. բառային աղմուկը մարմրում է ուրիշի մեջ:

Սակայն բառն ուզում է լույս լինել, քանզի բառը լույս է, որ լույս լինելու երջանկությունն ունի: Այն գալիս է հնչյունից և դառնում է լույս: Հնչյունը լույս է դառնում բառի մեջ: Հնչյունականը և տեսողականը բառի մեջ անցնում են միմյանց միջով: Կորչող բառը գտնում է իրեն իր սեփական լույսի մեջ (չե՞նք ասում արդյոք. «հիշողության լույսի մեջ»), այն շարունակաբար գոյանում է իր սեփական լույսի մեջ:

Բառը լույսի նման ինքն իր մոտ է և միաժամանակ ամենուր: Մենք լսում ենք բառը, տեսնում ենք լույսը և մաժամանակ գիտենք, որ ամենուր կա բառ և լույս: Աշխարհն առանց իմանալու լուսավորված է նաև խավարի մեջ:

Լեզուների բազմությունը

Արարչի ակտը, որով ստեղծվեց բառը, այնքան զորեղ է, որ մեկ լեզվի տարածությունը բավական չէ նրա համար: Մեկ լեզուն ցրվում է այդ ակտի բացարձակությունից: Լեզուների բազմության միջոցով մարդը փորձում է այդ ակտի լիությունը ներառել զանազանի լայնության մեջ:

«Ճանաչելիի գումարը, ինչպես մարդակային ոգու կողմից մշակվող ոլորտը, ընկած է բոլոր լեզուների միջև և անկախ է նրանցից» (Վ. ֆոն Հումբոլդտ)…Նա նկատի ունի, որ «աշխարհի և մարդու միջև նախնական համաձայնությունը, որի վրա հիմնվում է ճշմարտության ճանաչողության ամեն հնարավորություն վերստին նվաճվում է քայլ առ քայլ և աստիճանաբար»:

Սակայն ճշմարտությունը չի կարող գոյանալ տարբեր լեզուներում իմացությունների հանրագումարի միջոցով, ճշմարտությունը սկզբնապես միասնություն է և միայն իր լիության պատճառով է տարածվում զանազանի մեջ: Ճշմարտության լիությունը սերում է զանազանություն, և ոչ հակառակը, այսինքն` զանազանը ճշմարտություն չի սերում… Թվում է, սակայն սոսկ թվում է, որ տարբեր լեզուներում որևէ իրի տարբեր ասպեկտների շնորհիվ ճշմարտությունը դառնում է հարաբերական: Յուրաքանչյուր լեզվում իրը որոշարկվում է կարգի ամբողջի կողմից, կարգ, որի մեջ ապրում է առանձին լեզուն: Այդ կարգի ամբողջին է վերաբերում իրն անվանող բառը: Որևէ իրի առանձին ասպեկտը տարբեր լեզուներում ճշմարիտ է դառնում կարգի շնորհիվ, որը նա ստանում է որևէ լեզվի ամբողջից: Թեպետ երևում է առարկայի միայն մեկ ասպեկտը, սակայն մեկ ասպեկտը ամբողջից ստանում է ավելի, քան այդ ամբողջն ունի իր մեջ: Նա` մասն ինքն է դառնում ամբողջ այդ ամբողջի մեջ: Մի լեզվի մեջ ասպեկտը չի մոտենում նույն առարկայի ասպեկտներին ուրիշ լեզուներում, նա այդտեղ չէ տանը, այլ լեզվի ամբողջի հետ, որի մեջ է: Հայդեգգերը մեկնում է ճշմարտություն բառը` ելնելով հունական aletheia-ից` անթաքույցից: Սակայն ճշմարիտը (wahr)` verus-ը, իր արմատներով ցեղակից է հին հյուսիսային varar-ին, հավատարմության երդմանը (Var-ը հավատարմության երդման դիցուհին է) և հին վերին գերմաներենի vara-ին, դաշինքի հավատարմությանը: Այս բառերից ելնող մեկնությունը ճշմարտությանը տալիս է բոլորովին այլ իմաստ, քան «թաքուցյալից» ելնող մեկնությունը:

«Անթաքույց» ճշմարիտը հունարենում ավելին չի կարող ասել ճշմարտության մասին, քան հին հյուսիսային «հավատարիմ» ճշմարիտը: «Անթաքույցը» միայն հունարենում է ճշմարիտ, միայն այդտեղ է այն լցվում ամբողջի կողմից, բայց ոչ գերմաներենում: Լեզվի ամբողջը առանձին բառին կցում է այն, ինչի կարիքն ունի ինքը:

Ժամանակը և տարածությունը բառի մեջ

1

Մարդն առկա է առաջին հերթին բառի շնորհիվ, բառն է սերում ներկան: Նախքան բառը ժամանակը միաձուլված էր, տևական անցումը անցյալից ներկա և ապագա նրանում դադարի մեջ էր: Բառն այնքան ինտենսիվորեն է ներկա սերում, որ կարծես այդ ներկան եղել է միշտ, իսկ անցյալն ու ապագան ասես ներծծված են այդ ներկայի մեջ:

Բառն ինքը քողարկված էր, մինչև որ քողազրկվեց ներկայի մեջ: Ներկայի մեջ բառն ինքը եկավ իր մոտ:

Այնուամենայնիվ, յուրաքանչյուր բառ չի ցանկանում ներկա լինել, հաճախ որևէ բառ մնում է քողարկված: Քողարկողը խոստումն է, որ մի անգամ քողազրկվում է ապագայի մեջ և դառնում ներկա:

Նախադասությունը, իհարկե, հոսում է ժամանակի մեջ, խոսվում է ժամանակի մեջ, բայց այդուհանդերձ այն առկա է մեկ ակնթարթ, անկախ նրանից, որ անցնում է ժամանակի մեջ:

«Մի մեծ նավ պատրաստվում է ջրանցքով այստեղ գալ» (Գյոթե). մենք տեսնում ենք նավի դանդաղ մոտենալը, այդ դանդաղ ընթացքի ժամանակ ամեն ինչ կարող է պատահել: Նավը կարող է կանգ առնել, թեքել ճանապարհը դեպի ջրանցքի մեկ այլ թևը, իսկ այնուհետև այն միանգամից կանգնում է մեր առաջ: Նավը ոչ միայն կանգնած է այստեղ, այն ներկայի մեջ ունի իր ուղևորության ողջ ճանապարհը, հորիզոնի հեռուն, ուր բախվում են երկինքն ու ծովը, ինչպես նաև հեռուն, ուր երկինքն ու ծովը բաժանվում են իրարից, և նավը դարձյալ կորչում է դրանց արանքում: Ներկան, անցյալը և ապագան` յուրաքանչյուրն առկա է ինքնին, բայց նաև մեկը մյուսի հետ, յուրաքանչյուրն ինքնին մասնատված հոսող և միաժամանակ չմասնատված միասնության մեջ է բառի մեջ եղած ոգու շնորհիվ, որն ինքը ժամանակի հոսանքից դուրս է և նրանից վեր:

Կարդալ նաև

Փիլիսոփայություն Երեք արքայությունները Աշխարհի ֆիզիոգնոմիկ (դիմագիտական) պատկերի փորձ Ռուդոլֆ Կասսներ Նախևառաջ պետք է ֆիքսել, որ ֆիզիոգնոմիկան (դիմագիտությունը) մեր ըմբռնմամբ գիտություն չէ և այդպիսին չի էլ կարող լինել կամ չպետք է լինի: Բացատրել ցանկացող յուրաքանչյուր գիտություն գործում է հասկացություններով: Ֆիզիոգնոմիկան (դիմագիտությունը) ոչ… Փիլիսոփայություն Պասկալ Մաքս Պիկարդ Մաքս Պիկարդը (Max Picard) XX դարի ամենազարմանալի ու գաղտնի մտածողներից մեկն է: Այսօր գրեթե մոռացության տրված նրա գրական ժառանգությունը Կենտրոնական Եվրոպայի ոգեղենության ամենանրբագույն գոյացություններից է: Ծնվել է 1888-ին Շոփֆհայմում (Բադեն), ապրել… Փիլիսոփայություն Մտքեր Պասկալ 1 Սաղմոսներ էր երգում արար աշխարհ: Ո՞վ է վկայություն տալիս Մուհամմեդի մասին. հենց ինքը: Հիսուս Քրիստոսն ուզում է, որ իր վկայությունը ոչինչ չնշանակի: Վկայությունների արժանիքն այն է, որ դրանք լինեն միշտ և ամենուր, իսկ նա` այս խեղճը, մենակ է: 10 Կարգ:…